HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Ենոքյան. «Ցույց տվեք մի ուղղակի ապացույց որ ես մարդ եմ սպանել, և ես կլռեմ» (տեսանյութ, լուսանկարներ)

«Հետքի» բանտային թղթակից, 19 տարի բանտում գտնվող ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի գործը չի վերաբացվի. Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր մերժեց ցմահ բանտարկյալի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազության: Այսինքն` 19 տարվա քրեական գործի վերաբացում տեղի չի ունենա, չնայած նրան, որ Ենոքյանը գրեթե երկու տասնամյակ պնդում է, որ չի կատարել սպանություն, որ տեղի է ունեցել դատական սխալ: Սակայն ինչպիսի նոր երևան եկած հանգամանքներ էլ բերում է ցմահ դատապարտյալը, գլխավոր դատախազությունն ու դատարանները մերժում են գործի վերաբացումը:

Հիշեցնենք, որ նախորդ արտագնա նիստին, որը դարձյալ տեղի էր ունենում «Նուբարաշեն» ՔԿՀ դահլիճում, 1996 թ.-ին մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում) դատապարտված Մհեր Ենոքյանը ներկայացրեց բողոքը` նշելով, որ 2014 թ.-ին Նիդերլանդներում գործող անկախ դատափորձագիտական կենտրոնը, անկախ դատաբժիշկը տվել է եզրակացություն` հիմնված 21-րդ դարի գիտական նվաճումների վրա: Դատական նիստն ընդմիջվել էր, քանի որ Ենոքյանը որպես պաշտպաններ ներգրավել էր Լևոն Բաղդասարյանին ու Սեյրան Գրիգորյանին:

Դատավորն այսօր երկու փաստաբաններին, բողոք բերած դատապարտյալին,  լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ 30 րոպե անց հրապարակեց որոշման եզրափակիչ դրույթը, ըստ որի մերժեց Մհեր Ենքյանի բողոքն անհիմն լինելու հիմքով: Նա ասաց, որ երկու օր անց նա կստանա որոշումն ամբողջությամբ: Դատախազ Չարխիֆալաքյանն առհասարակ ներկա չէր որոշման եզրափակիչ մասին հրապարակմանը, իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դահլիճից հեռացավ «ամոթ-ամոթ» վանկարկումների ներքո:  

Փաստաբան Սեյրան Գրիգորյանը նշեց, որ փորձագետը կատարել է բավականին բարձր մակարդակով փորձաքննություն` հերքելով գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի ցուցմունքները: Փաստաբանը շեշտեց, որ 19 տարի առաջ չի անցկացվել այնպիսի համալիր փորձաքննություն, որ նախաքննական մարմինն ու դատարանն էլ համոզվեր արդյոք գործով մյուս մեղադրյալի ցուցմունքներն արժանահավատ են: «Մենք խնդրում ենք, որ հարուցվի վարույթ և ստուգվեն այննոր երևան եկած հանգամանքները, որոնք ներկայացրել է անկախ փորձագետը: Սպանության ամբողջ մեխանիզմը, հանգամանքները չեն ստուգվել: Հնարավորություն տվեք, որ ստուգվեն դրանք այսօր»,- ասաց փաստաբան Սեյրան Գրիգորյանը:

Մհեր Ենոքյանի մյուս փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց. «Այս փորձագիտական եզրակացությունը տրվել է Եվրոպայի սրտում գործող հեղինակավոր փորձագիտական կենտրոնի միայն 15 տարվա ծանր սպանությունների գործերով խորացած գիտելիքներ ուեցող մասնագետի կողմից, ավելին, տվյալ փորձագիտական կենտրոնը գործում է նաև ԱՄՆ_ում, ընդ որում, այս կենտրոնի պատվիրատուների թվում են նաև Եվրոպական և ԱՄՆ-ի պետական լիազոր մարմինները, որոնք, ի տարբերություն Հայաստանյան պետական լիազոր մարմինների, ոչ միայն ընդունում են, որ իրենց երկրում կարող է լինել դատական սխալ, այլ նաև դիմում են այսպիսի փորձագիտական կենտրոնների և հաշվի նստում նրանց եզրակացության հետ»:

Ըստ Նիդերլանդներում անցկացված նոր փորձաքննության, փաստորեն, հերքվում է շահադիտական նպատակով կատարված  կանխամտածված սպանության ու Մհեր Ենոքյանի կողմից սպանություն կատարելու փաստը:

«Մի պահ կտրվենք գործից: Քանի՞ դեպք գիտեք, երբ Հայաստանում օրը ցերեկով, բազմաբնակարան շենքում, որտեղ ապրում է ինտիլիգենտ ընտանիք՝մարդ են սպանում, որպեսզի հետո դիակը վաճառեն հարազատներին, սակայն սպանելուց հետո փոշմանում են: Ես ոչ մի դեպք չգիտեմ»,-ընդգծեց Լևոն Բաղդասարյանը` շեշտելով, որ այս բոլոր կասկածները չեն փարատվել 19 տարի առաջ և հիմա հիմք է առաջացել կատարել գործի վերաբացում ու ստուգել բոլոր հանգամանքները:

Մհեր Ենոքյանը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազին դեռ ապրիլի 14-ին ուղարկել է դիմում, որով հայտնել է, որ 19 տարվա առաջ հուլիսի 12-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ասելիք ունի, միայն թե պետք է ապահովել իր անվտանգությունը, սակայն գլխավոր դատախազությունից այդ հարցի շուրջ որևէ պատասխան չի ստացել. «Ավելին՝ 19 տարի անց ինձ հայտնի է դարձել, որ տուժողի իրավահաջորդ Միքայել Աղաջանովը նամակ է գրել գլխավոր դատախազին ու հայտնել, որ իր ունեցած տվյալներով այլ անձինք կան ներգրավված այս սպանությանը, բայց նույնիսկ հիմա գլխավոր դատախազությունը պարզապես չի ցանկանում պարզել իրականությունը: Լա՛վ, Մհեր Ենոքյանն ի՞նչ ցուցմունք է ուզում տալ, ինչո՞ւ է անհանգստանում իր անվտանգության համար… Այո՛, տարբեր մարդիկ են ներգրավված եղել այս հանցագործությանը, և դուք չեք ցանկացել պարզել, որ քրեական պատասխանատվության չենթարկեք նաև այդ մարդկանց»,- ասաց ցմահ դատապարտյալը:

Դատախազ Չարխիֆալաքյանը ընդունեց, որ գլխավոր դատախազությունում ստացվել է նրա՝ ապրիլի 14-ի դիմումը: Այն գտնվում է համապատասխան վարույթի նյութերում:

Փաստաբան Սեյրան Գրիգորյանն ընդգծեց, որ Ենոքյանի հայտնածը, դիմումում գրվածը հանցագործության մասին հաղորդում է. «Ինձ համար անհասկանալի է. անձը հայտնում է, որ անվտանգությունը ապահովվի, պատկան մարմինը պարտավոր է հանձնարարել, որ հայտարարություն վերցնելու համար դիմեին Մհեր Ենոքյանին: Դրա համար սահմանված ժամկետ կա: Մհեր Ենոքյանի կողմից արված այդ հայտարարությանը չարձագանքելը, անշուշտ, կասկածի տեղիք է տալիս. եթե այդպես է, ուրեմն խնդիր կա, որի մասին գիտի Մհեր Ենոքյանը, ցանկանում եք կոծկել: Ես դիմում եմ հարգելի մեղադրողին, որ հայտարարություն վերցնելու համար դիմեն Մհեր Ենոքյանին: Դա իրենց պարտավորությունների մեջ է»,- նշեց Սեյրան Գրիգորյանը:

Ենոքյանը նշեց, որ գործում ապացուցողական բազան շատ թույլ է. «Ցույց տվեք ինձ գեթ մեկ ապացույց, որը հանդիսանա ուղղակի ապացույց քրեական իրավունքի տեսանկյունից, որ Մհեր Ենոքյանը կատարել է սպանություն: Ցույց տվեք ու ես կլռեմ, բոլորիցդ ներողություն կխնդրեմ, կվերադառնամ խուց: Եվ սա հաստատում է այսօր անկախ փորձագետը: Ցույց տվեք գեթ մեկ ուղղակի ապացույց, որ այս սպանությունը նույն Արամ Հարությունյանի կողմից (կամ միգուցե այլ անձանց, որն այդպես էլ այն ժամանակ չպարզվեց), կատարվել է շահադիտական դրդումով, ես հենց հիմա կբարձրանամ իմ խուցը ու կնստեմ ցմահ…

Ամբողջ մեղադրական եզրակացության մեջ ու դատավճռում ասվում է, որովհետև Արամ Հարությունյանն է ասել: Է, Արամ Հարությունյանը ինչ ասես՝ կասեր, որ փրկի իրեն մահապատժի դատավճռից»: Սակայն նույն անկախ փորձագետը իր եզրակացության մեջ նշել է, որ Արամ Հարությունյանի ցուցմունքը հակասում է դատաբժշկական եզրակացությանը:

«Հարգելի դատարան, Ձեզ բացառիկ հնարավորություն է տրված ոչ միայն իմ գործում բեկում մտցնել, այլ համակարգային խնդիր է սա: Այստեղ հարցի իմ արդարացման մասին չէ: Հուսով եմ, որ այս դատարանը նախադեպ կստեղծի, դատախազությունը, առաջնորդվելով օրենքով ու արդարության շահով, վարույթ հարուցի: Չէ՞ որ խոսքը մարդու կյանքի մասին է»,-ասաց Ենոքյանը:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (7)

President
Էհ, մենք որ դրսում ենք, կարծում եք շատ ենք տարբերվում Մհերից? Ես չեմ հասկանում, Հայաստանում ինչու են դատարաններ պահում? Ճեպընթացի մեքենավարին (կառապանին) է պետք շտապ փոխել...
Լևոն Բաղդասարյան
Տեսաերիզից այնպիսի տպավորություն է,որ փաստաբաններըն անգործության են մատնված:Դա այդպես չէ,և նման ձևաչափով դատական պրոցես լուսաբանելը,ոչ միայն վիրավորական է ,այլ նաև չի արտացոլում իրական դատավարությունը:www.levgroup.am
Վահե
Մհեր ջան դու ճիշտ ճանապարհի վրա ես,երբեք չնահանջես ու չհուսահատվես պայքարիր մինչև վերջ.չէ որ արդարությունն մի օր հաղթելու է...դու ուժեղ ես ,ուժեղ ես տասնյակ հազարավոր ազատության մեջ գտնվող մարդկանցից.հավաստիացնում եմ քեզ,դու այնքանով ես դժբախտ որ մեր երկրում չկա արդարություն, մանավանդ դատական համակարգ...Աստված քո հետ:
Օֆելյա
Վայ ես քո ցավը տանեմ,ազգի խելացի ու համարձակ տղա, ինչ հրաշքներ կգործեիր ազատության մեջ, ԱՍՏՎԱԾ քեզ պահապան կլինի հաստատ,էլի ուժ հավաքիր՜,մեծ համբերություն քեզ ՄՀԵՐ ջան...
Վեհարի
Երբ գոյություն ունեն Մհերի անմեղության մասին այսքան խոսուն փաստեր և նրա նկատմամբ քրեական գործում այսքան շատ անօրինություններ, ցույց տվեք մի ուղղակի ապացույց որ նրան բանտում պահող դատավորները մարդասպաններ չեն:
Անի Հովհաննիսյան
Տեսանյութը ես եմ մոնտաժել եւ սովորաբար ես ինքս եմ որոշում, թե ինչ կադրեր թողնեմ եւ ինչը հանեմ: Այս դեպքում ես չեմ պատրաստվում Մհեր Ենոքյանի խոսքը կրճատել՝ հանուն փաստաբանների խոսքի, մանավանդ, որ նորություն չէր ասվում: Ավելին՝ այդտեղ որեւէ վիրավորական բան չկա, քանի որ Ձեր ճառից մեծ հատվածներ կան տեքստում, իսկ տեսանյութը լրացնում է տեքստին: Ես կարծում եմ Ձեր նպատակը ոչ թե պետք է լինի տեսանյութերում հայտնվելը, այլ պաշտպանյալին պաշտպանելը:
Լանա Մարկ
Մ. Ենոքյանը կարծես թուրքի ձեռքն ընկած լինի.ամեն հոդված կարդալիս մարդու սիրտ ա պայթում,մի քիչ ՄԱՐԴ եղե՛ք,մի քիչ ապրեք մառդու ցավով ,ձեզ պատկերացրեք նրա փոխարեն,ձեր տղային....էս դեպքը «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմն է հիշեցնում, Բրեդ Դևիսի մասնակցությամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter