HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ծրագրավորողներն առաջարկում են օգտագործել համակարգչի մկնիկը՝ որպես սքաներ

«Եթե ինչ-որ գործարար անընդհատ ճանապարհորդում է, ու հնարավոր չէ սքաները տանել, սա ապահովում է սքաների որակի ֆոտո: Կամ էլ եթե օֆիսային տարածք է, բայց կարիք չկա անընդհատ մեծ սքաներ մոտը ունենալ, էս մկնիկի տարբերակն են օգտագործում»,- Instigate Mobile ընկերության ներկայացուցիչ Ասքանազ Թորոսյանը ներկայացնում է շվեյցարական Dacuda ընկերության սարքերը, որոնք հեշտացնում են փաստաթղթերը սքանավորելու գործը:  Ընկերությունն առաջարկում է համակարգչի մկնիկ կամ անլար գրպանի սքաներ:

Փաստաթղթի վրայով շարժելով փոքր սարքերը՝ սրանց միացած համակարգչի կամ շարժական սարքավորման էկրանին հայտնվում է անհրաժեշտ հատվածի թվայնացված տարբերակը: Այն կարելի է պահպանել ոչ միայն նկարի, այլև տեքստի ֆորմատով՝ այնուհետև այն խմբագրելու հնարավորությամբ:

Instigate Mobile-ը, որը հիմնվել է Հայաստանում 2012թ. և Instigate խմբի անդամ է, շվեյցարական ընկերության հետ համագործակցում է ծրագրային ապահովման առումով: Սարքերը պատրաստվում և վաճառվում են Շվեյցարիայում: Այսօր բացված «Դիջիթեք» բիզնես ֆորումում ծրագիրը ներկայացնող Ա. Թորոսյանի խոսքով՝ հայաստանյան ընկերության հետ Dacuda-ի համագործակցությունը կայացել է Գերմանիայում Instigate-ի ներկայացուցիչների միջոցով:

 «Մկնիկը մոտ 50-60 դոլար է: Ավելի էժան է, քան սքաները, բայց նաև մկնիկ է: Գրպանի սքաների այս տարբերակն էլ 100 դոլար արժի»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Ա. Թորոսյանը՝ հավելելով, որ իրենք վաճառք չեն իրականացնում, այլ միայն ներկայացնում են ծրագրային կողմը: Երրորդ տարբերակը հավելվածն է սմարթֆոնի համար, որը, սկանավորելով նույնականացման քարտի (ID) տվյալները, ստանում է տեղեկություններ քարտի տիրոջ մասին:

Ա. Թորոսյանի խոսքով՝ էլեկտրոնային փաստաթղթի վերածելիս սարքերը ճանաչում են ինչպես լատինատառ նիշերը, այնպես էլ աղյուսակներն ու պատկերները: «Հայերեն դեռ չի ճանաչում, ռուսերեն էլ դեռ չի ճանաչում: Էդ ուղղությամբ դեռ չենք աշխատում, որովհետև կրկին իրենց պահանջն է, իրենց շուկան»,- ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter