HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քիմպրոմի» աշխատակիցները պահանջում են 7 ամսվա աշխատավարձը

Այսօր  վաղ  առավոտյան՝ժամը 8:30-ին  Վանաձորի «Քիմպրոմի» 200 աշխատողներ   աշխատավարձի պահանջով  կրկին հավաքվել էին  Լոռու մարզպետարանի առջև: Նրանք սպասում էին  մարզպետ Արթուր Նալբանդյանին: Հիշեցնենք, որ անցյալ տարվա  դեկտեմբերի 11-ին «Հետքին» տված իր հարցազրույցում Նալբանդյանը հայտնել էր, որ «Քիմպրոմի» աշխատողների շուրջ 450 մլն. դրամ աշխատավարձի պարտքերը, նախագահ Սերժ Սարգսյանի խոստման համաձայն, դեկտեմբերի դրությամբ վճարվել է:

Այսօր մարզպետարանի առջև հավաքված աշխատողները հայտնեցին, որ Քիմպրոմում աշխատավարձի նոր պարտքեր են կուտակվել: Անցած 7 ամիներին աշխատողներին վճարել են ընդամենը 2014թ.-ի  դեկտեմբերի կես ամսվա աշխատավարձը. «Սեփականատերը չի վճարել նաև «Քիմպրոմի» ՋԷԿ-ի 100 աշխատողների 2011թ.-ի 5 ամիսների աշխատավարձը:  ՋԷԿ-ի  աշխատողները 3 տարի առաջ իրենց աշխառավարձի պահանջով դիմել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և դատը շահել են. «Պետություն չկա, իշխանություն չկա, որ կարողանան դառարանի վճիռը ի կատար ածել: Էդ որ մի հասարակ քաղաքացի լիներ, թևերը կոլորեին, կտանեին: Իսկ հենց որ խոսքը օլիգարխի է վերաբերվում, թե ով է էդ օլիգարխը մենք էլ չգիտենք, չենք կարողանում մեր հալալ աշխատավարձը ստանալ»,- հայտնեց ամոնիակի արտադրամասի հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը:

Ընկերության չվճարված աշխառավարձի նոր  պարտքի չափը աշխատողները չգիտեին. «Էս պահի դրությամբ պարտքի ընդհանուր թիվը չենք կարող ասել: Միայն կասենք, որ 200 աշխատողների չի վճարվել վերջին 7 ամիսների աշխատավարձը»,-ասաց Հ.Մարտիրոսյանը:  Վերջինս  ներկայացրեց ցուցարարների պահանջները. «Մենք ուզում ենք  մեզ զգալ ՀՀ լիիրավ քաղաքացի, որ աշխատանքից գնանք տուն ամոթով չմնանք, մեկ աման ջրի մեջ լցրած 2 կարտոլով սուպ ուտենք, սոված չմնանք: Ուզում ենք, որ մեր  աշխատանքի արդյունքը ժամանակին ստանանք»,- ասաց Հ.Մարտիրոսյանը:

Աշխատողների  ասելով՝ պայքարը շարունակելու են ցույցերով, այլևս դատարան չեն դիմելու, որովհետև խրատվել են. «Դատի ենք տալիս, մուֆթա բաներ են անում, վճիռ են կայացնում, հետո այն արխիվ են գցում ու մոռանում»,- ասաց աշխատողներից մեկը:

«Ինչու են քիմպրոմցիները չվճարված աշխատավարձի խնդիրը բարձրացնում դրանց կուտակումներից հետո»,- հարցին Հ. Մարտիրոսյանը պատասխանեց. «Ուրեմն դեկտեմբերին նախկին աշխատավարձի պարտքը երբ  փակվեց, մեզ ասացին, որ ամեն ինչ լավ կլինի:  Մենք էլ մեծ գումարներ էինք ստացել, ես իմ մասով եմ ասում, մյուսներինը ՝չգիտեմ, շուրջ 1մլն. դրամ էի ստացել, ձմեռը կարողացա դիմանամ, գոյատևեմ: Գարունքացավ, տեսանք գործերն էլի լավ չեն գնում»,-ասաց Հրաչիկը:

«Յոթ ամիս է՝ ինձ աշխատանքից ազատել է, կորունդի արտադրամասում եմ աշխատել, յոթ ամիս է՝ 68 հազար դրամ վերջնահաշվարկս չի տալիս»,- դժգոհեց Համլետ Հարությունյանը:   «Էս իրավիճակից մենք գլուխ չենք հանում, աշխատել ենք մոտավորապես 10 ամիս, աշխատավարձ չեն տալիս: Դեկտեմբերին ստացել ենք 4 ամսվա աշխատավարձ, մի 5-6 ամսվա աշխատավարձ էլ ունենք ստանալու 2011թ.-ից»,- ասաց ՋԷԿ-ի  էլեկտրոարտադրամասի էլեկտրիկ Կարապետ Չիլինգարյանը:

«Մեր պահանջն է, որ մեր աշխատավարձը ժամանակին տան: Ծերից ծեր Քիմպրոմում անարդարություն է: Քիմպրոմը հացի փուռ չի էլի, որ ջուրը ալյուրին խառնեն  ու գցեն կրակին: Սա քիմիա է»,- բացատրեց  ամոնյակի արտադրամասի պետ Վիլեն Ամիխանյանը:  

Արթուր  Նալբանդյանը, մոտենալով  ցուցարարներին,  խնդրեց հայտնել իրենց պահանջները: Ցուցարարները մարզպետից պահանջեցին լուծել իրենց աշխատավարձի նոր պարտքերի խնդիրը և հստակեցնել Քիմպրոմի հետագա ճակատագիրը:

«Մի տարի առաջ եկել էինք, էլի նորից եկել ենք Ձեզ մոտ՝ որպես մեր Լոռվա մարզի ղեկավար:  Մեր խնդիրն այն է, որ 7 ամիս է՝ նորից աշխատավարձ չենք ստանում: Գործարանն էլ չգիտենք վերագործարկելու են՝, թե ոչ:  Քիմպրոմում ոչ մի բան տեղից չի շարժվում: Եթե չեն կարողանում մեր աշխատավարձը վճարել, թող գործարանի դռները փակեն: Բայց խնդրում ենք մեզ օգնեք, որ գործարանը չփակվի»,- ասաց   Համլետ Հարությունյանը:

«Դուք Ձեր տեսակետն ունեք, մնացած մասնագետները իրենց տեսակետներն ունեն: Հիմա,  մասնագետները ինձ համոզում են, որ Քիմպրոմի գործարկումը հաստատ արդյունավետ չի լինի:  Դուք էլ հակառակն եք համոզում: Ես դրա մասնագետը չեմ»,- պառասխանեց մարզպետը:

«Պարոն Նալբանդյան, ենթադրենք էսօր օգտավետ չէ էդ գործարանը, մեր պահանջ այն է, որ 7 ամիս է մեզ աշխատավարձ չեն տվել, օգնեք մեր աշխատավարձը տան, որ կարողանանք պետությանը մեր հարկերն ու տուրքերը վճարենք, հետն էլ մեր ընտանիքները պահենք:  Հետո, եթե գործարանը լուծարել են, գործարանը ի վիճակի չի աշխատելու, ինչու են աշխատող պահում, ու այդ աշխատողների աշխատավարձը տարիներով ու ամիսներով չեն վճարում: Թող մեզ կոնկրետ պատասխանեն՝ գործարանն աշխատելու է, թե չի աշխատելու, որ մենք մեր գլխի գալիքը իմանանք, գիտենանք Հայաստանից փախչում ենք, թե մնալու ենք Հայաստանում: Ես 54 տարեկան մարդ եմ, որտեղ գնում եմ, ասում են տարիքդ մեծ է՝ քեզ չենք կարող աշխատանք տալ, բայց եթե տարիքս մեծ է,  թոշակի տարիքը դարձրել են 65 տարեկան, ես ինչով իմ ընտանիքը պահեմ, ինչով հարկ ու տուրքեր տամ: Եթե այդպես է, թող հարկ ու տուրքը իմ տարիքի մարդկանց վրայից վերացնեն»,- ասաց  Հրաչ Պապիկյանը: 

Մարզպետը ցուցարարներին բացատրեց, որ գործարանը չեն փակել, քանի որ հավատացել են վերագործարկման հնարավորությանը:

 «Մենք թշվառներ ենք, որպեսզի չդիմենք այլ քայլերի, խնդրում ենք Ձեզ օգնեք մեզ՝ այս անգամ էլ ստանանք աշխատավարձ»,- մարզպետին խնդրեցին քիմպրոմցիները: Արթուր Նալբանդյանը ցուցարարներից երկու օր ժամանակ խնդրեց,  նրանց աշխատավարձի նոր  խնդիրները ուսումնասիրելու համար: Ցուցարարները որոշեցին այս ուրբաթ առավոտյան ժամը 9-ին կրկին հավաքվել մարզպետարանի բակում, իրենց աշխատավարձի, Քիմպրոմի հետագա ճակատագրի մասին  մարզպետ Ա. Նալբանդյանից տեղեկություններ ստանալու համար:  

Մեկնաբանություններ (1)

strannik
Քիմպրոմը չի աշխատի այն պարզ պատճառով, որ որոշ անձանց այն ձեռք չի տալիս, եթե հիշեք Սերժ Սարգսյանի նախընտրական խոսքերը, թե Քիմպրոմը պետք է աշխատի, դա ասում եմ ես Սերժ Սարգսյանս, ապա ամեն բան պարզ կդառնա;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter