Կիրակի, 23 սեպտեմբերի

Կյանքը պատերազմի տարիներին. Ղարաբաղի նկուղներից ու առաջնագծից՝ Բյուրական



Ղարաբաղ գնալու ճանապարհին լուսանկարիչ Հակոբը պարբերաբար խոսք է բացում Իրինա Գրիգորյանի մասին: Ասում է՝ պատերազմի տարիներին Իրան Արցախից մեծ թվով երեխաներ էր բերել Ամբերդի ու Բյուրականի հանգստյան տներ՝ հեռու առաջնագծից, կրակոցներից ու մարդկային աղետից: Միայն հետո եմ իմանում, որ Հակոբը եղել է Իրայի «զինակիցներից»:

Իրինա Գրիգորյանին հանդիպում ենք Ստեփանակերտի թիվ 3 մանկապարտեզում, որի տնօրենն է արդեն 5 տարի: Միջին տարիքի, գործնական արտաքինով կին է, առաջին հայացքից «ձիգ» ղեկավարի տպավորություն է թողնում, բայց երբ զրույց ենք սկսում 1980-90-ականներից, Իրայի տեսքն անմիջապես փոխվում է:

Ծիծաղ, երգ ու պար՝ հրետակոծվող քաղաքի նկուղներում

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Իրինա Գրիգորյանը Ստեփանակերտի թիվ 10 դպրոցի ուսմասվարն էր: Ասում է, որ աշակերտները միտինգների ալիքի ֆոնին իրենց ներդրումը տեսնում էին դպրոցին հարակից Ստեփանակերտ-Շուշի ճանապարհով անցնող ադրբեջանցիների մեքենաները քարկոծելու մեջ: Եվ քանի որ երեխաներին պարբերաբար տանում էին պարետատուն, իսկ նրանց հետ անպայման պիտի մանկավարժ լիներ, ուսմասվարը ստիպված երկար ժամանակ էր անցկացնում պարետատանը՝ բանակցելով ռուս սպաների հետ: Հիշում է նաեւ, որ ադրբեջանցիների մի մասը դեմ չէր ԼՂ-ի ինքնորոշմանը. «Որոշ ադրբեջանցիներ հարմարվում էին դրության հետ, ասում էին՝ դե, ոչինչ, մեր մայրաքաղաքը չի լինի Բաքուն, կլինի Երեւանը, էնտեղից կալբաս կառնենք»:     

«Ստորագրահավաքներ էին, միտինգներ, իսկ երբ Սումգայիթի լուրն եկավ, ժողովուրդն ավելի վրդովվեց: Ալիքը որ սկսվեց, Ադրբեջանից բարձրաստիճան պաշտոնյաներ էին եկել, փորձում էին համոզել: Եկել էին նաեւ մեր դպրոց, ասում էին լաբորատորիա կստեղծենք եւ այլն: Բայց մենք արդեն որոշակի էինք տրամադրված ու իրենցից ոչինչ չէինք ընդունում»,- պատմում է ստեփանակերտցի մանկավարժը:

Պատերազմի տարիներին տիկին Իրայի ընտանիքն ապրում էր մարզկենտրոնի դրամատիկական թատրոնի հարեւանությամբ: «Առաջին «ալազանը» կպել է մեր շենքին: Ինչքան հիշում եմ, զոհ չի եղել, բայց մեր հարեւանի չորսսենյականոց բնակարանը լրիվ քանդվել էր: Հիշում եմ, թե ինչքան դժվարությամբ ինձ ստիպեցի իջնել նկուղ ու չէի ուզում մեր չորրորդ հարկից գոնե մի իր իջեցնել այնտեղ, որովհետեւ պատկերացնում էի, որ եթե մի բան տանեմ, ուշ կբարձրանամ»,- պատմում է նա:

Նկուղ-ապաստարաններում անցկացրած օրերը մի տեսակ կարոտով է հիշում. «Էնքան մեծ համերաշխություն կար նկուղներում, ինչքան էինք իրար օգնում: Վերջին պահածոները, վերջին կտոր հացը, ամեն ինչ իրար հետ էինք ուտում: Մեր երեխաները հասկանում էին, որ պիտի նկուղներում ապրեն, բարձրանալ պետք չի, ինչ-որ մի բան իրենց միացրել էր, ու իրենք համերգ էին կազմակերպում մեզ համար: Օջախ էինք վառում լույս տալու համար, ու դրա տակ երգում, պարում, արտասանում էին»: Ասում է՝ երբ ադրբեջանցիները Շուշիից «Գրադ» կայանքով հրետակոծում էին Ստեփանակերտը, մարդիկ արդեն գիտեին, թե որքան ժամանակում պիտի այն վերալիցքավորվի, ու այդ հատվածում տղաները դուրս էին գալիս բակ՝ ֆուտբոլ խաղալու, իսկ եթե նկուղում վառելափայտի խնդիր էր լինում, գնում էին ցախ հավաքելու: «Մեկ-մեկ բարձրանում մոմ էինք վառում ու փոշին էինք սրբում,- ի զարմանս մեզ՝ պատմում է տիկին Իրան,- երբ հանգիստ էր լինում, մեր տանը հարսանիք էր լինում: Կանաչ կոնյակը խմում էինք ու նվագում, երգում էինք: Պարետայինի ռուս տղաներին սնունդ էինք իջեցնում, որովհետեւ իրիկունը դուրս գալ չէինք կարող, իրենք զարմանում էին, թե ոնց ենք ցերեկները դիակներ ուղեկցում, իսկ իրիկունները երգում: Շատ շուխուռով հավաքույթներ էինք անում: Ուրախանալով ոնց որ մեր սթրեսը միջից հանում էինք: Էդ նույն հոգեբանությունն է, ոնց որ երեխաները խաղում էին»:

Իրինա Գրիգորյանի ձայնն աստիճանաբար խզվում է, աչքերը լցվում են, ժամանակ առ ժամանակ դադար է վերցնում. «Երկու եղբայրս էլ մասնակցել են պատերազմին, երկվորյակներ են: Ամեն առավոտ պատերի տակով գնում էի հոսպիտալ, որ ցուցակները նայեմ՝ տեսնեմ վիրավորների կամ զոհվածների մեջ կան, թե չէ, հետո գնում էի մեր տուն՝ ավտովակզալի մոտ՝ տեսնելու, թե մամաս ու պապաս ոնց են»:

Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ աղջիկը 12 տարեկան էր, տղան՝ 9: «Աղջիկս մի անգամ ասեց՝ մամ, թող բարձրանամ տուն, մարդավարի զուգարան գնամ: Ես էլ վախենում էի: Ի վերջո, երեք ընկերուհիներով որոշեցինք երեխեքին վերցնենք, բարձրանանք վերեւ: Երեխեն լվացվեց-բան, իրեն լավ զգաց, ասաց՝ մամ, արի էստեղ նախաճաշենք մարդավարի: Էսկողմ-էնկողմ նայեցի, էնքան հանգիստ էր, որ չես պատկերացնում, թե մի բան կարող է լինի: Ձվածեղ սարքեցի, հենց սկսեց ուտել, «գրադը» սկսեց խփել: Տղաս փախավ: Աղջկաս ուզում էի գրկել, որ փակեի ինձնով, ինձ հրեց մի կողմ ու կյանքում առաջին անգամ սկսեց աղոթել: Դե, մենք մի քիչ ուրիշ ձեւով էինք դաստիարակված, աղոթքը-բանը մեզ մոտ չկար, սովետական ժամանակներ էին: Չգիտեմ, որտեղից իր մոտ եկավ էս համոզմունքը, որ աղոթքն իրեն կփրկի: Երբ ռմբակոծությունն ավարտվեց, իջա ներքեւ, որ տղայիս գտնեմ: Մի հղի աղջիկ ուշագնաց եղավ: Իմ երեխեքին արդեն մոռացա: Հետո մի ուրիշը ուշագնաց եղավ: Երեւի մի ժամ հետո հիշեցի, որ երեխաներ ունեմ»,- սա ասելուն պես տիկին Իրան սրբում է աչքերը:

Հարցին, թե ինչ է զգում այս ամենը պատմելիս, ասում է. «Դժվար է նկարագրել, թե ինչ եմ զգում: Հիմա որ հիշում եմ, ինչ-որ զգացմունքներ ունեմ, բայց երբ չեմ պատմում, չեմ հիշում, ոչ մի բան էլ չեմ զգում, որովհետեւ էդ ամենն արդեն անցել է»:

Առաջին հանդիպումը բժշկի հետ

1990-ին Իրինա Գրիգորյանը ղարաբաղցի երեխաներ էր տարել Ամբերդ: Պատմում է, որ դա կազմակերպել էր Սլավիկ անունով մի երիտասարդի միջոցով, ով իրենց նախ Սեւան էր տարել, ապա՝ Ամբերդ: «Մեր՝ Ամբերդ ճանապարհվելու օրը Սլավիկին Եղեգնաձորում խփեցին: Մենք միայն թաղմանը հասանք: Գնացինք էդ առողջարանը, մնացել էինք որբ, 10 օր պահեցին, հետո ասեցին՝ տեր-տիրական չունեք, պիտի գնաք տուն: Ոչ փող կար, ոչ բան, ասի՝ ու՞ր գնամ: Մեր երեխեքից մեկը իջավ ներքեւ՝ «Արագած» մանկական առողջարան, գնաց-եկավ, ասում ա՝ էնտեղ մի մարդ կա, բժիշկ են ասում, ասեց՝ ձեր ղեկավարին ասա՝ թող գա մոտս: Ես էլ փոքր-մոքր աղջիկ էի, ասում ա՝ էս ա՞ ձեր ղեկավարը: Իր կինը դուրս եկավ, շատ գեղեցիկ կին էր՝ Ռոզա Պետրովնան: Ինչ երկարացնեմ, ասեց՝ երեխեքին հավաքի, արի էստեղ: Երեխեքին բերեցի էդտեղ, ո՜նց էին նայում մեզ: Էդ տարի առողջարանում միայն լենինականցի որբ երեխաներն էին ու մենք՝ 12 երեխա, ես ու ամուսինս: Մոտ մի ամիս մնացինք, հետո բժիշկը ուղղաթիռով ճանապարհեց տուն՝ նվերներով, ամեն ինչով: Ասում էի՝ բժիշկ, խի՞ եք էդպես բան անում, ասում էր՝ Իրա ջան, դու դեռ չգիտես, Ղարաբաղում պատերազմ է լինելու»:

Բժիշկը ուջանցի Հարություն Հարությունյանն էր, ում մասին պատմելիս Իրան ու Հակոբը եւ հուզվում են, եւ ժպտում: 1992-ին, երբ պատերազմն արդեն թեւակոխել էր թեժ փուլ, Ստեփանակերտի նկուղներից շատերը դուրս եկան, ոմանք գյուղեր էին գնում՝ բարեկամների մոտ, ոմանք՝ Հայաստան, մասնավորապես՝ Երեւան: «Լաչինը դեռ փակ էր,- վերհիշում է Իրինա Գրիգորյանը,- Ռոզա Պետրովնան զանգեց, ասեց՝ բժիշկն ասել ա, որ եթե Ղարաբաղից երեխա բերեմ, առողջարանը բացելու է»:

Արկածներ՝ Խոջալուի օդանավակայանում

1990-ի հոկտեմբերից Խոջալուի օդանավակայանը ադրբեջանցի ՕՄՕՆ-ականների հսկողության տակ էր: Չնայած Հայաստանի հետ օդային կապ դեռ կար, ադրբեջանցիները շարունակաբար բարդություններ էին ստեղծում, հարձակվում հայ ուղեւորների վրա, ծեծում ու ծաղրում: Այդուհանդերձ, երեխաներին Հայաստան տանելու միակ դարպասը հենց Խոջալուն էր.

«Գնում եմ վերեւի խավերի մոտ, ասում եմ՝ հնարավո՞ր է ինքնաթիռ պատվիրենք, որ մեզ համար գան Երեւանից: Բաբուրյան Կարենը (1993-1996 թթ. ԼՂՀ խորհրդարանի նախագահ- հեղ.) կապվում է «Ղարաբաղ» կոմիտեի հետ, պայմանավորվում են 3 հատ ինքնաթիռ ուղարկել: 72 երեխա հավաքեցի, մի 5-6 հոգի էլ մեծ: Գնացել եմ պարետատուն, որ ինձ ուղեկցեն: Մի ռուս սպա են տալիս, մի «Իկարուս» ավտոբուս էլ մեր ժողովուրդն է տալիս: Առավոտվա ժամը 11-ից մինչեւ ցերեկվա 2-ը սպասում ենք օդանավակայանում: Թուրքն ինձ ասում է՝ կապ չկա, ինքնաթիռ չի լինելու: Բայց ես զգում եմ, որ խաբում են: Խնդրում եմ, ասում եմ՝ մի տեղ զանգեմ: Ու ինձ ասում են տեղիցդ չշարժվես, հեսա գալիս են ինքնաթիռները: Մի Հաջիեւ կար (Ալիֆ Հաջիեւը Խոջալուի օդանավակայանի միլիցիայի պետն էր, օդանավակայանի ռազմական պարետը: Սպանվել է 1992-ի փետրվարի 26-ին՝ հայկական ուժերի կողմից Խոջալուն ազատագրելիս, հետմահու պարգեւատրվել է Ադրբեջանի հերոսի կոչմամբ- հեղ.): Մեզ հետ ուրիշ ձեւ էր խոսում: Ասի՝ ամոթ է, էսքան ժամանակ հարեւանություն ենք արել, փոխանակ մի ջուր կամ թեյ առաջարկես… ամոթից ինքնաեռը միացրեց: Բայց մեր երեխեքն էլ էնտեղ չէին կարողանում ջուր խմել, առավոտից արեւի տակ էին, ավտոբուսի մեջ:

Վերջապես մի ինքնաթիռ իջնում է, շուտ ուղարկում եմ փարթամ աղջիկներին ու ջահել տղաներին, որովհետեւ իրենց բռնում էին: Երեւի մի 47 կամ ավել երեխա է մնում հետս, ես ու մի կին: Մտածեցի որ բոլորին նստեցնեմ, թեկուզ մի քանիսը կանգնած: Հաջիեւին ասում եմ՝ քեզ մի ինքնաթիռը նվեր եմ տալիս, դու տոմսերը ծախի: Իրենք էն ժամանակ 300 ռուբլով տոմս էին ծախում: Ասեցի՝ երեխեքին թող երկրորդ ռեյսով տանեմ, ասեց՝ դե, դու օդաչուի հետ պիտի պայմանավորվես: Ինքնաթիռը որ իջավ, մարդիկ դուրս եկան, ես օդանավակայանի մեջտեղում կանգնած էի, գույն չունեի, Հաջիեւն էլ կողքս էր, օդաչուն եկավ, տեսավ, ասեց՝ ի՞նչ է եղել, ասի մի 47 երեխա ունեմ, կտանե՞ս, ասեց՝ շուտ բեր նստացրու»…

Բյուրական. հացի խնդիր

Տիկին Իրան հիշում է, որ շուրջ մի տարի իրենք մնացին Բյուրականի «Արագած» մանկական առողջարանում, որը 150 հոգու համար էր նախատեսված: Ասում է՝ բժիշկը պարբերաբար իր խմբով գալիս էր Ղարաբաղ, կռվում, հետո ինչ-որ ժամանակով վերադառնում: «Մի գիշեր դարպասի մոտ սիգնալ տվեցին: Բացեցինք, 2 «Իկարուս» էր՝ երեխաներով լիքը: Գազետի վրա գրած էր՝ «Իրա, Սլավիկ (ամուսինն է- հեղ.), երեխաներին տեղավորեք, եթե մեր առողջարանում տեղ չլինի, հարեւան առողջարանը գրավեք. բժիշկ»: Սա պատմելուն պես բոլորս փռթկում ենք: Իրինա Գրիգորյանը հիշում է, որ նոր եկած երեխաների մեծ մասը Մարտակերտի շրջանից էին, որի մեծ մասը ադրբեջանցիները գրավել էին 1992-ի ամռանը: «Շոր չկար հագները, կեղտոտ, ոջլոտ, պադվալներից հավաքել ուղարկել էր,- շարունակում է տիկին Իրան,- տեղավորում եմ ճաշարանում: Լույս գիշերվա 4-5-ն էր: Հացն ու կարագը որ բերեցինք թեյ տանք երեխաներին, մի քանիսի ուշքը գնաց, որ տեսան: Հետո շատ ժամանակ բարձերի տակից հալած շոկոլադ էի հանում, հացի կտորներ: Ասում էի՝ մի պահեք, երեխեք, մենք ձեզ էլի տալու ենք, ասում էին՝ բա ընկեր, մեր եղբայրն էնտեղ սոված է, պահում ենք, որ տանենք իրեն»:

Մի պահ հայացքս ընկնում է Հակոբին, նա աչքերն է սրբում: Տիկին Իրան հուզմունքից նորից դադար է վերցնում ու նայում պատին: Քիչ անց շարունակում է. «Հետո մի պահ եկավ, որ բան չկար ուտելու, բժիշկն էստեղ չէր, պահեստը դատարկվեց: Տղաները ավտոմատով գնում էին Աշտարակի հացի փռից հաց էին վերցնում: Չդիմացա, ասի՝ չէ, ժողովուրդ ջան, եկեք մենք աշտարակցիների հացը չուտենք: Թող ալյուր բերեն, մենք կթխենք: Վաննա գտանք, մեջը հաց էինք հունցում: Հետո ալյուրն էլ վերջացավ, մի օր անգլիացիներ եկան, ասին՝ ուզում ենք ձեր պահեստը տեսնենք: Մեզ որպես օգնություն փոշիներ էին բերել, որ ջրի հետ բացում ուտում էինք: Տղերքից Ավագն ասում էր՝ դառել ենք պիլասոս, էսքան փոշի ուտե՞լ կլինի: Անգլիացիները որ տեսան պահեստը, հուզվեցին, ասին՝ դուք բան չունեք ուտելու, ի՞նչ է ձեզ պետք: Ասի՝ ալյուր: Տղաները գնացին Աշտարակ, դռները ծեծում էին, եռակի գնով ալյուրն առնում բերում էին: 6 մեշոկ ալյուր բերեցին անգլիացիները: Պրազդնիկ էր: Դժվար էր, բայց ես միշտ ինքս ինձ ասում եմ՝ էդ ո՞նց ես ռիսկ արել 600 երեխա պահես: Ու ոչ մի լուրջ բան չի կատարվել էդ երեխաների հետ: Մենակ մի անգամ լուծ են կպել, Աշտարակից դժվարությամբ դեղ եմ բերել, բայց նույն ժամանակ բժիշկը եկավ, տեսավ, ասեց՝ էդ թույնով երեխեքին չթունավորես, խոտերը քաղի, սարքի»: Հակոբն ավելացնում է, որ բժիշկ Հարութն իր հիվանդներին միշտ խոտաբույսերով էր բուժում:

1992-93-ի ձմռանը առողջարանում քիչ երեխաներ էին մնացել: Ամռանը հատկապես Մարտակերտի ճակատում նահանջից հետո հայկական ուժերն արդեն աշնանը հասցրել էին ուշքի գալ ու կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը: Տիկին Իրայի ասելով՝ ծնողներից շատերն իրենց երեխաներին տարան: Ձմռան շեմին մոտ 120-130 երեխա էր մնացել Բյուրականում: «Բժիշկն ասեց՝ ձեզ պիտի տեղափոեմ Ուջան. սովից կմեռնեք, մեքենաները չեն բարձրանա: Գնաց Ուջանի մանկապարտեզը տուն ուղարկեց, մեզ բերեց էդտեղ,- հիշում է Իրինա Գրիգորյանը, ապա հավելում,- ուջանցիները շատ լավ էին մեզ նայում: Էնքան լավ ժողովուրդ են: Նոր տարուն արկղերով բերում էին, ասում էին՝ Ղարաբաղի երեխեքին»:

Հետո պատմում է, որ մի ֆրանսիացի տղա էր եկել Ուջան՝ երեխաներին նկարելու համար: Իրենք վառարանի վրա «լեպյոշկա» էին թխում հերթով: Այդ օրվա հերթապահն էլ ինքն էր, ֆրանսիացին ամբողջ գիշեր նայել էր հաց թխելուն, ապա գրպանից 100 դոլար էր հանել, տվել իրեն, ասում է՝ չգիտեր, թե ինչ աներ դրանով, բայց հետո միտք է ծագել. «Պայմանավորվել էի Ուջանի դպրոցի հետ, որ գոնե երեխեքը գնան դասի նստեն: Բայց կոշիկ չունեին, որ դասի գնային: Այդ 100 դոլարով 40 զույգ կոշիկ էի առել»:

1993-ին տիկին Իրան երեխաների հետ վերադարձավ Արցախ: Հիշելով Ուջանում անցկացրած վերջին օրերը՝ ասում է. «Երեխաները որ կարոտում էին, ուզում էին տուն գնային, ասեցի բժշկին, ասեց՝ դու արա, ես չեմ կարա անեմ, եթե մի բան լինի երեխեքին: Մեքենա ճարեցի ու երբ բժշկին ասեցի, մի քիչ հուզվեց, ասեց՝ դե մի «ԿամԱԶ» էլ ես տամ ձեզ: Երեխեքի ցուցակը կազմեցի, ինչ մնացել էր պահեստում, բարձեց «ԿամԱԶ»-ը, ուղարկեց տուն»: Հակոբը հավելում է, որ հատկապես 12-14 տարեկան տղաների ձգտումը դեպի Արցախ մեծ էր, ու ինքն անձամբ դժվարությամբ էր հետ պահում պատանիներին: Ղարաբաղ վերադառնալուց հետո, ըստ տիկին Իրայի, շատերը մտան ծառայության. «Շատերը հենց դրա համար էին խնդրում, որ գային կռվեին, միանային ընկերներին»:          

«Իմ 9-10 դասարանների երեխաների 90 տոկոսը հողի տակ ենք դրել»

Հարցնում եմ՝ այսքան տարի անց պահպանու՞մ եք կապը երեխաների հետ: Ասում է՝ ստեփանակերտցիների հետ՝ այո, իսկ մարտակերտցիներից շատերն այստեղ չեն: «Ի՞նչ եք մտածում պատերազմի մասին»,- կրկին հարցնում եմ ես: Տիկին Իրան մի պահ դադար է վերցնում, կարծես ասելիքն է ժողովում. «Առաջին հերթին ես չեմ գտնում, որ մենք հաղթել ենք պատերազմը: Մենք աշխարհին ցույց ենք տվել, որ կարող ենք միաբանվել ու շատ ենք, հզոր ենք, ցույց ենք տվել, որ հայն իր նպատակին կարողանում է հասնել…»:

Հետո ձայնը սկսում է թրթռալ. «Իմ 9-10 դասարանների երեխաների 90 տոկոսը հողի տակ ենք դրել, ես որ Բյուրականից վերադարձել եմ, առաջին հերթին գնացել եմ գերեզմաններ: Էն ժամանակ արդեն որոշ գերեզմանների վրա հասցրել էին քար դնել… Ամեն քայլափոխի իմ աշակերտները նայում էին իմ աչքերին: Մի քանի հոգի եկել էին Բյուրական՝ ինձ տեսնելու: Նույնիսկ նրանք էին արդեն հողի տակ… Պատերազմը մեր տղաներին ստիպեց մեծանալ, գնահատել սեփական ուժերը, կարողությունները: Բայց արդյո՞ք կարողացանք մինչեւ վերջ տանել մեր նպատակներն ու իղձերը: Ինչ-որ տեղ մենք շեղվեցինք»: «Ո՞ր կետից սկսվեց շեղումը»,- հարցնում եմ: «Երբ սկսեցինք ղարաբաղցի-հայաստանցի խաղալ: Երբ սկսեցինք ձգտել ավելի շատ ունենալ, քան ունենք: Երբ սկսեցինք չգնահատել այն, ինչ ունենք պատերազմի շնորհիվ: Լիքը բաներ, չեմ ուզում շատ ասել…»:

«Տնտեսապես պիտի ուժեղանանք, ավելի վստահ կանգնենք այս հողի վրա»

Հարցնում եմ, թե հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից: Ասում է՝ եթե խուսափեինք, նորից կմնայինք Ադրբեջանի կազմում. «70 տարի Սովետի ու Ադրբեջանի լծակի տակ են ապրել ղարաբաղցիները: Հավատում էին ամեն ինչին, օրինապաշտ էին ու հանկարծ արթնացել էին, արդեն քնեցնել չէր լինի»: Իրինա Գրիգորյանը համոզված է, որ հակամարտությունը լուծում ունի. «Աշխարհը փոխվում է, եթե մենք կարողանանք ստատուս-քվոն պահպանել միառժամանակ, համոզված եմ, որ շատ փոփոխություններ են լինելու: Ինձ չի հուզում այն, որ չճանաչված ենք, որովհետեւ որոշ չճանաչվածներից ավելի լավ վիճակում ենք: Մենք գիտենք, որ մանիպուլյացիայի առարկա ենք գերտերությունների համար, բայց այն սիստեմը որ հիմա իշխում է աշխարհում, արդեն սպառվել է: Այն աչքի առաջ փոխվում է: Այդ փոփոխությունները կարող են թե օգնել, թե վնասել հակամարտության լուծմանը: Բայց այն ռազմական ճանապարհով չի լինի լուծել, բազմաթիվ զոհեր կլինեն բոլոր կողմերից էլ: Պետք է բանակցել, դա երկարացնում է պրոցեսը: Տնտեսապես պիտի ուժեղանանք, ավելի վստահ կանգնենք այս հողի վրա»:

Թիվ 10 դպրոցում աշխատելիս Իրինա Գրիգորյանը նաեւ ռուս գրականություն եւ ռուսաց լեզու է դասավանդել: Հարցնում եմ՝ պատկերացնու՞մ եք Ձեզ մանկավարժությունից դուրս: Ասում է՝ 1999-ին ռուսական մասնավոր դպրոց է ստեղծել, որը ֆինանսական խնդիրների պատճառով շուտով փակվել է, արդյունքում մեկուկես տարի մնացել է առանց աշխատանքի. «Ամեն առավոտ վեր էի կենում, ասում էի՝ բարեւ ձեզ, նստեք, ու լաց էի լինում»: Բոլորս նորից ծիծաղում ենք…   

Առաջին լուսանկարի կենտրոնում՝ բժիշկ Հարություն Հարությունյանը

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ