HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Գանձ որոնող «սև անձավագետներն» ու քարանձավային չզարթնող զբոսաշրջությունը. ի՞նչ է փոխելու վարչապետի որոշումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հունիսի 3-ի որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետության տարածքում քարանձավների` զբոսաշրջային հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով:

Թեև քարանձավային զբոսաշրջությունը ուսումնասիրելու` վարչապետի որոշումը նոր է կայացվում, սակայն մշակույթի նախարարությունը դեռ մեկ տարի առաջ  հայտարարել էր Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում գտնվող Մագիլի քարանձավի շահագործման մրցույթը: Թե ինչու է Հայաստանի քարանձավային զբոսաշրջության պոտենցիալը սկսում ուսումնասիրվել մրցույթ հայտարարելուց հետո, միայն կարող են պատասխանել վարչապետն ու մշակույթի նախարարը: Սակայն,Հ. Աբրահամյանի որոշումը լավ հնարավորություն է` հարթելու մշակույթի նախարարության` անցած տարվանից սկսած խառնաշփոթը:

Չկայացած մրցույթը. մասնակիցը հանձնաժողովից պահանջում է ուղղել սխալը

Մագիլի քարանձավի շահագործման մրցույթը Հայաստանի քարանձավներից մեկը զբոսաշրջության նպատակներով շահագործման հանձնելու առաջին փորձն էր, որը համարվեց չկայացած: Պատճառը հայտերի բացակայությունը չէր:

Որպես պաշտոնական հաղորդագրություն` նախարարությունը տեղեկացրել էր, որ ներկայացվել է երկու հայտ, որոնցից մեկը չէր համապատասխանել հրավերի պահանջներին, իսկ մյուս մասնակցի հայտին կից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության վիճակի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը համարվել էր ժամկետանց: Մրցույթը հայտարարելուց որոշ ժամանակ անց հանձնաժողովի անդամներից մեկը` Բնապահպանության նախարարության Կենդանական ռեսուրսների բաժնի պետ Սևակ Բալոյանը, ասուլիս էր տվել և հայտարարել, որ հայտ ներկայացրած մասնակիցներից որևէ մեկը չէր ներկայացրել բնապահպանական փորձաքննության փաստաթուղթը: 

«Ինկար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, քարանձավագետ Սմբատ Դավթյանը «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ մրցույթի երկու հայտատուներից մեկն իրենք են: Քարանձավագետի խոսքով` փորձաքննության դրական եզրակացությունը ներկայացվել է հանձնաժողովին և եղել է ժամկետների մեջ:

ԲՆ կենդանական ռեսուրսների բաժնի պետ Սևակ Բալոյանը մրցույթի ժամանակ ձեռքի տակ ունեցել է «Ինկար» ՍՊԸ-ի ներկայացրած փորձաքննության դրական եզրակացությունը: Այնուհետև, որպես բնապահպանության նախարարության փորձագետ, հայտարարել է, որ փորձաքննական եզրակացության ժամկետը մեկ տարի է, և քանի որ փաստաթուղթը տրվել են 2011թ.-ին, այն արդեն չի գործում:

ՇՄԱԳ օրենքով` մեկ տարվա ժամկետ ունի միայն գործունեության փորձաքննությունը: ՍՊԸ-ի ներկայացրածը, ըստ փորձաքննության փաստաթղթի` ոչ թե գործունեության, այլ ծրագրի դրական եզրակացություն է: Նույն օրենքով` ծրագրի փորձաքննության համար ժամկետներ նշված չեն:  Բնապահպանության նախարարության աշխատակից Սևակ Բալոյանի համար սա չպետք է շփոթելի լիներ: Նա «Հետք»-ի հետ զրույցում ևս պնդեց, որ ՍՊԸ-ի ներկայացրածը գործունեության փորձաքննություն է: «Ասենք, կարող է վերնագիրն է ծրագիր, բայց իր ամբողջ էությունը նախատեսվող գործունեություն է»,- ասաց Սևակ Բալոյանը:

Հանձնաժողովում ներկա մասնագետներից մի քանիսը, ինչպես պատմում է քարանանձավագետ Սմբատ Դավթյանը, պնդել են, որ Սևակ Բալոյանը հարցը սխալ է մեկնաբանում, սակայն հանձնաժողովի  նախագահը` մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, որոշել է, որ նա ճիշտ է:

«Անհեթեթությունը այն աստիճանի էր հասել, որ անգամ Սամվել Շահինյանի (Հայաստանի քարանձավագետների միության նախագահ) բացատրությունը չլսվեց: Ինչու եմ այս հարցը կարևորում, որովհետև Ս. Շահինյանը եղել է ՀՀ Գերագույն խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահը, որի օրոք էլ ընդունվել էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքը», և այդ օրենքի բոլոր նրբություններին նա էր տիրապետում»,- ասում է Սմբատ Դավթյանը:

Փաստաթուղթը չի կարող լինել գործունեության փորձաքննություն, քանի որ դրանում նշված է, որ գործունեության փորձաքննությունը դեռ պետք է ներկայացվի.

«Մինչև գործունեության իրականացումը անհրաժեշտ է մշակել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախագծային փաստաթղթերը և ճարտարապետաշինարարարկան մասով (համապատասխան լուծումներով), և «Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատմամբ(ՇՄԱԳ)» ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման»:

Անցած տարվանից Սմբատ Դավթյանը 8 անգամ դիմել է մշակույթի նախարարությանը` հարցով, թե երբ է ոււղղվելու սխալը: Վերջին` 9-րդ հարցումը նախարարություն է մուտքագրվել մարտի 19-ին: Թեև պատասխանի վերջնաժամկետը, ըստ փաստաթղթի, մարտի 26-ն էր, սակայն մինչ օրս պատասխան չկա:

Նախարարությունը լռում է: Սևակ Բալոյանը և մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը ընդգրկված են վարչապետի ստեղծած աշխատանքային խմբում: Սմբատ Դավթյանը նշում է, որ եթե արդյունքում որոշվի նորից մրցույթ հայտարարել, ինքը ներկայացանելու է նույն փորձաքննությունը, որովհետև չի պատրաստվում «անգրագիտության պատճառով» նորից գումար ծախսել: Փորձաքննության համար անհրաժեշտ ուսումնասիրության համար ընկերությունը ծախսել է մոտ 3 միլիոն դրամ, բացի այդ կատարվում են վճարումներ նաև բնապահպանության նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ին. եթե ՇՄԱԳ հին օրենքով այդ գումարը կազմել է մոտ 150 հազար դրամ, ապա նոր օրենքով` 400 հազար դրամ:

«Ինկար ՍՊԸ»-ի զբոսաշրջային ծրագիրը

Մրցույթը հայտարարելուց հետո բնապահապաններն ու ոլորտի մասնագետները երկու խմբի բաժանվեցին: Սա քարանձավի շահագործման առաջին փորձն էր, և արձագանքների պակաս չունեցավ: Մի մասը պնդում էր, որ շահագործման դեպքում Մագիլի քարանաձավում բնակվող, Կարմիր գրքում գրանցված չղջիկները կարող են վտանգվել, մյուսներն էլ, թե վերջապես Հայաստանում զբոսաշրջիկներ կգան ոչ միայն եկեղեցիների, այլև քարանձավների համար:

Այս երկու կարծիքներից ոչ մեկն ընկած չէ մրցույթը չկայացած համարելու հիմնավորումների մեջ: Սմբատ Դավթյանի կարծիքով` գերատեսչությունների խոչընդոտի պատճառը կաշառք ստանալու ակնկալիքն է, և եթե ինքն այսքան տարի պայքարել է, և չի տվել «ոչ մի կոպեկ», շարունակելու է նույն ձևով, անհրաժեշտություն դեպքում` դատական կարգով: Իսկ քարանձավային զբոսաշրջությանը դեմ արտահայտվող ընդդիմադիր բնապահպանների կարծիքին պատասխանում է, որ իրենց ծրագիրը բնապահպանական ռիսկ չի պարունակում:

«Ինկար» ՍՊԸ-ն ցանկանում է Մագելի քարանձավը դարձնել զբոսաշրջային (էքսկուրսիոն) քարանձավ: Ըստ օգտագործման ծրագիր` 1720 մ երկարություն ունեցող քարանձավի 260մ հատվածի հատակը մաքրվելու է թափված հողից ու քարերից, ստեղծվելու է 1 մ լայնությամբ բետոնե և լուսավորված արահետ:

Ընկերության աշխատակիցները` Մագիլի քարանձավում

Դրա արդյունքում, ինչպես նշում է Սմբատ Դավթյանը, բոլոր ցանկացողները կարող են  մուտք գործել քարանձավ, էքսկուրսավարների ուղեկցությամբ ծանոթանալ  քարանձավի երկրաբանական կառուցվածքին, գեոմորֆոլոգիային ու պատմությանը:

«Ծրագիրը կազմվել է միջազգային և քարանձավների շահագործման հարուստ փորձ ունեցեղ երկրների ազգային անձավագիտական կազմակերպությունների կողմից մշակված փաստաթղթերի պահանջների հիման վրա»,- ասում է Սմբատ Դավթյանը:

Ծրագիրը, ըստ Բնապահպանության նախարարության կողմից տրված եզրակացության, անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության և երկրաբանա-հիդրոերկրաբանական փորձաքննություն, դրական գնահատական է ստացել Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների և Հնագիտության ու ազգագրության ինստիտուտների, Հայաստանի անձավագիտական կենտրոն հ/կ-ի կողմից: 

Մագիլի քարանձավի ամբողջ մշակութային շերտն արդեն իսկ խաթարված է. Սմբատ Դավթյան

Մագիլի քարանձավում բնակվում են հազվագյուտ, Կարմիր գրքում գրանցված, կենդանատեսակներ` չղջիկներ, որոնք մրցույթի հայտարարությունից հետո դարձան մի քանի մասնագետների ու լրատվամիջոցների պաշտպանության առարկան: Սմբատ Դավթյանը նշում է, որ բնական է անհանգստությունը, սակայն ծրագրում նախատեսված են բոլոր մանրամասները, որ քարանձավի էկոհամակարգը որևէ ձևով չտուժի:

Քարանձավում բնակվող պայտաքթայինների համար, օրինակ, ըստ Բնապահպանության նախարարության, վտանգավոր են մարդու այցելությունները բազմացման, ձագերի զարգացման և ձմեռման շրջաններում: Որպես պահպանության միջոցառում ԲՆ-ն տեղեկացնում է, որ քարանձավերի մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում:

 Մագիլի քարանձավի բնակիչներից` պայտաքիթ չղջիկները:

Կարմիր գրքում գրանցված այս կենդանատեսակներին պահպանելու համար նախարարությունը տեղեկացնում է, որ Նորավանքի կիրճի Մագիլի քարանձավի մուտքն այժմ փակ է:
«Տեսակի ապրելավայրին տալ արգելավայրի կարգավիճակ: Ապրելավայրեր հանդիսացող քարանձավի մուտքը փակել այցելուների համար»,- հայտարարել է ԲՆ-ն:

Չնայած պաշտոնական այս հաղորդագրությանը` դժվար չէ գտնել լուսանկարներ տարբեր խմբերի արշավների մասին: Չենք կարող ասել` նրանց այցելության ժամանակ քանի չղջիկ է վտանգվել կամ ինչպես է առհասարակ քարանձավի պահպանությունը հսկող ՊՈԱԿ-ը թույլատրել այդ այցելությունը, եթե այն փակ է այցելուների համար:

Հնարավոր է նաև օնլայն պատվիրել հերթական այցելությունը դեպի «փակ» քարանձանվեր և միանալ արշավախմբին:

Անցած տարի «Հետք»-ը ևս գրել էր փակ քարանաձավերից մեկի` Արջերի քարանձավի կորած հելիկտիտի մասին: Այդ հելիկտիտն աճում է հազարավոր տարիների ընթացքում:

Հելիկտիտն ինքիրեն չէր կոտրվել, որովհետև հատակին թափված կտորներ չէին հայտանբերվել, սակայն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը չկրեց որևէ պատասխանատվություն դրա կորելու համար:

Արջերի քարանձավից կորած հելիկտիտը

Օգտվելով վատ պահպանությունից, յուրաքանչյուր գյուղում, ըստ Սմբատ Դավթյանի, ձևավորվել են  «սև անձավագետներ», որոնք գանձ փնտրելու պատրվակով ավիրում են քարանաձավները:

«Մեր երկրում առկա են աշխարհում հանդիպող համարյա բոլոր տեսակի քարանձավները: Ընդ որում՝ Երկիր մոլորակի վրա միայն ՀՀ-ում է, որ կան քարե դռներով քարանձավներ, որոնց պահպանության և օգտագործման համար պետք է ամեն ինչ արվի, որպես համամարդկային մշակութային արժեքի: Իսկ թե ի՞նչ է արվում մշակութային այդ արժեքի պահպանության համար, ես կբերեմ երկու թիվ. 1985-1986 թթ. Հայկական աշխարհագրական ընկերության և Հայաստանի անձավագիտական կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն՝ Արագածի լանջերի վրա հաշվառված էին ընդհանուր առմամբ 42 դռնավոր քարանձավներ»,- ասում է Ս. Դավթյանը: Այդ քարանձնավերի թիվը, ըստ քարանաձավագետի կիսով չափ պակասել է:

«Իր գեղեցկությամբ հայտնի Մոզրովի քարանձավից այսօր տխուր հիշողություն է մնացել՝ ամբողջությամբ թալանվել են առաջին երեք դահլիճների կարստային գոյացությունները, թալանվելու հերթը այժմ հասել է վերջին երկու դահլիճներին: Իսկ պատասխանատուները զբաղված են միայն ավերվածությունները գրանցելով, մինչդեռ հենց իրենք պետք է նախաձեռնություն ցուցաբերեն և միջոցներ գտնեն դրանք  օգտագործելու  (դրանով իսկ պահպանելու) համար»,- ասում է Սմբատ Դավթյանը:

Մոզրովի քարանձավը, լուս.` ecolur.org

Ինկար ՍՊԸ-ի ծրագրի` շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական փորձաքննական եզրակացության մեջ կոնկրետ չղջիկների պահպանության մասով նշված է, որ արգելվելու է չղջիկների որսը, ձմեռային ամիսներին արգելվելու է մուտքը քարանձավ` չանհանգստացնելով չղջիկներին, պահպանվելու է չղջիկների պաշպանության կոդեքսը (չղջիկներին ձեք չտալ, չլուսանկարել, չտաքացնել, քարանձավներում չօգտագործլ կաբիդային լամպեր, չծխել, ավելորդ աղմուկ չբարձրացնել, խարույկ չվառել):

«Քանի որ քարանձավը հանդիսանում է չղջիկների ձմեռման վայր, ապա համաձայն ներկայացված ծրագրի` յուրաքանչյուր տարվա նոյեմբերի  15-ից մինչև հաջորդ տարվա մարտի 15-ը այն փակ է լինելու այցելուների համար»,- նշված է ծրագրում:

Քարանձավային զբոսաշրջության միջազգային փորձը

«Ներկայում աշխարհում բարեկարգված և սարքավորված են ավելի քան 1000 քարանձավներ, ուր տարեկան այցելում են մոտ 170մլն. զբոսաշրջիկներ, որոնք, կապված քարանձավներ այցելելու հետ, ծախսում են մոտ 2,5 մլրդ դոլար: Այս ոլորտում ուղղակիորեն ներգրավված են 200-300 հազար աշխատողներ»:

Սա հատված է Հայաստանի քարանաձավագետների միության անդամ Սամվել Շահինյանի կատարած ուսումնասիրությունից: Նա հղում է արել միջազգային անձավագիտական կենտրոնի տվյալներին: Սամվել Շահինյանն այս ուսումնասիրությունը կատարել է դեռևս անցած տարի` մշակույթի նախարարության պատվերով, որպեսզի կանխատեսվի` արդյոք հնարավոր է քարանձավային զբոսաշրջությունը ներդնել Հայաստանում:

Շատ երկրներում, համաձայն այս ուսումնասիրության, էքսկուրսիոն քարանձավների քանակը  անցնում է տասնյակներից, օրինակ` Ավստրիայում կա 24, Բելգիայում` 16, Խորվաթիայում`  22, Չեխիայում` 14, Ֆրանսիայում` 109, Գերմանիայում` 52, Սլովակիայում` 16, Սլովենիայում` 21, Իսպանիայում` 65, Շվեյցարիայում` 12, ԱՄՆ` 230, Ավստրալիայում` 61, Չինաստանում` 58, Ճապոնիայում` 89 էքսկուրսիոն քարանձավներ:

«Մեր տարածաշրջանի երկրներից Թուրքիայում կան 21, Իրանում` 6, Վրաստանում` 5 էքսկուրսիոն քարանձավեր, և միայն երկուսում` Հայաստանում և Ադրբեջանում նման օբյեկտները բացակայում են: Ադրբեջանում դրանց բացակայությունը ունի օբյեկտիվ բնութ. այդ երկրներում չկան բարձրարժեք և զբոսաշրջային բնույթ ունեցող քարանձավներ»,- գրել է Սամվել Շահինյանը:

Մեր երկրում հուշարձանների տարածքը, Սմբատ Դավթյանի ուսումնասիրությամբ, կազմում է մոտ 100 կմ2, իսկ մշակույթի հուշարձանի 1մ2-ին պահպանելու համար պահանջվում է մոտ 100 ԱՄՆ դոլար, այս հաշվարկով` մշակութային ժառանգության պահպանության համար պահանջվում է 10 միլիարդ ԱՄՆ դոլար:

 «Բնական է, որ նման գումար մեր երկրի գանձարանում չկա և, հավանաբար, երբեք էլ չի լինի: Սա խնդիր է անգամ աշխարհի շատ հարուստ պետությունների համար, այդ պատճառով էլ անգամ Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի նման հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկրները համապատասխան ծրագրերի առկայության դեպքում անգամ չնչին գներով երկարատև օգտագործման են տրամադրում հուշարձանները»,- ասում է նա:

Առաջին լուսանկարում` Խնձորեսկի քարանձավը, հեղ.` Նարեկ Ալեքսանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter