HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Սիրիահայերի ճակատագրի առումով լուրջ բարդություններ ու շատ վտանգավոր պահեր կան»

Թունիսի նախագահ Զին էլ Աբիդին բեն Ալիի, Եգիպտոսի առաջնորդ Հոսնի Մուբարաքի ու Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի գահընկեցությունից հետո ի՞նչ են կանխատեսում հայ փորձագետները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պարագայում: «Հետքի» «Status» խորագրի այսօրվա թեման Սիրիայում լարված վիճակն է, որը հայերիս հետաքրքրում է մասնավորապես այդ երկրում շուրջ 70-հազարանոց հայ համայնքի առկայության եւ նրա ճակատագրի պատճառով:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ զարգացումներ կլինեն Սիրիայում, եւ ի՞նչ է սպասվում սիրիահայ համայնքին: 

Վլադիմիր Կարապետյան (ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու)- Թող Սիրիայի ժողովուրդը որոշի՝ արդյոք Ասադն է իրենց ղեկավարը լինելու, թե այլ անձ, այլ մարմին: Մենք ողջունում ենք եւ դրական ենք վերաբերվում Արաբական լիգայի առաջարկությունների փաթեթին, որը ներկայացվել է Ասադին: Ողջունում ենք նաեւ Ասադի՝ այդ առաջարկությունները ընդունելը:

Հայ համայնքի ճակատագիրը մեծապես պայմանավորված է այն գործընթացներով, որոնք տեղի են ունենում երկրում: Կարծում եմ, որ որեւէ խնդիր, ինչպես որ մինչ հիմա չի եղել, նույնպես չի լինի՝ անկախ նրանից, թե ով է իշխանությունը:

Ներկայումս հայ համայնքը առավելապես պաշտպանում է Ասադին: Չե՞ք կարծում, որ եթե իշխանությունները փոխվեն, վերաբերմունքի փոփոխություն կլինի հայերի նկատմամբ:

Հուսով եմ, որ ոչ: Այն փաթեթը, որը ներկայացվել է Արաբական լիգայի կողմից, բավականին ընդգրկուն է, եւ եթե առաջակության տառին համապատասխան գործեն իշխանությունները, եւ բարեփոխումները խորանան երկրում, կարծում եմ, որ հայ համայնքն իր տեղը կգտնի, եւ նրա անվտանգությանը որեւէ սպառնալիք չի լինի:

Աշոտ Մանուչարյան (ՀՀ առաջին նախագահի խորհրդական 1991-1993 թթ., «Ղարաբաղ» կոմիտեի անդամ )- Ասադի հետ կապված կանխագուշակումներ անելը դժվար է, քանի որ դա վաղուց է դադարել զուտ սիրիական երեւույթ լինելուց: Այսօրվա աշխարհում այն, ինչ օբյեկտիվորեն սկսվում է, շատ արագ վերածվում է շատ բարդ գործընթացի, ինչպիսին Սիրիայում է: Ուղղակի կարելի է հույս հայտնել, որ երկխոսությունը կբերի ինչ-որ բանի, բայց նորից եմ կրկնում՝ դա վաղուց դադարել է ներքին սիրիական երեւույթ լինելուց:

Սիրիահայերի ճակատագրի առումով լուրջ բարդություններ ու շատ վտանգավոր պահեր կան: Բայց միգուցե երկխոսության շնորհիվ դրական զարգացումներ տեղի ունենան, ու այդ պահերից ստացվի խուսափել:

Վտանգ տեսնու՞մ եք, որ եթե Ասադը գահընկեց արվի, նոր իշխանությունների վերաբերմունքը հայերի նկատմամբ այլ կլինի:

Անկասկած այդ պահերը կան, ու շատ դժվար է ճիշտ բալանս պահպանել այդ իրավիճակում: Սա նաեւ մի ազդանշան է աշխարհի ամբողջ հայությանը: Սա միայն սիրիահայ համայնքի խնդիրը չէ: Ամբողջ հայությունը պիտի կարողանա այնպիսի համակարգի վերածվել, որպեսզի այս կամ այն երկրում տեղի ունեցող գործընթացները չդառնան ողբերգական այդտեղի հայ համայնքի համար: Սա անդադար կրկնվող սյուժե է: Ու արդեն ժամանակն է, որ հայությունը սովորի այդ սյուժեները հաղթահարել:

Ի նկատի ունեք, որ սփյուռքը պետք է կանգնի հայ համայնքի «մեջքի՞ն»:  

Անկասկած, բայց ի՞նչ է նշանակում կանգնել մեջքին: Որպեսզի դու կարողանաս կանգնել ինչ-որ մեկի մեջքին, պիտի լինես համակարգ, որը համազոր կլինի այսօրվա աշխարհին եւ դրանում տեղի ունեցող իրադարձություններին: Եթե այդպիսին չէ, նա անդադար նման պրոբլեմներ է ունենալու: Այսօրվա սփյուռքը կայացած համակարգ չէ, այն կրում է հատվածային ինչ-որ որակներ, որոնք կարող են ամբողջականացվելով դարձնել որակյալ համակարգ, բայց այսօր այդպիսին չէ: Մինչդեռ զարմանալի է, որ այդ խնդիրը մեզանում չի առաջանում, որովհետեւ մենք անդադար հանդիպում ենք նման դեպքերի՝ Իրաքի հայության, դրանից առաջ` Աբխազիայի եւ Վրաստանի հայ համայնքների, ավելի շուտ՝ Լիբանանի: Խնդիրը մեր առաջ է, եւ մենք պիտի կարողանանք դրա լուծման բանալիները գտնել:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter