Շաբաթ, 22 սեպտեմբերի

Սյունիք համայնքում կարոտ են նույնիսկ կեղտոտ խմելաջրին



Սյունիքի մարզի Սյունիք գյուղական համայնքում արդեն երկու ամիս է՝ խմելու ջրի մատակարարման գրաֆիկը խախտվել է: Երկուշաբթի օրը համայնքապետ Սամվել Սարգսյանը ժամանակավորապես դադարեցրել է մանկապարտեզի աշխատանքը ջրի խնդրի պատճառով: Բնակիչներն ասում են, որ ջուր ստանում են հիմնականում գիշերը՝ այն էլ ոչ բարձր ճնշմամբ: «Էնքան ծլոկ են տալիս, որ երեքհարկանի շենքերում ջուրը չի բարձրանում»,- ասում է Ֆրունզ Զաքարյանը: Նա նշում է, որ գիշերներն են ջուր հավաքում, եթե, իհարկե, տալիս են:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանը, ըստ բնակչի, իրենց պատասխանում է, որ ջուր չունենալու պատճառը վթարներն են: Նրա ասելով՝ մի քանի անգամ փաստացի ապացուցել է, որ ջուր կա, անձամբ է բացել ջրի «վինտիլը», և տեսել են, որ ջուր կա: Սակայն դրանից որևէ բան չի փոխվել:

Բուն պատճառը, ըստ բնակչի, այն է, որ ջուրն այստեղ-այնտեղ է գնում: «Ջուրը գնում է կոմբինատ, կալոնկաներ, Մաքսիմի գոմեր: Ամենքն իրենց հերթին փակում են ջուրը, հենց ոռոգման ջուրը պակասում է, խմելու ջուրը պատրաստ է… Տավարն ավելի ձեռնտու է, բիզնես է, քան ժողովուրդը: Կալոնկան բիզնես է: Ժողվոուրդն ո՞ւմ է պետք հիմա»,- ասում է նա:

Ֆ. Զաքարյանը կարծում է, որ համայնքի հաշվին գումար են աշխատում: «Տված ջրում էլ նույնիսկ ձկները չեն լողանա, բայց դրան էլ ենք համաձայն: Կարիչնեվի գույնի ջուր են տալիս, որդեր են գալիս հետը, բայց դրան էլ ենք համաձայն: Սանէպիդկայանից գալիս են ստուգելու, ասում եմ՝ ընկերուհի, աչքով չի երևո՞ւմ, որ պղտոր ջուր է, ասում է՝ ոչինչ որ պղտոր է, բայց խմելու է»,- պատմում է Սյունիքի բնակիչը:

Բնակիչներից Մանիկ Պատվականյանն էլ ասում է, որ 15 տարի բնակվում է Սյունիք համայնքում, և ջրի խնդիրը մայիսի կեսերից մինչև սեպտեմբերի կեսերը լինում է: Իսկ ձմռանը, եթե մեծ վթարներ չեն լինում, ջուրը բարձր ճնշմամբ է գալիս:

«Ընդհանրապես, կարելի է ասել, ջուր չենք ունենում: Ամբողջ գիշերը նստում եմ, գիշերվա 2-ին, երբեմն լուսաբացին՝ 5-ի կողմերը բարակ ջուր է գալիս: Ցերեկները բացարձակ ջուր չենք ունենում: Մեր շենքը 3-հարկանի է, մենք 3-րդ հարկում ենք բնակվում, այդ ջուրը գալիս է մինչև առաջին հարկերը ժամը 12-ի կողմերը, իսկ մինչև բարձրանում է երրորդ հարկ, արդեն ժամեր է տևում»,- ասում է Մ. Պատվականյանը:

3-4 օր, Մանիկի խոսքով, բացարձակ ջուր չունեն: Մեր խոսելու ժամանակ տանը, ասում է, մի կես դույլ խմելու ջուր կա, կես դույլ՝ կենցաղային նպատակների համար: Ամուսինը մեքենայով հարևան գյուղից երբեմն ջուր է բերում: Իսկ կենցաղային հարցերի համար՝ հագուստ լվանալ, լողանալ, Կապան են գնում՝ եղբոր տուն:

Մանիկն ասում է, որ գյուղում ջուր կա, բայց ճիշտ չեն բաշխվում: Գյուղի ճանապարհին ավտոլվացման կետ կա, բենզալցակայաններ, գազալցակայաններ: Համայնքում գործում է նաև գորգալվացման կետ: Բնակիչներից մեկն էլ ասաց, որ նույն ավտոլվացման կետն է, որտեղ նաև գորգեր են լվանում:

«Երեկ Կապանից եկա, ավտոլվացման կետում տեսանք, որ մարդիկ ավտոներ, գորգեր են լվանում: Զանգում են իրենց համարով՝ ընկերուհիս էր զանգել (գյուղում գորգերի լվացման մասին հայտարարություններ կային, հեռախոսահամար, այդ համարով էր զանգել), ասում են՝ հա, մենք խմելու ջրով ենք լվանում, որովհետև այդ ապարատուրաները թանկարժեք են, ուրիշ ջրով չեն կարող լվանալ»,- նշում է Մանիկը: Նա ասում է, որ ջրմուղի պետն ասում է՝ վթար կա, կվերացնենք, քո խնդիրներն ինձ չի հուզում:

«Էսօր առավոտ, շատ կներեք, գնացել եմ ջերմուկ առել, երեսս լվացել, նոր եկել գործի»,- ասում է Սյունիքի համայնքապետ Սամվել Սարգսյանը: Նա ջրի խնդրի պատճառով ժամանակավորապես դադարեցրել է մանկապարտեզի աշխատանքը: Այնտեղ 35 երեխա է հաճախում: Ս. Սարգսյանի խոսքով՝ ինքն անընդհատ կապ է պահպանում ջրմուղի տեղամասի պետի հետ: «Պատճառաբանում են, որ վթարներ են, ցերեկը թող վթարով զբաղվեն, գիշերը ջուրը տան: Դա էլ չկա»,- պատասխանում է համայնքապետը: Մյուս կողմից՝ նա նշում է, որ ստուգել է. Նորաշենիկի ճանապարհի մոտ Չանախչիի ջրագիծը վնասվել էր, այսինքն՝ վթար էր եղել, բայց դա, ըստ նրա, չի նշանակում, որ ջուր պետք է չտան:

Բնակիչների այն կարծիքին, որ ավտոլվացման կետը խմելու ջուր է օգտագործում, մինչդեռ համայնքը ջուր չունի, համայնքապետը չհամաձայնեց՝ ասելով, որ ավտոլվացման կետը ոռոգման ջուր է օգտագործում: Խմելու ջուրը պղտոր է, հողային նստվածք ունի, քանի որ ֆիլտր չկա:

«Ջրի մաքրման կայան կա, բայց ֆիլտր չկա: Նախկինում ավազ էր, Վոլգոգրադից էին բերում, Սովետական Միության քայքայվելուց հետո ընդհանրապես չեն բերում ֆիլտրեր: Ավազը լցնում էին, ջուրը ֆիլտրում, հասնում էր բնակիչներին: Հիմա երբ ուժեղ անձրև է գալիս, ջուրը մեխանիկորեն կտրում են, որովհետև ինչքան գրունտ կա, բերում-հասցնում է բնակիչներին»,- նշում է համայնքապետը:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանն էլ նշում է, որ մաքրման կայան կա, ջուրը ֆիլտրվում է, բայց երբ ջուրը «մի քիչ պղտոր է լինում, անջատում են, բնակչին չեն տալիս»:

Նա նաև հակասում է համայնքապետի այն խոսքին, որ ավտոլվացման կետերը ոռոգման ջուր են օգտագործում: «Ավտոլվացման կետերում ջուր կա, որովհետև ունեն բաքեր, ռեզերվուարներ, որտեղ կուտակում են, դրանից են օգտվում: Հետո ավտոլվացման կետերն այդքան հսկայական ջուր չեն ծախսում: Հիմա նոր մեթոդներով են լվանում մեքենան, գիտեք: Այդքան շատ ջրի պահանջ կա: Կարող է խմելու ջրով էլ լվանան, կարող է ոռոգման ջրով էլ լվանան, բայց, համենայն դեպս, ունեն ռեզերվուարեր, դրանցից են օգտվում»,- ասում է նա:

Իսկ հարցին, թե ինչով է պայմանավորված ջրամակատարաման գրաֆիկի խախտումը, ասում է՝ պատճառը վթարներն են: «Պատճառը սա է՝ այնտեղ 60-ականների կառուցված խողովակաշար է՝ Չանախչիի մաքրման կայանից եկող, որ դեպի Սյունիք է գնում, քայքայված է, վթարները հաճախ են տեղի ունենում, խոշոր վթար կար, որն այսօր նոր ավարտել ենք: Իրիկունը ժամը 4-ից հետո էինք ջուր տալիս մինչև առավոտ»,- ասում է նա՝ ավելացնելով, թե քանի որ ժողովուրդը սովոր է մշտական ջուր ստանալուն, երբ մի քանի ժամով անջատում են, լարվում է:

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն էլ ասում է, որ ստեղծված իրավիճակը անպատասխանատու, վերահսկողությունից դուրս լիենլու հետևանք է: «2015-ից, ըստ «Հայջրմուղկոյուղու», բոլոր թաղամասերը պետք է ապահովվեին շուրջօրյա ջրամատակարարմամբ: Կապանի որոշ թաղամասերում նույնպես ջրամատակարարումը հաճախակի է դադարեցվում, կարելի է ասել երբեմն ջուր են տալիս օրվա ընթացքում: Իսկ «Հայջրմուղկոյուղին» երբևէ մամուլով նախապես չի հայտարարում, որ ջուր չի լինելու»,- նշում է Ա. Փարսադանյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ