HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռնիձորցիները հրաժարվել են Կառավարության տրամադրած դիզվառելիքից

Մարիամ Մաթեւոսյան   

Գյուղի հողերի, այգիների մեծ մասը խոպանի է վերածվել

Խորհրդային տարիներին կոռնիձորցիները Բայլի բաղ, Ծլոկ, Խաչեր կոչվող ձորերում բերքառատ այգիներ ունեին: Գյուղացիները պատմում են, որ իրենց եկամտի հիմնական միջոցը հողագործությունն էր, մասնավորապես, ցորենի մշակությունը, այգեգործությունը: Հիմա դժգոհում են, որ հողերի, այգիների մեծ մասը խոպանի է վերածվել:

Համայնքի ղեկավար Արկադյա Խաչատրյանի խոսքով՝ «սովետի» ժամանակ Կոռնիձորն էր ամբողջ շրջանին բանջարեղեն մատակարարում: Հիմա արտադրության քանակը նվազել է նաեւ իրացման շուկա չունենալու պատճառով: Գյուղմթերքը հիմնականում Արցախում է իրացվում:

«Նախկինում գյուղմթերքի իրացումը արդյունավետ էր կազմակերպվում. երբ հողագործ կոռնիձորցին կաղամբ էր ցանում, գիտեր, որ Նախիջեւանի զորամասն իր բերքը կտանի: Մինչեւ Արցախ, Գորիս, Կապան բանջարեղենի կենտրոնացված իրացում էր կատարվում: Կազմակերպություններ կային, որ գալիս էին դաշտում ընտրովի բերքահավաք կատարում, բարձում-տանում»:

Կոռնիձորի 1224 հա վարելահողից սեփականաշնորհված է 1043 հա-ը, մնացածը վարձակալակության է տրված: Հիմնականում ցորեն են ցանում, գարի, կարտոֆիլ, վերջին տարիներին՝ նաեւ ոլոռ, սիսեռ: Սկսել են զարգանալ նաեւ ջերմոցային տնտեսությունները: Գորիսի կանաչեղենի ողջ տարվա պահանջարկի 80-90%-ն ապահովում է Կոռնիձորը:

Համայնքի հողերի մոտ 50%-ն է ջրարբիացված. ոռոգման ցանցը կառուցվել է 1970-ական թվականներին, մինչեւ հիմա կապիտալ վերանորոգում չի կատարվել, որն ըստ համայնքի ղեկավարի, ջրի մեծ կորուստների պատճառ է հանդիսանում: «Ոռոգման ջուրը Շամբի ջրամբարից է գալիս, մոտ 48 կմ հեռավորությունից, որը, սակայն արդյունավետ չի օգտագործվում: Այսքան ջուր լցվում է Ագարի գետը, հետո թափվում Արաքս գետը` նորմալ ոռոգման ցանց չունենալու պատճառով»,- ասում է համայնքի ղեկավարը:

«Հողերից օգուտ չկա, մենք քաղաքացու նման ճոխ չենք ապրում: Ամեն հեկտարը վարելու դիմաց 20 հազար դրամ եկամուտ ենք ստանում: Ասենք, մի էդքանի էլ լոբի ծախեցինք: Տա փող չի է՜, էտ իսկի դեպուտատի՝ կես ժամ ննջելու փողը չարժե»,- ասում է համայնքի բնակիչ Վիտալի Բեջանյանը, հետո ավելացնում, որ պատերազմի տարիներին ավելի լավ են ապրել: «Հա՛մ կռվալ ենք, հա՛մ հարուստ ենք իլալ, սայլարկան 2 հազար դրամ ա իլալ, հողերը՝ բերրի: Վեց ամիս հետո տես ինչ թանկացումներ կինեն: էտ հոսանքը, որ թանկանում ա, տա միայն հոսանքը չի, հացն էլ ա,  յեղն էլ ա»,- վրդովվում է նա ու նստում բակում կայանած «ՄԱԶ» մեքենան, որի համար ԱՊՊԱ վճարում կատարելու ժամանակ չունի՝ դաշտերի բերքն է հավաքում:

Իվան Պողոսյանը գյուղի կոմբայնավարներից մեկն է եւ ասում է՝ հողն իրենց համար պատուհաս է, հողից եկամուտ չես կարող ստանալ: «Ամեն սերմ բերել են հողերը վարակել, հազիվ հասցնում ենք դեղեր առնենք, որ սրսկենք»: Նա նաեւ պատմում է, որ իր ունեցած կոմբայնը, որով նաեւ ուրիշների դաշտերի բերքն է հավաքում, 30 տարվա պատմություն ունի: «Մի մաս ա փչանում՝ չենք ճարում, էնքան մասին չենք փող տամ, ինչքան ստեղ-նեղ քալի (էստեղ-էնտեղ գնա-խմբգ·) ճանապարհածախսին»,- սրտնեղում է կոմբայնավարը: 

Մեկ հա հողատարածքը 10 հազար դրամով է վարում, ասում է սեզոնին օրվա մեջ մինչեւ 3-4 հա վարում է: «Ի՞նչ օգուտ, հաշվի, մի խուփը 5-6 հազար դրամ ա, ցեպը՝ երկու պալեցի հետ՝ 8 հազար դրամ, հալամ 8 չի է՜, 10 հազար դրամ ա: Մի քիչ էլ քարոտ հող իլավ, լրիվ կոտրում ա»,- ասում է Իվանը:

Խոսելով գյուղատնտեսության զարգացման նոր հնարավորությունների մասին՝ համայնքի ղեկավարը երկու նախադրյալ է կարեւորում, որոնց առկայության դեպքում միայն Կոռնիձորը կարող է կրկին տարածաշրջանի համար բանջարաբոստանային կուլտուրաների խոշոր մատակարարը դառնալ: Նրա կարծիքով՝ առաջնահերթը ճանապարհների բարեկարգումն է եւ ոռոգման ջրով ապահովումը:

Երկրում տեղի ունեցող համատարած թանկացումները, կարծես թե, «շրջանցում են» գյուղմթերքները՝ տարեցտարի արժեզրկելով գյուղացու աշխատանքը: 2002 թ·-ին 1 կգ ցորենի արժեքը 180 դրամ էր, այսօր՝ 110 դրամ էլ չի հասնում, նվազել է նաեւ կաթի գինը: Այսինքն՝ դրամի արժեզրկման արդյունքում, համատարած թանկացման պայմաններում, հակառակ միտումն է նկատվում:

Կոռնիձորի համայնքապետ Արկադյա Խաչատրյանը նշում է, որ տարեցտարի պետության կողմից համայնքներին տրամադրվող դիզվառելիքի եւ պարատանյութերի  պահանջը պակասում է: Եթե 2014 թ.-ին համայնքին տրամադրվել է 140 տոննա պարարտանյութ, այս տարի պահանջը կազմել է 95 տոննա: 2014թ.-ին համայնքը ստացել է 120 լիտր դիզվառելիք, այս տարի՝ ոչ մի գրամ:

«Պետությունն ասում է, որ սուբսիդիա է տալիս ու 20 լիտր դիզվառելիքի գինը սահմանում 7 հազար դրամ, բայց այս տարի մասնավոր մարդիկ դիզվառելիքը  բերեցին 6 հազար 500 դրամով, բնականաբար, գյուղացին էժանի հետեւից գնաց»,- ասում է համայնքի ղեկավարը:      

Տեսանյութը՝ Անահիտ Բաղդասարյանի            

Մեկնաբանություններ (1)

GB
I wonder what is oligarch Surik's job in Syunik Marz! These hopeless and leaderless Armenians are left alone with no money with no local government assistance. This is one of the reasons, when corruption destroy Armenian way of life in Armenia! Shame on you Surik!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter