HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միլիոնավոր դոլարներ գողացողներին թողած՝ կարտոֆիլ գողացողին են դատում

Նրանք մարզպետի ու պաշտոնյաների որդիներ չեն ու հայտնվել են դատարանում

Մամուլը ողողված է ՀԷՑ-ի թալանի, վերահսկիչ պալատի «անպտուղ» բացահայտումների, պետական ոլորտում չարաշահումների, կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր պրունակող պետական գնումների մասին նյութերով, տարին մի քանի անգամ ծեծուջարդի, կրակոցների ու քրեական օրենսգրքով նախատեսված այլ արարքներ կատարելու համար հանրության ուշադրության կենտրոնում հայտնված Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ պատմությունների հրապարակումներով, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը, պատկան այլ մարմինները աչք են փակում դրանց վրա:

Փոխարենը այս օրերին դատարաններում քննվում են գործեր, որոնք վերը նշվածի ֆոնին «խաղ ու պար են»: Քանի որ «հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջև և ենթակա են քրեական պատասխանատվության», արյան ճնշման չափող գործիք, 11.000 դրամ արժողության կարտոֆիլ գողացողները ենթարկվում են պատասխանատվության, քանի որ նրանց հայրերը մարզպետներ, նախարարներ, պատգամավորներ չեն, պետական բարձր պաշտոններ չեն զբաղեցնում:

11.000 դրամ ընդհանուր արժողության կարտոֆիլի «գողություն»

Տաքսու վարորդ Անդրանիկ Նիկողոսյանը ամբաստանյալ է, հարուցված քրեական գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն կայացել է երկու դատական նիստ, սակայն նա այդպես էլ չի հասկացել իր դատավարական կարգավիճակը, չգիտի, թե ինչու են իրեն ծանուցագրեր ուղարկում և ինչ կապ ունի հարուցված քրեական գործի հետ: Դատելով նրա պատմածից՝ չի գիտակցել նաև, թե ինչ ցուցմունքներ, բացատրություններ է տվել նախաքննության ընթացքում, գուցե հենց իր ցուցմունքով էլ իրեն մեղավոր են ճանաչել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Անդրանիկ Նիկողոսյանը 2014թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Ս. Գրիգորյանի և Հայթաղ գյուղի բնակիչ Մ. Միքայելյանի հետ, ապօրինի մուտք է գործել Մ. Մուրադյանին պատկանող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի տան բակում գտնվող ավտոտնակ և այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափի` 11.000 դրամ ընդհանուր արժողության կորտոֆիլ` Մ. Մուրադյանին պատճառելով գույքային վնաս:

Անդրանիկ Նիկողոսյանը մեղադրվում է ՀՀ Քր.օրի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (գողություն,  որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հանցավոր արարք կատարելու մեջ:

Անդրանիկն ասում է, որ տեղյակ չի եղել, թե այդ օրն ինչ ապրանք է տեղափոխել, քանի որ տաքսու վարորդ է և գործի բերումով բազմաթիվ մարդկանց հետ է առնչվում, բեռներ է տեղափոխում: Նա փաստաբան չունի և չգիտի իր տարրական իրավունքները: Ասում է, որ մուտք չի գործել ուրիշի տուն, կարտոֆիլ չի գողացել և ընդհանրապես չգիտի էլ, թե ինչու է հայտնվել դատարանում:

Այս գործով դատաքննությունը շարունակվում է, և Անդրանիկը ամբաստանյալի աթոռին նստած պետք է պաշտպանի իր իրավունքները, մի բան, որից անտեղյակ է:

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեղատնից «գողացել» են արյան ճնշում չափող սարք

Նույն դատարանում քննվում է մեկ այլ քրեական գործ: Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մարտի 19-ին ժամը 14:30-ի սահմաններում, գտնվելով Էջմիածին քաղաքի «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատանը, որոշել է հափշտակել դեղատան տաղավարին դրված արյան ճնշման չափման սարքը: Իր հանցավոր դիտավորությունը իրականացնելու նպատակով վերցրել է սարքը և պահել բաճկոնի տակ: Նույն պահին դեղատան սրահում գտնվող, անձը չպարզված մի քաղաքացի դիտողություն է արել Արմենին, սակայն վերջինս բացահայտ հափշտակելով 25.800 դրամ արժողությամբ «Citizen» մոդելի արյան ճնշման չափման սարքը` դիմել է փախուստի:

Մեղադրանք է առաջադրվել նաև Արմենի ընկերոջը՝ Արամ Ասլանյանին այն բանի համար, որ նա, տեղեկանալով, որ Արմենը դեղատնից հափշտակել է արյան ճնշման չափման սարք, նախապես խոստացվծ չլինելով, Ա.Պողոսյանի կողմից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը 8000 դրամով վաճառել է անհայտ անձի:

Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով (կողոպուտ), իսկ Արամ Ասլանյանին՝ 216-րդ հոդվածի 1-ին մասով (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը):

Այս գործով ևս դատաքննությունը չի ավարտվել:

Իրացրել է իր ենթադրյալ իրավունքները և փորձել տանել 10 աղավնի

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Վահե Խալաթյանի հունիսի 12-ին Ջանիկ Հովհաննիսյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ջանիկ Հովհաննիսյանը այս տարվա հունվարի 20-ին ժամը 23:00-ի սահմաններում կոտրել է Կարեն Հովհաննիսյանին պատկանող Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում գտնվող աղավնաբնի դուռն ու դրա վրայի կախովի փականը` փորձելով պարտքի դիմաց տանել այնտեղ եղած թվով 10 աղավնիները` Կ. Հովհաննիսյանի իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս: Սակայն, հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Կարեն Հովհաննիսյանը դուրս է եկել իր տնակից և կանխել է Ջանիկ Հովհաննիսյանի գործողությունները:

Այսինքն՝ Ջանիկ Յուրիկի Հովհաննիսյանը կատարել է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 34-322-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնիրավչության փորձ): 

Մեկնաբանություններ (2)

Ջիվանի
Հանցավոր հարուստը ուրախ խնդալով, Մեղքից ազատվել է մեծ գումար տալով. Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք։ ------------------------------------------ Դարը լիրբ անամոթինն է, Խեղճ մարդը հող ու մոխիր է։
Արամայիս
Միլիոնավոր դոլարներ գողացողներին թողած՝ կարտոֆիլ գողացողին են դատում, և ովքեր են դատում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter