Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ինչպե՞ս է Վարդան Այվազյանը խեցգետինը Հայաստանից հասցրել Վրաստան



Սամցխե-Ջավախքի հայաբնակ Տաբածղուր գյուղի բնակիչների վեճն իրենց համագյուղացի, ծնունդով Տաբածղուր գյուղից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ այսօր դատարանում է շարունակվել:

Թբիլիսիի քաղաքային դատարանում քննվել է Վարդան Այվազյանի հիմնադրած ընկերության լիցենզիայից զրկելու տաբածղուրեցիների բողոքը:  Հիշեցնենք՝ գյուղացիները պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:  

Ինչպես «Հետքին» պատմեց նիստին մասնակից գյուղացիներից մեկը (խնդրեց անունը չհրապարակել), այսօրվա նիստում իրենց փաստաբանը մի քանի հարցեր է ուղղել «Լճեր» ՍՊԸ-ի ներկայացուցչին:

2010թ. 4 բեռնատար խեցգետին է լցվել Տաբածղուր լիճը: Լճում խեցգետին լցնելուց հետո, ըստ գյուղացիներին, զգալիորեն նվազել է ձկների քանակը: Փաստաբանը ապացույցներ է պահանջել, թե ինչի հիման վրա և ինչ ճանապարհով է Վարդան Այվազյանը Հայաստանից խեցգետին բերել և լցրել Տաբածղուր լիճը: Խեցգետնի ներկրման մաքսային փաստաթղթեր Վարդան Այվազյանի փաստաբանը չի ներկայացրել:

Ըստ գյուղացիների, Վարդան Այվազյանը խեցգետինը ներմուծել է՝ օգտագործելով իր անձնական կապերը Վրաստանի վարչապետ Իվանե Մերաբիշվիլու հետ:

«Իրենք հիմնավորում էին, որ խեցգետինը ձկնկիթը չի ուտում, փոքրերին չի ուտում, բա ինչ եղան ձկները, եթե խեցգետինը չի ուտում»,- ասում է մեր զրուցակիցը:

Դատարանը, լսելով կողմերին, հետաձգել է դատական նիստը մինչև հուլիսի 8-ը: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ