HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուռ զուգադրություն` անգլիացիներ եւ հայեր

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան 

Հայ ընթերցողն, անշուշտ, կցանկանար գտնել այն «բանալին», որն այլ ազգերի բարձրացրել է համաշխարհային քաղաքակրթության բարձրունքները եւ հնարավորություն տվել ապրել անվտանգ ու բարեկեցիկ կյանքով: Ինչո՞ւ որոշ ազգերի դա հաջողել է, իսկ այլ ազգերի`ոչ: Ինչո՞ւ հայ ազգին դարերի ընթացքում բաժին է ընկել քարից հաց քամելու ռամիկի գոյապահպանական խնդիրը, իսկ օրինակ անգլիացիներին` սիգարը շրթունքներին թերթ կարդացող ջենթլմենի արժանապատիվ կյանքը:

Այդ հարցի պատասխանը գտնելու համար հարկ է, որ մի կողմ դնենք մեր ազգային երգի ու ողբի նորովի կատարումները եւ փորձենք պարզել հզոր ազգերի հաջողությունների «գաղտնիքները»: Եւ քանի որ խոսք եղավ ջենթլմենից, ապա բոլոր ծովերն ու օվկիանոսները գրաված անգլիական նավերի առաջընթացի «գաղտնիքը» քննելով ու վերլուծելով, կարող ենք ինքներս մեզ համար լուռ համեմատականներ անցկացնել մի կողմից հայերիս, իսկ մյուս կողմից անգլիացիների`մտածողության, հոգեբանության ու վարքի միջեւ: Միգուցե «զուռնա-դհոլով» քաղաքական պայքարի ելած մեր հայրենակիցներին այլոց փորձը օգտակար լինի սեփական անմխիթար վիճակի հիմքերը գտնելու համար:

Անգլիացիների առաջընթացի սկզբնակետը գտնվում է XVII դարում եւ կապված է առավելապես 1688-1689թթ. տեղի ունեցած իրադարձությունների հետ, որը պատմությանը հայտնի է «Պանծալի հեղափոխություն» անվամբ: Այն հանգուցալուծեց Արեւմտյան Եւրոպայում ընտրությունների միջոցով պետական իշխանության կազմավորման, խոսքի ազատության, դատական պաշտպանության եւ մարդու այլ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների շուրջ ողջ XVII դարում խմորված գաղափարական բանավեճերը: Դրա արդյունքում արդեն XVIIդ. 90-ական թվականներին սկսվեց մի գործընթաց, որն Անգլիական թագավորությունը վերափոխեց կոսմոպոլիտ պետություն-կորպորացիայի` Բրիտանական կայսրության` միտված ֆինանսական, առեւտրային, արդյունաբերական, գաղափարական եւ քաղաքական էքսպանսիա իրականացնել ամբողջ աշխարհում:

Բովանդակային քննությունը թողնելով այս հոդվածի տրամաբանական շարունակություն հանդիսացող մյուս հրապարակումների վրա` առայժմ ներկայացնենք դեպքերի ձեւական կողմը` ժամանակագրությունը:

1688թ.Նիդեռլանդների կառավարիչ Վիլհելմ III Օրանացու առաջնորդությամբ Անգլիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որից հետո երկրում իրականացված մեծածավալ բարեփոխումներն անգլիացիներին հնարավորություն ընձեռեց առաջ ընկնել Եւրոպայի մյուս ազգերից նախ հանրային կյանքի արդար կառուցման, իսկ ապա նաեւ` տեխնիկական ու տեխնոլոգիական զարգացում ապահովելու հարցերում: Սակայն մինչ այս հեղափոխությունն անգլիական հանրությունը տասնամյակներ շարունակ արդեն իսկ ապրում էր հեղափոխական վերափոխումների ժամանակշրջանում: 1640-1660թթ. հեղափոխությունը, քաղաքացիական պատերազմները, Կրոմվելի պրոտեկտորատը, Ստյուարտների արքայատան կառավարման առանձնահատկություններն անգլիացիների շրջանում ակտուալացրել էին արդարության, իրավունքի եւ խաղաղ համակեցության հիմնախնդիրները: Սուր բանավեճեր էին ծավալվում միապետության դերի, պետական կառուցվածքում պառլամենտի նշանակության, հպատակ բնակչության իրավունքների ու ազատությունների, թագավորական իշխանության կողմից դրանց երաշխիքների պահպանման եւ այլ հարցերում:  

Հակոբ (Ջեյմս) II Ստյուարտի կառավարման շրջանում (1685-1688) Անգլիայում ներհանրային ճգնաժամը հասավ իր գագաթնակետին: Կաթոլիկ թագավորի կողմից բողոքական մեծամասնության շահերն արհամարհելու, բացարձակ միապետության հաստատման կուրս որդեգրելու, գահակալման հենց առաջին տարում պառլամենտը ցրելու, անգլիկան եկեղեցու հոգեւորականությանը հետապնդելու, «Կրոնական հանդուրժողականության մասին դեկլարացիայի» միջոցով կաթոլիկների դիրքերը ամրապնդելու, բանակի թվի աճի եւ նրանում շարքային ու սպայական կազմերի նշանակումներն առավելապես կաթոլիկների միջոցով իրականացնելու, սեփական գահը պահելու հարցում արտաքին ուժերին եւ հատկապես Ֆրանսիային ապավինելու քաղաքականությունն ընդամենը մի քանի տարվա ընթացքում Հակոբ II-ի դեմ ոտքի հանեց գրեթե ողջ Անգլիան: Թագավորական իշխանության կողմից վարվող նման քաղաքականության գաղափարական հենքը հպատակների նկատմամբ թագավորի ունեցած բացարձակ իշխանության սկզբունքն էր` հիմնված Աստծո Կամքի վրա (Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակվի նրան, քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ եղած իշխանությունները Աստծուց են կարգված: Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին, 13:1):

Անգլիական հանրության համբերությունը վերջնականապես սպառվեց այն ժամանակ, երբ հույսը, թե տարեց թագավորի մահից հետո գահը կժառանգի նրա դուստրը Նիդեռլանդների կառավարիչ Վիլհելմ III-ի կինը` բողոքականությանը հավատարիմ Մարիա Ստյուարտը, չքացան: 1688թ. 55-ամյա Հակոբ II-ն անսպասելիորեն որդի ունեցավ: Վերջինիս ծնունդը տարբեր կասկածների տեղիք տվեց, այդ թվում, որ կատարվել է խարդախություն` հեռահար նպատակներով` հրահրված Հռոմի պապի կողմից: Գահաժառանգման կարգում ի հայտ եկած այդ նոր վճռորոշ հանգամանքը դրդեց Անգլիայի ռազմաքաղաքական շրջանակներին վերջնականապես հակվել այն տարբերակին, որ երկրում քաղաքական ճգնաժամը կարելի է լուծել միայն հեղաշրջման միջոցով:

Անգլիայի քաղաքական երկու մեծ կուսակցությունների` տորիների եւ վիգերի առանձին ներկայացուցիչները, ինչպես նաեւ բողոքականությանը հարող բարձրագույն ռազմական գործիչները նամակներով դիմեցին Վիլհելմին` խնդրելով ստանձնել Անգլիայի գահը` երաշխավորելով իրենց աջակցությունն ու հավատարմությունը նրան: Այդ ժամանակ Վիլհելմն արդեն բավական մեծ հեղինակություն էր վայելում Եւրոպայում: Իր ծննդից վեց օր առաջ կորցնելով հորը, իսկ տաս տարեկանում նաեւ մորը, պատանեկության ու երիտասարդության տարիներին լինելով քաղաքական ու դիվանագիտական բուռն իրադարձությունների հորձանուտում, ստանալով բազմակողմանի կրթություն, մասնակցելով Անգլիայի ու Ֆրանսիայի դեմ Նիդեռլանդների պատերազմներին` նա բավական փորձ ու գիտելիք էր կուտակել որպեսզի դուրս գա իր աներոջ եւ միաժամանակ քեռու` Անգլիայի թագավոր Հակոբ II-ի դեմ եւ շատ արագ տիրանա Անգլիայի գահին:

1688թ. նոյեմբերին Վիլհելմը մի մեծ բանակով ափ իջավ Անգլիայում եւ առանց որեւէ էական դիմադրության սկսեց ազատագրել Անգլիան: Ամբողջ երկրում շարժում սկսվեց ընդդեմ Հակոբ II թագավորի. իրար ետեւից Վիլհելմի կողմն էին անցնում տարբեր զորահրամանատարներ, քաղաքական ու հոգեւոր դեմքեր, անգլիական բուրժուազիայի ներկայացուցիչներ եւ այլն: Վիլհելմը կարճ ժամանակում մուտք գործեց Լոնդոն, իսկ Հակոբ II-ը իր հավատարիմների հետ փախավ Ֆրանսիա:

Հաջորդ`1689 թվականին, Անգլիայի պառլամենտը ընդունեց «Իրավունքների մասին բիլլը», որը դարձավ առաջին հիմնարար փաստաթուղթը, որտեղ օրենսդրորեն ամրագրվեցին մարդու առանձին հիմնարար իրավունքներ: Առանձին փիլիսոփա-սոցիոլոգների (Թոմաս Հոբս, Ջոն Լոք, Շառլ Լուի Մոնտեսքյո եւ այլն) աշխատությունների հետ միասին, հենց «Իրավունքների մասին բիլլը» դարձավ սահմանադրական-իրավական այն կարեւոր փաստաթուղթը, որը հետագայում հսկայական ազդեցություն գործեց Ամերիկյան, Ֆրանսիական հեղափոխությունների, ինչպես նաեւ 1776թ. ԱՄՆ-ի Անկախության դեկլարացիայի, 1787թ. ԱՄՆ Սահմանադրության, 1831թ. Բելգիայի Սահմանադրության, 1849թ. եւ 1919թ. Գերմանիայի Սահմանադրությունների (եւ այլն) վրա:

Անգլիայի օրինակով Եւրոպայում ծնվեց մի նոր իրողություն` միաժամանակ ե՛ւ ազգային, ե՛ւ իրավական պետությունը: Արդեն Վեստֆալյան հաշտության պայմանագրով (1648թ.) Եւրոպայում դրվել էր ազգային պետությունների կազմավորման հիմքը: Անգլիական «Պանծալի հեղափոխությունը» Եւրոպայում պետական կազմավորումների կառուցման էթնիկ, լեզվական, սոցիո-մշակութային ընդհանրությունների (ազգային) հենքի հետ մեկտեղ պետությունների կառավարման համակարգ ներմուծեց իրավական որոշակի սկզբունքներ`վերաբերող մարդու հիմնարար իրավունքներին: Պետության կազմավորման առանցքը ճանաչվեց հանրային պայմանագիրը, վերագնահատվեցին եւ իրենց հաստատուն տեղը գրավեցին մարդու կյանքի, ազատության, սեփականության իրավունքները: «Պանծալի հեղափոխությունը» դուռ բացեց ներկայիս իրավական պետությունների ձեւավորման համար:

Ընթերցողը ներկայացված իրադարձություններն իբրեւ պատմական ժամանակագրություն կարող է դիտարկել: Բայց Անգլիայի հանրային ու քաղաքական մտքի էվոլյուցիան միայն քննվող պատմական դեպքերի ընդհանուր համատեքստում կարելի է ընկալել: «Պանծալի հեղափոխության» բերած պտուղները պայմանավորված էին անգլիական հանրության մեջ կատարված հսկայական գաղափարական տեղաշարժերով, որի արդյունքում նախ անգլիական բուրժուազիայի, իսկ ապա նաեւ հանրային այլ խմբերի մոտ արմատավորվել էին սեփական իրավունքների, ազատությունների մասին հստակ պատկերացումներ եւ դրանց համար պայքարելու անկաշկանդ կամք:

Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքը, ով Վիլհելմ III Օրանացու գաղափարական խորհրդատուներից էր նրա անգլիական արշավանքի նախապատրաստման եւ իրականացման ընթացքում, այսպես է նկարագրում իր ժամանակի անգլիացիների` բռնակալության հանդեպ ունեցած վերաբերմունքը.

«Ստրկությունը մարդու այնպիսի նողկալի ու ողորմելի վիճակ է եւ այնքան անհարիր մեր ժողովրդի վեհանձն բարքերին ու քաջությանը. որ այն պարզապես անհամատեղելի է մեր ժողովրդի հետ եւ գրեթե անհնար է պատկերացնել մի անգլիացու, առավել եւս` ջենթլմենի, ով հանդես կգար ստրկությունը պաշտպանելու դիրքերից»: 

Մեկնաբանություններ (2)

հեղինակին
- ղարաբաղցիների կլանը ստյուարտներից խիստ տարբեր է, մեր դոդերը վիլհելմներ չեն, դարերով ծեծված, ստորացված, մենատնտես հայն էլ անգլիացի չէ: Ուստի՝ հայի ճիշտ ճանապարհը քամակ պաչելն է (անկախ մաքրությունից!), եւ ոչ թե հեղափոխությունը:
Սնապարծության ախտը
Ինչպիսի համեմատություն, գլուխս պտտվեց: Ե՞րբ ի զորու կլինենք մեր տեղն ու կշիռն իրատեսորեն գիտենալ և լուրջ գործերով զբաղվել: Սնապարծության ախտը և անվերջ լաց ու կոծի մշակույթն ամենուր մեր չեղած ողնաշարը կոտրում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter