ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ալյուրը երկաթով ու ֆոլաթթվով հարստացնելու կառավարության ցանկությունն ուշքի է բերել օձունցիներին



Օձունում այս տարի 350 հա ցորեն է ցանվել

Օձունը նախկինում արդյունաբերական գյուղ է եղել: Գյուղացիներն աշխատել են պանրի եւ հացի գործարաններում, գյուղտեխնիկայում, գյուղքիմիայում եւ այլ հիմնարկներում, այդ պատճառով էլ հող մշակելու սովոր չեն: Համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը կարծում է, որ Օձունը կրկին պետք է դառնա արդյունաբերական գյուղ, որի տեսլականը, սակայն, Ա. Տիտանյանը չի առաջարկում:

Օձունի 1350 հա վարելահողերը ջրդի են, ոռոգվում են ինքնահոս ջրով, այդուհանդերձ, հողը չի ձգում օձունցիներին: «2009թ.-ին իմ գյուղապետ ընտրվելուց հետո, ամեն տարի մոտ 10% ավելացել է գյուղի վարելահողերի մշակումը: Էսօր օձունցին նախընտրում է գնալ Թեղուտի հանքում աշխատել, քան իր հողը մշակել: Ճիշտ է Թեղուտում աշխատելը առողջության համար վտանգավոր է, բայց դաշտում էլ գյուղացու եկամուտն է քիչ»,- բացատրում է Ա. Տիտանյանը:

Թեղուտ ՓԲԸ-ում 50 օձունեցի է աշխատում: Նրանք նաեւ հողի սեփականատերեր են, սակայն, ինչպես համայնքապետն ասաց՝ իրենց վարելահողերը չեն մշակում: Օձունի ցանքատարածքներում այս տարի 40 հա առվույտ, 65 հա եգիպտացորեն, 55 հա կարտոֆիլ, 38 հա բանջարաբոստանային կուլտուրաներ, 75 հա բազմամյա խոտաբույսեր, 350 հա ցորեն եւ այլ մշակաբույսեր են ցանվել: Գյուղի ցանքատարածքներից մոտ 40 հա էլ վարձակալությամբ մշակում են հարեւան գյուղերի՝ Արեւածագի ու Կարմիր Աղեկի բնակիչները:

Օձունը կարկտահարության ռիսկային գոտի է, նաեւ այդ է պատճառը, որ գյուղացիները խուսափում հողը մշակելուց: Համայնքի ղեկավարի ասելով՝ գործին խանգարում է նաեւ վարելահողերի ու արոտավայրերի մեծ հեռավորությունը գյուղից:

Մի ժամանակ Օձունը հայտնի էր ֆիզիկապես ուժեղ հնձվորներով, որոնք հեկտարներով գերանդիով հունձ էին անում: «Օձնեցին էսօր ֆիզիկապես չի կարողանում հունձ անել, էսօր սնունդը վատն է, առողջական վիճակը վատ է, սաղ օրը դեղ են խմում: Էսօր որեւէ օձնեցի ֆիզիկապես ի վիճակի չէ խոտ հնձելու, էդ պատճառով խոտհարքների 80%-ը չի հնձվում»,- բացատրում է Ա. Տիտանյանը:  

Օձունի Եզնանիստ հանդամասով Ամոջ գյուղ գնացող ճանապարհի աջ կողմի հողերը համարյա չեն մշակվում: Ձախ կողմի 80 հա հողերի կեսն է մշակվում եւ հանդերը որքան հեռու են գյուղից, այնքան մշակությունը քչանում է:

Հրանտ Դալլաքյանը Թափի հանդում 6 հա եգիպտացորեն, 1 հա կարտոֆիլ եւ 2 հա ցորեն է ցանել: «Առաժմ դաշտերս նորմալ են, եթե կարկուտը չհարամի»,- ասաց նա: Այս օրերին Օձունում դաշտերը պարարտացվում են: Հողագործների ոտքի տակ կրակ է վառվում: «Առաջ գործը, հետո խոսելը»,- ասացին նրանք: Հրանտն ավտոմեքենայով իր դաշտերն էր շտապում, բայց ցանկացավ իր կարծիքը հայտնել երկիրը ղեկավարողների մասին: Նրա ասելով՝ չինովնիկներն, ինչքան որ իրենց գրպանի մասին են մտածում, դրա մի 10%-ի չափով, եթե գյուղացու մասին մտածեն՝ գյուղացու գործերը շատ լավ կգնան:

Բայց Հրանտի անհանգստությունն արտագաղթն էր: «Օձունեցիները գեղիցը փախչում են: Հիմա էլ էլեկտրաէներգիան են թանկացնում, ավելի են արագացնում փախչելը: Էսօր առիթ է եղել մեր գյուղապետին ասել եմ. «Գյուղապետ ջան, ոնց որ ես իմ տան մասին եմ մտածում, դու էլ մեր ամբողջ գյուղի ընտանիքների մասին պետք է մտածես»»:

Իր ցանքատարածքները պարարտացնող Ամրաստան Ջանինյանը Թափի հանդում 2 հա հող է վարձակալել եւ ցորեն ու կարտոֆիլ է ցանել: Նրան գովեցի Ռուսաստան չգնալու եւ հող մշակելու համար: «Ռուսաստան էլ ենք գնացել, էնտեղ ավելի լավ էր, բնակարանների ռեմոնտ էի անում: Չէ, հող մշակելը ռեմոնտից լավ չի»,- նկատեց Ամրաստանը:

Թափի հանդի ցորենի որոշ դաշտեր հաջող չէին: «Ասեմ խի չեն հաջող, դաշտում ցորենը ցանելուց առաջ պետք է մի հատ դեղ փչեին, հետո ցանեին: Բայց մարդիկ մի կերպ են անում, վարկով, պարտքով ցանում են, արդեն փողը չի հերիքում հողի մշակման մյուս ծախսերն անելու համար: Իսկ որ պետությունը մի քիչ օգնի, ասենք մի քիչ ցածր դրույքաչափերով վարկ տա, էդ մեծ օգնություն կլինի գյուղացուն: Ինչ որ տեսնում եք դաշտում ցանած՝ մարդիկ դրա 30%-ը վարկով են արել: Ասենք հետո բերքը վերցնում ենք, իրացնելու տեղ լինի: Էդ շատ կարեւոր ա: Թե չէ, դրսից մեկ ուրիշը էժան գնով եգիպտացորեն կամ ցորեն կբերի, մեր արտադրանքը էդպես էլ չենք կարա իրացնենք»,- բացատրեց երիտասարդ հողագործը:

Օձնեցի Սամվելն իր տրակտորով Թափի հանդի եգիպտացորենի դաշտերն էր փխրեցնում: «Իմ սեփական տրակտորն է, ղազմա տալու (փխրեցնելու) համար 1 հեկտարին 5000 դրամ եմ վերցնում»,- ասաց նա: Սամվելը չդժգոհեց վարձատրությունից:

Օձունում ամենաթանկը հացն է: Համայնքապետ Ա. Տիտանյանը Օձունում վաճառվող 1 կգ հացի գինը չկարողացավ ասել, սակայն նկատել էր, որ Վանաձորի մի քանի արտադրողներ պակաս քաշով հաց են բերում Օձուն: «Հենց թանկացում է լինում` հացի քաշը նվազեցնում են` գինը թողնում են 200 դրամ»,- դժգոհեց նա:

Մի ժամանակ ընդունված էր Օձունում բոլորը հաց էին թխում: Հիմա էդ կարգը վերացել է: Էն ժամանակ, ով ցորեն չէր ցանում`առնում էր, մեկը խոտը փոխում էր ցորենի հետ, մեկը` պանիրի կամ կարտոֆիլի հետ»,- հիշեց համայնքապետը: Հացի գինն ու ֆոլաթթվով ալյուրը հարստացնելու Կառավարության ցանկությունն ուշքի է բերել գյուղացիներին: Արսեն Տիտանյանն ասաց, որ այս տարի օձունցիները 350 հա ցորեն են ցանել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ