HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ի՞նչ ելք ունի իշխանությունը

Նախկինում չի եղել քիչ թե շատ ազդեցիկ քաղաքացիական շարժում, որին բախվելուց իշխանությունն այս կամ այն չափով չնահանջի: Այդպես եղել է Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրումը թույլ չտալու դիմադրության դեպքում, մայրաքաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու, հետո պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելու, ՓՄՁ-ների նկատմամբ շրջանառության հարկ կիրառելու փորձի դեպքերում: Եվ առաջին հայացքից տարօրինակ է թվում այն համառությունը, որն իշխանությունը դրսևորում է այս շարժման պարագայում, որն իր ծավալնեով նախադեպը չունի և կարող է համեմատվել միայն 1988թ. ղարաբաղյան շարժման հետ:

Իրականում, սակայն, այստեղ որևէ տարօրինակություն չկա: Նախորդ բոլոր դեպքերում խնդրի լուծման բանալին գտնվել է իշխանության ձեռքին: Այս դեպքում իշխանությունը զիջումների չի գնում, որովհետև բանալին ոչ թե իր ձեռքերում է, այլ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի և նրանով պայմանավորված` Ռուսաստանի: Զիջել ինչ-որ բան, նշանակում է զիջել Ռուսաստանի շահերից: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ կա Կրեմլի համաձայնությունը:

Բայց Կրեմլի համաձայնությունը չկա: Եվ փաստացի ցուցարարներին զիջումների չգնացողը հենց վերջինս է: Հակառակ դեպքում` արդեն վաղուց առնվազն Եվգենի Բիբինը պետք է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն չլիներ, իսկ ընկերությունում արդեն պետք է սկսված լինեին խոշորածավալ ստուգումներ: Եվ չգանալով զիջումների` Մոսկվան ստիպում է ՀՀ իշխանություններին ստեղծված իրավիճակից դուրս գալ սեփական ռեսուրսներով սփական հասարակությանը ծնկի բերելու միջոցներով: Այն ընկալումը, որ իրենք ստեղծված իրավիճակում որևէ մեղավորություն ու պատասխանատվություն չունեն, բառի բուն իմաստով կրակն է գցել հայաստանյան իշխանություններին:

Այս իրավիճակում վերջինս մեծ ընտրության հնարավորություն չունի: Ուժի երկրորդ անգամ գործադրումը, որին, իբրև ծայրահեղ միջոց, կարող է դիմել ցուցարարների վերջնագիրը չկատարելու քաղաքական որոշումն ընդունած լինելու պարագայում, բումերանգի էֆեկտ է ունենալու: Եթե մինչև հունսիսի 23-ին ջրցան մեքենաների կիրառումը Բաղրամյան փողոցում 500-600 ակտիվիստ էր հավաքվում, դրանից հետո մարդկանց թիվը տասնապատկվել է: Հերթական նման փորձը կարող է փողոց հանել տասնյակ հազարների, որոնցից արդեն սպասելի է ամեն ինչ: Առավելևս այն դեպքում երբ շարժումը գործնականում տարերային ինքնահոսի մեջ է, իրադարձությունների ողբերգական ընթացքի դեպքում ոչ ոք զանգվածի գործողությունների համար պատասխանատվություն չի վերցնելու իր վրա: Դրա հետևանքները կարող են Հայաստանի համար անտանելի ծանր լինել: Սրա գիտակցումը, ինչպես նաև ողջ աշխարհի` Երևանի վրա սևեռված ուշադրությունն է, որ ոստիկանությանը դրդում է ծայրաստիճան զգուշավորության, ցուցարարների հետ սպառնալիքներով չխոսելու:

Իշխանությունը կարող է ընտրել համբերատար սպսելու մարտավարությունը: Սերժ Սարգսյանը շախմատիստ է, իսկ շախմատիստը, ինչպես հայտնի է` ունի ծով համբերություն: Նրա «գնականն» այս դեպքում լինելու է անտանելի շոգ եղանակը, իրավիճակի անորոշությունը, շարժման փաստացի անկազմակերպ բնույթը, որոնց համադրումը կարող է հոգնեցնել շարժման մասնակիցներին և տներով ցրվելու պատճառ դառնալ: Բայց դա կլինի նյարդերի խուլ, հոգնատանջ պայքար, որովհետև իշխանությունը չի կարող միարժեքորեն վստահ լինել, որ մասնակիցները կցրվեն տներով: Եվ պատճառն այն է, որ գործ ունի երիտասարդության հետ, որի էներգիայի, առողջության, էնտուզիազմի և ռոմանտիզմի համար եղանակային պայմաններն ու հանգամանքները ոչինչ չեն նշանակում: Կան նաև ռիսկի երկրորդ և երրորդ գործոնները: Որքան մարդիկ շատ մնան փողոցում, այնքան մեծանալու է հավանականությունը, որ զուտ սոցիալական պահանջի վրա խարսխված շարժումը լիարժեք քաղաքական բնույթ ստանա: Եթե ներկայացված վերջնագիրը չկատարվի, շարժման օրակարգը և հիմնական պահանջը կարող է դառնալ իշխանափոխությունը, Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իր մոտիվացիոն ներուժով սա ոչ միայն խնդրահարույց է իշխանության համար, այլև պայթյունավտանգ: Մանավանդ որ այդ դեպքում մեծանալու է արտաքին միջամտության հնարավորությունը` այս շարժումը հայկական «մայդանի», իսկ Հայաստանը երկրորդ Ուկրաինայի վերածելու դիտավորությամբ: Թե ինչ է սա նշանակում իշխանության, անձամբ նախագահի, առավելևս Հայաստանի ու ԼՂՀ-ի համար, թերևս ավելորդ մեկնաբանության կարիք չունի: Մյուս կողմից՝ իշխանության այդ սպասողականությունը կարող է ներկայումս հիստերիկ նյարդայնություն դրսևորող Ռուսաստանում ընկալվել որպես Սերժ Սարգսյանի վարչակազմի անվճռականության, իրավիճակի կառավարումը կորցնելու նշան և իրենք առաջ ընկնեն շարժման ծավալումից` գործադրելով հայաստանյան իշխանափոխության սեփական սցենարը: Դժվար է հավատալ, որ այս վտանգը Սերժ Սարգսյանը չի գիտակցում: 

Միակ ռացիոնալ տարբերակը մնում է ռուսների հետ այս հանգրվանում լեզու գտնելը, նրանց էլ. էներգիայի սակագնի վերանայման հարցում զիջումների դրդելը: Ընդ որում` սա փրկություն է նաև իշխանության համար այն իմաստով, որ քաղաքացիական շարժումը կարող է ՌԴ-ի հետ հարաբերություններում երկրի ինքնիշխանության քիչ թե շատ վերականգնման, պետական շահերի պաշտպանության խնդիրը լուծելու լավագույն և ամենաարդյունավետ միջոցը դառնալ: Եթե պետական և քաղաքական միջոցներով Կրեմլի հետ խոսել չի լինում, ուրեմն պետք է խոսել քաղաքացիական հասարակության օգնությամբ ու դա դարձնել Մոսկվայի վրա ճնշում բանեցնելու միջոց: Այս իմաստով ուժի կիրառումից հետո ցույցի ծավալների մեծացումը նույնիսկ ձեռնտու կարող է լինել իշխանությանը: Այն պոտենցիալ համոզիչ փաստարկ է ռուսների հետ բանակցություններում` համոզելու, որ նման բռնությունների եղանակով խնդրի լուծումը շատ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ: Եթե այդ բեկումը տեղի ունենա, Մոսկվայում գուցե վերջապես հասկանան, որ գործ ունեն երկրի և ժողովրդի, այլ ոչ թե սեփական ֆորպոստի և սեփական ռազմաբազան «սպասարկող անձնակազմի» հետ:

Ողջ հարցն այն է, թե այդ դեպքում էլ.էներգիայի սակագնի հետ կապված կոմպրմիսն ի՞ նչ գնով ձեռք կբերվի: Լավագույն տարբերակն այն է, որ ՀԷՑ-ն իր ռեսուրսների հաշվին լուծի խնդիրը` առաջնահերթորեն մենեջմենթը արմատական փոփոխության ենթարկելու և տեխնոլոգիական կորուստների ծավալները նվազագույնի հասցնելու միջոցով: Բայց դրա համար նախ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ ՀԷՑ-ի ղեկավար կազմում:

Առավել հավանական է թվում մյուս` խնդրին իրավիճակային լուծում տալու տարբերակը` ընդամենը ներկայիս էսկալացիան թուլացնելու համար: Այս դեպքում սակագնի հարցում ելման դիրքեր վերադառնալու շարժման պահանջը կբավարարվի գուցե շատ ավելի ծանր գին վճարելով, այսինքն՝ երբ պարտքի մարման պարտավորությունը Կառավարությունը վերցնի իր վրա` կամ նոր վարկեր վերցնելու, կամ նոր ստրատեգիական օբյեկտները ռուսներին վաճառելու միջոցով:

Մեկնաբանություններ (3)

իրավախորհրդատու
Ե՞րբ է ֆինանսների նախարարությունը ստուգելու ՀԷՑ-ը, Արտաքին աուդիտի անկողմնակալ ստուգում է պետք ու միլիոնները քամուն տված ՀԷՑ-ի պատասխանատուներին ենթարկել պատասխանատվության: Ապա դատական պրոցեսի արդյունքում ետ վերադարձնեն շորթած գումարները: Մենք պարտավոր չենք նրանց շքեղության հարկերը վճարել: Կամ թող գրավանեն ՀԷՑ-ի արժեթղթերը Կենտրոնական բանկունկում ու երկարաժամկետ վարկերով մարենք իրենց շքեղության ծախսերը: Իսկ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է իջեցվի նախկին 25 դրամին, քանի որ աշխատավարձները մինչ այսօր նունն են ու չեն ավելացել իրականում, այնինչ սպառողական զամբյուղը աճում է թռիչքային:
ominac
Հայաստանը կը ներմուծէ իր էներկեան, հետեւաբար եթէ դրամդ արժէքազրկուի, պիտի աւելի վճարես։ Ելեկտրական ընկերութեան ղեկավարը թէ ինչքան կստանայ կամ կը գողնայ, ոչ մէկ տարբերութիւն պիտի ընէ ելեկտրականութեան գինին վրայ։ Գոհ եղէք որ Ռուսաստանը իր ինչ որ հաշիւներով ընդունեց մեզի աժան գինով էներկիա վաճարել այսքան տարի։ Բուն խնդիրը մենք մեր ղեկավարութեան վրայ վստահութիւն չունինք։ Ամեն ընտրութիւն զեղծուեցաւ, գողական դասակարգը կը ղեկավարէ հայաստանը, վրան ալ խորհրդարանին մէջ ընդդիմութիւն չունինք։ Իսկ եթէ յանկարծ ընդդիմութիւն մըն ալ քով քովի գայ, կարծես միայն իրենց ծախուելիք գինը բարձրացնելու համար է, եւ ոչ թէ բարեփոխում մտցնելու համար է։ Չնայած այսօրուայ պետութիւնը ուղղակիօրէն կապ չունի ելեկտրականութեան գինի բարձրացման հետ, ընդհանուր տնտեսութեան այսքան զայր աստիճան ընկճուած ըլլալը իրենց հետ կապ ունի։ Եթէ մեր տնտեսութիւնը աւելի առողջ ըլլար, վստահ եմ կրնայինք աւելի վճարել առանց այս տակնուվրայութեան։
Աշոտ
Իսկ եթե 3ևդ տաևբերակը Եթե չեմ սխալվում ՀԷՑ-ը Ռուսաստանին է վաճառել Քոչարյանը Այ հենց ինքն էլ, թող գա ու պատասխան տա Բոլոր անհրաժեշտ գումարները եկեք այդ հանցագործից վերցնենք և հետ գնենք ՀԷՑ-ը Կարող ենք նաև մահապատժի ենթարկենք Քոչարյանին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter