HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Աշխատանք Հայաստանում. տոնավաճառը Փարիզում համախմբեց ավելի քան 100 մասնակցի

Հունիսի 13-ին Փարիզում անցկացվեց «Ճանաչիր Հայաստանը» խորագրով ֆորումը եւ «Աշխատանք Հայաստանում» տոնավաճառը: Նախաձեռնությունը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի[1] շրջանակներում: Նմանատիպ ակցիան թվով երրորդն էր Ֆրանկֆուրտի եւ Ռուսաստանի տոնավաճառներից հետո եւ համախմբել էր ավելի քան 100 մասնակցի:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Վերադարձ Հայաստան հիմնադրամի եւ ՀՀ Զբաղվածության պետական ծառայության կազմակերպած ակցիան համախմբել էր 12 գործատուների, ովքեր Ֆրանսիա էին ժամանել մոտ 40  թափուր աշխատատեղերի առաջարկով՝ հիմնականում գինեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային համակարգի, խորհրդատվության ոլորտներում:

Աշխատանքի տոնավաճառի հիմնական նպատակը արտերկրում ապրող հայերի վերադարձի խրախուսումն էր:  «Մենք դիտարկում ենք միգրացիան զարգացման տեսակետից եւ փորձում ենք դրականը քաղել միգրացիա երեւույթից՝ ներգրավելով մասնավորապես սփյուռքահայերի, ովքեր ունեն գիտելիք, փորձ եւ օգտակար կարող են լինել Հայաստանի զարգացման համար»,- նշեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչ Կարինե Սիմոնյանը:

Սեւանա Չաքրյանը արդեն 5 ամիս է, ինչ Հայաստանում է: Երաժշտության միջոցով ներառական կրթության ծրագիր է մշակել՝ դրանում ընդգրկելով Ֆրանսիայի դպրոցներում կիրառվող մեթոդիկան, եւ վերապատրաստումների միջոցով այն փոխանցում է տեղի ուսուցիչներին: «Իմ կարծիքով կարեւոր է, որ ես կիսեմ իմ փորձառությունը եւ բացատրեմ, թե ինչպիսին է կյանքը Հայաստանում: Ես հուսով եմ, որ մարդիկ կգան մի քանի ամսով կամ մշտական ապրելու: Իմ ապագայի ծրագրերը կապված են Հայաստանի հետ: Եթե կարողանամ էնտեղ ընտանիք կազմել եւ ընտանիքս պահել, այսինքն կարողանամ նորմալ ապրել, կմնամ: Կյանքի որակը ավելի լավ է Ֆրանսիայի համեմատ:»

Վալենտին Մաու-Հեքինյանը Հայաստանում է իրականացրել իր համալսարանական պրակտիկան, ուսումնասիրել բնական ռիսկերին առնչվող արտակարգ իրավիճակների կառավարումը: Վալենտինն այսօր ավարտել է համալսարանը, ունի մաստերի կոչում, բայց մտածում է Հայաստան վերադառնալու մասին: «Շատ սիրեցի Հայաստանը ու կարծում եմ կվերադառնամ այնտեղ ապրելու: Ես հիմա աշխատանք եմ փնտրում: Կուզենայի այնպիսի աշխատանք ունենալ, որ աշխատավարձն ինձ թույլ տար Ֆրանսիա գնալ-գալ, բայց դե սկզբում պետք է զիջումների գնալ»:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչ Կ. Սիմոնյանը նշեց, որ մասնակից գործատուներին ընտրելիս կազմակերպիչների չափանիշներից է եղել նաեւ առաջարկվող աշխատավարձի չափը: «Մինիմում աշխատավարձը, որ մենք այսօր ներկայացնում ենք, սկսվում է 300000 դրամից (600 եվրո) եւ հասնում է մինչեւ 3000 եվրոյի: Այսինքն, մենք Հայաստանի համար բավական բարձր աշխատավարձ ենք առաջարկում»:

Աշխատանքային տոնավաճառին ներկա Բաբգէն Սարգիսեանը ինը տարի առաջ Սիրիայից  ժամանել է Ֆրանսիա՝ ուսումը շարունակելու նպատակով: Բաբգէնն այսօր պաշտպանել է ատենախոսությունը, ունի քիմիայի դոկտորի կոչում, գիտաշխատող է եւ դասավանդում է Լորենի համալսարանում: «Տեսա, որ Երեւանում ուզում են գինու արտադրության դպրոց բացել, գինեգործական ծրագրեր կան եւ քանի որ դա առնչվում է թեզիս թեմայի (Ջրազատման քիմիական պրոցեսներ)  հետ, ուզում եմ ինչ-որ կերպ համագործակցել: Այսօրվա հանդիպումը շատ լավ անցավ: CV-ս փոխանցեցի 2 ընկերությունների: Հուլիսի վերջին Հայաստան պիտի գնամ: Գործատուների հետ հանդիպումներ ունեմ: Տեղում կտեսնենք: Ամենադժվարը նյութական կողմն է՝ աշխատավարձերի տարբերությունը: Եթե ամեն ինչ լավ անցնի, սեպտեմբերի 1ից կարող եմ Հայաստանում հաստատվել»:

Ժան-Լյուկի համար դեռ վաղ է Հայաստանում հաստատվելու մասին խոսելը: Նախ պետք է հայերեն խոսել սովորել, ուսումնասիրել շուկան: Հայաստանում աշխատելու մասին լրջորեն մտածում է եւ սեպտեմբերին առաջին անգամ մեկնում է Հայաստանը բացահայտլու: «Հիմնականում հետաքրքրված եմ ապահովագրության, բանկային ոլորտներով, բայց ընդունում եմ այլ առաջարկներ: Դժվարությունները ինձ չեն վախեցնում: Շատ լավ աշխատավաձ ունեմ այստեղ, կարող եմ ավելի քիչ էլ ստանալ»:

Նունե Տեր-Արսենյանը Հայաստանից դուրս է եկել 12 տարեկանում եւ 34 տարեկանում մտածում է ձեռքից բաց չթողնել Հայաստանում աշխատանք ունենալու հեռանկարը: Թեեւ մի քանի տարի է՝ հայերեն չի խոսում, բայց հավատում է իր հնարավորություններին: «Դժվարություններ կան ամենուր, մենք պետք է գնանք եւ ստեղծենք: Անելու շատ բան կա», ասում է Ն․ Տեր- Ներսիսյանը: 

Փարիզ  

Առաջին լուսանկարում՝ Նունեն և Վալենտինը



[1]  «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրն իրականացնում են Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակը (OFII) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)

Մեկնաբանություններ (1)

Varouj
This is a bright spot in deed as with the other thousands of jobs that have been created over the last few years we are in the process of making major improvements to this very tiny country so as we assess the bad so we must recognize the good So with the various issues that these articles bring to light we have to have a balanced approach. as in any problem solving task you have to look at what is working, what isn't working, and how would you do it differently next time. I just want to recognize that this is a very refreshing article.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter