HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական հագուստով անձինք երկու քաղաքացու բերման են ենթարկել (լրացված)

Քիչ առաջ «Հետքի» խմբագրություն էր զանգահարել Զարուհի Հարությունյանը, ով հայտնեց, որ իր ընկերոջը՝ Անտոն Իվչենկոյին ու ևս մեկ քաղաքացու Մ. Սարյանի անվան այգուց քաղաքացիական հագուստով անձինք բռնություն գործադրելով նստեցրել են տաքսի և մեկ այլ մեքենա ու տարել անհայտ ուղղությամբ:

Զարուհի Հարությունյանը, ով ներկա է եղել միջադեպին, պատմում է, որ այդ ընթացքում նրանք պահանջել են քաղաքացիական հագուստով անձանց ներկայանալ: «Նրանցից մեկը ցույց տվեց ինչ-որ փաստաթուղթ, որի վրա գրված էր ոստիկանություն»,- ասում է Զարուհի Հարությունյանը:

«Հետքը» կապվեց ոստիկանության լրատվության բաժին՝ պարզելու, թե ովքեր են երկու քաղաքացիներին բռնի մեքենա նստեցնողները և որտեղ են այս պահին գտնվում Անտոն Իվչենկոն և մյուս քաղաքացին:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը «Հետքին» տեղեկացրեց. «Երկու հոգի ունենք բերման ենթարկված, հանգամանքները պարզվում են, անուն-ազգանունները կհրապարակենք մանրամասները պարզելուց հետո»: 

Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ գտնվող Զարուհի Հարությունյանը տեղեկացրեց, որ իր ընկերոջը բերման են ենթարկել անվադող վառելու կասկածանքով:

Ինչպես Կենտրոնի բաժնից տեղեկացրել է Անտոն Իվչենկոն, իրենց բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի կասկածանքով: «Ամբողջ հարցաքննությունը Ազատության հրապարակում գտնված անվադողերի վերաբերյալ է: Պարզ չէ, թե մեզ որքան կպահեն ոստիկանությունում»,- ընկերուհուն՝ Զարուհուն, ասել է Անտոնը

«Նրանց անհրաժեշտ է իրավապաշտպան, քանի որ ոչ ոք չկա այստեղ նրանց կողքին»,- ավելացնում է Զարուհի Հարությունյանը:

00:21 - Քիչ առաջ կապ հաստատեցինք Անտոն Իվչենկոյի հետ, ով հայտնեց, որ իրենց ազատ են արձակել՝ առգրավվելով նրանց մոտ եղած դրոշները: Նրանք բերման էին ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի կասկածանքով, սակայն մեղադրանք չի առաջադրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter