HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Հարց անցյալին. թուրք ընտանիքի զավակը քննում է ընտանեկան պատմությունը

Թուրք լուսանկարիչ Էմին Աքփընարը տևական ժամանակ է, որ զբաղված է իր ընտանիքի պատմության դատարկ անցքերը գտնելու և այդ դատարկության պատճառաբանության որոնումներով: Իր ընտանիքի ազգայնական տրամադրությունների հետ խորքային անհամաձայնություն ունենալուց բացի, նա մանկուց լսած պատմություններում հայտնաբերել է ոչ տրամաբանական անցք:

Էմինի ընտանեկան պատմությունը բաղկացած է մեկ անցքից. իրենց ընտանիքը 1925թ. Էրզընջանից(Երզնկա) փախել է Քըրշեհիր, որովհետև հայերը վառում էին գյուղերն ու կոտորում մարդկանց:

«Իմ ընտանիքը շատ բան չգիտի իր անցյալից, ու ես մեր անցյալի մասին լսել եմ միայն սա, որը հիմնված է մեծ հորեղբորս ասածների վրա,-«Հետքին» պատմում է Էմինը,- ու ես սկսեցի հորս հարցեր տալ այդ պատմության վերաբերյալ»:

Էմինի հայրը նույնպես այս պատմության կրողն է, ու քանի որ նրա հայրը մահացել է, երբ վերջինս 6 տարեկան էր, միակ աղբյուրը նրա ավագ եղբայրն է, որ ծնվել է հենց Էրզընջանում, ու իր խոսքով՝ փախուստի ժամանակ եղել է մոտ 5-6 տարեկան, երբ հայերը «բարբարոսություններ» էին անում: Նրա հորեղբայրը դեռևս կենդանի է, սակայն անկողնային հիվանդ է, ու նրա հետ դժվար է հաղորդակցվել:

1915թ. Ցեղասպանություն լինելու պարզ պատճառով Էմինին այս պատմությունը հավաստի չի թվում:

«Եթե նրանք փախել են 1925թ՝ հարց է առաջանում, թե ումից էին փախնում, որովհետև այդ ժամանակ եթե անգամ Ցեղասպանությունից հետո Էրզընջանում հայեր էին մնացել, նրանք չէին կարող գյուղեր վառել կամ մարդկանց սպանել»,- ակնհայտ հակասությունը փաստում է էմինը:

Էմինի հայրը իր կյանքի ընթացքում մեկ անգամ է գնացել է իրենց հարազատ գյուղը, որպեսզի որոշ տեղեկություն հավաքի իր ընտանիքի այլ անդամների մասին, որովհետև հայտնի էր, որ փախուստի ժամանակ մեծ ընտանիքն ամբողջությամբ չի կարողացել տեղափոխվել Քըրշեհիր: Նրա հայրը գյուղում ոչինչ չի հարցրել հայերի մասին, որովհետև նրան հետաքրքրում է միայն իր ընտանիքի ճակատագիրը:

«Նրան ոչինչ չի հաջողվել իմանալ, միայն մի ծեր մարդ հորս ուղեկցել է մի շատրվանի մոտ ու ասել, որ սա իր հայրն է սարքել, բայց մենք ոչինչ չգիտենք այդ մասին»,- ասում է Էմինը:

Էմինի հաջորդ հարցը վերաբերում է իրենց գյուղի անվանը, որ նա լսել է ամբողջ կյանքում՝ Bagariç- Բագառիճ:

«Նրանց մտքով երբևէ չի անցել, որ այդ բառը թուրքերեն չէ,- ժպտում է Էմինը,- Ես հորս հարց տվեցի, թե ինչ է նշանակում մեր գյուղի անունը թուրքերենով, ու նա չկարողացավ այդ հարցին պատասխանել, հետո ես նրան ասացի, որ դա հայերեն է, ու այդ գյուղում հայեր են ապրել»: 

Էմին Աքփընարը Սևան Նշանյանի քարտեզի միջոցով գտել է գյուղն ու անվան մեկնությունը, ու հայտնաբերել, որ Բագառիճը հայերեն բառ է, որը նշանակում է Աստծո տաճար կամ բնակավայր:

«Ես, փաստորեն, հայտնաբերեցի, որ իմ ընտանիքը նախ՝ չի փախել հայերից, և երկրորդ՝ այդ գյուղի անունը թուրքական չէ, ու երրորդ՝ այդ գյուղում շատ հայեր են եղել»,- ասում է Էմինը:

Արևմտյան Հայաստանում կա Բագառիճ անունով երկու գյուղ. մեկը գտնվում է Էրզրումի վիլայեթի Դերջան գավառում, մյուսը՝Ղարանաղի կամ Կամախ գավառում, որն այժմ կոչվում է  Քեմահ: Էմինը Սևանյանի կայքից վերցնելով հայերեն գրված Բագառիճ բառը՝ տարբեր հայկական ֆորումներում ու կայքերում որոշ տեղեկություններ է հավաքել իր գյուղի մասին, որը հասկանալու համար օգտվել է Google Translate-ից:

Սկզբնապես չիմանալով երկու Բագառիճների գոյության մասին, Էմինը հայտնաբերել է Սողոմոն Թեհլերյանին, որ ծնվել է այլ գյուղում, սակայն հետո հասկացել է, որ Թեհլերյանը այլ Բագառիճից է:

Ըստ Ռայմոնդ Գևորգյանի «Հայկական Ցեղասպանություն» գրքի՝ Ցեղասպանության նախօրեին Դերջանում եղել են 41 հայկական գյուղ՝ 11690 ընդհանուր հայկական բնակչությամբ, դրանցից ամենամեծը եղել է հենց Բագառիճը՝ 1060 հայկական բնակչությամբ:

Որոնումների ժամանակ Էմինը հանդիպել է նաև Հայաստանի Ազգային արխիվի կողմից հրապարակված «Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն թարգմանությանն ու այնտեղ գտել որոշ հիշատակություններ իրենց գյուղի մասին: Վարդան Ավետիսյան անունով ականատեսը, որ Ցեղասպանության ժամանակ եղել է 11 տարեկան, վկայություն  է թողել, որ պատերազմից առաջ հայերն ու թուրքերը միասին շատ երջանիկ են ապրել:

32-ամյա Էմինն ասում է, որ նրան չի հետաքրքրում, թե արդյոք իր պապը հայ է, թուրք, թե քուրդ: «Իմ ընտանիքի պատմությունը աղոտ է, ու շատ անհասկանալի բաներ կան,- մեկնաբանում է նա,- Իմ  ընտանիքում միշտ խոսվել է, որ մենք մաքուր 100 տոկոսով թուրք են, բայց ես չեմ սիրում այդպիսի ազգայնական բաներ, ու պատասխաններ եմ փնտրում»:

Մինչև 20-րդ դարասկիզբը, երբ Եվրոպայում արդեն լայնորեն տարածում գտած ազգայնականությունը՝ ազգային պետություն ստեղծելու մարմաջով, դեռևս չէր ծավալվել դեպի Արևելք, Օսմանյան կայսրությունում ապրող մարդիկ համարվում էին օսմանահպատակներ ու մարդիկ տարբերակվում էին ըստ կրոնական պատկանելության՝ մահմեդականներ և քրիստոնյաներ: Թուրք եզրույթը որպես Թուրքիայի քաղաքացի շրջանառության մեջ է դրվել 1923թ. ազգայնական պետության հիմնադրումից հետո և ժամանակի ընթացքում ամենատարբեր միջոցներով Թուրքիայում ապրող մարդկանց պարտադրվել է թուրքական ինքնություն:

Թուրք գրող և սոցիոլոգ Փընար Սելեքը փաստում է, որ թուրքական ինքնությունը ստեղծվել է ոչ մահմեդականների բնաջնջման հիման վրա՝ հայերի Ցեղասպանություն, հույների վտարում և այլն ու Անատոլիայում՝ Բալկաններից և Կովկասից մահմեդական համայնքներ ընդունելու միջոցով, որոնց ասվել է, որ նրանք թուրքեր են. «Երանի նրան, ով իրեն թուրք է կոչում»:

Սակայն այս պրոցեսը, որը ժամանակին արդյունք է տվել, այժմ այլ տեղ է տանում, որովհետև Թուրքիայում բազմաթիվ մարդիկ հարցադրումներ ունեն իրենց անցյալի, և հետևաբար ինքնության վերաբերյալ, իսկ որոշ առաջադեմ մարդիկ էլ իրենց թուրք չեն անվանում:

Էմինը մեծացել է մաքուր թուրքական ինքնությամբ, և հետևաբար, թուրք հասարակությունում մեծամասնություն համարվող ընտանիքում, որտեղ քարոզվել են թուրք/ճիշտ/արդար լինելու գաղափարախոսությունը, սակայն նա համոզված է, որ հնարավոր չէ Անատոլիայում լինել 100 տոկոսով թուրք: Նա չի կարողանում հասկանալ, թե ինչն է նրան դրդում քննել իրենց ընտանիքի անցյալը:

«Հնարավոր է, որ ես այդ բացահայտմամբ ուզում եմ իմ ընտանիքին ցույց տալ, թե նրանք ճիշտ չեն, որովհետև նրանք շատ ազգայնական են, ու ես չեմ սիրում ազգայնական բաներ, սակայն ես այդ հարցի պատասխանը չունեմ»,- ասում է նա:

Միևնույն ժամանակ Էմինին այս հարցադրումներին դրդել են իր հայկական արմատներով ընկերների պատմությունները, որոնք ընկերական միջավայրում խոսել են իրենց ընտանեկան պատմություններից:

«Նրանք մեծանալով հանկարծակի իմանում են, որ իրենց տատը կամ պապը հայ է, որ իսլամացվել է, ու նրանք ունեն այդ պատմությունները, բայց իմ պատմությունը շատ տարբեր է նրանցից, որովհետև պարզապես պատմություն չկա»,- ասում է նա:

Նա առաջ է քաշում հաջորդ հակընդդեմ հարցը. եթե, օրինակ իր ընտանիքը թուրք է եղել, ի՞նչն է նրանց դրդել փախնելու, որովհետև վստահապես նրանք չէին կարող հայերից փախչել: Նա ասում է, որ եթե անգամ իր ընտանիքը չի փախել, այլ պարզապես գյուղից տեղափոխվել է քաղաք, ինչը հաճախ պատահում է, ապա դրա հակափաստարկն այն է, որ նման դեպքում մեծ ընտանիքները տեղափոխվում եմ ամբողջությամբ, իսկ հայտնի է, որ իրենց ընտանիքը մասնատված է. նրանք գնացել են տարբեր ուղղություններով, ու միմյանց մասին չգիտեն: Մեկ այլ հարց է, թե ինչու են նրանք ընտրել Քըրշեհիրը, որովհետև այդ քաղաքը Անկարայի մոտ է և Բագառիճից բավական հեռու, իսկ մարդիկ փախուստի ժամանակ, սովորաբար գնում են ամենամոտ անվտանգ տեղը:

«Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չգիտեմ ու որոնում եմ»,- ասում է Էմինը:

Էմինն իր բացահայտումներով կիսվել է հոր հետ, որն էլ նրան սկսել է հարցեր տալ: Նրանք երկուսով ամռանը պլանավորում են գնալ Բագառիճ, որպեսզի ուսումնասիրեն իրենց ընտանիքի պատմությունը:

«Ես պատրաստվում եմ ճանապարհորդության ու մեկնելու եմ իմ լուսանկարչական ապարատով: Ես գիտեմ, որ այնտեղ բազմաթիվ եկեղեցիներ կան, ու պատրաստվում եմ գյուղի բնակիչներից հարցնել, թե ովքեր են կառուցել այդ եկեղեցիները»,- ասում է Էմինը:

Մեկնաբանություններ (9)

Rmen
I am an Armenian man 35 years old I was born in Soviet-Armenian and moved to The U.S. In 1989. Growing up I would constantly hear Turkish spoken around me grand parents, uncles, I would hear Turkish music, wach Turkish movies and soap operas my great grandmother grew up in a Turkish orphanage and did not speak Armenian (later on she married an understood The language quite well but you were still hardly ever hear her speak it ) in U.S. I have met a few Turks but don't have any Turkish friends it's sad that hate is so much stronger then love or forgiveness. I think given the right platform Armenians and Turks will get along fine. What we need as humans is consciousness
minas
It is really not important whether you are Armenian or Turk or Indian. What really matters is that you have the ability to ask questions and that is something that one can rarely see when having any sort of communication with Turks. It is like they are all brainwashed to believe what they have been taught about the glory of the Turkish nation.
minas
Vahram I have no Turkish friends, maybe you can introduce me to a few, from your wide circle!! I meant the Turks who frequently leave their hateful comments on almost every single Armenian video on Youtube, I don't see them and they are not my friends but in 2014 google has given me this opportunity to communicate with them. And my experience is that they are ready to go against any kind of logic to justify the deeds of their glorious Turkic forefathers. You are lucky if you know some other sort of Turks!
Aram
Wait a minute Xunsap'ha. You seem to have cornered TRUTH to yourself and (of all the people) to Ataturk. How presumptuous of you!!! We need Turks and Armenians who can look at each other and discuss their feelings truthfully and not release hot air balloons in the media.
ArmenianLady
Very courageous man. Only through these people we can bridge the gap and may be establish peaceful diplomatic relations with Turkey. I am sorry to see so many negative and narrow-minded comments above. But ignorance is the enemy of humanity. Individuals can still try to go beyond that in BOTH countries.
Անի
արյան կանչ
Vahram
Don't know what Turks Minas has been talking too...He should widen his circle of friends.
GB
Of course Turks have history, and their history lie across Altai mountain, where newly Islamized nomadic Turks herding their livestock and preparing, for invasion toward Armenia and Byzantine Empire.
Վահրամ
«Էմինն իր բացահայտումներով կիսվել է հոր հետ, որն էլ նրան սկսել է հարցեր տալ» Սա հայերեն չէ սիրելիս; մարդ չի կարող «կիսվել» ուրիշի հետ...նույնիսկ հորը հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter