HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստամբուլյան օրագիր. 23-24-ը ապրիլի

Թուրքիայում երիտասարդությունը բավականին ակտիվ է: Ամսի 23-ին, երբ քայլում էինք Իսթիկլալով, մեծ թվով տղաներ ու աղջիկներ երթ էին կազմակերպել կենտրոնական պողոտայում ու տարբեր կոչեր էին վանկարկում, ծափահարում: Պարզվեց, որ նրանք կրթական բարեփոխումների կոչով դիմում են իշխող կուսակցությանն ու վարչապետ Էրդողանին, որոնք այս օրերին` խորհրդարանական ընտրարշավի ընթացքում, անշուշտ, մեծ խոստումներ են տալիս բնակչությանը: Երիտասարդներն էլ ահա օգտագործում են պատեհ առիթը:

Նույն օրը Սուսայեն մեզ ծանոթացրեց իր ընկերների հետ. Մուստաֆան նրա ընկերն էր (boyfriend), իսկ Իբրահիմը՝ գործընկերը: Վերջինիս տատի տատը հոր կողմից հայ է եղել, վանեցի, անունը՝ Էսմե: Իբրահիմը ծնվել ու մեծացել է պատմական Կիլիկիայում, Ստամբուլում սովորում ու աշխատում է: Նա լուսանկարիչ է, երկու անգամ էլ ֆիլմում որպես ռեժիսորի օգնական է աշխատել: Այս փետրվարին եղել է Երեւանում, ասում է՝ վատ չէր: Մայիսին պատրաստվում է կրկին Հայաստան գալ՝ Արարատի մասին իր սեփական ֆիլմը նկարելու նպատակով: Բավականին բաց անձնավորություն է: Մուստաֆան քիչ ավելի փակ էր. ենթադրում եմ, որ պատճառը մեր` հայ եւ իր` թուրք լինելն էր, սակայն սա լոկ անձնական կարծիքս է: Բայց խոստովանեմ՝ ինձ զարմացրեց այն փաստը, որ թուրք տղան ինձ հետ սկսեց թրքուհիներից խոսել:

Գարեջրատան մոտ, ուր մեզ հրավիրել էին, սպասում էինք գործընկերներիս, երբ ինձ համար անսպասելիորեն նա հարցրեց. «Հավանեցի՞ր այստեղի աղջիկներին»: Մի պահ չգիտեի` ինձ ասել, բայց ժպտացի ու քաղաքավարի... ստեցի. «Հա, լավն են»: «Իսկ ինձ դուր չեն գալիս,- ավելի ազնիվ եղավ Մուստաֆան,- հոգնել եմ նրանցից»: «Ինչու՞»: «Դե, որովհետեւ նրանց համար դու հետաքրքիր ու լավն ես, եթե շատ փող ունես, լավ մեքենա»,- ասաց թուրք տղան: «Հասկանում եմ, մեզ մոտ՝ Հայաստանում էլ կան նման աղջիկներ, գիտեմ ոմանց, բայց բոլորը չէ, որ այդպիսին են»,- շեշտեցի ես, ու Մուստաֆան համաձայնեց: «Ես սկանդինավուհիներին եմ սիրում՝ շվեդներին, ֆիններին, դանիացիներին,- ոգեւորվեց զրուցակիցս,- որովհետեւ նրանց հետ ավելի հեշտ է շփվել, իսկ մերոնց հետ դա պրոբլեմ է»: «Ծնողների պատճառո՞վ»,- հարցրի: «Ոչ միայն»:

Մուստաֆան ու Սուսայեն հետաքրքիր զույգ են: Իբրահիմը կատակում է. «Սուսայեն երկու տարի է այստեղ, բայց Մուստաֆան այնքան վատ գիտի անգլերեն, իսկ Սուսայեն՝ թրքերեն այնքան լավ, որ նրանք թրքերեն են շփվում»: Մուստաֆան, որ Մարմարայի համալսարանն է ավարտել, բայց դժգոհ է իր անգլերենից, ժպտում է. «Կընդունվեմ Բողազիչիի համալսարան, անգլերենս կկարգավորեմ»:

Քիչ անց մեզ միացավ նաեւ Մաթեւոսը՝ ամերիկահայ մի երիտասարդ, որը Քլիվլենդից է եկել Ստամբուլ եւ արդեն 8 ամիս աշխատում է մեկ-երկու ամսագրերում: Նրա արմատներն էլ պատմական Հայաստանից են: Մաթեւոսը հայերեն վատ չի խոսում, բայց ասում է, որ Հայաստան է գալու՝ մայրենին կատարելագործելու համար, քանի որ ԱՄՆ-ում պիտի համալսարան ընդունվի: Չնայած այս ընթացքում արդեն բավականին հայերի եմ հանդիպել, բայց ամեն անգամ նոր հայ ծանոթ ձեռք բերելը հատկապես այստեղ ինձ ավելի ու ավելի է ուրախացնում. բոլորից էլ միայն դրական լիցքեր եմ ստացել ու, հուսով եմ, հետագայում չեմ հիասթափվի:

Այո, նման բան եղել է

Ապրիլի 24-ը չնայած կիրակի էր, բայց նախապես գիտեի, որ դժվար օր է լինելու, քանի որ Ստամբուլում նախատեսվում էր անցյալ տարվա պես Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու ակցիա կազմակերպել, որը, թերեւս, այս շաբաթվա գլխավոր իրադարձությունն էր մեզ համար: Ակցիայի սկիզբ էր հայտարարվել ժամը 17-ը: Այստեղ իմացա, որ տեղի հայերը ապրիլի 24-ը գոնե ակներեւ չեն կարեւորում այնպես, ինչպես սփյուռքի մեր մյուս գաղթօջախներում: Թուրք հասարակական գործիչներից մեկը մեզ ասաց, որ, այո, հայ համայնքը զգուշավորություն է ցուցաբերում այս հարցում՝ քաջ գիտակցելով իշխանությունների ու երկրի բնակչության ծանրակշիռ հատվածի վերաբերմունքը Ցեղասպանության խնդրին եւ դրանից եկող հնարավոր վտանգները: Այնուամենայնիվ, քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում սպասում էի տեսնել այս ընթացքում իմ հանդիպած հայերին: Չտեսա. կամ չէին եկել, կամ ուղղակի չհանդիպեցինք: Ցավոք, առաջին տարբերակը երեւի ավելի հավանական է:

Այդուհանդերձ, հրապարակում շուրջ 200 հոգի մարդ էր հավաքվել՝ փոքրից մինչեւ մեծ: «Այս ցավը բոլորիս ցավն է» պաստառի վրա նրանք կարմիր մեխակներ դրեցին ու նռան տեսքով մոմեր վառեցին: Դուդուկի ուղեկցությամբ լուռ ակցիան մարդիկ անցկացրին գետնին նստած: Այդ ժամանակ էլ Ստամբուլում գտվելուս ընթացքում առաջին անգամ մոլլայի կանչը լսեցի կողքի մզկիթից: Իսկ քիչ հեռու հավաքվել էին մի խումբ թուրք ցուցարարներ, որոնք Աթաթյուրքի ու Լենինի նկարներով հակաիմպերիալիստական  ու հակահայկական կոչեր էին վանկարկում՝ ժխտելով Ցեղասպանությունը: Դրանք մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությունը կրող, նաեւ ազգայնական Ժողովրդական ազատագրական կուսակցության անդամներ էին: Ոստիկանները շղթա էին կազմել նրանց ու գետնին նստած մարդկանց միջեւ: Բայց այդ փոքրիկ խումբը, որ ինձ վրա կատաղած շան տպավորություն թողեց, ամեն կերպ փորձում էր իր կոչերով, ծափահարություններով, սուլոցներով լռեցնել դուդուկի ու Ցեղասպանությանը զոհ գնացած հայտնի հայերի անունները կարդացող մարդկանց ձայները:

Ապարդյուն: Վերջիններս 30-40 րոպե հարգանքի տուրք մատուցելուց հետո հանգիստ հեռացան՝ իրենց հետ վերցնելով ծաղիկներն ու պաստառը: Շատ չանցած` հրապարակում հայտնվեցին ադրբեջանական դրոշներով, հակահայկական վանկարկումներով ու պաստառներով միտինգավորներ, որոնք վեր էին պարզել ձեռքերը «Գորշ գայլերի» հայտնի նշանով: Սրանք առաջիններից էլ ավելի կատաղած էին:

Սակայն ազգայնականների գոռոցները ոչինչ են այն փաստի ֆոնին, որ այսօր, ինչպես որոշ թուրք գործիչներ են խոստովանում, հայերի Ցեղասպանության թուրքական տաբուն ճեղքեր է տվել, եւ կամաց-կամաց ավելի շատ մարդիկ են ասում՝ այո, նման բան եղել է:       

Ստամբուլ

Մեկնաբանություններ (1)

Hetq
Oops. Thanks Sluggh.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter