Շաբաթ, 24 հունիսի

Ծխախոտի մեծ բիզնեսը մեծ խնդիրների մեջ է ընկել



Պատմություններ կողոպտիչների, մաքսանենգների ու ցանցահենների մասին

Աշխարհով մեկ տարածվել են Japan Tobacco International-ում (JTI) հետաքննություն անցկացրած քննիչների զեկույցները: Կողոպտիչները բիզնես էին անում ֆիրմայի ռուսաստանյան դիստրիբյուտորական ցանցի հետ` Եվրոպա ուղարկելով ապօրինի տարանցվող ծխախոտի տոննաներ: Աշխատողներն իրենց անվտանգ չէին զգում: Մաքսանենգներն ու հանցագործները, որոնց մեղադրանք էր առաջադրվել, ղեկավարում էին Միջին Արեւելքում JTI-ի գործընկեր ֆիրմաներից որոշները:

Եվ երբ քննիչները տեղեկություններ ստացան, որ հնարավոր է` JTI-ի 13 աշխատակից կամ դիստրիբյուտոր ուղիղ աշխատում է մաքսանենգների հետ, JTI-ի գլխավոր տնօրեններից մեկն արգելափակեց հետաքննությունը` համաձայն ընկերության էլեկտրոնային նամակների եւ ներքին գրագրության:

JTI-ը որոշ խնդիրներ ուներ:

Ընկերությունը հետաքննող թիմը, որի մեջ կային ԿՀՎ-ից, բրիտանական ոստիկանությունից, ԱՄՆ հատուկ ծառայություններից եւ այլ տեղերից ընտրված փորձառու աշխատակիցներ, տարիներ շարունակ գրառել էր այս խնդիրներն ու պայքարել դրանց դեմ: Նրանք ծածուկ հետաքննություններ են արել, փակել ապրանքի մաքսանենգ տարանցման ճանապարհները եւ աշխատել Եվրոպայի ոստիկանության հետ` միլիոնավոր եվրոներ արժողությամբ խմբաքանակների ճանապարհը կտրելու համար: Նրանք ասում են, որ որքան խորն էին փորում, այնքան ավելի շատ ապացույցներ էին գտնում JTI-ի աշխատակիցների ու դիստրիբյուտորների դեմ:

Եվ դա, ըստ ընկերության գրագրության, էլեկտրոնային նամակների եւ գաղտնի տեղեկատվություն պարունակող ժապավենների հազարավոր էջերի, որոնք ձեռք է բերել Organized Crime and Corruption Reporting Project-ը (OCCRP), նախկին աշխատակիցներից վեցի հարցազրույցների հետ մեկտեղ, եւս մեկ խնդիր ստեղծեց աշխարհում ծխախոտ արտադրող երրորդ ամենամեծ ընկերության համար:

Ասում են, թե հետաքննիչները շատ մեծ հաջողությունների էին հասել:

JTI-ի սեփական հետաքննիչներն ասում են, որ JTI-ը եւ իր հիմնադիր ընկերությունը` Japan Tobacco-ն, գրեթե ոչինչ չարեցին, երբ զեկույցներ հայտնվեցին այն մասին, որ իրենց դիստրիբյուտորները մաքսանենգ ճանապարհով ծխախոտ են անցկացրել Ռուսաստանի, Մոլդովայի, Բալկանների, Աֆղանստանի եւ Միջին Արեւելքի երկրների միջով: Այս ակնհայտորեն մեծամասշտաբ մաքսանենգությունը տեղի ունեցավ` չնայած Եվրամիության հետ 2007 թ. կնքված համաձայնագրի, որը JTI-ին լիազորում էր գործուն կերպով հետաքննել մաքսանենգության վերաբերյալ բոլոր պնդումները: Համաձայնագիրն ընկերությանը դրդեց հանրությանը խոստանալ, որ ընկերությունը զրոյական հանդուրժողականության քաղաքականություն կորդեգրի ապօրինի տարանցումների նկատմամբ: Այդ հետաքննիչներն ասում են, որ իրենց հեռացրին աշխատանքից իրենց արտահայտած մտահոգությունների պատճառով:

Այս տարի, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը սպանեց իր սեփական ժողովրդին, եւ համաշխարհային հանրությունը նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց, JTI-ի Միջին Արեւելքի բիզնես-գործընկեր IBCS-ը ծխախոտով հեղեղեց «Դյութի ֆրի» խանութները` համաձայն OCCRP-ի ձեռք բերած հաշիվ ապրանքագրերի:

Շահույթը ստացավ մի ընկերություն, որի սեփականատերը` Ռամի Մախլուֆը, ըստ Եվրոպական միության պատժամիջոցների մայիսի 23-ի օրդերի, «ֆինանսավորում է այն ռեժիմին, որը թույլ է տալիս, որ բռնություն կիրառվի ցուցարարների նկատմամբ»: Պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց 4 օր անց JTI-ի գործընկերն ու Միջին Արեւելքում միակ դիստրիբյուտորը 9 հազար արկղ` 90 մլն հատիկ ծխախոտ ուղարկեց Սիրիայի «Դյութի ֆրի»:

Նույն ամսում Սիրիայի «Դյութի ֆրին» պնդեց, որ ինքն ընկերության սեփականությունը փոխանցել է Մախլուֆների ընտանիքից, թեեւ OCCRP-ին չհաջողվեց ճշտել այս տեղեկությունը: Այնուամենայնիվ, երկու ամիս անց ԱՄՆ գանձապետարանի գրության մեջ ասվում է. «ԱՄՆ կառավարությունը հիմքեր ունի հավատալու, որ Ռամի Մախլուֆը իրեն սահմանազատում է (միայն անունով) իր բիզնեսներից եւ հույս ունի ապահով կերպով պահել իր հարստությունը Սիրիայից դուրս»:

Մրցակից Imperial Tobacco-ի խոսնակ Սայմոն Էվանսն ասաց, որ իրենց ընկերությունը դադարեց Սիրիայի «Դյութի ֆրիին» ապրանք վաճառել պատժամիջոցների` ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո եւ չի վերսկսել վաճառքը:

«Մենք իսկապես որոշ հարցեր ունենք պրն Մախլուֆի կողմից վաճառք իրականացվելու վերաբերյալ, եւ արդյոք դա օրինակա՞ն է, բայց նույնիսկ եթե դա օրինական է, մեզանից եւ ամբողջ արդյունաբերությունից պահանջվում է լիարժեքորեն քննել ցանկացած նոր դիստրիբյուտորի: Ակնհայտորեն դա չի կարող տեղի ունենալ մի քանի օրվա կամ ամսվա ընթացքում, ուստի մենք չենք կարող վերսկսել վաճառքը, մինչեւ այդ հարցը հստակեցվի»,- ասել է Էվանսը:

Էվանսը նաեւ նշել է, որ Imperial-ը դադարել է ապրանք վաճառել General Organization of Tobacco-ին, որի սեփականատերը Սիրիայի կառավարությունն է` GOT-ի բանկային գործարքների հետ կապված հարցերի պատճառով, թեեւ ընկերությունը պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում չկա: Մայիսի 27-ին JTI-ը GOT-ին է ուղարկել ավելի քան 80.000 արկղ ծխախոտ, այդ թվում 20.000 արկղը` անվճար: Ըստ JTI-ի հաշիվ- ապրանքագրի` ընդհանուր գումարը կազմել է մոտ 15 մլն դոլար:

JTI-ի էլեկտրոնային նամակները մանրամասն ցույց են տալիս, թե որքան լայնամասշտաբ էր դարձել մաքսանենգությունը մի քանի տարածաշրջանում: JTI-ը հետաքննած քննիչները բռնել են մի իսրայելցի դիստրիբյուտորի մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ ծխախոտ Իրաք եւ Բելգիա տեղափոխելիս, բայց քննիչներն ասում են, որ ընկերությունը որեւէ քայլ չձեռնարկեց: JTI-ի համար աշխատող կապալառուները վճարել են Իրաքի, Քրդստանի եւ Իրանի պաշտոնյաներին` մաքսանենգության երթուղիների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար` համաձայն Իրաքի վերաբերյալ ընկերության ներքին զեկույցների եւ կապալառուների հետ հարցազրույցների:

JTI-ը ծխախոտի հսկայի` Japan Tobacco-ի միջազգային մասնաճյուղն է, որի ավելի քան 50 տոկոսն իր հերթին պատկանում է Ճապոնիայի կառավարությանը: Ըստ JTI-ի եկամուտների տարեկան զեկույցի` ընկերությունը վերջին ֆիսկալային տարում 25 մլրդ դոլարի վաճառք է ունեցել այնպիսի բրենդերից, ինչպիսիք են Winston-ը, Camel-ը եւ Benson&Hedges-ը: Փետրվարին տեղի ունեցած բաժնետերերի ժողովի ժամանակ նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Պիեռ Դը Լաբուշեղը մեծ ցավով է ասել, որ ֆինանսական միջավայրը բարդ է, բայց գովել է 2010 թ. ընթացքում Ռուսաստանում եւ Միջին Արեւելքում JTI-ի արդյունավետ աշխատանքները:

Այս երկու շուկան JTI-ի դիստրիբյուտորների մաքսանենգ գործունեության կենտրոնն է` ըստ OCCRP-ի ձեռք բերած էլեկտրոնային նամակների, հետաքննական գրառումների եւ ներքին փաստաթղթերի: JTI-ի ներքին զեկուցագրերը եւ հարակից նյութերը OCCRP-ին են տրամադրել ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները: Վեց նախկին աշխատակից հաստատել է փաստաթղթերի իսկությունը:

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղակայված JTI-ի գլխավոր գրասենյակի ղեկավարները չարձագանքեցին կոնկրետ հարցերին, բայց տարածեցին մի գրավոր հայտարարություն, որով «նախկին աշխատակցին» մեղադրում էին կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ: «Մենք մերժում ենք ձեր հրավերը (որով առաջարկում եք մեկնաբանություն տալ): Մեր ընկերությունը չի ցանկանում մեկնաբանել այն անհիմն մեղադրանքները, որոնք ներկայացված են ձեր կողմից մեզ ուղարկված տարբեր էլեկտրոնային նամակներում»,- էլեկտրոնային նամակում գրել է լրատվամիջոցների հետ կապերի բաժնի փոխնախագահ Գայ Քոթը:

Action on Smoking and Health (ASH)-ի Լոնդոնի գլխավոր տնօրեն Դեբըրա Առնոթն ասում է, որ JTI-ի դեմ խոսող այս բացահայտումներն ապացուցում են, որ ծխախոտի արդյունաբերությունը չի հրաժարվել իր հին սովորություններից:

«JTI-ը, Philip Morris International-ը, BAT-ը եւ Imperial-ը իրավական առումով պարտավորեցնող համաձայնագրեր են ստորագրել ԵՄ-ի հետ, ինչով հանձնառություն են ստանձնել կանխել աշխարհի որեւէ վայրում իրենց արտադրանքի մաքսանենգությունը,- հայտարարեց նա:- Եթե JTI-ը դրանից հետո շարունակել է օժանդակել ու աջակցել մաքսանենգությանը, ուրեմն պարզ է, որ մի տարածաշրջանային համաձայնագիր, ինչպիսին ԵՄ-ի բանակցածն էր, բավարար չէ: Երբ զբաղվում ես մաքսանենգությամբ, քայքայում ես հանրային առողջությունը, դուռ ես բացում կրիմինալի առաջ ու կողոպտում ես հարկատուներին, քանի որ նրանք զրկվում են տարեկան միլիոնավոր ֆունտերի պետական եկամտից»:

Արգելափակված հետաքննություններ

դեպի Իրաք կատարվող մաքսանենգ
գործողություններում օգտագործվող ինքնաթիռ

2009 եւ 2010 թթ., երբ JTI-ը հետաքննած քննիչները բացահայտեցին իրենց խոսքերով ապօրինի առքուվաճառքի անհերքելի ապացույցներ, մենեջերները պարբերաբար միջամտում էին վաճառքը դադարեցնելու ջանքերին: Համաձայն ընկերության էլեկտրոնային նամակների եւ ներքին հուշագրերի` ավագ փոխնախագահ Մարկ Մալվին ուղղակիորեն արգելափակել է Միջին Արեւելքում իրենց դիստրիբյուտոր Audeh Group-ում անցկացվող հետաքննությունը:

Վերահսկիչ մարմնի թիմից ստացված մի էլեկտրոնային նամակում նշվում է, որ Ռուսաստանում գլխավոր մենեջեր Կեւին Թոմլինսոնն ասել է, թե ինքն անհանգստացած չէ բալթյան սահմաններին ծխախոտն առգրավելու դեպքերի աճով, քանի որ շահույթները գերազանցել են ԵՄ-ի պարտադրելիք այն պոտենցիալ տուգանքները, որոնք պետք է վճարել մաքսանենգությունը չկասեցնելու պատճառով: Վերահսկիչ մարմնի թիմը նաեւ գաղտնի արձանագրել է Թոմլինսոնի մեկնաբանությունը:

Ընկերության ղեկավարների միջեւ լարվածությունը գագաթնակետին հասավ: JTI-ի ներքին գրագրությունը ցույց է տալիս, որ բրենդի որակի ապահովման հարցերով նախկին փոխնախագահ Դեյվիդ Ռեյնոլդսը, որին հանձնարարվել էր կասեցնել մաքսանենգությունը, ուժգին բախվել է այն բոսերին, որոնք, իր խոսքերով, ուզում էին դանդաղեցնել այն հետաքննությունները, որոնք կարող էին վնաս հասցնել իրենց շահույթ բերող գործընկեր ֆիրմաներին:

2010 թ. ապրիլին Ռեյնոլդսը մի չափազանց խիստ էլեկտրոնային նամակ գրեց հիմնադիր ընկերության` Japan Tobacco-ի ավագ փոխնախագահ եւ իրավական հարցերով գլխավոր պատասխանատու Ռիուիչի Շիմոմուրային: Նամակում նա փաստարկում էր, որ դիստրիբյուտորները ոչ միայն մաքսանենգ ճանապարհով տեղափոխում են JTI-ի արտադրանքը, այլեւ որ JTI-ի ղեկավարները գիտեին խնդրի մասին եւ ոչինչ չարեցին: Նա պնդում էր, որ մաքսանենգներին նույնիսկ հասնում էր հետաքննությունների վերաբերյալ արտահոսած տեղեկատվություն:

«Ապօրինի գնորդներին ուղարկված խմբաքանակները հասել են հսկայական չափերի, ինչի հետեւանքով ընկերությունը կարող է տուգանվել մոտ 30 մլն եվրոյով,- գրել է Ռեյնոլդսը:- Մենք JTI-ի ղեկավարությանը պարբերաբար հաղորդել ենք մեր բացահայտումների մասին... բայց դեռ պետք է հասնենք նրան, որ այս խախտումներին վերջ տալու ուղղությամբ համաձայնեցված ջանքեր գործադրվեն»:

«Վերջին ամիսներին իմ թիմի անդամներին ցուցում են տվել չհետաքննել JTI-ի կոնկրետ դիստրիբյուտորների հետ կապված մաքսանենգության մի քանի դեպք... եւ JTI-ի աշխատակիցների հնարավոր առնչությունը հայտնի մաքսանենգների հետ»,- 2010 թ. ապրիլի 10-ին` ուրբաթ, գրել էր Ռեյնոլդսը:

Ապրիլի 13-ին` երկուշաբթի, Ռեյնոլդսը հեռացվեց աշխատանքից:

Նույն օրն ընկերությունն աշխատանքից հեռացրեց նաեւ Ռեյնոլդսի գլխավոր օգնականին` Քրեգ Դուգլասին: Հաջորդ մի քանի ամսվա ընթացքում JTI-ը փուլ առ փուլ հեռացրեց մոտ մեկ տասնյակ կապալառուի, ովքեր գիտեին մաքսանենգության մասին եւ սերտորեն աշխատում էին Ռեյնոլդսի ու նրա թիմի հետ: Մինչ այս տարվա հուլիս Ռեյնոլդսի թիմի գրեթե բոլոր անդամները հեռացվեցին:

«Եղելությունն այն է, որ Դեյվի (Ռեյնոլդսի) խումբը լրիվ հասկացել էր, թե որն է խնդիրը, նրանք գնում էին տարբեր մարդկանց հետեւից,- ասում է համակարգչային անվտանգության մասնագետ Քերի Հենդրիկսը, ով 6 տարի պայմանագրով աշխատել է JTI-ում:- Հենց բավարար ապացույցներ հավաքեցին, նրանք «դիմեցին հրետանու օգնությանը» (զգուշացնելով գլխավոր ղեկավարներին): Հետո հենց այնպես, Դեյվին ու Քրեգին հեռացրին, ինչն իրադարձությունների բոլորովին անսպասելի շրջադարձ էր»:

«Այդ պահին JTI-ի հետաքննությունների ողջ բնույթը փոխվեց: Այս չափազանց պրոֆեսիոնալ, փորձառու թիմի անդամներն աշխատում էին իրար հետ եւ շատ տեղեկություններ հաղորդում միմյանց,- ասում է Հենդրիկսը:- Գրասենյակում աշխատանքային շարժ էր, նրանք հրաշալի աշխատանք էին կատարում: Եվ նրանց փոխարինեցին գրասենյակային այնպիսի աշխատողների մի խմբով, ովքեր, ինչպես պարզվեց, հայտնվում էին, նստում իրենց համակարգիչների առաջ եւ ոչինչ չէին անում իրական հետաքննություն անցկացնելու ուղղությամբ: Տխուր էր տեսնել դա»:

Նրանց մասամբ փոխարինեցին 2007-ին JTI-ի գնած Gallaher Group-ի նախկին աշխատակիցները: Gallaher-ը, որը բրիտանական ընկերություն է, ըստ Միացյալ Թագավորությունում երկար ժամանակ ընթացած մի դատական գործի, 2000-ականների սկզբներին Մեծ Բրիտանիայում պարբերաբար ներգրավվել է մաքսանենգ գործողություններում եւ օգնել մաքսանենգներին խուսափել ավելի քան 1,5 մլրդ դոլար մաքսատուրքից:

«Պետք է ինքներդ ձեզ հարցնեք, թե որքան լուրջ են նրանք տրամադրված, երբ Gallaher-ից բերում են մարդկանց, որոնք կսկսեն վերահսկել իրավիճակը,- ասում է մի նախկին աշխատակից, ով տեղյակ է երկու ընկերությունից էլ:- Gallaher-ում փիլիսոփայությունը հետեւյալն էր. «Եկեք չբռնվենք, բայց եթե ի վերջո բռնվում ենք, եկեք պատրաստ լինենք մեզ պաշտպանելուն»: Նրանք քայլեր չձեռնարկեցին մաքսանենգությունը կասեցնելու ուղղությամբ, այլ միայն քայլեր ձեռնարկեցին իրենց պաշտպանելու համար, երբ այդ լուրը հայտնի դարձավ»:

Ոչնչացնելով փաստաթղթերը

այրում են վնասված ծխախոտները

Ծխախոտը աշխարհի` մաքսանենգ ճանապարհով ամենից շատ տարանցվող օրինական ապրանքն է, մեծ մասամբ` որովհետեւ շահույթները հսկայական են, իսկ պատիժները` մեղմ: Մաքսանենգները ցածր հարկեր սահմանած այնպիսի վայրերից, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Ուկրաինան կամ Դուբայի ու Պանամայի «Դյութի ֆրիները», կոնտեյներներով ծխախոտ են տեղափոխում դեպի Արեւմտյան Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի` բարձր հարկեր սահմանած երկրներ: Ծխախոտի մեկ կոնտեյները կարող է 1 մլն դոլարի շահույթ բերել:

Ի տարբերություն ապրանքի կեղծման` մաքսանենգությունն իրականում շահավետ է ծխախոտ արտադրողների համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարձր հարկերը կտրուկ կրճատում են ծխախոտի օգտագործումը, ուստի մաքսանենգ ճանապարհով իրացված ապրանքի պատճառով հարկերը մնում են գրպանին հարմար` ձեռք բերելով սպառողների եւ պահպանելով հներին: Ըստ Եվրոպական հանձնաժողովի 2011 թ. հունիսի մի զեկույցի` մաքսանենգության պատճառով ողջ Եվրոպայով պետբյուջեներն ամեն տարի մոտ 14 մլրդ դոլարի հարկային մուտքեր են կորցնում:

1990-ականների կեսերից սկսած` ծխախոտ արտադրող հիմնական ընկերությունները, մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տարանցելու նպատակով, բազմիցս աշխատել են քրեական խմբավորումների հետ` սնելով մաքսանենգ ծխախոտի` միլիարդավոր դոլարների շրջանառություն ունեցող սեւ շուկաները: Վերջին 8 տարում ծխախոտ արտադրողներն առնվազն 5 մլրդ դոլարի տուգանքներ են վճարել եւ համաձայնագրեր ստորագրել, որ կդադարեն ապօրինի բիզնեսին մասնակցելուց: 2007 թ. JTI-ը Եվրոպական հանձնաժողովի հետ ստորագրել է համաձայնագիր, որը նրան պարտավորեցնում էր մեծ միջոցներ ձեռնարկել մաքսանենգության դեմ եւ գործադրել ապօրինի տարանցումների նկատմամբ իր ասած «զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը»:

Բայց JTI-ի գրություններում տեղ գտած ապացույցները խոսում են այն մասին, որ ընկերությունը հավատարիմ չի եղել Եվրահանձնաժողովի հետ կնքած համաձայնագրին: 2010 թ. մարտին Բելգրադում մի մասնավոր քննիչ, իրավապահ մարմինների տեղեկությունների հիման վրա, համակարգչով կազմեց ցուցակ, որում ներառված էին աշխարհով մեկ այն բիզնեսների եւ անհատների անուններն ու հեռախոսահամարները, ովքեր «երեւացել էին» մեծամասշտաբ մաքսանենգության դեմ եվրոպական ոստիկանության իրականացրած գործողության արձանագրություններում: Ցուցակում կար JTI-ի 13 աշխատակից եւ դիստրիբյուտոր:

Ցուցակի` Սերբիային վերաբերող մասը մտահոգիչ հարցերի տեղիք տվեց: Նախ` վերահսկիչ մարմնի թիմն ուզում էր իմանալ, թե արդյոք քննիչը, որը պայմանագրով աշխատում է JTI-ում, կաշառե՞լ է իրավապահ մարմինների պաշտոնյաներին` տեղեկատվությունը ստանալու համար, թե՞ դա նրան հաղորդել են` ակնարկելով, որ կարելի է հետաքննել: Ըստ ընկերության էլեկտրոնային նամակների` հենց թիմը որոշեց, որ փաստաթուղթը ստացվել է օրինական ճանապարհով, պետք է որ սկսեր հետաքննել նշված 13 աշխատակցին ու կապալառուին:

Նման բան երբեք տեղի չունեցավ: Կորպորատիվ անվտանգության գծով տնօրեն Նայջլ Էսփինը, ով եկել էր Gallaher-ից, մտահոգություն արտահայտեց, որ իրենք տիրապետում են ոստիկանության ձեռքի տակ եղած տեղեկատվությանը եւ 2010 թ. մարտի 10-ի մի էլեկտրոնային նամակում կարգադրեց, որ փաստաթուղթը վերադարձվի կապալառուին, իսկ հետաքննությունը դադարեցվի: Նա նաեւ կարգադրեց բոլոր գրառումներից ու JTI-ի համակարգչային ցանցից ջնջել փաստաթուղթը, որում թվարկվում էին աշխատակիցների ու կապալառուների անունները: Հաջորդ օրը վերահսկիչ մարմնի ղեկավար Ժան-Լյուկ Պեղեաղը հաստատեց հետաքննությունն ավարտելու վերաբերյալ կարգադրությունը:

JTI-ի կապալառուներից Մայքլ Պադիլան, ով թաքուն գործողություններ է իրականացրել Իրաքում եւ Միջին Արեւելքի տարածաշրջանում, ասում է, որ ընկերությանը համակել էր շուկայում մասնաբաժին ձեռք բերելու ցանկությունը:

«Սկզբում ինձ շատ բան էր թույլատրված, ես ազատ էի որոշակի վայրերում գնալ մաքսանենգների հետեւից, բայց շուտով լրիվ ակնհայտ դարձավ, որ նրանք կապեր ունեին այն մաքսանենգներից ոմանց հետ, ում հետեւից ես գնում էի,- ասում է Պադիլան:- JTI-ը փորձում էր պաշտպանել շուկայում իր մասնաբաժինը: Շուկայում մասնաբաժինը եւ Իրանն ու Միջին Արեւելքը վերահսկելը նրա ամենագլխավոր առաջնահերթությունն էր»:

Նմանատիպ խնդիրներ JTI-ի գրասենյակներում եղել են ողջ աշխարհում: Ըստ ընկերության էլեկտրոնային նամակների եւ աուդիտորական զեկույցների` Ռուսաստանում JTI-ը հետաքննած քննիչները հաղորդել են, որ ենթադրյալ կողոպտիչները ֆինանսական շահագրգռվածություն ունեին JTI-ի ռուսաստանյան դիստրիբյուցիոն ամենամեծ որոշ ցանցերից:

Ռուսաստանում եւ մերձբալթյան երկրներում JTI-ում հետաքննություն անցկացրած քննիչները եւ որակի տեսուչները մանրամասն նկարագրել են դիստրիբյուտորների կողմից մաքսանենգ ճանապարհով զանգվածային տարանցումներ, մասնավորապես JTI-ի St. George բրենդի: Բայց, համաձայն ռուսաստանցի քննիչների, ինչպես նաեւ բրենդի որակի ապահովման հարցերով նախկին ղեկավար Ռեյնոլդսի ներքին գրությունների, ոչ մի քայլ չձեռնարկվեց:

Զրոյակա՞ն հանդուրժողականություն

Վերջին տասնամյակում Japan Tobacco-ի աճը զգալիորեն խթանեց այն, որ վերջինը գնեց երկու ընկերություն, որոնք վաղուց մեղադրվում էին մաքսանենգության մեջ` Gallaher-ը եւ RJR Reynolds-ը:

Կանադայի եւ Էկվադորի կառավարությունները 1999 թ. դատի տվեցին RJR-ին` մեղադրելով ԱՄՆ-ի հակառեկետային օրենքները խախտելու մեջ եւ պնդելով, որ ընկերությունն ակտիվորեն զբաղվել է մաքսանենգությամբ: Եվրոպական հանձնաժողովն առանձին հայց ներկայացրեց` RJR-ի բարձրաստիճան ղեկավարներին մեղադրելով նրա մեջ, որ գիտակցաբար ընդունել են քրեական ճանապարհով ստացված եկամուտներ եւ թմրամիջոցների բիզնեսով զբաղվող խմբավորումների հետ փող են լվացել Հարավային Ամերիկայում, աշխատել են Հյուսիսային Իրաքի ահաբեկիչների հետ եւ խախտել են առեւտրի էմբարգոն, որպեսզի ծխախոտ ուղարկեն Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի կառավարությանը: ԱՄՆ դատավորները վերադարձրին բոլոր հայցերը` ասելով, որ իրենք իրավասու չեն լսել այլ երկրների հարկային խնդիրներին վերաբերող գործեր:

Բայց 2003-2007 թթ. ընթացքում Կանադայի թագավորական հեծելազորային ոստիկանությունը եւ հարկահավաքները խարդախության մեջ մեղադրեցին JTI-McDonald-ին (նախկին RJR-McDonald-ն է` ընկերության կանադական բաժինը) եւ դրա ղեկավարներից ոմանց` հայց ներկայացնելով ավելի քան 1,36 մլրդ դոլարի հարկերից միայն 2003 թ. խուսափելու առթիվ:

Դատարանի մի շարք վճիռներից հետո (2004 թ.` այն բանից հետո, երբ Կանադան շահեց 1 մլրդ դոլարի դատական գործը, JTI-ն իրականում հայց ներկայացրեց, որ դատարանն իրեն պաշտպանի վարկատուներից) RJR-ը եւ JTI-MacDonald-ը 2010 թ. համաձայնեցին մոտ 475 մլն դոլար վճարել:

Նույնչափ վատ համբավ ուներ Gallaher-ը: 2005 թ. Gallaher-ը աշխատանքից հեռացրեց մի դիստրիբյուտորի, որին մեղադրեց ծխախոտի մաքսանենգության մեջ: Դիստրիբյուտորը հայց ներկայացրեց դատարան` ասելով, որ Gallaher-ը պարբերաբար ներգրավվել է մաքսանենգության մեջ: Gallaher-ը շահեց դիստրիբյուտորի ներկայացրած հայցով դատը, բայց ցուցմունքները եւ դատավորի վերջնական որոշումը, որով հայցը մերժվեց, մեծ նախատինք էին Gallaher-ին:

Քաղաքացիական հայցով իր ցուցմունքում Gallaher-ի նախկին տնօրեն Նորման Ջեքն ասաց, որ ընկերությունը պարբերաբար հնարավորություններ էր ստեղծում մաքսանենգությամբ զբաղվելու համար եւ որդեգրել էր «իր իսկ կամքով ոչինչ չտեսնելու» գործելակերպ:

2007 թ. մաքսանենգության նկատմամբ, իր խոսքերով, «զրոյական հանդուրժողականության քաղաքականություն» որդեգրելու ֆոնին JTI-ը նույն տարում ձեռք բերեց Gallaher-ը: Այն նաեւ Եվրոպական միության հետ ստորագրեց պարտավորեցնող ուժ ունեցող համաձայնագիր, որով ընկերությանը կոչ էր արվում հաջորդ 15 տարվա ընթացքում 400 մլն դոլար ծախսել մաքսանենգության դեմ ուղղված միջոցառումների վրա եւ չափազանց մեծ տուգանքներ կիրառել խախտումների նկատմամբ: Ըստ համաձայնագրի պայմանների` ընկերությունը համաձայնեց դասընթացներ անցկացնել իր աշխատակիցների համար եւ համապարփակ ռազմավարություն կիրառել` ապօրինի տարանցումների դեմն առնելու համար:

JTI-ի գլխավոր ղեկավար Թոմըս ՄըքՔոյը եւ ավագ փոխնախագահ Փոլ Բուրասան, որը վերահսկիչ գործառույթներ ուներ, 2007 թ. օգոստոսի 16-ին աշխատակիցներին ուղղված հուշագրում ընդհանուր գծերով ներկայացրին ռազմավարության քայլերը: Նրանք երկուսն էլ ավագ ղեկավարներ էին եղել RJR-ում, երբ այն մեղադրվեց մաքսանենգների հետ դավեր կազմակերպելու մեջ:

«Վերջերս Gallaher-ը ձեռք բերելու լույսի ներքո կտրուկ քայլեր ձեռնարկվեցին` երաշխավորելու համար, որ անդրադարձ կլինի այն որոշակի գործելակերպերին, որոնք կարող են խախտել JTI-ի վարքի կանոնագիրը,- ասվում էր հուշագրում:- JTI-ը հանձնառություն է ստանձնել ... գործել արագ ու վճռական իր արտադրանքի իրական կամ պոտենցիալ ապօրինի վաճառքը դադարեցնելու գործում»:

JTI-ի դիստրիբյուտոր Roksped-ի ներկայացուցիչ
Անտոն Սթանաջի ձերբակալությունը
Բելգրադի օդանավակայանում

Չնայած այս հայտարարությանը` ըստ ընկերության արձանագրությունների` 2009-10 թթ. ընթացքում գրեթե ամեն ամիս հաղորդումներ էին լինում JTI-ի դիստրիբյուտորների ապօրինի գործողությունների մասին, բայց նախկին աշխատակիցներն ասում են, որ ամենից մեծ շահույթ բերող վայրերում որեւէ քայլ չձեռնարկվեց: Արձանագրությունները ցույց են տալիս, որ քննիչները կասկածներ ունեին, որ Ռուսաստանում, Միջին Արեւելքում եւ այլ վայրերում տասնյակ միլիոնավոր ծխախոտներ էին տարանցվում մաքսանենգ ճանապարհով` հաճախ JTI-ի սեփական դիստրիբյուտորների օգնությամբ:

Roksped-ը Մոնտենեգրոյում JTI-ի դիստրիբյուտորն էր եւ այսօր էլ շարունակում է մնալ այդպիսին` չնայած Roksped-ը ղեկավարող հզոր ընտանիքի անդամ Անտոն Սթանաջի 2007 թ. ձերբակալությանը եւ ծխախոտի մաքսանենգության մեղադրանքով վերջերս դատապարտվելուն:

Իրականացնելով «Մեմֆիս» օպերացիան (անվանումը վերցվել է JTI-ի եւ Gallaher-ի միաձուլումից առաջ եկած մի բրենդից)` բալկանյան ոստիկանությունը բացահայտեց, որ Roksped-ի եւ այլ ընկերությունների միջոցով Չինաստանից, Դուբայից եւ այլ երկրներից ծխախոտ է ուղարկվել դեպի Մոնտենեգրո, այնուհետեւ` ԵՄ: Ըստ մեղադրանքի` Սթանաջը օգտագործել է Roksped-ը որպես մաքսանենգ գործողությունների բազա:

Այս տարվա մայիսին Սթանաջը Բելգրադում դատապարտվեց վեց ու կես տարվա ազատազրկման: Roksped-ը դեռ Մոնտենեգրոյում JTI-ի գործընկերն է` համաձայն ֆիրմայի կայքի, իսկ Սթանաջը բողոքարկել է իր դատավճիռը:

Roksped-ի ներկայացուցիչները եւ Սթանաջների ընտանիքի անդամները չարձագանքեցին OCCRP-ի ուղարկած 6 հեռախոսային հաղորդագրությաններին եւ 5 էլեկտրոնային նամակներին:

JTI-ը նաեւ շարունակեց եւ փաստորեն ընդլայնեց իր հարաբերությունը մեկ այլ ենթադրյալ մաքսանենգի` IBCS Trading-ի հետ: 2002-ին Եվրոպական միությունը հայց ներկայացրեց` IBCS-ին մեղադրելով մեքսանենգ գործողություններում RJR Reynolds-ի հետ «համադավադիր» լինելու մեջ: ԱՄՆ դատավորը մերժեց հայցը` հղում անելով 100 տարվա վաղեմության մի օրենքի, որն ԱՄՆ դատարաններին արգելում է լսել այլ կառավարությունների եկամուտներին վերաբերող դատական վեճերը:

Ըստ Audeh-Group-ի կայքի` 2001 թ. JTI-ը եւ IBCS-ի սեփականատեր Issa Audeh-ը միասին բիզնես սկսեցին, որպեսզի Հորդանանում ստեղծեն JT International-ը:

JTI-ում հետաքննություն անցկացրած Միջին Արեւելքի եւ Ասիայի քննիչները փաստաթղթերով հիմնավորեցին, որ 2009-2010 թթ. ընթացքում IBCS-ը, իրենց խոսքերով, մաքսանենգ ճանապարհով ապրանք է ուղարկել Իրաք, Իրան, Կիպրոս եւ այլ երկրներ:

IBCS-ը չպատասխանեց OCCRP-ի 4 հեռախոսազանգին: IBCS-ի պաշտոնյաներից մեկի խնդրանքով եւ ընկերության կայքի միջոցով ուղարկված էլեկտրոնային նամակը եւս պատասխան չստացավ:

Ցանցահենների հարձակմանը ենթարկված համակարգիչներ

մաքսանենգություն Օմանում

Հետաքննությունների կենտրոնում Դեյվիդ Ռեյնոլդսն էր, ով ղեկավարում էր JTI-ի` բրենդի որակի ապահովման հարցերով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գրասենյակը 4 տարի` մինչ 2008 թ. վերջ, երբ պաշտոնի բարձրացում ստացավ եւ սկսեց ղեկավարել աշխարհով մեկ ընկերության ծավալած գործունեությունը:

Ըստ JTI-ի մի քանի նախկին աշխատակցի` լինելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան` Ռեյնոլդսը կտրուկ ու պահանջկոտ է: Նրանք ասում են, որ նա իրերը տեսնում էր սեւ կամ սպիտակ, լավ կամ վատ եւ բախվեց այն ղեկավարներին, որոնց հետաքրքրում էին միայն մակերեսային հետաքննությունները:

Նա արագորեն հավաքեց քննիչների մի թիմ, որոնցից ոմանց հետ աշխատել էր նախկինում, իսկ մյուսներին գիտեր միայն ըստ նրանց համբավի: Մինչ 2010-ի սկզբները թիմը լայնամասշտաբ գաղտնի օպերացիա էր իրականացնում Իրաքում ու Քրդստանում եւ զգալիորեն ընդլայնել էր ընկերության` հետաքննություն անցկացնելու հնարավորությունները:

Հենց քննիչներն ի մի բերեցին Audeh Group-ի, ICBS-ի եւ մյուսների վերաբերյալ տեղեկատվությունը, նաեւ բացահայտեցին, որ իրենց համակարգիչները ցանցահանների հարձակումներին էին ենթարկվում: Ըստ ընկերության էլեկտրոնային նամակների` համակարգչային անվտանգության մասնագետ Քերի Հենդրիկսը, ով 6 տարի պայմանագրով աշխատել է JTI-ում, հայտնաբերեց, որ «Տրոյական ձի» վիրուսի մի բացառիկ տեսակ վարակել է թիմի համակարգիչները եւ ցանցահեններին հնարավորություն տվել տեսնել, թե ինչ է գրում յուրաքանչյուր գործակալ:

Ըստ ընկերության էլեկտրոնային նամակների եւ հուշագրերի` Հենդրիկսը ցանցահենության հետքերը գտավ Մեքսիկայի մի դատարկ պահեստում եւ, ի վերջո, կանադական մի ընկերությունում, որը JTI-ի կապալառուներից եւս մեկն էր, եւ որի անձնակազմում կան ԿՀՎ-ի ու ֆրանիսական հետախուզության նախկին աշխատակիցներ: OCCRP-ի ձեռք բերած հաշիվ-ապրանքագրերը ցույց են տալիս, որ JTI-ը 300 հազար դոլար է վճարել կանադական ընկերությանը:

Ըստ 2009 թ. նոյեմբերի մի հուշագրի` ավագ փոխնախագահ Մարկ Մալվին ընդունել է, որ պատվիրել է ցանցահենների հարձակումների մի մասը: Ըստ 2010 թ. հունվարի 10-ին JTI-ի աշխատակիցների գաղտնի ձայնագրված խոսակցության` Մալվին ընկերության մեկ այլ ղեկավարի` Վիլեմ Վան Ալդրիխեմին, նաեւ պատվիրել է փակել Audeh-ում եւ IBCS-ում անցկացվող բոլոր հետաքննությունները:

Համաձայն հետաքննություններում ներգրավված մի քանի մարդու հետ հարցազրույցների` մինչ 2010-ի գարուն հետաքննական թիմի ու դրա ղեկավարների հարաբերությունները փչացել էին այն աստիճան, որ կողմերից միայն մեկը կարող էր ողջ մնալ: Ապրիլի 10-ին Ռեյնոլդսը հիմնադիր ընկերության իրավական հարցերով գլխավոր պատասխանատու Ռիուիչի Շիմոմուրային ուղղված նամակում ներկայացրեց իր դիրքորոշումը:

«JTI-ի ղեկավարությունը հավատարիմ չի եղել «զրոյական հանդուրժողականության քաղաքականությանը» ... եւ հատկապես այն դեպքերում, որոնք առնչվում են դեպի Եվրոպական միություն կամ ԵՄ-ի տարածքով մաքսանենգությանը, պարբերաբար ոտնահարել է (2007 թ. Եվրոպական հանձնաժողովի հետ կնքած համաձայնագրով սահմանված իր պարտականությունները),- գրել է Ռեյնոլդսը:- Քիչ դեպքերում ընկերությունում աշխատող մարդիկ, որոնց անձը հայտնի չէ, նույնիսկ (բրենդի որակի վերաբերյալ) հետաքննությունների նյութերից վերցված շատ կարեւոր տեղեկություններ են հետ փոխանցել մաքսանենգներին»:

Ռեյնոլդսը աջակցություն էր խնդրում: Փոխարենը նրան հեռացրին աշխատանքից: Մյուս կապալառուներն էլ միանգամից կամ փուլ առ փուլ հեռացվեցին, շատերն ընդունեցին իրենց փոխհատուցված բարձր վճարները եւ ընկերության մասին տեղեկատվությունը գաղտնի պահելու վերաբերյալ համաձայնագրեր ստորագրեցին:

Ընկերությունից հեռացվելուց հետո Ռեյնոլդսը աշխատելու գնաց Հետաքննությունների դաշնային բյուրոյի Վաշինգտոնի կենտրոնակայան, որտեղ ավագ վերլուծաբան է կազմակերպված հանցավորության գծով:

OCCRP-ին ուղարկած էլեկտրոնային նամակում ՀԴԲ մամուլի հետ կապերի պատասխանատու Էմի Ջ. Թորսոնն ասաց, որ կառույցը Ռեյնոլդսին չի թույլատրի մեկնաբանություն տալ հոդվածի համար:

Աշխատանքից հեռացված մի քանի այլ քննիչի միանգամից աշխատանք առաջարկեցին մրցակից ընկերությունների ղեկավարները: Մի ավագ քննիչ, որին հեռացրել էին Ռեյնոլդսի հետ, ասաց, որ մերժել է JTI-ի` 100 հազար դոլար արժողությամբ աշխատանքից ազատման նպաստի փաթեթը, քանի որ այն ընդունելը կնշանակեր ստորագրել իր տիրապետած տեղեկատվությունը չհայտնելու վերաբերյալ համաձայնագիր: «Ես պետք է հայելու մեջ նայեմ»,- բացատրեց նա:

Նա խնդրեց չհրապարակել իր անունը, քանի որ այժմ աշխատում է մրցակից ընկերությունում:

«Չեմ կարծում, որ նրանք գիտեին, թե ինչի առաջ են կանգնելու, երբ աշխատանքի էին ընդունում Դեյվին,- ասաց քննիչը:- Տարիներ շարունակ նրանց մոտ աշխատում էին մարդիկ, ովքեր գոհանում էին իրենց փողը վերցնելով եւ ոչինչ չանելով: Ահա սա էր գործելաոճը»:

«Եվ հանկարծ գալիս ենք մենք եւ սկսում անել իրական հետաքննություններ ու բացահայտել մաքսանենգության շատ դեպքեր,- ասաց նա:- Նրանց դուր չէր գալիս մեր արածը, իսկ մեզ դուր չէր գալիս նրանց արածը: Մի քանի ամիս շատ լավ էր, բայց այդպես չէր կարող շարունակվել: Նրանք պարզապես չէին ուզում, որ մենք անեինք մեր աշխատանքը»:

Հոդվածը OCCRP-ի համար պատրաստել են Ջոն Հոլանդը, Բոյանա Յովանովիչը եւ Սթեվան Դոյչինովիչը

Անգլերենից թարգմանությունը` Սոնա Ավագյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. fa3il 5eer17:39 - 3 նոյեմբերի, 2011
Good work. Thank you for sharing.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ