HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շանթ Հարությունյանը 10 օր է՝ հացադուլի մեջ է. պահանջում է հանդիպում Սեյրան Օհանյանի և Վլադիմիր Գասպարյանի հետ

Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել հունիսի 8-ից (նրան սատարելու համար հացադուլ է հայտարարել նաև ընկերը՝ Վարդան Վարդանյանը): Շանթ Հարությունյանը պահանջել է կիսաբաց ռեժիմը փոխել կիսափակի, այդպիսով՝ պատիժը կրել խցային պայմաններում: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անցյալ շաբաթվա վերջին փոխանցած նամակով Շանթը հայտնել էր, որ իր անվտանգության ապահովման հարց է առաջացել՝ նշելով, որ ռուսական ԿԳԲ-ի գործակալների միջոցով ցանկանում են իրեն վնասել «Վարդաշեն» ՔԿՀ-ում:  

Մեզ հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը փոխանցեց, որ Շանթ Հարությունյանի դիմումը բավարարվել է, նա պատիժը կկրի կիսափակ ռեժիմում՝ խցային պայմաններում:

Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադայանը մեզ  փոխանցեց, որ Շանթը չի դադարեցնում հացադուլը, քանի որ չի բավարարվել նրա պահանջներից երկրորդը. «Երկու օր առաջ մեր տղան՝ Շահենը տեսակցել էր հոր հետ: Նա Շահենին էր փոխանցել նամակ՝ ուղղված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Որքանով տեղյակ եմ, դեռ չեն այցելել Շանթին»,- ասաց Ռուզաննա Բադալյանը:

«Պարոնայք Վլադիմիր Գասպարյան և Սերյան Օհանյան, ցանկություն եմ հայտնել հանդիպել Ձեզ երկուսիդ, ինչը անձնական հարց չէ:

Ձեզ հանդիպելու առաջարկը կամ խնդրանքը ( ոնց կուզեք հասկացեք) զուտ ազգային անվտանգության հետ է կապված… Ես հացադուլի մեջ չեմ մնա, մինչև մեռնեմ կամ Ձեզ հանդիպեմ, քանի որ Ձեզ հանդիպելը արժեք չի իմ համար, բայց հացադուլ կանեմ մինչև բավարար հյուծվեմ՝ հանրությանը ցույց տալով Ձեր բարոյական և հումանիստական նկարագիրը»,- գրել է Շանթ Հարությունյանը որդու հետ փոխանցած նամակում:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին օրինական ուժի մեջ է մտել Շանթ Հարությունյան և մյուսներ գործով դատավճիռը, երբ Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր նրանց ու նրանց պաշտպանների բողոքները: Այդպիսով՝ Շանթ Հարությունյանը, Վարդան Վարդանյանն ու Արմեն Հարությունյանը տեղափոխվել են «Վարդաշեն» ՔԿՀ: Հայկ Հարությունյանը, Ավետիս Ավետիսյանն ու Ալբերտ Մարգարյանը՝ «Սևան» ՔԿՀ: Իսկ Վահե Մկրտչյանը, Լիպարիտ պետրոսյանն ու Ալեք Պողոսյանը՝ «Կոշ» ՔԿՀ:

Դատապարտյալների հարազատներն արդեն կարողանում են նաև երկարատև տեսակցություններ ունենալ իրենց հարազատների հետ: Հայկ Հարությունյանի մայրը՝ տիկին Լաուրան մեզ հետ զրույցում հայտնեց, որ հաջորդ շաբաթ են այցելելու որդուն «Սևան» ՔԿՀ-ում: Նա նշեց, որ Ավետիս Ավետիսյանի մայրը, կինն ու փոքրիկը, ում Ավետիսը 4 օր էր ընդամենը տեսել, արդեն գնացել են նրան տեսակցելու:

5 երեխաների մայր Մանեն՝ 4 տարվա ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանի կինը, ասաց, որ երեխաների հետ արդեն գնացել է «Կոշ» ՔԿՀ, որտեղ հանդիպել է ամուսնուն: Մանեն արդեն 1 տարի 7 ամիս 5 անչափահաս երեխաներին միայնակ է խնամում ու կերակրում՝ նպաստով կամ, ինչպես ինքն է ասում, գյուղից ստացվող օգնությամբ:

2013 թ-ի նոյեմբերի 5-ի գործով, որն առավել հայտնի է «Արժեքների հեղափոխություն» կամ «Շանթ Հարությունյան և մյուսներ» անուններով, պաշտպանական կողմը պատրաստվում է ՄԻԵԴ բողոք տանել: Դատապարտյալների հարազատները վստահ են, որ եվրոպական դատարանում այս գործով մեր պետությունը կպարտվի, քանի որ խախտվել են Կոնվենցիայի մի շարք հոդվածներ. «Միանշանակ է, որ այս գործով դատապարտված մարդիկ քրեական հանցագործներ չեն, խուլիգաններ չեն, այլ՝ քաղբանտարկյալներ: Նրանք դատապարտվել են իրենց քաղաքական հայացքների համար»,- ասաց Ռուզաննա Բադալյանը:  

Հիշեցնենք, որ 2013 թ-ի նոյեմբերի 5-ին Երևանում բողոքի ցույցի մասնակից 14 քաղաքացիներից 12-ը դատապարտել էին 1,6 -7 տարվա (նրանցից 2-ն արդեն վերադարձել են ազատություն), իսկ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Ինքը՝ Շանթ Հարությունյանը, մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) և դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Այս գործով տուժողներ ճանաչված ոստիկանները հիմնականում տուժել էին այնքանով, որ նրանց աչքերն էին մրմռացել: Այդպիսի ցուցմունք էին նրանք տալիս առաջին ատյանի դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter