HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

7 կրակոց եւ ոչ մի դիտավորություն. նախաքննական մարմինը սրբագրում է իր նախորդ որոշումները

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող 37-ամյա Արման Կատունյանի քրեական գործի դատաքննությունը: Հարություն Գրիգորյանը ատրճանակից արձակված 7 կրակոցով սպանվել էր 2014 թ-ի հուլիսի 24-ին, ժամը 11-ի սահմաններում, Արթիկի տարածաշրջանի Գետք գյուղի վերջնամասում գտնվող կիսաքանդ մի շինության տարածքում:

 Ըստ մեղադրական եզրակացության, սպանության դրդապատճառն եղել է խանդը: Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի արդեն նախկին պետ Արման Կատունյանի կնոջ՝ Ջեմմա Խաչատրյանի եւ Հարություն Գրիգորյանի միջեւ եղել է արտամուսնական կապ, որ ձգվել է մի քանի տարի: Տուժողի եւ ամբաստանյալի հանդիպումը՝ հարցի պարզաբանման նպատակով, ըստ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքի, տեղի է ունեցել  Հարություն Գրիգորյանի պահանջով:

Սպանվածի հարազատները պնդում են հակառակը: Ըստ Հարություն Գրիգորյանի կնոջ, ամբաստանյալն ինքն է սեփական նախաձեռնությամբ հետապնդել Արմավիր՝ բախտագուշակի տուն ուղեւրովող իր ամուսնուն: Արման Կատունյանի կինը՝ Ջեմմա Խաչատրյանն ուղեկցել է նրան եւ սպանության պահին գտնվել է մեքենայում:

Արման Կատունյանին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանություն եւ 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք զինամթերք պահելը, փոխադրելը կամ կրելը: Սակայն հետագայում առաջադրված մեղադրանքը փոխվել է: Արման Կատունյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ 4 տարի ժամանակով: Խափանման միջոց կալանավորումն եւս փոխվել է եւ ամբաստանյալը ստորագրությամբ բաց է թողնվել:

Տուժողի հարազատները համաձան չեն այս որոշման հետ եւ համարում են, որ նախաքննական մարմինը առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորել ամբաստանյալի նկատմամբ: Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Թամարա Յայլոյանն եւս համոզված են, որ կատարվել է դիտավորյալ սպանություն:

Գործի տվյալներով հնչել է 7 կրակոց, գնդակներից մեկը դիպել է տուժողի ձեռքին, իսկ վեցը՝ թիկունքին: Հարություն Գրիգորյանը հավանաբար փորձել է պաշտպանվել փախչելով, սակայն սպանվել է թիկունքին արձակված կրակոցներից: Սա խոսում է դիտավորության՝ ոչ թե աֆեկտի մասին, մինչեւ դատավարությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները: Դիտավորություն է նաեւ ամբաստանյալի հանդիպման վայր զենքով գնալը:

Տուժող կողմը բողոքարկել էր մեղադրանքի վերաորակավորումն ու խափանման միջոցը փոխելու՝ նախաքննական մարմնի որոշումները, այն մերժվել էր եւ ներկայումս դատարանը քննում է ոչ թե դիտավորյալ սպանության, այլ խիստ հուզական վիճակում կատարած սպանության գործ:

Բավական աղմկահարույց դատական գործի դատաքննությունը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, արդեն երկրորդ անգամ է հետաձգվում է: Մայիսի 18-ի նիստը հետաձգվել էր տուժողի իրավահաջորդ Նելլի Օհանյանի չներկայանալու պատճառով: Այսօրվա նիստին ներկա չէին ամբաստանյալ Արման Կատունյանը, ամբաստանյալի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, ինչպես նաեւ մեղադրող դատախազը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 3-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter