HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուզում եմ ապրել դրական քաղաքում, որտեղ մարդիկ կժպտան, ուրախ կլինեն»

Ճեպազրույց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի հետ Երևանի Բաղրամյան պողոտայից:

-Մաքսիմ, ի՞նչ եք մասնագիտությամբ:

-Պատմաիրավագիտությունն եմ ավարտել, բայց ոչ բարձրագույն հաստատության:

-Ի՞նչ եք մտածում Հայաստանի ներկայի մասին:

-Այս մի քանի օրվա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակտիվությանը նայելով՝ Հայաստանի ապագան շատ լուսավոր եմ տեսնում: Այն հայրենիքը, որ ես էի պատկերացնում և ուզում, դա եմ տեսնում:

-Իսկ ի՞նչ հայրենիք եք ուզում տեսնել:

-Հայրենիք, որտեղ կլինի հավասարություն, օրենքի գերակայություն, որտեղ իշխանավորը չի սպառնա քաղաքացուն, որտեղ քաղաքացին կիմանա իր դերն ու ազդեցությունը կատարվող գործողությունների ընթացքում: Երկիր, որտեղ բոլորն իրենց լավ կզգան՝ թե՛ մարդկային, թե՛ իրավական առումներով:

-Իսկ ի՞նչն է պակասում այսօր մեր երկրում:

-Եթե ժողովրդի մասին խոսենք, կասեմ, որ պակասում է հույսը: Երբ խոսում ես մարդու հետ, ասում է՝ «ես ո՞վ եմ, ինձ ո՞վ է շան տեղ դնում»: Երբ ամեն մարդ իր ներսում վստահ լինի ինքն իրեն, համոզված եմ, որ շատ բան կփոխվի այս երկրում: Եթե ամեն մեկս գիտակցի, որ ուժ է, միանալով իրար՝ այդ ուժը հզորանալու է, կունենանք այն, ինչ ունենք այսօր, ունեինք երեկ և դրա առաջին օրը:

-Բայց հույսը ե՞րբ կորավ:

-Հույսը կորավ մի քանի տարիների ընթացքում մի քանի գործընթացներից հետո, գուցե ասեմ մի քանի տասնամյակ, բայց վերականգնելու ենք, կվերականգնվի, համոզված եմ:

-Ո՞րն է գլխավոր պատճառը, որ այդ հույսը կորավ:

-Գլխավոր պատճառն այն էր, որ իշխանություններին ձեռնտու էր երկիրն այս վիճակին հասցնել: Եթե երկրում պահանջատեր քաղաքացի ունենաս, պարտավոր ես լսել իրեն, իսկ եթե մարդկանց կարողանաս հուսահատեցնել այն աստիճան, որ անգամ հույս չունենան իրենք իրենց հանդեպ, տանը նստեն, բողոքեն և դուրս չգան, ամեն ինչ անել՝ ոչ մի հակադարձություն չունենալ: Դրա համար այս տարիներին սերիալներով, տափակամիտ հաղորդումներով մարդկանց միջից սպանվեցին այն բոլոր արժեքները, մտքերը, որոնք կարող էին դարձնել իրավագիտակից քաղաքացի, բայց, համոզված եմ, հետ ենք բերելու, դառնալու ենք նորմալ քաղաքացի, նորմալ երկիր:

Վերջին 10-20 օրերին Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին հետևելով եմ ասում դա, ներկա լինելով, տեսնելով մեր քաղաքացիների ոգևորությունը: Գիտեք, երբ ջրցան մեքենան բերեցին, այդ ժամանակ մենք 500-600 հոգի էինք, և վստահ եմ, որ իրենք ակնկալում էին, թե մենք փախնելու ենք: Բայց այդ 500-600 հոգին նստեցին մինչև վերջ, անգամ այդ ծեծի, ջրի հարվածներից, թիկունքով այնքան պինդ էինք:

-Սպասելի՞ էր Ձեզ համար ոստիկանության այդ քայլը:

-Անկեղծ ասած, մինչև վերջին վայրկյանը չէի սպասում, անգամ երբ մեքենան առաջ եկավ, գործի գցեցին, մտածում էի, որ մեր ոստիկանությունը, չեմ վախենա այս բառից, նագլի չէր գտնվի, չէր անի դա: Երբ ջուրը միացրեցին, չեմ կարող ասել, թե ինչ կատարվեց ներսումս, բայց դա չկոտրեց ինձ: Ուղղակի այդ պահին սպանեց ոստիկանության հանդեպ եղած վստահությունը: Բայց պայքարում ենք նույն ոգով, 10 ջրցան էլ բերեն, չենք կոտրվելու:

-Ի՞նչ երազանք ունեք:

-Շատ կուզեի, որ այն Հայաստանում, այն Երևանում, որ ունեցել ենք, այսօր մարդիկ ժպտան: Երիտասարդների դեմքին միայն մտահոգություն է: Դա է իմ երազանքը: Քաղաքն սկսել է ստանալ բացասական էներգիա՝ գուցե բացասական շենքերով աուրայից է, չգիտեմ: Ուզում եմ ապրել դրական քաղաքում, որտեղ մարդիկ կժպտան, ուրախ կլինեն: Ամենամեծ երազանքս դա է: Իմ կյանքը չեմ պատկերացնում ուրիշ տեղ: Իմ կյանքն այստեղ սկսվել է, այստեղ էլ ավարտվելու է:

-Ի՞նչ է հաղթանակը Ձեզ համար:

-Հաղթանակը շարժիչ ուժ է: Ամեն փոքր հաղթանակ մարդկանց հույս է տալու: Մենք ենք որոշողը: Այ, երբ մենք ընթացքում գոռում ենք՝ «Մենք ենք որոշողը», դա այդպես է: Իսկ այն մարդիկ, ովքեր դեռ չեն հավատում դրան, կհամոզվեն, քայլ-քայլ սկսելու են հավատալ իրենք իրենց: Ժողովրդական պայքարի հաղթանակը տեսնում եմ: Ինձ ոգևորում է 500-600 հոգու դուխը, երբ մեքենան կանգնեց, որևէ մեկը փախնելու փորձ չէր անում: Միայն այդ ոգին ամեն բան արժե: 600-700 «գիժ» նույնիսկ ջրցան մեքենան գալուց հաստատակամ էին իրենց պահանջներում: Մինչև վերջ նստել ենք այնքան, որ այդ մեքենան մեզ շպրտել է մի կողմ: Բազմաթիվ լուրջ վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան, այստեղ կարող եք տեսնել՝ ձեռքերը, ոտքերը կապած, բայց դա մեզ չի կոտրել: Մենք չենք վախենում ջրցան մեքենաներից, մահակներից…

-Իսկ ո՞րն է Ձեր ասած «դուխի» աղբյուրը:

-Այ սա (ձեռքերը տարածում է՝ ցույց տալով Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց- հեղ): Երբ շրջվում ես ու տեսնում քո մեջքին լիքը մարդ, դա արդեն հերիք է:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի 

Մեկնաբանություններ (8)

Aneth
Այ գառնե'ր, էդ Եվրոմիության դրոշը դուք տեսել եք Բաղրամյանում : Ինչ եք ապատեղեկատվություն տարածում: Պահանջում եմ հանել նկարը և պաշտոնական ներողություն խնդրել
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հունիսի 28-ին (հարթակը դատարկ թողնելով ու ժողովրդին պառակտելով) հետ եք գնում Ազատության հրապարակ,որ ի՞նչ անեք.որ 7 օրվա պայքարը նվիրեք իշխանությունների՞ն. ու Բաղրամյան պողոտայում մնացած անվախներին ավելի հե՞շտ լինի ցրել: Հոսանքի թանկացման որոշումը «չեղյալ» արեցի՞ն: Հուսանք, որ Վաղինակ Շուշանյան & co-ի կողմից սա քաղաքական միամտությա՛ն արդյունք էր: Այս քայլից հետո՝ ես հետ եմ վերցնում (վերևի կոմենտ 3-ում) գրածս խոսքերը, որ՝ Մաքսիմը քաղաքական խելք ունի:
Aleks Chalabyan
https://www.indiegogo.com/projects/armenia-renew-march-against-electricity-prices/x/11140100#/story #ElectricYerevan support us join us
Տիգրան
Եվրոմիության դրոշները սկզբում եղել են: Հայրիկյան կոչեցյալն էր բերել: Բայց մարդիկ բողոքեցին դրա դեմ, ու իրենք ստիպված իջեցրեցին էդ դրոշները:
Հետք
Բոլոր նրանց, ովքեր չեն տեսել Եվրամիության դրոշները, խորհուրդ ենք տալիս ուշադիր նայել կադրերը այս տեսանյութի 1:02:00 դրվագից ու չափավորել լեզվի երկարությունը: https://www.youtube.com/watch?v=fztcPjL1TDs
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մաքսիմը քաղաքական խելք ու խարիզմա ունի: Քաղաքակա՛ն խելքն ու խարիզման փորձով կամ սովորելով չի.այն կամ ունես,կամ չունես: Բնական գեղեցկության պես է. կամ ունես,կամ չունես: ......................................................Ես միայն մի բան չեմ հասկանում. Հայաստանում Ի՞ՆՉՈՒ են այդքա՛ն փորձում քաղաքացիականն անջատել քաղաքականից. որ քաղաքացիականն էլ «չվարկաբեկվի՞»: Այս 2-ի ՀԱՄԱՏԵՂ ջանքերով է Հայաստանում իրական ՔԱՂԱՔԱԿԱՆ համակարգայի՛ն փոփոխություններ լինելու: Թող ընդդիմադիր կուսակցությունը չղեկավարի քաղաքացիական շարժումը, բայց թող համագործակցե՛ն: .......................................................Իշխանությունների համար ինչքան լավ կլինի,որ ամեն ակցիա մնա միայն քաղաքացիականի «սոցիալական բողոք» փաթեթավորման ներսում. այդ սոցիալական պրոբլեմները իշխանությունները («հերոսաբար» ու թատրոն խաղալով) կդադարեցնեն-կսառեցնե՛ն ու կդառնան «փրկիչներ»: Իշխանությունները ԾՐԱԳՐՎԱԾ տարիներո՛վ ԹԱՏՐՈՆ խաղացին «ընդդիմադիր» ԲՀԿ-ի հետ,որ վարկաբեկե՛ն իսկական ընդդիմադիր քաղաքական ուժերին ու իրե՛նց համար քաղաքապե՛ս ապահով «քաղաքացիականի» վրա մնա միայն երկրի քաղաքացիների հույսը: Այս երիտասարդ (ու իրոք գովելի) քաղաքացիական ակտիվիստներից վաղը քանի՞սն է փորձելու ընտրվել ԱԺ-ում՝ համակարգայի՛ն փոփոխություններ պարտադրելու համար:
ominac
Վերջի վերջոյ այս օրը պիտի գար․ Եթէ ազատ շուկայական գիներուն հետեւէիք, այս օրը չէիք իննար։ Ռուսաստանի հետ համաձայնելով շուկայէն ցած էներկիայի գիներուն վրայ հենուելով տնտեսութիւն սարքեցինք։ Հիմա որ էներկայի շուկայի գիները շտկելու ատենը եկաւ, շատ մը տնտեսութիւններ շուկայէն դուրս պէտք է գան։ Աժան գիներով ապրելը անկախութենէն վերջ միայն մի քանի տարի պէտք է ըլլար, ոչ թէ 25 տարի․ Հիմա շուկան ինքզինքը պիտի շտկէ։ Դժբախտաբար շուկայէն զատ քաղաքական դաշտն ալ հետը պիտի շտկուի․իր բոլոր վատ հետեւանքներով։ Բայց վերջում շատ աւելի զօրաւոր դուրս պիտի գանք․ Եթէ խելօք չի շարժինք, կրնանք սերունդ մը կորսնցնել մինչեւ որ շուկան ինքզինքը գտնայ։
Դավիթ
Նկարը մոնտաժված ա: Պահանջում եմ տեղադրել բնօրինակը: Եվրոմիության դրոշ ցույցի ժամանակ չի՛ եղել և չկա՛: Կամ էլ ընտրեք այլ նկար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter