HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ են վկայում հունիսի 23-ի դեպքերը

Սարո Սարոյան, քաղաքական մեկնաբան

Հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ հավաք անցկացնող քաղաքացիների նկատմամբ Բաղրամյան պողոտայում եւ ոստիկանության բաժիններում ոստիկանության աշխատողների կողմից ակնհայտ ոչ իրավաչափ ուժ գործադրելու գործողությունները կարող են ամբողջովին շրջել Հայաստանի քաղաքական կյանքի ընթացքը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Անշուշտ հարյուրավոր քաղաքացիների` ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու ու նրանց նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն կիրառելու վերջին դեպքերը պայմանավորված էին գործող վարչախմբի նկատմամբ վերջին տարիներին կուտակված մեծ ծավալի հանրային դժգոհության հակազդմամբ: Նման դժգոհության արդյունքում գործող վարչախումբը գտել է, որ սպոնտան ծագող հանրային ընդվզումները լռեցնելու, դրանք տեւապես չեզոքացնելու համար պետք է գնա առավել մեծ բռնությունների:

Այսպես` նախկինում քաղաքացիական տարբեր ակցիաների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների թիվը միջինացված կազմում էր մի քանի տասնյակ, իսկ առավելագույնը` հարյուր հոգի: Ոստիկանության գործողությունները նախկինում առավելապես սահմանափակվում էին` քաղաքացիներին Կենտրոնի կամ Արաբկիրի ոստիկանության բաժիններ բերման ենթարկելով ու երեք-չորս ժամ հետո նրանց ազատ արձակելով: Հունիսի 23-ին ծավալված գործողությունների արդյունքում մի կողմից ակնհայտ մեծացել էր հանրային բողոքի ալիքը լռեցնելու գործում ներգրավված ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխարհագրությունը` կազմելով արդեն տասնյակ բաժիններ, այդ թվում մայրաքաղաքին հարող վարչական շրջանների ոստիկանության տարածքային բաժինները: Իսկ մյուս կողմից ոստիկանությունը գիտակցված մեծացրել էր բերման ենթարկվողների թիվն ու ընդլայնել քրեավարչական հետապնդում իրականացնելու գործիքակազմը: Այն այս անգամ արտահայտվեց «խուլիգանություն» հանցակազմով քրեական գործ հարուցելու եւ այդ գործի շրջանակում շատերին մեղադրանք առաջադրելու, իսկ այլոց իբրեւ վկա ներգրավելու, առանձին քաղաքացիների նարկոդիսպանսեր տանելու, տաս եւ ավելի ժամ պահելու ձեւերով:  

Ոստիկանության գործողություններն, իհարկե, որոշակի օբյեկտիվ քաղաքական իրավիճակի արդյունքն են ու նաեւ այս փուլում ռեժիմի կողմից իր առջեւ ծառացող խնդիրների լուծման այնպիսի տարբերակների ընտրության վկայություն, որոնք այլ դեպքերում կլուծվեին առավել քիչ ռեսուրս եւ հարկադրանքի ուժ կիրառելով: Ակնհայտ է, որ գործող վարչախումբը գնացել է բոլորի համար տեսանելի ոչ իրավաչափ ու բռնի մեծ ուժ կիրառելու ճանապարհով միայն այն պատճառով, որ գնահատել է պակաս ուժ կիրառելը վտանգավոր կամ խնդրահարույց: Հայաստանյան քաղաքական կյանքի անցյալի փորձառության տեսանկյունից ոստիկանության կողմից ուժի կիրառումը, բացառությամբ երեւի թե միայն 2008թ. մարտի 1-ի դեպքերի, հաջորդող օրերին հանգեցնում էր պայքարի մեջ ընդգրկված ընդդիմադիր ուժերի գործողությունների չեզոքացմանը, պայքարի մեջ ընդգրկված խմբերի ու միջոցների փոշիացմանն ու տարրալուծմանը: Նման ընթացք չեղավ այս դեպքում եւ նոր իրավիճակի գնահատման տեսանկյունից դա ակներեւ փաստ է: Այսպիսով, ոստիկանության կողմից ակնհայտ մեծ հարկադրանքի ուժ կիրառելու եւ բռնության դիմելու, իսկ հանրային խմբերի կողմից կրկին ինքնակազմակերպվելու ու ելման դիրքեր վերադառնալու փաստերը մի կողմից գործող վարչախմբի, իսկ մյուս կողմից ընդվզող հանրության հոգեբանական ու կամային որակների ցուցիչներն են:

Գործող վարչախումբը ցույց տվեց, որ վախ կա քաղաքացիական պայքարի օջախների հանդեպ: Ոստիկանական օպերացիան իհարկե կարող էր ավարտվել փողոցում ու հրապարակում միայն հատուկ միջոցների կիրառմամբ: Բայց ոստիկանության աշխատակիցների անսքող եւ անկաշկանդ բռնության դիմելու փաստերը վկայում էին, որ ոստիկանությանը հրաման էր տրված ոչ թե միայն ցրել հավաքը, այլ` թե՛ փողոցում եւ թե՛ ոստիկանության բաժիններում բռնություն կիրառելու միջոցով վախ սերմանել հավաքի մասնակիցների նկատմամբ` այլեւս չհավաքվելու նկատառումով: Միաժամանակ, ժողովրդի ինքնակազմակերպվելու եւ հունիսի 23-ի երեկոյան Ազատության հրապարակ եւ ապա Բաղրամյան պողոտա գնալու փաստերը ապացուցեցին հանրության` այդ վախը հաղթահարած լինելու հանգամանքը:

Գործող վարչախմբի համար առկա իրավիճակը խնդրահարույց է այնքանով, որ այս դեպքում քաղաքացիական ընդվզման նախաձեռնողների եւ տարբեր ակտիվ անդամների հետ պայմանավորվելը գրեթե անհնար է, իսկ հնարավոր լինելու դեպքում էլ անարդյունավետ: Սպառնալիքն ու վախը հաղթահարած լինելու հանգամանքները լրացուցիչ էներգիա են տալիս ակտիվ քաղաքացիական խմբերին ու անհատներին, իսկ հանրային դժգոհության ապակենտրոն լինելը, ակնհայտ լիդերի կամ լիդերների բացակայությունը, անընդհատ երիտասարդ նոր գործիչների ի հայտ գալը գրեթե չեզոքացնում է ինչ-որ շրջանակի հետ պայմանավորվելու վարչախմբի հնարավոր գործողությունների արդյունավետությունը:

Սակայն այս ամենով հանդերձ պայքարի մեջ ընդդիմադիր քաղաքացիական հանրության ընդհանուր հնարավորությունները դեռեւս մնում են ցածր` մի շարք պարամետրերից ելնելով: Այսպես դեռեւս չի երեւում էլեկտրաէներգիայի նախկին սակագնին վերադառնալու պահանջի կատարումը երաշխավորող գործողությունների ծրագիրը: Բացի այդ հանրային պահանջի, բարձրացվող խնդրի ձեւակերպման հանդեպ կան տարակարծություններ, որոնք դեռեւս չեն հաղթահարվել: Հանրային բողոքը կրում է շատ ընդհանրական ու տարերային բնույթ: Հանրության գործողություններում չկա հետեւողական իրականացվող քայլերի տրամաբանություն: Դեռեւս չի գիտակցվում արդյունքի հասնելու համար կոնկրետ քաղաքական մեխանիզմների ու տեխնոլոգիաների անհրաժեշտությունը: Չնայած վերբալ վստահեցումներին` չկան նաեւ տարբեր խմբեր ձեւավորելու, դրանց կոորդինացնող գործիչներներ ընտրելու հանրության ինքնակազմակերպման հնարավորությունն ու դրան ուղղված կոնկրետ քայլերը:

Սակայն առկա իրավիճակում ամենից մեծ վտանգը կայանում է ոչ թե այդ բացասական երեւույթները հաղթահարելու անկարողությունը, այլ պառակտման հնարավորությունը: Գործող վարչախմբի համար սպառնալիքի դիմելու կամ պայմանավորվելու մեխանիզմներն արդեն ցույց են տվել իրենց անարդյունավետությունը: Այսօր ամենից մեծ վտանգն անգամ առավել մեծ ֆիզիկական բռնություն դիմելու վարչախմբի ցանկությունը չէ: Վերջինս շատ ավելի անորոշ, հեղափոխական ու պայթունավտանգ իրավիճակ կարող է ստեղծել վարչախմբի համար: Այսօր հիմնական վտանգը պառակտման միջոցով քաղաքացիական ըմբոստությունը սառեցնելու եւ չեզոքացնելու մեջ է: Արդեն հունիսի 24-ի գիշերը նախ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը, ապա նաեւ Հանրապետական կուսակցության երիտասարդ պատգամավորների գործուղումը Բաղրամյան պողոտա հենց այդ նպատակն էին հետապնդում: Ինքնակազմակերպված քաղաքացիական հանրությունն արժանի պատասխան տվեց այդ նկրտումներին, բայց գործող վարչախմբի` պառակտման մյուս տեխնոլոգիաները դեռ առջեւում են: Եթե հանրային միասնությունը պահպանվի առաջիկա օրերին եւ գտնվեն բարձրացվող խնդրի առավել հստակ ձեւակերպման ու լուծման մեխանիզմները, ապա այս քաղաքացիական շարժումը կարող է նոր էջ բացել Հայաստանի քաղաքացիական պայքարի ընդհանուր գործընթացի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter