HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Թուրքիային դիմակայելու համար անհրաժեշտ է արագ ջրամբարներ կառուցել»

«Վերջին 3 տարիներին ջերմաստիճանը բարձրացել է 1,03 աստիճանով, մինչեւ 2050 թ. մոտավորապես 4,5 աստիճան բարձրացում է սպասվում եւ ջրի պակասելու վտանգ կա»,- տեղեկացրեց «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանը հունիսի 12-ին, Դիլիջանում տեղի ունեցած Ջրօգտագործողների միությունների ղեկավարների հավաքի ժամանակ:

Հանրապետության ջրային պաշարները կառավարողներին նա հորդորեց հանրապետությունում զարգացնել ջրամբարաշինությունը, որպեսզի ոռոգման ջրով կարողանան ապահովել 340,000 անհատական ֆերմերային տնտեսություններին: Միաժամանակ, այդ կերպ կպայքարեն հողերի էռոզիայի դեմ, չեն վնասի բնությունը, քաղաքացիների հանգիստը կազմակերպելու հնարավորություն կստեղծեն:  

Պրն Ջավադյանի տեղեկացմամբ` Հայաստանի Հանրապետությունով հոսող 6 մլրդ 300 մլն խմ հոսող ջրերից 5 մլրդը դուրս է գալիս հանրապետությունից: Նրա ասելով` բավականին հստակ ջրի պակասություն ունենք, ուստի որոշակի պաշար ամբարելու համար անչափ կարեւոր է ջրամբարների կառուցումը: «Մենք առանց ոռոգման, երաշտ տարիներին ոչինչ չենք կարողանում ստանալ, դրա համար մեզ խիստ անհրաժեշտ է ապահովվել ջրամբարներով»,- ասաց պրն Ջավադյանը:

Ինստիտուտի տնօրենի ասելով` Թուրքիայի հետ ոչ մի փոխհարաբերություն չունենալով, այդուհանդերձ, մինչեւ հիմա ջրաբաշխման խնդիրներ չեն ունեցել, Արաքս եւ Ախուրյան գետերից ջրի բաշխումը բավականին հստակ է կատարվել երկու երկրների միջեւ: Նշված գետերի ջուրը պետք է օգտագործեն 50/50 հարաբերակցությամբ, սակայն, Հայաստանն օգտագործում է իրեն հասանելիք 50% ջրային պաշարի միայն 55%-ը: Այսինքն, մենք դեռեւս Արաքս գետից 45% ջուր ունենք օգտվելու:

«Թուրքական կառավարությունն այսօր առանց մեզ հարցնելու 1 մլրդ 800 մլն խմ տարողությամբ ջրամբար է կառուցում Չեխիայից եւ ՀԲ-ից ստացած վարկերով: Եւս 220 մլն խմ-անոց ջրամբար շահագործման կհանձնվի մյուս տարի: 160 մլն խմ-անոց ջրամբար էլ Արաքսի վտակի վրա են կառուցում եւ առաջիկա 2-3 տարում շահագործման կհանձնվի: Եթե մենք չկարողանանք արագ ջրամբարաշինություն իրականացնել` կունենանք 70-80% ջրի դեֆիցիտ մեր 80,000 հա ոռոգելի տարածքների համար: Հետեւաբար, Թուրքիային դիմակայելու համար անհրաժեշտ է արագ կառուցել Կապսի, Եղվարդի, Վեդիի եւ Քասախի ջրամբարները, Սելավ Մաստարայի 2 ջրամբարները եւ Գեղարդի ջրամբարը: Եթե առաջկա տարիներին չկարողանանք ջրամբարաշինություն իրականացնել` 75-80 % ջրի դեպիցիտ կունենանք այդ 80,000 հա հողտարածքների ոռոգման համար»,- ասաց «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանը:

Վերջինս նշեց, որ այսօր ունենք 8 կիսակառույց ջրամբար (Ափնայի, Գեղադիրի, Կարմիր գյուղի, Պաղջրի, Գետիկի, Եղվարդի, Արթիկի, Կապսի), բայց դժվարանում ենք դրանք ավարտին հասցնել:

«Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը տեղեկացրեց, որ երեք ջրամբարների' Կապսի, Վեդիի, Եղվարդի ջրմաբարների վերակառուցման շինարությունն առաջիկայում կսկսվի: Նրա ասելով' Վեդիի ջրամբարի նախագծման աշխատանքներն սկսվել են եւ 29 մլն խմ տարողությամբ ջրամբարի շինարարությունը կսկսեն գարնանը: Հիմա ճապոնացիները Եղվարդի 90 մլն խմ ջրամբարի ուսումնասիրությունն են կատարում, առաջիկա մեկ ամսում կսկսվի Կապսի ջրամբարի նախագծման աշխատանքը:

Սելավ Մաստարայի ջրամբարի հետ կապված, պրն Մելիքյանի տեղեկացմամբ` KFW բանկի հետ բանակցություններ են տարվում եւ մինչեւ տարեվերջ ԾԻԳ-ին կհայտնեն, թե ինչքան ներդրումներ են անհրաժեշտ այն վերականգնելու համար:

Մինչ ջրամբարաշինությանը զարկ տալը ՋՕ-երի ղեկավարներն առաջարկում էին ոռոգման ջրով ապահովելու այլընտրանքային տարբերակներ գտնել, օրինակ, ավելացնել խորքային հորերի քանակը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Նարիմանյանն արդարացված չէր համարում այդ պահանջը եւ հայտնեց, որ ըստ էության նոր խորքային հորերի անհրաժեշտությունն այնքան էլ ճշմարտությանը մոտ չէ, տեխնիկական առումով այլ լուծում է պետք փնտրել: «Կառավարության քաղաքականությունն այն է, որ նոր խորքային հորերի թույլտվություն չի տրվելու, իսկ յուրաքանչյուր հողակտորի համար ուսումնասիրություն կկատարվի եւ անհրաժեշտության դեպքում խողովականերով ջուրը կմոտեցվի»,- հայտնեց նա: 

Նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ, մասնագետների կարծիքով, հնարավոր է  ոռոգման ջրի կրկնակի խնայողություն անել: Առաջարկվեց գոյություն ունեցող խորքային հորերի տարածքում կաթիլայինի անցնելու պիլոտային ծրագիր իրականացնել` ջրի եւ էլեկտրաէներգիայի առումով տարբերություններն ուսումնասիրելու համար: Առաջարկի հեղինակի պնդմամբ` տարբերությունն ակնհայտ կլինի` մեկ խորքային հորով, եթե ներկայում 15-20 հա հող է ոռոգվում, կաթիլային ոռոգմանն անցնելու դեպքում 50 հա լիարժեք կոռոգվի:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Նարիմանյանը պատասխանեց, որ Արաքսի ջուրը շատ պղտոր է եւ դրանով հնարավոր չէ կաթիլային ոռոգում իրականացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter