HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հայկական «մայդանի» ռուսական մղձավանջը

Ռուսական լրատվամիջոցները Երևանի կենտրոնում անցած գիշեր և այսօր վաղ առավոտյան կատարված դեպքերը որակեցին որպես ուկրաինական «մայդանի» կրկնման փորձ: Պահանջատիրական ակցիայի հիմնական պատճառը` էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը վերանայելու պահանջը, համարվեց ընդամենը ակցիայի «ֆորմալ», այսինքն` ձևական առիթ: Ռուսական առաջին հեռուստաընկերությունն իր մեկնաբանության մեջ նույնիսկ նշեց, թե ընդդիմությունն այդ առիթն օգտագործել է հասարակական ընդվզում առաջացնելու համար` առանց նշելու, թե ընդդիմություն ասելով` ո՞ւմ կամ հայաստանյան ո՞ր ուժերին նկատի ունի:

Տեղեկատվական այս ուղղորդված հոսքը զուտ ապատեղեկատվության տարածում չէ, ոչ էլ՝ կատարվածի պարզունակ մեկնաբանություն: Ռուսական լրատվամիջոցները պարզապես կատարվածը մեկնաբանում են իրենց պետական կայսերական շահերի պրիզմայով: Իսկ այդ շահը պահանջում է, որ ռուսական ազդեցության գոտում գտնվող վասալային երկրներում իրենց կողմից լեգիտիմացված հասարակական-քաղաքական իրավիճակի, ստատուս քվոյի ցանկացած փոփոխության փորձ ներկայացվի որպես ուկրաինական սցենարի կրկնություն: Մնացած մանրուքները ռուսական շովինիզմին բացարձակապես չեն հետաքրքրում: Օրինակ` այնպիսի «մանրուք», որ ողջ քառօրյա ակցիայի ընթացքում որևէ հակառուսական հայտարարություն չհնչեց: Կամ`որ եթե անգամ Երևանում կատարվող իրադարձությունները ուկրաինական մայդանի կրկնությունն էին, դրա նախադրյալները ստեղծել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սեփականատերը հանդիսացող ռուսական ընկերության ապաշնորհ, անպատասխանատու մենեջմենթը, որը էլեկտրաէներգետիկ համակարգը կանգնեցրել է կրախի առջև և կորուստները սպառողների հաշվին վերականգնելու նախաձեռնության պատճառով սոցիալական բունտի տեղիք տվել: Ինչպես ուկրաինական «մայդանի» դեպքում, հիմա էլ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել կատարվող ցնցումներում սեփական պատասխանատվությունը, մեղքի սեփական բաժինը: Փոխարենը ցանկացած փոփոխության հայտ ընկալվում է որպես իր հետաքրքրությունների դեմ ուղղված աններելի ոտնձգություն: Այդ հետաքրքրությունը թելադրում է, որ եթե անգամ իր շահերի գոտում գտնվող երկրի բնակչությունը սովի և կեղեքման էլ ենթարկվի, իրավունք չունի իր վիճակի համար բողոքել սեփական իշխանությունից կամ իշխանության փոփոխության պահանջ դնել:

Սրա մեջ կա տրամաբանություն. եթե այդ իշխանության շարունակականության ապահովման երաշխավորը Ռուսաստանն է, ապա, կամա թե ակամա, ստացվում է, որ բողոքն էլ ուղղված է այդ իշխանության երաշխավորի դեմ: Համենայնդեպս Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում այդպես մոտենալու հարցին: Հետևաբար, ռուսական այսպիսի քարոզչության նպատակները շատ պարզ են:

  1. Արդարացնել հասարակական ընդվզման, բողոքի դրսևորման ցանկացած փորձ բնում խեղդելու՝ տեղական իշխանության ձեռնարկումները: Ուկրաինական «մայդանի»՝ Ռուսաստանի համար անցանկալի հետևանքների միակ պատասխանատուն Ռուսաստանը համարեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին` նրան մեղասդրելով սեփական ժողովրդի դեմ ուժ գործադրելու հարցում  անհամարձակություն և անվճռականություն հանդես բերելու մեջ: Իբր` եթե ժամանակին Յանուկովիչը դիմեր «մայդանը» մաքրելու բիրտ ուժի, ապա այն չէր հանգեցնի հեղափոխության: Այս ֆոնին միանգամայն բացատրելի է դառնում, թե ինչու է Ռուսաստանը սոցիալական անհնազանդության այս  չափավոր փորձի ներքո ինչ-որ մայդանային հալյուցինացիաների մեջ ընկնում` դրանով, փաստորեն, արդարացնելով ակցիան բռնությամբ տապալելու հայաստանյան իշխանության քայլը: Սերժ Սարգսյանը պարզապես չէր կարող թույլ տալ, որ իրեն ասոցացնեն Վիկտոր Յանուկովիչի հետ` այն պարզ պատճառով, որ դրան անխուսափելիորեն հաջորդելու էր Կրեմլի կողմից իրեն անվստահություն հայտնելը: Իսկ Կրեմլի անվստահությունը իշխանությունից զրկվելու ամենակարճ ճանապարհն է: Եվ ստացվում է, որ ցրելով Բաղրամյան փողոցում խաղաղ նստացույցը` հայաստանյան իշխանությունը պարզապես Կրեմլին ապացուցում էր իր կենսունակ լինելը և իրավիճակը վերահսկելու կարողությունը: Ռուսական ԶԼՄ-ների նմանատիպ մեկնաբանություններն այլ բան չեն, քան Հայաստանի իշխանությունների հանդեպ վստահությունը վերահաստատելու անուղղակի ցուցադրություն, ավելի կոշտ լինելու և անողոք լինելու խրախուսում:
  2. Ռուսաստանն, այսպիսով, ցույց է տալիս, որ Հայաստանն իր ազդեցության գոտուց հանելու Արևմուտքի փորձերը դատապարտված են` անկախ այն բանից, որ տվյալ դեպքում շարժման թիկունքում ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի ականջները տեսնելը նման է մութ սենյակում չեղած կատու որոնելուն: Որովհետև որքան էլ ակցիայում ներգրավված են քաղաքացիական ակտիվիստներ, երդվյալ անարախիստներ ու արևմտամետներ, այն որևէ քաղաքական, առավելևս աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ ուղղվածություն, առավելևս ֆիանսավորում կամ հովանավորում չունի` գոնե առայժմ: Եթե Արևմուտքի մասնակցությունը լիներ, ապա պարզորոշ տեսանելի կլինեին այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են այսպես կոչված թավշյա հեղափոխությունների, այդ թվում նաև «մայդանի» կազմակերպման և զարգացման վրա: Մինչդեռ «Ո՛չ թալանին» շարժման նախաձեռնողները, նստացույցը ղեկավարողները ռազմավարական ու տակտիկական այնպիսի կոպիտ, մանկական սխալներ թույլ տվեցին, որ ի սկզբանե արդեն կանխորոշում էին ակցիայի նման հանգուցալուծումը: Բայց դա, իհարկե, ռուսական շովինիզմին չէր կարող հետաքրքրել բացարձակապես: Ռուսական կողմի` կրակին ավելորդ յուղ լցնող նման մեկնաբանությունները կարող են բումերանգի էֆեկտ ունենալ: Այսինքն՝ դրդել շարժմանը հակառուսական քաղաքական աստառ հաղորդելուն, ինչն արդեն կարող է իսկապես հետաքրքրել Արևմուտքին:
  3. Ռուսական նման քարոզչության սլաքներն ինչ-որ առումով ուղղված էին նաև հայաստանյան իշխանություններին: Դրանց ենթատեքստն առավել քան հստակ է. ռուսական կապիտալով աշխատող կազմակերպությունների շահերը Հայաստանում պետք է գերադասվեն ամեն ինչից, նույնիսկ՝ Հայաստանի պետական շահերից, ինքնիշխանությունից ու արժանապատվությունից: Այսինքն՝ հայաստանյան իշխանությունների խնդիրը ոչ թե սեփական երկրի քաղաքացիների, սպառողների շահերի սպասարկումն է, այլ ՀԷՑ-ի, «Ինտեր-ՌԱՕ ԵԷՍ»-ի, անձամբ Եվգենի Բիբինի, որոնց կապրիզները պետք է բավարարվեն ցանկացած պարագայում: Եվ այդ իշխանությունների շարունակականությունը և վերարտադրումը երաշխավորելու փոխհատուցումը Ռուսաստանի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական շահերի աներկբա սպասարկումն է:

Այս մոտեցումը ռուսական կողմը հասկանալի դարձրեց դեռ 2013-ի վերջին, երբ գազամատակարարման ոլորտում առաջացած պարտքի դիմաց Հայաստանին պարտադրեց կնքել մի այնպիսի խայտառակ, ստրկական պայմանագիր, որով ոչ միայն ողջ պետական համակարգն էր վերածվում «Գազպրոմի» և նրա դուստր կազմակերպությունը դարձող «Գազպրոմ Արմենիայի» սպասուհու, այլև սահմանափակվում էր գազաէներգետիկ ոլորտում սուվերեն որոշումներ կայացնելու Հայաստանի իրավունքը: Գազի, էլեկտրաէներգիայի ոլորտներում նման խաղի կանոններ հաստատելուց հետո հիմա էլ հերթը հասել է երկաթուղային հաղորդակցության ոլորտին: Չի բացառվում, որ Հայաստանը հիմա էլ հրաժարվի Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության գաղափարից, բացառապես այն պատճառով, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության (որին է հանձնված հայկական երկաթուղային ցանցի կառավարումը) նախագահ Վլադիմիր Յակունինը դա համարում է ոչ հեռանկարային (հասկանալ` ռուսական քաղաքական ու տնտեսական շահերին հակասող):  

Ռուսաստանի նման քաղաքականությամբ է պայմանավորված, որ ՀԾԿՀ-ն ուղղակի չնկատելու տվեց թե՛ ՀԷՑ-ում միջազգային աուդիտ անցկացնելու և թե՛ ցանցերը ազգայնացնելու մասին իրատեսական առաջարկությունները: Առավելագույնը, ինչին ընդունակ է իշխանությունը, Բիբինի վրա մատ թափ տալն է, այն էլ` միայն հեռվից կամ թիկունքից:

Մեկնաբանություններ (1)

Anna
Ուկրաինական մայդանը ի սկզբանե երկրը խեղդող կոռուպցիայի դեմ էր, որ հետո շահարկվեց քաղաքական բեւեռների կողմից: Այս առումով հայաստանյան այս ընդվզումը, այո, նման է մայդանին՝ ոչ թալանին: Եւ իհարկե, քանի որ Ռուսաստանը շահագրգռված չէ տեսնել որեւէ բարեփոխում Հայաստանում, ամեն ինչ անում է մրելու այս ազնիվ շարժումը: Այս առումով, ուղղակի քաղաքական պահանջներից խուսափելը ճիշտ ռազմավարություն է, քանի որ թալանի դեմ պայքարելն էլ նույն նպատակին մոտենալու տարբերակ է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter