HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնղոլիայից Անտառամեջ․Հայաստանի քաղաքացի դառնալու դժվարին ճանապարհը

«Սկզբում ասում էին՝ դու մոնղոլ ես, հետո երբ սկսում էի հայերեն խոսել, ասում էին՝ չէ, հայ ես»,- պատմում է Վարսիկը: 

Մոնղոլուհի Բայանդոլգոր Օյունչիմեգը (Բայինա) իր երկու երեխաների հետ բնակվում է Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում: Նա 14 տարի առաջ Մոնղոլիայում ամուսնացել է Հրահատ Երիցյանի հետ: Հրահատը շինարար էր եւ աշխատում էր Ուլան Բատորում: Նրանց երկու զավակները՝ Վարսիկն ու Արշակը, ծնվել են այնտեղ:

Հրահատը սրտի հիվանդություն է ունեցել,  բժիշկները խորհուրդ են տվել ապրել ծովի մակերևույթից ավելի ցածր վայրում, քան Մոնղոլիան է: 2011թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Հրահատը Մարտունի գյուղից է, բայց այնտեղ ապրելու տեղ չկար: Նրանք Անտառամեջ գյուղի մի կիսաքանդ տուն գտան, վերանորոգեցին եւ սկսեցին ապրել այնտեղ։ 2015-ին Հրահատ Երիցյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից։ 

Անտառամեջը փոքրիկ գյուղ է` Գեղամա լեռների ստորոտում: 163 բնակիչ ունի գյուղը։ Հիմնականում փախստականներ են Ադրբեջանի Շամխորի շրջանի հայաբնակ գյուղերից։ Նրանք այստեղ վերաբնակեցվել են 1988-89 թվականներին: Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ եւ բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ:

Ծովի մակերևույթից 1575 մ բարձրության վրա գտնվող Անտառամեջ հասնելու համար ստիպված եղանք փոխել մեքենան, քանի որ անտառամիջյան քարուքանդ ճանապարհը միայն բարձր թափքով մեքենաները կարող են հաղթահարել:

Մարտունեցի Արծրունը, ով ուղեկցում էր մեզ, ասում է, որ Ճամբարակի շրջանում գրեթե բոլորը գիտեն մոնղոլահայ այս ընտանիքի պատմությունը: Գյուղացիները հաճախ են տեսնում, թե ինչպես է մոնղոլուհի Բայինան միայնակ գնում անտառ, վառելափայտ հավաքում, բարձում էշի վրա ու վերադառնում տուն:

Երիցուկների սպիտակ դաշտի միջով անցնող ճանապարհը տանում է դեպի Բայինայենց տուն: Դաշտի մի հատվածում ծառից կապած էշն է՝ իր քուռակով։ Բակում, տան աստիճաններին,  պատշգամբում պտտվում են հավի ճտերը։ Վարսիկն ու Արշակը լսել են տան դիմաց կանգնող մեքենայի ձայնը, միանգամից դուրս եկել բակ, իսկ Բայինան փորձում է հասկանալ, թե ովքեր են իրենցով հետաքրքրվածները: Մայրը և երեխաները՝ ոչ հայկական դիմագծերով, հյուրերին հայերենով ջերմորեն տուն են հրավիրում:

Բայինան ասում է, որ երեխաներն ավելի լավ են հայերեն խոսում, քան ինքը: Հիշում է, առաջին երկու տարիներին ամուսինն ու ինքը ռուսերեն են խոսել: «Կամաց-կամաց՝ էս բառը ոնց են ասում, գդալ-պատառաքաղը ոնց ա, շնորհակալությունը ոնց ա... Մեր քաղաքում հայեր կային, ով եկավ մեր տուն, իրանցից մի բառ պոկելով սովորել եմ»:

«Եկանք Հայաստան, մի քիչ դժվար էր, բայց ոչինչ, մեր գյուղի մարդիկ իմ խոսացածը հասկանում են»,- պատմում է Բայինան՝ ավելացնելով, որ շատ բաներ երեխաներից է սովորում: Փոխարենը Վարսիկն ու Արշակը մոնղոլերենն են մոռանում: Բայինան ասում է, որ չի ուզում երեխաներին ծանրաբեռնել, ուզում է հայերենն ամրապնդեն, հետո նոր մոնղոլերենը կվերհիշեն:

9-ամյա Արշակն ու 11-ամյա Վարսիկը Անտառամեջի դպրոցն են հաճախում, գերազանց են սովորում: «Երբ մամայի բարեկամները զանգում են, սկսում են մոնղոլերեն խոսել, փորձում եմ հասկանալ, բայց չի ստացվում. շատ արագ են խոսում»,- ասում է Արշակը:

Մոնղոլիայում գտնվող հարազատների հետ հաղորդակցության հիմնական միջոցը սոցիալական ցանցերն են՝ հեռախոսի միջոցով: Բայինան չի կարողանում զանգել հարազատներին, որովհետև 1 րոպեն 520 դրամ է: Հարազատներն էլ ուզում են գալ իրեն այցելության, բայց չեն կարողանում՝ կրկին ֆինանսական դժվարությունների պատճառով:

Ընտանիքի ողջ պատմությունն ամփոփված է լուսանկարների կարմիր ալբոմում, որն ըստ Վարսիկի, շատ կարևոր է մայրիկի համար: Ալբոմում շատ են լուսանկարները, որտեղ Բայինան բեմում երգում է: Նա պատմում է, որ մայրաքաղաք Ուլան Բատորում սովոր չի եղել հող մշակելուն ու անասուն պահելուն. երգչուհի է եղել:

«Էս տունը որ առաջին անգամ տեսա, համարյա հետ էի փախչում: Կամաց-կամաց ամուսնուս հետ էս պատերը պատել ենք, բաղնիքը ուզեցինք սարքենք, կիսատ եղավ…»,- ասում է Բայինան: Գյուղի գործերը ամուսնուց ու հարևաններից հարցնելով է սովորել և այժմ մյուսների պես պահածոներ էլ է պատրաստում: Եկող տարի որոշել է գոմը կարգի բերել, կով ու ոչխար պահել, հետո պատշգամբը կներկի, որ տունը տան նման լինի:

«Լավ կլինի, դուխս չեմ կորցնում: Առողջ լինենք, լավ կլինի»,- ասում է Բայինան: Երեխաները փորձում են տան գործերում ամեն կերպ օգնել մորը: Արշակն, օրինակ, մոր հետ երբեմն անտառ է գնում՝ փայտ ու խոտ բերելու, իսկ Վարսիկը մնում է տանը, որ հետեւի՝ ճտերը չփախչեն:  

«Մի ժամանակ հայրիկս ինձ ու Արշակին ասում էր լավ սովորեք, որ հեծանիվ առնեմ: Մենք լավ սովորեցինք, ուղղակի ինքը չհասցրեց… Հիմա հայրիկս չկա, մահացել ա, բայց մենք փորձում ենք էլի նորից հասնել հաջողության»,- ասում է Վարսիկը:

Բայինան հպարտանում է, որ Արշակն ու Վարսիկը դպրոցում լավ են սովորում: Արշակը ասում է, որ բոլոր առարկաներն էլ սիրում է, բայց նկարչությանն առանձին տեղ է տալիս: «Նկարելուն էլ լավ տրամադրություն ա պետք: Լավ տրամադրություն էղնում ա էն ժամանակ, երբ որ ես լավ բաներ եմ իմանում, որ, օրինակ, մի հատ ծովահեն նկարեմ կամ ուրիշ մոլորակներ: Իսկ եթե նկարելու բան չկա, չեմ նկարում, որովհետև նկարելու միտք չի էղնում»,- պատմում է Արշակը:

Ի տարբերություն քրոջ՝ Արշակն ավելի ամաչկոտ է ու քչախոս: Երբ գյուղ են եկել, Վարսիկն առաջինն է գնացել տեղի երեխաների հետ ծանոթանալու: Հիմա Արշակի հետ միասին հաճախ են գնում հարևանի տուն, խաղեր կազմակերպում. «Սկզբում ասում էին՝ դու մոնղոլ ես, հետո երբ սկսում էի հայերեն խոսել, ասում էին՝ չէ, հայ ես»,- պատմում է Վարսիկը:

Դպրոցում բացի հայերենից սովորում են նաև ռուսերեն ու ֆրանսերեն: Վարսիկը ցավով է նշում, որ անգլերեն սովորել չեն կարողանում, քանի որ ուսուցչուհի չունեն: Դպրոցում շատ գրքեր չունեն, բայց համագյուղացիներից մեկն անձնական գրադարան ունի, որտեղից էլ Վարսիկն ամեն շաբաթ մի գիրք է վերցնում ու սկսում կարդալ:

«Մաման ասում ա բարակ գրքերից սկսի, հետո հաստերին կանցնես, բայց ես հաստ գրքերն եմ սիրում: Հայկական պատմական գրքերն եմ շատ սիրում՝ «Գևորգ Մարզպետունին» եմ կարդում հիմա»,- ասում է Վարսիկը:

Անտառամեջցիները հիվանդանոց գնալու համար ստիպված են հասնել Ճամբարակ, Սևան կամ Իջևան: Նույնիսկ «թաղային բժշկին» դիմելիս պետք է անցնել 8 կմ ճանապարհ՝ դեպի հարևան Դպրաբակ գյուղը: Դեղեր և այլ անհրաժեշտ բաներ գնելու համար գյուղացիները դիմում են ուրիշ բնակավայրեր գնացողներին: Սրանք Անտառամեջում բնակվող Բայինային հանդիպող հիմնական դժվարություններն են:

Բայինան այս տարվա մարտին դիմել է Սերժ Սարգսյանին՝ երեխաների հայրությունը ճանաչելու և իրենց քաղաքացիություն շնորհելու հարցով: Հրահատ Երիցյանի հետ իր ամուսնությունը Մոնղոլիայում չի գրանցվել, քանի որ չեն կարողացել Հայաստանից ստանալ ամուսնու՝ նախկինում ամուսնացած չլինելու մասին փաստաթուղթը՝ Մոնղոլիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության բացակայության պատճառով:

Մոնղոլիայից Վարսիկ և Արշակ Բայանդոլգորների ծննդյան ակտերի պատճենները ստանալու խնդրով Հայաստանի արդարադատության նախարարությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը: Վերջինս պատասխանել է, որ փորձել է փաստաթղթերը ստանալ Ղազախստանում ՀՀ դեսպանության միջոցով, «սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել»:

Ինչևէ, ևս մեկ գրություն Բայանդոլգորը ստացել է ՀՀ ոստկանության անձնագրային և վիզաների վարչությունից, որով պահանջել են ամուսնու մահվան վկայականը, ինչպես նաև իր և զավակների անձնագրերի պատճենները՝ «հարցի քննարկման և հետագա գործողությունների իրականացման համար»: Բայանդոլգորը փաստաթղթերն ուղարկել է, սպասում է պատասխանի: Գործի ընթացքի մասին տեղեկություն ստանալու համար «Հետք»-ը հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը:

Բայինան և երեխաները չեն ուզում գնալ Հայաստանից, քանի որ այստեղ իրենց լիարժեք բնակիչ են զգում: Նրանք հույս ունեն հնարավորինս շուտ քաղաքացիություն ստանալ, ինչը կօգնի երեխաների ապագա կրթության և աշխատանք գտնելու հարցում:

«Ես վերադառնալու մասին չեմ մտածում: Իմ էրեխեքը արդեն 4-5-րդ դասարան են, հիմա էս էրեխեքին վերցնեմ-գնամ, մոնղոլերենն ընդհանրապես մոռացել են, հիմա գնան էնտեղ ո՞րերորդ դասարան սովորեն»,- ասում է Բայինան:

Պատրաստեցին

 

Մեկնաբանություններ (16)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հետաքրքիր էր. ու լավ ներկայացված: Ներքևի (ՖԲ - Emil Avetisian) կոմենտը կատակ չէ: Ես համարյա նույնը գրել եմ նախկինում ու որոշ (հատկապես հայ աղջիկների/կանանց) դա դուր չեկավ: Բայց նորից գրեմ. հայ ազգի գենը շատ հնուց է գալիս. դրա՛ համար հայ գենը օտարներին չի խառնվում: Շատ ազգեր (հատկապես թուրքերը) մի տեսակ նախանձում են հայի գենի/ցեղի այս մաքրությանը: ԲԱՅՑ՝ մյուս կողմից՝ հայի գենը մի տեսակ ծերացել է: Սա փոխելու համար՝ հայ (հատկապես հայաստանցի) տղամարդկանց եթե գոնե 15-20 %-ը ամուսնանա օտարազգիների հետ ու երեխաները մեծանան Հայաստանու՛մ, սա կթարմացնի հայի գենը: Նման երեխաներին պիտի վերցնել, հատուկ կրթել ու դարձնել օրինակ զինվորականներ: Տեսեք. թուրքերը ոչ միայն իրենց գենը/արյունը,այլ նաև ռասը (մոնղոլոիդից եվրոպոիդ) փոխեցին:
Gohar
Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղը միանգամից հայտնի դարզավ հանրւթյանը․ ինչ գեխեցիկ կին է,հապա երեխաները՞,եվ վօչ մի դառնւթիւն․ Շնորհակալություն բոլորիդ,Հետք,այս առավօտ դրական լիցքեր ստանալւս համար․
gohar
Հրահատ Երիցյանի հարազատները կան՞,կապ ւնեն՞երեխաների հետ՞
Բոլորդ կեցցե՜ք
Շատ հավանեցի: Կեցցե՜ք, Հետքի շնորհալի խմբագրակազմ: Դուք լույս եք Հայաստանի խավար ու գաղջ լրատվադաշտում: Հայոց Աստված պահապան այս հրաշք բալիկներին իրենց կենսախինդ մայրիկի հետ:
բոլին
խորին շնորհակալութիւններ անբողջ «հետք»ի խունբին. խիստ հետագրքրական. ինչ երջանիկ ընտանիք հակառակ բոլոր դժուար պայմաններուն. խոր գուրգուրանքով համբուրուր եմ այս «հերոս»,համակրելի եւ գեղադեմ մայրը եւ շատ խելացի զաւակները.
gohar
Այնքան շատ եմ հավանել ,վօր ամեն օր կարդւմ եմ ․Շատ գրագետ ե գրվաց, իսկ պատկերները հրաշալի են եվ լրացնւմ են հօդվացին․կենդանի եվ խօսւն․ Անգլերենօվը ւխարկել եմ իմ ամերիկյան բարեկամներին․իմ ընտանիքի անդամներին , ընկերւհիներիս․ մտօրւմ եմ օգնւթիւն կազակերպել․ Հետք-- բացարզակ էս հայաստանի մամւլւմ ,շնորհալի աշխատօխներ,շարւնակեք այդպիսի պօզիտիվ նյւթերօվ մեր դյվար կյանքը դյւրին դարզել
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա էլ ավելացնեմ. Մոնղոլիայում հիմնականում Տիբեթյան բուդիզմին են հետևում, որտեղ «կարման» կարևոր դեր ունի: Այսինքն՝ մարդիկ ոչ թե պայքարում են ճակատագրի ԴԵՄ, այլ ճակատագրի ՄԵՋ. ընդունում են ճակատագիրն ԻՆՉՊԵՍ ԿԱ ու փորձում բարելավել ներկա՛ն: Սրանից հայերն էլ կարող են սովորել: Դրա համար հոդվածի մայրը դրականորեն ընդունում է ներկան: Վաղուց արդեն իմ ամենասիրելի կյանքի դրույթներից մեկը սա է՝ it is what it is, and it is always the best for you (թարգ.՝ այն է,ինչ որ կա. ու դա քո համար ամենալավն է):
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իրոք լավ ներկայացված նյութ է: Բայց եթե կարելի է, մի նկատառում՝ ֆորմատի մասին. երևի ավելի ընթերցելի կլինի,եթե նկարներն ու տեսաֆիլմերը մի փոքր ավելի փոքր ֆորմատի լինեն: Այլապես գրվա՛ծ նյութը մի տեսակ «կորում է» մեծ/ամբողջ էկրանով նկարների ու տեսաֆիլմերի արանքում:
Արմեն
Մի տեսակ մաթևոսանական Անտառամեջ էր․․․ ինքնատիպ հերոսներով, ինքնատիպ պատմություններով․․ հրաշալի դրական նյութ էր, հուսամ լավ շարունակությամբ և լավ ավարտով․ իսկ երեխաներին հեծանիվ առնելու նախաձեռնությանը կմիանամ մեծ սիրով
Susanna
Շ
Անի Հովհաննիսյան
Հարգելի Սոֆյա, եթե կարողանաք կամավորների խումբ հավաքել, ովքեր կօգնեն Բայինային տունը վերանորոգել, կարծում եմ շատ օգնած կլինեք։ Նաեւ կարելի է դրամահավաք անել ու մի քանի անասուն գնել նրանց համար։ Եթե ինչ-որ բան կազմակերպեք, տեղյակ պահեք, միասին կգնանք, այո։
Սոֆյա
Նախաձեռնու՞մ եք կրկին այցելել այս ընտանիքին: Նման պարագայում շատ լավ կլիներ ինչ որ նվերներով գնալ ու դրա համար էլ կարող ենք միասին կազմակերպել դրամահավաք կամ մի ուրիշ բան...: Կամ կարելի էր մի կամավորական խմբով գնալ ու ներկել դարպասները ու ուրիշ գործեր անել..մի խոսքով տեղյակ կպահե՞ք: Շնորհակալություն
Կարեն Հարությունյան
Հրաշալի հոդված էր: Լուսանկարիչն իր աշխատանքն արել է մեծ վարպետությամբ:
Մանե Հակոբյան
Շնորհակալություն բոլորիդ այս հիասքանչ հանդիպման համար:
Vahe Vahuni
apreq shat. shat bovandak u hakirch filmer: Shat graget, vorn aysor shate bacakayun , kareli e asel grete chka evs mek angam shat shnorhakalutyun
Գևորգ
Ապրեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter