Երկուշաբթի, 11 դեկտեմբերի

Նորվեգիայի հայերը ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը և նշել Սբ. Զատիկը



Նորվեգիայում Հայկական մշակութային կազմակերպությունը, որը միավորում է Օսլոյի և շրջակա բնակավայրերի հայերին, մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ասկեր քաղաքի եկեղեցում կազմակերպել էր Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում: Միջոցառումը պարունակում էր և մշակութային, և կրոնական և ժամանցային տարրեր, այն հատկապես ոգևորում էր համայնքի փոքրիկ անդամներին, ովքեր խանդավառությամբ մրցում էին գունեղ ու նկարազարդ հավկիթներով:

Ավանդույթի համաձայն' ապրիլի 24-ին համայնքի անդամներն այցելեցին Օսլոյի մերձակայքում' Բաերում համայնքում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի նախկին առանձնատան տարածք, որն այժմ զբաղեցնում է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտը: Հենց այդ տան բակում է գտնվում մեծ մարդասերի ու հայ ազգի անձնուրաց բարեկամ Նանսենի գերեզմանը, որն էլ յուրահատուկ սրբավայր և Ցեղասպանության հիշատակի հուշահամալիր է դարձել տեղի հայերի համար:

Համայնքի անդամներն իրենց փոքրիկների հետ ծաղիկներ դրեցին մեծ նորվեգացու շիրմին ու մոմեր վառեցին: Նորվեգիայի Հայկական մշակութային կազմակերպության նախագահության անդամ Լիլիթ Մկրտչյանը հիշատակման ելույթ ընթերցեց, մի քանի անդամներ ևս երախտիքի խոսքեր ասեցին' ուղղված Ֆրիտյոֆ Նանսենին: Այնուհետև հավաքվածները երգեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը և ծածանեցին Հայաստանի ու Նորվեգիայի դրոշները:

Հիշատակի միջոցառումն ավարտվեց Նանսենի տան բակում կազմակերպված հյուրասիրությամբ: Հավաքվածները քննարկեցին համայնքին հուզող խնդիրներ:

Ինչպես նշվում է Օսլոյից Էրիկ Գրիգորյանի տարածած նյութում, Նորվեգիայի համայնքի խնդրանքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշում է ընդունել պաշտոնապես հիմնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներկայությունը Նորվեգիայում, որը կկազմակերպվի ապրիլի 29-ին Շվեդիայում Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ քահանայի մատուցելիք պատարագով: Այդպիսով, Շվեդիայում հայկական եկեղեցին սպասարկող հոգևորականների խումբը կսպասարկի նաև Նորվեգիայի հայ համայնքին:

Նորվեգիայի երկրորդ ամենամեծ քաղաքում կա Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված և Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող խաչքար

Նորվեգիայի հայ համայնքը տարբերվում է Եվրոպայի դասական հայկական համայնքներից, քանի որ այն համեմատաբար փոքրաթիվ ու նոր է: Այստեղ, ի տարբերություն Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, չկան հայերի երկրորդ և երրորդ սերունդներ: Համայնքը հիմնականում բաղկացած է Միջին Արևելքից ոչ շատ վաղ անցյալում ներգաղթած հայերից: Հայերը սփռված են Նորվեգիայի տարբեր մարզերով: Իրենց թվով և ակտիվությամբ հիմնականում աչքի են ընկնում Օսլոյի և շրջակա բնակավայրերի' Բերգենի, Ստավանգերի և Ալեսունդի հայերը:

Նորվեգիայում մեծությամբ երկրորդը համարվող Բերգեն քաղաքում կա Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված և Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող խաչքար, որը տեղադրվել է 2007թ. ապրիլին:

Հայկական մշակութային կազմակերպությունը ծրագրում է նման խաչքար-հուշակոթող տեղադրել նաև Օսլոյի տարածքում: Նանսենի առանձնատան տարածքում նման հուշակոթող տեղադրելու մասին հայերի դիմումը, ցավոք, մերժվել է, քանի որ այդ տարածքը տեղական իշխանությունների հատուկ վերահսկողության տակ է, և որոշում կա տարածքը պահպանել իր բնական տեսքով' առանց նոր հավելումների կամ փոփոխությունների:

2008 թ. Նորվեգիայի հայկական համայնքից Կայծակ Դեմիրճյանի, Իտալիայի համայնքից Պիետրո Կուչուկյանի և այլոց հովանավորությամբ Նանսենի գերեզմանից մասունքներ տեղափոխվեցին Հայաստան, և Նանսենին նվիրված հուշաքար կանգնեցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում' հիշողության պատին:

Ֆրիտյոֆ Նանսենը առաջին համաշխարհային պատերազմից հետո նշանակվել էր Ազգելի լիգայի փախստականների հարցերով հանձնակատար: Նրան էր հանձնարաված մեծ պատերազմի արդյունքում փախստական ու անհայրենիք դարձած միլիոնավոր մարդկանց վերաբնակեցումը: Նանսենի ստեղծած Նանսենյան անձնագրերի օգնությամբ անձը հաստատող փաստաթուղթ և վերաբնակեցման իրավունք ստացան միլիոնավոր փախստականներ, այդ թվում նաև երեք հարյուր հազարից ավելի հայեր:

Նանսենը հատկապես անհանգստացած էր հայերի ճակատագրով: Նա քանիցս այցելել է Հայաստանը և գրքեր հրատարակել Հայաստանի մասին: 1916-ին հայ ազգի անձնուրաց բարեկամը գրում է. «Ոճրագործությունը, որ սկսվեց 1915-ին, չի կարող համեմատվել մարդկության պատմության ոչ մի դրվագի հետ: Աբդուլ Համիդի իրականացրած ջարդերն անգամ ոչինչ են' համեմատած նրա հետ, ինչ արեցին այսօրվա թուրքերը»:

Նա իր քաղաքական և հասարակական կյանքի ողջ ընթացքում նվիրված մնաց Հայկական հարցի համար մղվող պայքարին: Նանսենի դստեր հավաստմամբ' վերջին բանը, որ ասել է հայրը մահվանից առաջ, «հայ» բառն էր:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ