HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. մութ ու ցուրտ տարիներին գողացված «Դևը», որին դեռ սպասում են

Աննա Բաբաջանյան

1990-ականները Հայաստանի թանգարանների համար դժվարին տարիներ էին: Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով հնարավոր չէր լինում  լուծել անգամ  ամենաառաջնային խնդիրները` նմուշների պահպանման նպատակով ջեռուցում կազմակերպելն ու դրանք պահպանելը: Այդ տարիներին դժվար կացության մեջ էր նաեւ  պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածուի հիման վրա ստեղծված  Երեւանի ռուսական արվեստի թանգարանը:

Արվեստի գործերը, որոնք ժողովված էին այդ շենքում, խիստ հսկողության կարիք ունեին, ուստի թանգարանում պահպանվող ցուցանմուշների անվտանգությունը վստահվել էր  մի կազմակերպության:  Այնտեղի աշխատակիցները, սակայն, այսօրվա պես հիշում են, թե  ինչպես 1995-ի հունիսյան  մի օր  իրենք  սովորականի պես մտել էին  թանգարան ու տեսել, որ  այնտեղ ցուցադրվող արժեքավոր նկարներից մեկը պատից բացակայում է:  

Հունիսի 4-ի գիշերը  շենքի մոտակայքում ապրող բնակիչները  թանգարանից աղմուկ էին լսել: Հետո  արդեն  աշխատակիցներից ոմանք նկատել էին, որ  շենքի ճակատային մասի պատուհաններից մեկը կոտրված էր: Ներս մտնելով` նրանք հայտնաբերել էին, որ թանգարանը կողոպուտի է ենթարկվել, իսկ պատից անհետացել է հավաքածուի մաս կազմող կտավներից մեկը` Միխայիլ Վռուբելի հայտնի   «Դևը»: Դա Մ.Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումն էր: Այն տեղ էր գտել նաեւ Ռուսական արվեստի  թանգարանի բացման  մասին ազդարարող մակետի վրա:  Ի դեպ, Վռուբելը կատարել է պոեմի 7 դրվագների նկարազարդումները, եւ  մյուս 6 նկարները գտնվում են տարբեր երկրների, այդ թվում` Ուկրաինայի, Ռուսաստանի հայտնի թանգարաններում: Իսկ Հայաստանում պահվող նկարազարդումը փրկել չէր հաջողվել, քանի որ չէր գործում ազդանշանային համակարգը:

Թե ինչու էր գողերի ընտրությունը կանգ առել հենց այս նկարի վրա` դժվար է միանշանակ ասել, այնուամենայնիվ, թանգարանի աշխատակիցները համոզված են, որ դա պատահականության արդյունք չի եղել: Պատվիրատուն, հավանաբար, քաջ գիտակցել է «Դև»-ի գեղարվեստական արժեքը. հակառակ դեպքում գողերի ընտրությունը կանգ կառներ այլ նմուշների վրա, որոնք ավելի մոտիկ կլինեին փակցված, եւ ավելի հեշտ կիներ դրանց կողոպուտն իրականացնելը:

1995-ից ի վեր «Դևը» որոնվում է, սակայն ո´չ գողության հեղինակները,  ո´չ կտավը  մինչ օրս չեն գտնվել: Կտավի որոնողական աշխատանքներով զբաղվում է նաև  Ինտերպոլը: Թանգարանում, այնուամենայնիվ, ժամանակակից թվային տեխնոլոգիաների շնորհիվ  հնարավոր է եղել ստանալ կողոպտված կտավի կրկնօրինակը, որը սովորական այցելուն հեշտորեն կարող է շփոթել բնօրինակի հետ:

 2-րդ լուսանկարում «Դևը» նկարի մակետն է 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter