HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շադե Ադու. Ոչ սովորական սեր կամ ներկայություն մեկ այլ ժամանակի մեջ

Նաիրա Հայրապետյան

1992թ-ից աշխարհով մեկ սկսեց շրջագայել ոչ սովորական սիրո մասին պատմող մի երգ՝ ոչ սովորական տեասահոլովակով. խոսքը բրիտանացի ամենա ոչ սովորական երգչուհիներից մեկի՝ Շադեի «No Ordinary Love» երգի մասին է: Այն ընդգրկված էր համանուն խմբի՝ «Sade»-ի թվով 4-րդ՝ «LoveDeluxe» խորագրով ստուդիական ալբոմում, որը թողարկվեց 1992թ: Ալբոմը «EpicRecords»–ը հոկտեմբերին ներկայացրեց նախ՝ ԱՄՆ-ում, ապա, մեկ ամիս անց, Մեծ Բրիտանիայում:

«Love Deluxe»-ն ընդամենը շատ կարճ ժամանակահատվածում արձանագրեց գլխապտույտ հաջողություններ` հատկապես վաճառքի առումով: Նույն թվականին  լույս տեսավ «No ordinary love»–ը` որպես ալբոմի առաջատար սինգլ և Միացյալ թագավորության  երաժշտական հարյուրյակում զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը: Ամիսներ անց, արդեն 1993թ. հունիսին, սինգլը վերաթողարկվեց և ժամանակի հեռավորության մեջ հետ նահանջելու փոխարեն առաջ շարժվեց՝ գրավելով 14-րդ հորիզոնականը: 

«No ordinary love»–ը համարվում է «Sade» -ի ստորագրություն-երգերից մեկը՝  «Smooth operator» (1984թ.) և «Paradise» (1988թ) երգերից հետո:

Օվկիանոսի խորքից ջրահարս-Շադեի պատմությունը իր արտասովոր սիրո մասին 1994թ. «Գրեմի» մրցանակի արժանացավ՝ որպես «R&B լավագույն կատարում (խմբի համար)»: Սա «Sade»-ի առաջին «Գրեմի»-ն չէ, իհարկե, բայց երգն իր մասսայականությամբ, ինչ խոսք, մեծ տարածքներ նվաճեց և շարունակում է սիրված մնալ մինչ օրս:

Ոչ պակաս անսովոր «Sade»–ն երաժշտական աշխարհ էր մուտք գործել 80-ականներից և հասցրել էր միանգամից գրավել երաժշտասեր հանրության ուշադրությունը: Կապ չուներ թե ունկնդիրը դասական ռոքի, դիսկո ոճի, թե բոլորովին այլ ուղղության լուրջ երկրպագու էր: «Sade» –ն հետաքրքիր էր՝ անկախ ոճային պատկանելիությունից, հետաքրքիր էր իր յուրահատուկ երաժշտական դիմագծով, կատարման խիստ տարբեր զգացողությամբ, բայց, առավելապես իր ինքնատիպ ու միևնույն ժամանակ պարզ գեղեցկությամբ առաջնորդվող՝ Շադե Ադուով: Գրավիչ, զուսպ, երբեմն սառը, բայց էկզոտիկ այս կերպարը բեմում, երաժշտության մեջ վերածվում է կանացիության խորհրդանիշի: 

Նիգերիական ծագումով այս երգչուհին Հելեն Ֆոլաշադե Ադուն է. նա միաժամանակ պրոդյուսեր է, գործիքավորող, երգահան, իր անունը կրող խմբի՝ «Sade» -ի միակ և մինչ օրս անփոխարինելի վոկալիստն է: Բայց ամեն ինչից առաջ, մինչ երաժշտական կարիերան սկսելը, նա նախկին դիզայներ է և հագուստի մոդելավորող: Շադեն երաժշտության հանդեպ մեծ սեր ուներ դեռ վաղ տարիքից: Նա լսում էր ամերիկյան սոուլ, մասնավորապես 1970-ականների երաժիշտներին՝ Քըրթիս Մեյֆիլդ, Բիլ Ուիզերս, Դոնի  Հաթըուեյ և ուրիշներ: Դպրոցական տարիներին մի անգամ ներկա գտնվեց «Jackson 5» խմբի համերգին՝ «Rainbow» թատրոնում, որի բարում  աշխատում էր նա շաբաթվա վերջին օրերին, որպես  վաճառող:

«Ես ավելի շատ տպավորվել էի հանդիսատեսով, քան այն ամենով, ինչը կատարվում էր այդ պահին բեմում:- ասում է Շադեն,- Նրանք իրար էին խառնել երիտասարդներին, փոքրիկներին գրկած մայրերին, ծերերին՝ սև, սպիտակ… կապ չուներ: Ես իսկապես ցնցված էի: Ահա այդ հանդիսատեսին եմ ես միշտ ձգտել հասնել»: 

1982թ. արդեն «Pride» խմբում իր երաժշտական ուժերը փորձած Շադեն նույն խմբի անդամների հետ հիմնեց բենդ, որը առաջնորդ-երգչուհու անունով կոչվեց «Sade»` Շադե: Նրանց երաժշտությունը ընդգրկում էր սոուլի, ջազի, R&B-ի, սոֆթ ռոքի, sophisti-pop, adult contemporary ժանրերի էլեմենտներ, որոնցից հյուսվել է խմբի յուրահատուկ ոճը:

«Sade»–ի դեբյուտային ալբոմը՝ «Diamond Life »–ը թողարկվեց 1984թ․ և «UK Album Chart»- ում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Այն Մեծ Բրիտանիայում վաճառվեց ավելի քան 1,2 մլն. օրինակով (հետագայում հասավ վեցի)` դառնալով 80-ականներին  ամենաշատ վաճառված դեբյուտային ալբոմներից մեկը և առաջին կին երաժիշտը, ով նման  հաջողության էր հասել հենց առաջին քայլից: Ուղիղ մեկ տարի անց «Brit Award»-ի կողմից արժանացավ «Բրիտանական լավագույն ալբոմ» մրցանակին: Այնուհետև սկսվեց ալբոմի, ուրեմն և խմբի համաշխարհային ճանաչումը, քանի որ վերածվեց հիթային առաջնորդի աշխարհի տարբեր երկրներում՝ ընդգրկելով նաև ամերիկյան մայրցամաքը: Հետևելով այս ալբոմի հաջողությանը՝ խումբը լծվեց նոր աշխատանքի՝ թողարկելով նոր ձայնասկավառակներ՝ ալբոմների մուլտի- պլատինե շարք, որոնք անբեկանելիորեն ամրապնդեցին նրա դիրքերը երաժշտական դաշտում: 

«Sade »–ն այլևս իր արտասովոր գեղեցկությամբ, խաղաղ ու նրբաճաշակ ոճով դարձել էր երաժշտասերների ուղեկիցը՝ «ուրիշ» աշխարհից: Եվ մինչ օրս, այս տարածքում փոփոխության քամիներ կլինեն, թե կարճ կյանք ունեցող, թեթև, բայց թելադրող հովիկներ, «Sade »–ն այս ամենից դուրս է և հավատարիմ է իր աշխարհին:

1985թ. Թողարկվեց «Promise»–ը, 1988 թ. «Stronger Than Pride»–ը և ահա 1992թ. «Love Deluxe» ալբոմները: Ըստ «AllMusic»–ի՝ «Love Deluxe»-ով նշանավորվում է նախկինում հանգստի անցած քուլ ջազի վերադարձը: «No Ordinary Love» հիթով առանձնացող այս ալբոմում «Sade» –ի ոճը ավելի շատ խորհելու տրամադրող է, քան հիպնոտիկ»:

Առանձնացնելով նրա «սառցային վոկալը, որով երգչուհին իր դեբյուտային սենսացիոն մուտքը ազդարարեց», պարբերականը նշում է, որ  ստեղծագործությունների ու գործիքավորման նոր մոտեցումը ամենևին չի խանգարել խմբին պահպանել իր  ժողովրդականությունը ժամանակակից հանդիսատեսի շրջանում: 

Շադեի ձայնը՝ իր խռպոտ և միևնույն ժամանակ զուսպ, հանգիստ բնավորությամբ համեմատել են Բիլի Հոլիդեյի հետ:  

Նրանից ազդվել են և շարունակում են ներշնչվել ժամանակակից շատ երաժիշտներ, մեծ մասամբ՝ հայտնի ռեփերներ: Մեզ արդեն քաջ ծանոթ Քանյե Ուեսթը ևս խոստովանել է, որ Շադեի երկրպագուն է, իսկ Բեյոնսեի համար նրա երաժշտությունը «իսկական ընկեր» է:

«Տարիներ շարունակ ես դիմել եմ նրան՝ ոգեշնչվելու նպատակով.- գրել է Բեյոնսեն իր կայքէջում,- ես անգամ չեմ կարող հաշվել թե որքան գիշերներ, օրեր, դժվար պահեր եմ ունեցել, երբ դիմել եմ նրան… նրա երաժշտությունը իսկական ընկեր է եղել, այդպիսին պետք է լինի իսկական երաժշտությունը: Շնորհակալություն Շադե…»:

«No Ordinary Love» -ին հաջորդեցին «Feel No Pain», «Kiss of Life»,  «Cherish the Day» սինգլները նույն ալբոմից: Հետագայում, մեծ ընդմիջումներով խումբը թողարկեց «Lovers Rock» (2000թ.) և «Soldier of Love» (2010թ.) ստուդիական ալբոմները և մի քանի հավաքածուներ, համերգային նախագծերի տեսասկավառակներ և սինգլներ: Բայց առայժմ այսքանը: Ավելացնենք միայն, որ Շադեն քչախոս արտիստներից է, նա չի սիրում հարցազրույցներ տալ, չի ենթարկվում ժամանակի նոր պահանջներին, այլ առաջնորդվում է իր հին սկզբունքով՝ երգելով: Նա չի մրցում ոչ ժամանակի, ոչ էլ երաժշտության մեջ, թերևս այդ պատճառով էլ հաճախ ձայնասկավառակներ չի թողարկում, իսկ երբ հայտնվում է որևէ երգով կամ տեսահոլովակով, նույն անկրկնելին է, նույն հմայիչը և նույն նորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter