HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական գնումներից օգտվում են պաշտոնյաները. Լոռու մարզի ճանապարհաշինարար Վանաձորի քաղաքապետը

Վանաձորի քաղաքապետը Սամվել Դարբինյանի ընկերությունները Լոռու մարզի ճանապարհների շինարարություններ իրականացնելու համար պետական բյուջեից ամեն տարի գումարներ են ստանում:  Ընդ որում՝ առանց մրցույթի:  

Լոռու մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին 2014թ. հատկացվել է 747 մլն դրամ: Աշխատանքների և ծառայությունների գնումներն իրականացվել են «Բանակցային ընթացակարգ առանց հայտարարության» եղանակով:

Այդ գումարից համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման համար հատկացվել է 443 մլն 450 հազար դրամ: 2014 թվականին իրականացված 10 համայնքի ճանապարհների շինարարության և ասֆալտապատման նախագծերից վեցն իրականացրել են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դանիելյանի ընկերությունները՝ «Արգիշտի-1» ՍՊԸ-ն և «Լոռիի ճանապարհների շահագործման և շինարարական» ՓԲԸ-ն («Լոռիի ՃՇՇ»):

Համաձայն Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տվյալների՝ 1996 թվականին հիմնադրված «Արգիշտի-1» ՍՊԸ-ում Սամվել Դարբինյանը 50 % մասնաբաժին ունի, մնացյալ 50 %-ն էլ քաղաքապետի եղբորն է պատկանում՝ Սեյրան Դարբինյանին: Այս ընկերությունը տարիներ շարունակ սնվում է պետական բյուջեից և առանց մրցույթների ստանում շինարարություն իրականացնելու նախագծերի ֆինանսավորումը:

«Արգիշտի-1» ՍՊԸ-ն գրանցված է Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի 6 հասցեում: Նույն հասցեում է գրանցված նաև «Լոռիի ճանապարհների շահագործման և շինարարական» ՓԲԸ-ն:  ՓԲԸ-ում իր փայատեր լինելու փաստը չի ժխտել քաղաքապետ Դարբինյանը, սակայն թե որքան է իր մասնաբաժինը, չի ցանկացել հայտնել հանրությանը: «Ես փայատեր եմ, դա ի՞նչ կապ ունի, թե որքան եմ փայատեր»,- «Հետքի» հետ զրույցում ասել է Սամվել Դարբինյանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մեր հարցման ի պատասխան, տրամադրել է իրականացված ծրագրերի ու հատկացված գումարի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկությունը: Եվ այսպես, 2014 թվականին քաղաքապետի մասնակցությամբ ընկերություներն իրականացրել են Տաշիր համայնքի ճանապարհների նորոգում և ասֆալտապատում, որի համար պետբյուջեից տրամադրվել է 33 մլն դրամ:

20 մլն 800 հազար դրամ արժեցել է Հոբարձ համայնքի ճանապարհի նորոգումն ու ասֆալտապատումը:

Գյուլագարակ համայնքի ճանապարհի նորոգման և ասֆալտապատման համար ընկերությանը տրվել է 26 մլն դրամ:

Վանաձորի քաղաքի ճանապարհների նորոգումն ու ասֆալտապատումը (120 մլն դրամ), ինչպես նաև Վանաձորի բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքները (36 մլն 680 հազար դրամ) «Արգիշտի-1» ՍՊԸ-ն կիսել է «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ի հետ:

«Արգիշտի-1» ընկերությանը նաև ավելի քան 3 մլն դրամ էլ տրամադրվել է Քարաբերդ համայնքի կամրջի նորոգման համար:

Այս աշխատանքների կատարման համար Վանաձորի քաղաքապետն ու եղբայրը պետական բյուջեից ստացել են շուրջ 248 մլն դրամ՝ ավելի քան կես մլն դոլար: 

Սամվել Դարբինյանը, սակայն, այս ընկերություններից ստացած շահաբաժինը չի հայտարարագրել:

Նա 2014թ. հայտարարագրել է 4.2 մլն դրամ, որից 3.2 մլնը կազմել է պաշտոնյայի աշխատավարձը: 2013թ.-ին նա փոքր-ինչ ավել գումար է հայտարարագրել՝ 6.5 մլն դրամ: Մինչդեռ 2012թ. հայտարարագրում երևում է, որ քաղաքապետ Դարբինյանը երկու ընկերություններից շահաբաժին է ստացել՝ համապատասխանաբար 16,3  և 28,3 մլն դրամի սահմաններում: 

Մեկնաբանություններ (1)

scsbo
Everybody knows this, can you report something new?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter