HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հարությունյանի ընկերությունը պարտք է պետությանը

Այս տարվա ապրիլի 8-ին Կոտայքի մարզային բաժնի ԴԱՀԿ Եղվարդի բաժանմունքը վարույթ է հարուցվել «Ընդերքաբեր» ընկերության նկատմամբ: Պահանջը հետևյալն է՝ «Ընդերքաբեր» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջե բռնագանձել 10,6 մլն դրամ: Ընկերությանն արգելվել է կատարել բաժնեմասի օտարում:

«Ընդերքաբեր» ընկերությունը շահագործում է Սպանդարյանի բազալտների հանքը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, բնապահպանության նախկին նախարար , Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանն այս ընկերության հետ անմիջական առնչություն ունի:  

Արամ Հարությունյանը բնապահպանության նախարար էր նշանակվել 2007թ.: 2008-ին հիմնադրվել է «Ընդերքաբեր» ՍՊԸ-ն՝ նախարարի եղբայր Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ: 2009թ.-ի ամռանը ընկերության միակ բաժնետեր դարձել է «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն: «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ում 99,9 տոկոսի բաժնեմասի սեփականատերը Արամ Հարությունյանն է: Բնականաբար, հանքը շահագործման բնապահպանական դրական փորձաքննության եզրակացություն է ստացել, երբ Արամ Հարությունյանը բնապահպանության նախարար էր:

«Ընդերքաբեր» ՍՊԸ-ն, սակայն, պարբերաբար պարտքեր է կուտակում Երևան համայնքին՝ ի դեմս Աջափնյակ վարչական շրջանի: Ընկերության նկատմամբ մի քանի հայցեր են եղել դատարանում անցնող տարիներին: ՀՀ ընկերությունների պետական ռեգիստրում պարբերաբար սահմանափակումներ են կիրառվել «Ընդերքաբեր» ՍՊԸ-ի նկատմամբ: 

2014 թվականի սեպտեմբերին Երևան համայնքն էր դատի տվել «Ընդերքաբեր» ՍՊԸ-ին՝ հողի վարձակալության պայմանագրով նախատեսված համայնքի բյուջե չվճարված ավելի քան 7 մլն դրամ վարձավճարի բռնագանձման պահանջով: Սակայն 2015թ. ապրիլին դատարանը կարճել է վարույթը՝ հայցվորի կողմից հայցադիմումը հետ վերցնելու հիմքով: Ամենայն հավանականության, ընկերությունը վճարել է պարտքը:

ԴԱՀԿ Աջափնյակ և Դավթաշեն բաժինը այս տարվա հունվարի 23-ին ևս մեկ վարույթ է հարուցել ընկերության նկատմամբ, և  10,8 մլն դրամ հայցագնի չափով արգելանք է դրվել ընկերությանը պատկանող գույքի վրա: Ընկերությանն արգելվել էր որևէ գործարք կատարել:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter