HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական տեքստիլն ու տրիկոտաժը․ դինամիկան, թույլ մրցակցությունն ու մաքսանենգության մասին հայտարարությունները

2014 թվականին Հայաստանում արտադրվել է 544 մլն դրամի մանածագործական (տեքստիլ) արտադրատեսակ և 7,334 մլրդ դրամի հագուստ։ 2013-ի համեմատ մանածագործական  իրերի արտադրության ծավալները կրճատվել են  2,9%-ով, իսկ հուգուստինը՝ 16,1%-ով աճել է։ Իսկ միայն այս տարվա առաջին չորս ամսում մանածագործական իրերի արտադրությունը կազմել է 134,5 մլն դրամ, հագուստինը՝ 1,98 մլրդ դրամ։ Սրանք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են։

Ինչպես արտադրության մի շարք ճյուղեր, օրինակ՝ կոշիկի արտադրությունը, մեքենաշինական և էլեկտրոտեխնիկական ոլորտները և այլն,  այնպես էլ՝ տեքստիլի և հագուստի արտադրությունը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո անկում ապրեց։ Թեև տարիների ընթացքում այն որոշակի վերականգնվել է, բայց՝ փոքր ծավալներով, որոնք անհամեմատելի են ԽՍՀՄ տարիներին գրանցված ցուցանիշների հետ։ Այդ ժամանակ թեթև արդյունաբերության ոլորտի արտադրանքը կազմում էր Խորհրդային Հայաստանի տնտեսության շուրջ մեկ երրորդը: Ոլորտն ապահովում էր նաև ամենամեծ զբաղվածությունը՝ մոտ 115 հազ․ մարդ (երկրի արդյունաբերության մեջ ներգրավված ողջ աշխատուժի մոտ 25%-30%-ը): Խորհրդային տնտեսության մեջ Հայաստանը հանդիսանում էր տեսքտիլ և տրիկոտաժ արտադրանքի խոշորագույն մատակարարներից: Ոլորտի մասնագետների գնահատմամբ՝ հետանկախացման ժամանակահատվածում Հայաստանի տեսքստիլի և տրիկոտաժի ոլորտը շուրջ 60%-70% անկում արձանագրեց: Խոշոր գործարանները չկարողացան ձեռք բերել անհրաժեշտ հումքը, նվազեցին սպառման ծավալները, ի վերջո՝ ի հայտ եկան նոր ներկրողներ և նոր մրցակցություն։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ այսօր Հայաստանում հագուստի արտադրության ոլորտը զբաղեցնում է մշակող արդյունաբերության ընդամենը շուրջ 1%-ը։ Համեմատության համար՝ սննդի արտադրությունն, օրինակ, զբաղեցնում է շուրջ 35%-ը։

Չնայած, որ այս ոլորտում 2005-ից սկսած աճի միտում է գրանցվել, բացառությամբ 2009-2010թթ., այնուամենայնիվ արտադրության ծավալները փոքր են և չի օգտագործվում ողջ ներուժը։  Առհասարակ, փաստ է, որ հիմա Հայաստանում տեքստիլ և տրիկոտաժի ոլորտում արտադրանքի թողարկման գերակշիռ մասն ապահովում է հագուստի արտադրությունը, որտեղ ներգրավված են ընկերությունների և աշխատուժի հիմնական մասը:

Ինֆոգրաֆիկայի տվյալները՝ Ազգային վիճակագրական ծառայության արխիվներից

Ներմուծողների հետ մրցակցային թույլ դիրքերը՝ գլխավոր խնդիր

Հայաստանում տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում այսօր գլխավոր խնդիրներից մեկը, եթե ոչ՝ ամենագլխավորը, շարունակում է մնալ ներմուծողների հետ մրցակցությունը, որում  տեղական արտադրողները բավականին թույլ դիրքերում են։ Թեպետ բազմաթիվ ժողովների ու հանդիպումների ժամանակ  տեղական արտադրողները վստահեցրել են, որ տեղական տեքստիլն ու հագուստը ավելի որակյալ են, սակայն փաստ է, որ սպառման շուկայում առաջին տեղում ներմուծվածն է, քանի որ դրանց մեծ մասը, հատկապես՝ չինականն ու թուրքականը, ավելի էժան են։ Եվ մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ ելնելով գնողունակությունից հայաստանցիների մեծ մասը ներկա դրությամբ առաջին հերթին կարևորություն է տալիս գնին, հետո՝ որակին։

Մաքսային ծառայության տարեկան հրապարակման տվյալները ցույց են տալիս, որ  2014-ին Հայաստան է ներմուծվել ավելի քան 31 մլն ԱՄՆ դոլարի  տրիկոտաժե արտադրանք, այդ թվում՝ կնոջ, տղամարդու և երեխայի հագուստ, կոստյում, ժակետ, սվիտեր, զուգագուլպա և այլն։ Դրան զուգահեռ ներմուծվել է նաև  մոտ 44,6 մլն դոլարի ոչ տրիկոտաժե հագուստ։  Ներմուծվում է հիմնականում Չինաստանից, Թուրքիայից, Իտալիայից,  Բանգլադեշից, քիչ քանակությամբ՝ Բելառուսից, Հնդկաստանից, Վիետնամից։ Այս տվյալները ցույց են տալիս ներմուծված և տեղական տրիկոտաժե արտադրանքների ու հագուստի պահանջարկի մեծ տարբերությունը։ Հայաստան տրիկոտաժե հագուստի ներմուծման ծավալները 2007-ից սկսած շարունակաբար աճել են, ընդ որում նկատվում է գնի բարձրացում: Ոչ տրիկոտաժե մանածագործական հագուստի և պարագաների ներմուծումը նույնպես աճել է վերջին տարիներին։

Տրիկոտաժե արտադրանքի արտահանման ցուցանիշները շատ ավելի համեստ են, հագուստինը՝ համեմատաբար բարձր։ Նախորդ տարի ընդհանուր առմամբ Հայաստանից արտահանվել է մոտ 2,5 մլն դոլարի տրիկոտաժե արտադրանք և մոտ 47,2 մլն դրամի հագուստ։ Արտահանման հիմնական շուկաներն են Իտալիան, Գերմանիան, Ռուսաստանը։ Քիչ քանակությամբ արտահանվում է նաև Ֆրանսիա։

Բացի այս ցուցանիշները, որոշ արտադրողներ նաև պնդում են, որ ամեն տարի Հայաստան որոշակի քանակությամբ տրիկոտաժ է ներմուծվում  մաքսանենգ ճանապարհով։ Դրանց ծավալները չեն հաշվարկվում  ՀՀ մաքսային ծառայության կողմից։ Ու հատկապես այդ արտադրանքներն են, որ անհամեմատ էժան են տեղականից։ Նախորդ տարեվերջին Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպում էր կազմակերպել  թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրները: Հանդիպմանը «Ագնես» ընկերության տնօրեն Աշոտ Ալագուլյանը հայտարարեց, որ Հայաստանում մաքսային կետերում այնպիսի արտոնյալ պայմաններ են ստեղծվում այլ արտադրողների համար, ովքեր առավել արտոնյալ պայմաններով են ապրանք ներկրում, հետևաբար վաճառում են առավել մատչելի, իսկ տեղական արտադրողների ապրանքը մնում է արտադրամասում: Ըստ նրա՝ 2013 թվականին Համաշխարհային բանկի պատվերով մի ուսումնասիրություն է կատարվել, որի արդյունքում պարզվել է, որ  տարեկան 280 միլիոն դոլարի տրիկոտաժ է ներկրվում Հայաստան մաքսանենգ ճանապարհով: Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, բնակաբաբար, պնդում է, որ նման բան չկա։  Ավելին՝ նախարար Կարեն Ճշմարիտյանը համոզված է, որ տեղական արտադրանքը շատ ավելի մրցունակ է Հայաստանում, քան ներմուծվածը։

Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկան

Արտադրողները հավաստիացնում են, որ այսօր Հայաստանում տեքստիլ արտադրությունը չի զարգանում, քանի որ վաճառականները նախընտրում են ներկրված ապրանքն իրացնել, որն ավելի էժան է ու որից կարելի է ավելի շատ եկամուտ ստանալ՝ թանկ վաճառելով։ Ըստ Հայաստանի թեթև արդյունաբերողների գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանի՝ Հայաստան ներմուծվող տրիկոտաժե ապրանքների ճիշտ մաքսազերծման խնդիր կա: Նրա խոսքով՝ երբեմն թանկ ապրանքը գրանցվում է որպես ավելի էժան արտադրանք ու ավելի ցածր գներով է մաքսազերծվում։

Բացի այդ, ոլորտի հիմնախնդիրներից են արտադրողների համար ոչ ձեռնտու հարկերն ու մաքսատուրքերը, արտահնման համար փոխադրող ընկերությունների ծառայությունների բարձր գները, ինչպես նաև՝  մասնագիտական կրթության անբավարար մակարդակը, աշխատուժի ցածր արտադրողականությունը ընկերությունների բրենդինգի և ոլորտի առաջմղման անբավարար մակարդակը:

Ոլորտի զարգացման համար մասնագետների կողմից առաջարկվող լուծումները հենց նշված հիմնախնդիրները վերացնելն է, կամ մեղմելը, որն ավելի իրատեսական է։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ 2013թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի նիստին ներկայացրած զեկույցի, Հայաստանի տեքստիլ և տրիկոտաժի ոլորտում 8-10 խոշոր արտադրողներ կան, որոնք գրավում են ոլորտի շուրջ 75%-ը։ Մանածագործական արտադրության դրամական ծավալի գերակշիռ մասը ապահովվում է Շիրակում տեղակայված 6-50 աշխատակից ունեցող ընկերությունների կողմից:  Ոլորտի պաշտոնապես գրանցված աշխատուժի կեսը Երևանում է: Կան երկու հիմնական տեսակի արտադրողներ՝ արտերկրյա ընկերություններին կարի ծառայություն մատուցողներ և սեփական արտադրանք արտադրողներ:  Սեփական արտադրանք արտադրող ընկերությունները հիմանականում գտնվում են Երևանում  և Գյումրիում: Արտադրությունները տեղակայված են ինչպես խորհրդային ժամանակներից եկած գործարաններում, այնպես էլ՝ հետանկախացման ժամանակաշրջանում հիմնված արտադրամասերում:  Արտադրողները հիմնականում իրենք են ներմուծում հումքը և մոդելավորում արտադրանքը: Գուլպեղենի, կիսագուլպեղենի և զուգագուլպեղենի արտադրության մեջ գործածվող թել  հիմնականում ներմուծվում է Թուրքիայից, իսկ արհեստական թելը՝ Չինաստանից և Հնդկաստանից:  Նրանց արտադրանքի գերակշիռ մասը սպառվում էտեղական շուկայում: Որոշ արտադրողներ կատարում են պատվերներ: Արտադրվում են հիմնականում տրիկոտաժե արտադրատեսակներ, ինչպես նաև գուլպեղեն և մասամբ՝ տեքստիլ արտադրանք։

Իսկ կարի ծառայություն մատուցողներ ձեռնարկություններն աշխատում են արտերկրյա պատվիրատու ընկերությունների՝ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով պատվիրատուից ստանալով հումքը, օրինակ՝ թել ու կտոր, և նրան ուղարկելով վերջնական արտադրանքը: Արտադրվում են անձրևանոցներ, վերարկուներ, արտահագուստ և այլն: Պատվիրատուները հիմնականում հիմնականում եվրոպական հանրահայտ բրենդեր են, մասնավորապես՝ Իտալիայից և Գերմանիայից:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter