HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն անդրադարձել է Թռչկանին. ջրվեժի տարածքը կօգտվի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմից

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կայացած կառավարության նիստում առաջարկել է կրկին օրակարգ մտցնել Թռչկանի ջրվեժի հարցը։ Վարչապետի առաջարկությամբ ընդունվել է Թռչկանի ջրվեժի խնդրի համապարփակ լուծումն ապահովող մի որոշում, որով փոփոխություն է կատարվել Լոռու մարզի Մեծ Պարնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` ջրվեժի գտնվելու վայրի և շրջակայքի մեկ հեկտար հողը փոխադրելով հատուկ պահպանվող տարածքների` բնապահպանական նշանակության հողերի կատեգորիա։ 

«Մենք ունենք Կայուն զարգացման ազգային խորհուրդ, որի աշխատանքներին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավորապես, բնապահապանական շարժման ներկայացուցիչները։ Տեղյակ եք, որ վերջին շրջանում ջրվեժի խնդիրը դարձել է նրանց ուսումնասիրության առարկան։ Մասնավորապես, նրանք ահազանգում են, որ Թռչկանին վտանգ է սպառնում և այն որոշումները, որոնք կառավարությունը կայացրել է, մասնավորապես, հողահատկացումները ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ, վտանգում են ջրվեժի ապագան։ Բնապահպանության նախարարությունն ուսումնասիրել է խնդիրը և Հանրապետության նախագահի հանձնարարականով կայացրել որոշումներ, որոնց համաձայն մենք այդ ռիսկերը չեզոքացրել ենք։

Չնայած դրան՝ բնապահպանները խորհրդի նիստում բարձրացրեցին մեկ հարց։ Որպեսզի ապագայում էլ ջրվեժին վտանգ չսպառնա, նրանք առաջարկում են հստակ կարգավիճակ տալ այդ հողատարածքին, այդ հատվածին։ Այդ պարագայում արդեն նաև պետության կողմից երաշխավորված կլինի, որ ապագայում էլ որևէ վտանգ չի սպառնա ջրվեժին և այն ջրային ռեսուրսները, որոնք առկա են, այլ նպատակով չօգտագործվեն։

Այդ իսկ պատճառով էլ, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այսօր որոշում սահմանել, որի համաձայն ջրվեժի տարածքը կօգտվի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմից։ Եթե համաձայն եք, ապա կառավարության այսօրվա որոշումով համապատասխան հանձնարարականներ կտանք փոխվարչապետին, որպեսզի բոլոր համապատասխան փաստաթղթերը և համաձայնություններն ի կատար ածվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Սրանով մենք այս խնդիրը կհամարենք ամբողջությամբ փակված»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter