HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հերմինե Նաղդալյանի ԲՈՒԱՏ-ը՝ կառավարության հրատապ ծրագրերում

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդլայնել է իր բիզնես-տարածքը և Սյունիքի մարզից հասել է Արարատի մարզ: «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, որի 100% բաժնեմասը պատկանում է Հերմինե Նաղդալյանին, 2014թ. Արարատի մարզի «առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ուղղությամբ»  կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարներով իրականացրել է մոտ 52.6 միլիոն դրամի շինաշխատանքներ:

ԱԺ փոխնախագահի ընկերությունը մոտ 14 մլն դրամով ասֆալտապատել է Արարատ քաղաքի Պուշկինի փողոցը, 22.5 մլն դրամով՝ նույն համայնքի Աբովյան 1 նրբանցքը, իսկ 16 մլն դրամով վերանորոգել է Վեդի-Գոռավան-Արարատ մարզային նշանակության ավտոճանապարհը:

Մի քանի հրապարակումներով անդրադարձել ենք, որ ԱԺ փոխխոսնակի «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն Սյունիքի մարզում ճանապարհաշինական ոլորտի հիմնական «խաղացողներից» է: Այդ ընկերությանն է «վստահվում» խոշոր գումարներով խոշոր ծրագրերը, ինչը մեծ եկամուտներ է ապահովում բարձրաստիճան պաշտոնյային:

«Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կապիտալ շինարարության գծով փոխտնօրեն Էրիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընկերությունը գործունեություն է ծավալում ոչ միայն Սյունիքի, այլև Արարատի, Լոռու, Արմավիրի մարզերում: Օրինակ՝ Արմավիրի մարզում Համաշխարհային բանկի ծրագրով անցյալ տարի ասֆալտապատել են Լուկաշին, Նորավան, Խանջյան, Կեսարյան, Գետաշեն համայնքների ճանապարհները:

Փոխտնօրենի խոսքերով՝ 2014թ. նաև Երևան քաղաքում են աշխատանքներ իրականացրել. 12 վարչական շրջաններում մայթերի վերանորոգման աշխատանքներն են իրականացրել։

«Մրցույթ է հայտարարվում և հաղթող է ճանաչվում «Սիսիանի» ԲՈՒԱՏ-ը: Սեփականատիրոջ անձը այստեղ կապ չունի»,-ավելացրեց Էրիկ Պողոսյանը ասելով, որ ընկերությանն ընտրում են մի շարք չափանիշներից ելնելով՝ ցածր գին, տեխնիկայի առկայություն, լիցենզիաներ և այլն:

«Հիմնական պահանջը նմանատիպ աշխատանքներում 3 և ավելի տարիների փորձն է, որը մենք ունենք»,-ասում է Է. Պողոսյանը:

Այն, որ ընկերության հետ պայմանագրեր կնքվում են հիմնականում բանակցային ընթացակարգով՝ առանց մրցույթ հայտարարելու, ընկերության փոխտնօրենը խնդիրներ չի տեսնում. «Խի բանակցային ընթացակարգով հնարավոր չի՞»:

Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերությունը միակը չէ, որ 2014թ. «յուղոտ» պայմանագրեր է կնքել Արարատի մարզպետարանի հետ:

Հրատապ խնդիրների լուծման նպատակով կառավարությունը 2014թ. իր տարբեր որոշումներով Արարատի մարզին հատկացրել է շուրջ 682.5 մլն դրամ: Ծրագիրը թվով հինգերորդն է, իսկ իրականացված աշխատանքները հիմնականում ծավալվել են դպրոցաշինության և ճանապարհաշինության ոլորտներում:

Ինչպես տեղեկացնում են Արարատի մարզպետարանից՝ աշխատանքների գերակա ոլորտը կրթական համակարգն է. 23 դպրոցների հրատապ խնդիրների լուծման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից մարզին հատկացվել է շուրջ 330 մլն դրամ:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը տրամադրել է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ: Ըստ այդմ՝ 37 օբյեկտների վերանորոգման կամ կառուցապատման համար Արարատի մարզպետարանը պայմանագրեր է կնքել թվով 11 առևտրային կազմակերպությունների հետ, որոնց մի մասի տերերը պատահական մարդիկ չեն:

Բացի ԱԺ նախագահ Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ից, Արարատի մարզպետարանը պայմանագիր է կնքել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանի բիզնես գործընկերոջ՝ Խաչիկ Զաքարյանին պատկանող «Պարտեզ Ախա-Էլիտ» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերությունը 16.2 մլն դրամով փոխել է  Այգեզարդ համայնքի դպրոցի պատուհանները:

Նշենք, որ «Պարտեզ Ախա-Էլիտ» ՍՊԸ-ի 100%-ի բաժնետեր Խաչիկ Զաքարյանին ու վարչապետի ազգական, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայր Գագիկ Պողոսյանին է պատկանում «Արաշագ» ՍՊԸ-ն, որը Արտաշատ-Երասխ ճանապարհի երկայնքով ունի գազալցակայաններ: Ընկերության 40% բաժնեմասը պատկանում է Գագիկ Պողոսյանին, 30%-ը` Ոստան գյուղի բնակիչներ Աշոտ եւ Հակոբ Բաբախանյան եղբայրներին, մյուս 30%-ը՝ նույն գյուղի բնակիչ Խաչիկ Զաքարյանին:

«Պարտեզ Ախա-Էլիտ» ՍՊԸ-ն պետական գնման պայմանագրեր կնքել է նաև այլ ծրագրերով: Օրինակ՝ 2011թ. մարզի մի շարք համայնքներում մետաղապլաստե պատուհանների տեղադրման համար մարզպետարանի և  «Պարտեզ Ախա-Էլիտ» ՍՊԸ-ի միջև կնքվել է  52 մլն 610 հազար դրամի պայմանագիր:

Նույն ծրագրի շրջանակներում, հաջորդ կասկածելի գործարքը, որը կնքվել է Արարատի մարզպետարանի մասնակցությամբ, 13.6 մլն դրամով Քաղցրաշեն գյուղի դպրոցի վերանորոգման նպատակով կնքված պայմանագիրն է: Կապալառու ընկերությունը եղել է «Վալ-Կար» ՍՊԸ-ն, որը հիմնադրել է Քաղցրաշենի ներկայիս համայնքապետ Վալերիկ Գյուլամիրյանը: Վերջինս ընկերությունից դուրս է եկել 2011թ. օգոստոսին և «Վալ-Կար» ՍՊԸ-ի 100% բաժնետեր է դարձել Արտաշատ քաղաքի բնակիչուհի Մարինե Լևոնյանը: Նա է հանդիսանում նաև ընկերության տնօրենը:

Սեփականատիրոջ փոփոխությունը ձևական բնույթ է կրում, ընկերության իրավաբանական հասցեն շարունակում է մնալ Քաղցրաշեն համայնքը: Գյուղացիներից մեկը, որի անունը չենք հրապարակում, նշեց, որ գյուղապետի և Մարինե Լևոնյանի միջև բարեկամական կապ կա: Տեղեկացրեցին նաև, որ Մարինե Լևոնյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում և լավ հարաբերություններ ունի նաև Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ:

Վալերիկ Գյուլամիրյանը արձակուրդում է: Համայնքապետի բջջային հեռախոսն անջատված է և նրանից անձամբ պարզաբանում ստանալ չհաջողվեց: Կապ հաստատել չհաջողվեց նաև նոր սեփականատիրոջ հետ:

Քաղցրաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահրամ Արարատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «եթե չի սխալվում», «Վալ-Կար» ՍՊԸ-ն իրենց գյուղում է գրանցված:

«Այդքան մանրամասն չգիտեմ, բայց իմ ունեցած տեղեկություններով, ոնց որ մեր գյուղի հետ կապ ունի»,-ասաց Վահրամ Արարատյանը:

Աշխատակազմի քարտուղարն ասաց, որ տեղյակ չէ, թե ով է «Վալ-Կար» ՍՊԸ-ի հիմնադիրը և գործող համայնքապետն ինչ կապ ունի ընկերության ներկայիս միակ բաժնետիրոջ ու տնօրենի հետ: Մի քանի ճշտող հարցերից հետո Քաղցրաշենի աշխատակազմի քարտուղարը սկսեց «պատկերացում չունենալ» ոչ միայն «Վալ-Կար» ՍՊԸ-ի, այլև այդ ընկերության կողմից իրենց գյուղի դպրոցի վերանորոգման վերաբերյալ:

«Ճիշտը որ ասեմ, ես չգիտեմ, որ այդ ընկերությունը գյուղապետն է հիմնադրել»,-ավելացրեց Վահրամ Արարատյանը:

Նշենք, որ «Վալ-Կար» ՍՊԸ-ն հաճախ է հայտնվում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերում, ինչը պատահական չէ: Օրինակ՝ այս ընկերությունը 2013թ. նույնանուն ծրագրով իրականացրել է Եղեգնավան համայնքի դպրոցի և Դեղձուտ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Աշխատանքների կատարման համար կնքվել է մեկ պայմանագիր, որի ընդհանուր գինը կազմել է 30 մլն 668 հազար դրամ:

Նույն տարում, դարձյալ հրատապ ծրագրով, ընկերությունն իրականացրել է Արարատի մարզի Նարեկ գյուղի մանկապարտեզի գազատարի և կոյուղու կառուցման աշխատանքները, որն արժեցել է 7 մլն 690 հազար դրամ:

Իսկ 2012թ. առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում «Վալ-Կար» ՍՊԸ-ն մոտ 19.5 մլն դրամի շրջանակում վերանորոգել է Նարեկ համայնքի մանկապարտեզը:

Տեղեկացնենք, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը մի քանի հարյուր հեկտար հողեր ունի մարզի Քաղցրաշեն ու Նարեկ համայնքներում և վերջիններիս համայնքապետերի հետ «բարեկամական» հարաբերություններ ունի:

Հրատապ ծրագրի շրջանակում բոլոր կապալառու կազմակերպություններն ընտրվել են բանակցային ընթացակարգով՝ առանց հայտարարության եղանակով: Գումարը հատկացնելուց այդպես է ցանկացել կառավարությունը: Հաճախ առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերում ընդգրկվում են այնպիսի աշխատանքներ, որոնք ամենևին էլ հրատապ չեն և կարելի է դրանք ընդգրկել տարեկան ծրագրերում: Բայց քանի որ առաջնահերթ լուծում պահանջող ծրագիրն իրենից ներկայացնում է առանց մրցույթ հայտարարելու  ծրագիր, շինաշխատանքներն իրականացնելու համար բանակցություններով «ընտրվում» են կառավարության կամ մարզային իշխանություններին մոտ կանգնած ընկերությունները՝ անտեսելով պետական շահը:

Մեկնաբանություններ (2)

Aram
So much known and so……nothing done to these people for their immoral (and illegal?) acts.
նելսոն
Բյուջեն դարձրել են թոնրի բոքոն հերթով կրծում ,փոխանցում են իրար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter