HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ռուբեն Վարդանյանի «աստղաբաշխական» առաջարկը և այն չընդունած գործարարը. դատական պայքարը շարունակվում է

Գործարար Արտաշես Հովհաննիսյանը «Ամերիաբանկում» ժամանակին ունեցել է հինգ բաժնետոմս: «Ամերիաբանկի» խոշոր բաժնետեր Ռուբեն Վարդանյանը հանդիպումներից մեկի ժամանակ Արտաշես Հովհաննիսյանին առաջարկել է վաճառել բանկում ունեցած իր բաժնետոսմերը: Ա. Հովհաննիսյանը հրաժարվել է: Որոշ ժամանակ անց Ռուբեն Վարդանյանը նորից է սկսել բանակցել և առաջարկել է նվիրել` որպես «բարեգործություն»: Կրկին հրաժարվելուց հետո Արտաշես Հովհաննիսյանը հեռացվել է բաժնետերերի ցանկից: Սա պատմում է Արտաշես Հովհաննիսյանի որդին` Հայկ Հովհաննիսյանը:

Արտաշես Հովհաննիսյանն ընդդեմ «Ամերիաբանկի» դատական նախորդ նիստին երկու գործարարների այս հանդիպման պատմությունը «կուլիսային» խոսակցություն էր «Ամերիաբանկի»  փաստաբան Արման Մարտիրոսյանի և հայցվորի որդու` Հայկ Հովհաննիսյանի միջև: Այսօր Հայկը այն մանրամասնեց նաև դատավոր Գագիկ Խանդանյանի  ներկայությամբ` որպես գործարքի նախապատմություն: 

(հատված Հայկ Հովհաննիսյանի և պատասխանողի ներակայացուցիչ Արման Մարտիրոսյանի հարցուպատասխանից)

Հայկ- Դուք տեղյակ եք, որ երբ ձեր խոշոր բաժնետերը Վաչե Մանուկյանից գնեց վերահսկիչ փաթեթը, առաջին օրից նա էմիսարներ էր ուղարկում հորս մոտ, որպեսզի բաժնետոմսերը մենք փոխանցենք իրեն:

Արման-Այո, տեղյակ եմ: Տեղյակ եմ, որ չափազանց աստղաբաշխական գումար է առաջարկվել:

Հայկ-Իսկ տեղյա՞կ եք, որ ձեր խոշոր բաժնետեր, այսպես ասած, մեծ բարերար Ռուբեն Վարդանյանը նույնիսկ առաջարկել է նվիրել այդ բաժնետոմսերը:

Արման-Այո, տեղյակ եմ: Նվիրելու առաջարկը բխել է նրանից, քանի որ դա ներկայացվել է որպես բարեգործություն, իսկ բարեգործության դեպքում….

Հայկ-Դուք այդ հանդիպմանը ներկա եղե՞լ եք:

Արման-Չեմ եղել, բայց քանի որ մեր քննարկումը անցած անգամ ևս գնաց անձնական զրույցների մակարդակով, ես պարզեցի և հիմա պատասխանում եմ:

Հայկ-Այդ դեպքում, հարգելի դատարան, խնդրում եմ արձանագրեք` առաջին իսկ օրից եղել են բանակցություններ, նրանք ցանկացել են բաժնեռոմսերը ձեռք բերել, իրենց իսկ ասելով` աստղաբաշխական թվերի հաշվարկ է եղել, հետո իրենք առաջարկել են, որպեսզի մենք նվիրենք բաժնետոմսերը, որից մենք նույնպես հրաժարվել ենք,  արդյունքում նրանք մտածել են մի ձև` ինչպես իրավունքների չարաշահմամբ մեզնից ձերբազատվեն:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 2012թ. որոշմամբ բանկի բաժնետոմսերը կոնսոլիդացվել էին (համախմբում), որի արդյունքում փոքր բաժնետերերից Արտաշես Հովհաննիսյանի հինգ բաժնետոմսերը փոխարկվել են 0,625 հատ կոտորակային բաժնետոմսի, ապա հետ գնվել բանկի կողմից առանց նրա իմացության:

«Ամերիաբանկն» ընտրել է բաժնետոմսերի այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում կառաջանա կոտորակային բաժնետոմս, ապա հետ գնել՝ առանց բաժնետիրոջ իմացության: Բաժնետոմսերի հետգնումն արգելվում է բանկային ոլորտը կարգավորող «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, այն չի թույլատրում բանկի բաժնետոսմի հետգնում (հետևաբար՝ այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում կառաջանա կոտորակային բաժնետոմս), ինչին և հիմնականում հղում է անում հայցվոր կողմը:

«Ամերիաբանկի» ներկայացուցիչ Արման Մարտիրոսյանի խոսքով` փոքր բաժնետիրոջը բանկի բաժնետերերի ցանկից հանելու` բանկի նպատակը եղել է բանկի կառավարումը հեշտացնելը: Հայկ Հովհաննիսյանի այն հարցին, թե ինչպես է հեշտացել այդ կառավարումը, փաստաբանը չկարողացավ հստակեցնել: Հայկը, ի պատասխան, նշեց, որ իր հորից բաժնետոմսերը առանց իր համաձայնության վերցնելու որոշմամբ «Ամերիաբանկը» մի հարց է լուծել` նրան զրկել բանկի Տնօրենների խորհրդում ներկայացված լինելու և կառավարմանն այդքանով մասնակցելու նրա իրավունքից: Նա մեջբերեց «Ամերիաբանկի» աշխատակիցներից մեկի հետ ունեցած զրույցը, համաձայն որի` ենթադրվում է, որ Արտաշես Հովհաննիսյանը բաժնետերերի ցանկից հեռացվել է բանկի ներքին որոշումներին հասու չլինելու նպատակով:

«Անվանական արժեքի մեծացումը և համախմբումը, որպես բիզնես տրամաբանություն, հեռացումից բացի մեր կոլեգայի կողմից չմեկնաբանվեց (նկատի ունի Արման Մարտիրոսյանին-Մ.Մ.), նա չասաց, թե բաժնետոմսը, որը 40 հազար դրամ արժեր, դարձավ 400 հազար դրամ, ինչի արդյունքում` իրենք բանկի զարգացմանը հասան… միայն նշվեց, որ կառավարումը հեշտացավ, և կառավարումից փոքր բաժնետերը հեռացվեց, տվյալ դեպքում փոքր բաժնետիրոջ` տնտեսական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքը ոտնահարվեց ամենաբիրտ կերպով»,- ասաց Հայկը:

Դատավոր Գագիկ Խանդանյանն ավելացրեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է «Ամերիաբանկը» ընտրել բաժնետոմսերի բազմապատկման այն գործակիցը, որի արդյունքում առաջացել են կոտորակային բաժնետոմսեր, ապա կոնսոլիդացվել: Արման Մարտիրոսյանը նախ նշեց, թե դա խոշոր բաժնետիրոջ որոշումն է, ապա դատավորի հարցին ի պատասխան` ինչո՞ւ է հենց նման որոշում կայացրել, ասաց, թե նախնական հաշվարկ է արվել բանկի աշխատակիցների կողմից և ներկայացվել խոշոր բաժնետիրոջը: Դատավորի ճշտող մյուս հարցին` այսինքն խոշոր բաժնետերը նախապես իմացել է, որ կոնսոլիդացիայի արդյունքում առաջանալու է կոտորակային բաժնետոմս, Արման Մարտիրոսյանը պատասխանեց` այո:

Արման Մարտիրոսյանը հարցուպատասխանի ժամանակ Հայկից ցանկանում էր պարզաբանում ստանալ, թե ինչու է փոքր բաժնետիրոջ սեփականության իրավունքի խախտման հարցը բաձրացվում, երբ նրա հորը պատկանող  բաժնետոմսերի կոնսոլիդացումից և հետգնումից առաջացած գումարը` մոտ 1 միլիոն դրամ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի որոշումից հետո հաշվարկվել և ուղարկվել է նրա հաշվեհամարին, ապա ծախսվել: Նա դատավորին փոխանցեց Արտաշես Հովհաննիսյանի հաշվեհամարին 1 միլիոն դրամի փոխանցման անդորրագիրը և խնդրեց ներառել ապացույցների շարքում:

Հայկը պահանջեց ներկայացնել ապացույց, որ գումարը տնօրինվել է` հիշեցնելով, որ խոշոր բաժնետերն առանց իրենց համաձայնության է որոշել բաժնետոմսերի գինը և ուղարկել Արտաշես Հովհաննիսյանին («Ամերիաբանկը» այս գործարքի համար օգտագործել է այն հանգամանքը, որ Ա. Հովհաննիսյանը եղել է նրա քարտապանը): Փաստաթուղթ, որ գումարը տնօրինվել է, Արման Մարտիրոսյանը չներկայացրեց` ավելացնելով, թե անդորրագիրը նաև տնօրինման փաստաթուղթ է: Թեև Հայկը պահանջեց չընդգրկել անդորրագիրը ապացույցների շարքում, քանի որ այն ներկայացվել է դատաքննության փուլում, այնուամենայնիվ, դատավոր Գագիկ Խանդանյանը ձեռքը վերցրեց փաստաթուղթը և սկսեց ուսումնասիրել: Նա չասաց` արդյոք անդորրագիրը լինելո՞ւ է գործով ապացույցների մեջ, թե՞ ոչ: Դատական նիստը հետաձգվեց հունիսի 25-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter