HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միակ թանկացումը աշխատավարձը կարող է լինել

Փառանձեմ Հովհաննիսյան

Այսօր էլ հոսանքը թանկացավ։ Որքան շաբլոն ու հարազատ դարձած է արդեն հնչում թանկանալ բայը։ Եկեք վերցնենք մեր պաշտոնյաների կողմից սիրված միջին վիճակագրական մարդ արտահայտությունն ու փորձենք մի հասարակ հաշվարկ անել։ Ես միջին վիճակագրական հայուհիս մեկն եմ այն գյուղացիներից, ում ասել են՝ հիմա ձեր գյուղի գետի կամ ձեր սիրելի Շաքիի ջրվեժի ջուրը փակում ենք, հէկ ենք կառուցում ու հոսանք ձեզ տալիս ենք շատ էժան։

Իհարկե, այդ ամենը անում են, էկոլոգիաս հարամում, ջրվեժը տուրիստների համար գումարով բացում, այդտեղից էլ փող քաղում, և արդյունքում՝ հոսանքը Հայաստանիս ողջ տարածքում նույն գինն է մնում, ջուրս էլ փչանում ու պակասում, ես էլ մայրաքաղաքում եմ փորձում հաստատվել, գոնե աշխատանք ունենալու հավանականությունը ավելի բարձր է։ Ես տնտեսագետ չեմ, մաթեմատիկայից բազմապատկման աղուսյակի կեսից ավելին անգիր չեմ հիշում, բայց այս փոքրիկ հաշվարկն անում եմ ամեն ամիս, և շատերս ենք անում, իսկ պատասխանատու և թանկացումամոլները թերևս չեն անում ո՛չ մեր, ո՛չ իրենց փոխարեն։

Այսպես, միջին վիճակագրական հայուհիս 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում, հանդիպեց իր միջին վիճակագրական կես հային, ում աշխատավարձը 150 հազար դրամ է, նրանք երիտասարդ են, եռանդով լի նորաստեղծ ընտանիք, 250 հազար դրամ աշխատավարձով ապրում են 30 օր։ Ահա պարզագույն մի հաշվարկ ըստ օրերի (250×30= 250 գին, 30քանակ), ամեն ամսվա 31-րդ օրն էլ փեշքեշ: 

80.000×1 բնակարանի վարձ

5000 × 2 տրանսպորտ (Աստված չանի ծանոթ մարդ լինի երթուղայինում)

250×30 հաց

250×20 կարտոֆիլ

250×15 սոխ

250×10 բազուկ

150×25 խառը կանաչի

100×15 նանա

150×10 բողկ

250×20 պոմիդոր

200×15 վարունգ

250×10 կեռաս

300×10 խնձոր

500×10 տանձ

250×10 ծաղկակաղամբ

100×10 կաղամբ

500×5 բրինձ

500×5 հնդկաձավար

500×3 ոսպ

1500×5 պանիր

250×10 կաթ

100×20 ձու

300×10 մածուն

2000×1 քունջութ

1000×4 ձեթ

3000×1 մեղր

1500×1 գինի

150×5 զուգարանի թուղթ

1000×1 աման լվանալու հեղուկ

1000×1 լվացքի փոշի

1500×1 միջադիր

2000×1 ատամի մածուկ

2000×1 օճառ

3000×1 շամպուն

100×10 անձեռոցիկ

5000×1 ջուր

2000×1 վերելակ

20.000×1 հոսանք

20.000×1 գազ

5000×1 հեռախոս բջջային

10.000 երկուստեք ծնողների հանդեպ պարտքի և պարտավորության զգացում, ամոթով ընդամենը այս չնչին գումարով տարեց ծնողների համար որևէ գնում։

Այսպես, նորաստեղծ ընտանիքի ամենահամեստ հաշվարկը կազմում է 243.750 դրամ, սա այն դեպքում, երբ զույգը չի օգտագործում միս, թեյ, շաքարավազ, սուրճ, խմորեղեն, շոկոլադ, հյուր չի գնում, հյուրեր չի ընդունում, վարսավիրանոց՝ ոչ, կոսմետիկա՝ ոչ, հազար ու մի այլ բաներ՝ ևս ոչ։ Սա 250.000 եկամուտով ընտանիքում, իսկ քանի հարյուրավոր ընտանիքներ կան 50.000-ից էլ քիչ եկամուտով, որտեղ երեխաներ են մեծանում։

Պատասխանատունե՛ր, եթե կարծում եք, թե հայ ընտանիքներում սովաբուժության հիմքն է դրվում, բարի եղեք դուք էլ լինել հիմադիրներից, իսկ եթե այս հաշվարկը կարդալուց հետո ապօրինի ու անօրինական կուտակած ձեր լումաները կոկորդներով անցնելիս չի վառում ձեզ ու ոչինչ չի ասում, եթե այս հաշվարկը կարդալուց հետո միակ լուծումը էժանացման մեջ չեք տեսնում,  և միակ թանկացումը՝ աշխատավարձի՝ ոչ ձեր, այլ մեր, եթե այսքանից հետո միաձայն որոշումներ եք կայացնում, ձեզ միայն մեկ մաղթանք ունենք, չէ է, ոչ մի մաղթանք էլ չունենք։

Միայն ամենքդ հինգ րոպեով ձեզ մեր տեղը դրեք, վախվորած երթուղային մտեք՝ մտածմունքով, եթե երկու ծանոթ մեկ օրում հանդիպենք,այսօր առանց հաց կմնանք, ծնողների աչքերին նայելը խղճին դեմ գնալուց էլ ծանր լինի՝ այն տարիքում են, որ մենք պիտի իրենց պահենք, բայց դեռ իրենց ձեռքին ենք նայում, ծնունդ, հարսանիք, թե թաղում նույն թանկ գինն ունենան, և աղոթեք ստաբիլի մասին՝ թող ոչ ոք չմեռնի, հիվանդանոցի, հիվանդատեսի կարիք չլինի, ահա, զգում եմ ոմանք արդեն էլ ի վիճակի չեն պատկերացնել, իսկ եթե մեկ օր ապրե՞նք միասին։ Հրավիրում եմ բոլոր պատասխանատուներից ամենադուխովներին մեկ օր ապրել մեզ հետ, մեզ պես։ Ամենայն լրջությամբ եմ հրավիրում, հրավերս գործում է անժամկետ։ 

Լուսանկարը` Փառանձեմ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter