HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդը պիտի պայքարի իր հիմնարար Ազատությունների համար. դրանից բարձր արժեք չկա

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից 

Այն, ինչ մի քիչ-մի քիչ ցույց են տալիս հեռուստաընկերությունները, այնքան քիչ է պատկերացում կազմելու համար, թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում ու Բաղրամյան պողոտայում: Ինֆորմացիոն պակասն է պատճառը, որ ոչինչ չեմ ուզում գրել: Հեռուստատեսությամբ հայտնեցին, որ դերասան Վարդան Պետրոսյանը, ով գտնվում է այստեղ՝ «Նուբարաշեն» բանտում, հացադուլ է հայտարարել՝ զորակցելով ցուցարարներին: Դիմում եմ Վարդանին՝ խնդրանքով, որ դադարեցնի հացադուլը: Վարդան ջան, դու բոլորիս ուժեղ ու առողջ ես պետք: Առանց այդ էլ ողբերգական վթարից հետո հրաշքով ողջ ես մնացել: Իսկ բանտում առողջություն պահպանելը առանց այն էլ դժվար գործ է: 

…Մի քանի օր առաջ քրքրում էի արխիվս, վերաքննիչ բողոքս կազմելու համար հին փաստաթղթերից մեջբերումներ պիտի անեի: Մեկ մետրանոց թղթերի մեջ գտա երկու տարի առաջ գրածս մի գրոտեսկային պատմվածք: Նորից աչքի անցկացրեցի. կարծես ոչինչ չի փոխվել մեր հանրային կյանքում: Ոնց կուզեմ, որ այս անգամ ամեն ինչ փոխվի, ռադիկալ փոխվի, որ վերջապես քաղաքացին պայքարի իր հիմնարար Ազատությունների համար: Այդ ժամանակ արդարություն կհաստատվի, ոչ թե երկիրը շարունակի կառավարվել որպես շահույթ հետապնդող մի կազմակերպություն կամ մի մեծ խանութ:  

Շուն- մարդը

Առավոտյան երկու հասուն տղամարդ դուրս եկան փողոց: Մեկը հագնված էր կոկիկ՝ բոլորովին նոր, թանկարժեք կոստյումով, նույնպիսի ժամացույցով ու կոշիկներով, սպիտակ վերնաշապիկով: Վրայից էլ թանկարժեք օծանելիքի հոտ էր բուրում: Մյուսը՝ պատառոտված, քնձռոտ շորերով էր: Բայց շոր ասելը պայմանական է, ամբողջը լաթ-լաթ կախված էր վրայից: Տեղ-տեղ կեղտի մեջ կորած մարմինն էր երևում: Վրայից էլ շան հոտ էր փչում:

-Շո՛ւն- մարդ, ծնկի՛ արի,-հրամայեց իշխանավորը:

- Լսո՛ւմ և հնազանդվո՛ւմ եմ, Տե՛ր-մարդ,- խեղճացած ասաց Շուն-մարդը և իսկույն ծնկի իջավ ու, լեզուն դուրս գցած, աղմկոտ շնչելով, չորեքթաթ պտտվեց տիրոջ կողքը: Հետո կանգ առավ ու մի բուռ ցեխ քսեց ինքն իր երեսին: Նայեց տիրոջը.

-Էսպես լա՞վ ա…

Շրթունքներն իրար պիտդ սեղմած՝ տերը գլուխը տմբտմբացրեց՝ հավանություն տալով շան տեսքին, հետո գրպանից հանեց 100 տարվա ոսկոր, գցեց շան դիմաց: Շուն-մարդը անցյալ դարից սոված էր, բայց մտածելով, որ կարող է է՛լ ավելի վատ օրեր լինեն, ոսկորը պահեց լաթերի տակ ու գոհ մնաց:

Տերը մի հաստ շղթա կապեց նրա վզին  և շխշխկացնելով Աբովյանով իջան մինչև Հանրապետության հրապարակ:   

Հրապարակում խառնաշփոթ սկսվեց: Հետաքրքրասերներին, որոնք այնքան էլ շատ չէին, հետաքրքրում էր՝ ով է հաստափոր, յուղալի հաստ շուրթերով, ոտքից գլուխ զարդարված Շուն- մարդու վզից քաշ տվողը: Անտարբերները չնկատելու էին տալիս սարսափ ֆիլմ հիշեցնող այս տեսարանը, ոմանք հրճվում, բարձր ծիծաղում էին, քչերը՝ փորձում պաշտպանել Շուն-մարդուն, ով թափանցիկ լինելու չափ նիհար էր՝ դուրս ցցված այտերով ու աչքերով:     

Մի ծերունի բարկացած մոտեցավ երիտասարդների խմբի. տղաները կանգնած հրճվում էին տեսարանից.

- Ի՞նչ եք հռհռում, ամբողջ ժողովրդին են չոքացրել, ձեր պապերին, ծնողներին: Դեռ ջահել եք, չեք հասկանում՝ վաղը դուք եք նույն օրն ընկելու:

Ոմանք համաձայնեցին, բայց մի հիմար՝ կեղծ հպարտությամբ, ծերուկին հրեց.

-Ա՛յ բիձա, էս ո՞ւմ ծնողին ես շուն ասում:

- Է՛, տղա ջան, ուժդ հազիվ ծեր մարդու վրա է պատում, բայց կհամարձակվես ժողովրդին շան օրը գցածների վրա ձեռք բարձրացնես:

Մի պահ լռություն էր: Հետո չորս-հինգ երիտասարդ վազեց դեպի Տեր- մարդը, սկսեցին բռունցքներով հարվածել նրան, կոստյումի օձիքից բռնած քաշքշում էին: Սպիտակ վերնաշապիկը պատռվեց, բոլորը տեսան, որ կրծքին մեծ ադամանդներով զարդարված ոսկե խաչ է կախված:

-Ա՛յ անաստված, էդ խաչը դոշիցդ կախել ես,  իսկ խեղճ մարդուն շղթայով կապած մա՞ն ես տալիս:

Մի կին բարկացած մոտեցավ, ապտակեց  Տեր- մարդուն: Այս ամենը տեսնելով՝ Շուն-մարդը հաչոցը դրեց փողոցով մեկ, կծեց տիրոջը: Այդ պահին Տերը խաչը հանեց, դրեց շան գլխին.

-Դու երդվել ես հլու հնազանդ լինել: Դու վախենում ես նույնիսկ կծել, այնպես չէ՞:

Շուն-մարդը կուչ եկավ, ոսկորը գցեց դիմացն ու սկսեց լիզել: Հավաքվածները  «թո՛ւ» ասելով՝ ապշած նայում էին: 

Ոստիկաններ մոտեցան աղմուկի վրա: Ուզում էին ձերբակալել երկուսին էլ: Բայց նրանք ցույց տվեցին բոլոր փաստաթղթերը: Ոստիկանները տեսան, որ նրանք օրենքով սահմանված կարգով պայմանագիր էին կնքել՝ երկուսն էլ կամովին ու գիտակցված հանձն էին առել որոշ պարտավորություններ մեկը մյուսի նկատմամբ: Մեկը պիտի հնազանդ լիներ, իսկ մյուսը՝ ոսկոր պիտի տար Շուն-մարդուն: Ամեն ինչ փոխադարձ համաձայնությամբ էր, ամեն մեկը կատարում էր իր դերը: Հետևաբար մարդու իրավունքների ոտնահարման մասին խոսք լինել անգամ չէր կարող: Այս ամենը իմանալով՝ հավաքվածները է՛լ ավելի կատաղեցին: Մարդիկ խումբ-խումբ կանգնած վիճում էին:

Երթուղային մոտեցավ՝ մեջն էլ լիքը մարդ: Շուն-մարդը կռացած մտավ երթուղային, դռան մոտ չոքեց, հարմարվեց: Շղթան պատուհանից դուրս բերեցին, որ Տեր-մարդը շղթայի ծայրը բաց չթողնի ու այդպես՝ ծայրից բռնած նա նստեց իր շքեղ «Ջիպը»: Երթուղայինն ու «Ջիպը» Մաշտոցի պողոտայով գնացին դեպի Սբ.Սարգիս եկեղեցի: Շուն-մարդը իրեն բնավ էլ վատ չէր զգում, չոքած ավելի հարմար էր, քան կռացած երթևեկելը կամ առհասարակ ապրելը…

Հ.Գ Մարդը պիտի պայքարի իր հիմնարար Ազատությունների համար, որից բարձր արժեք ինձ համար չկա: 

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Մհեր, սիրելիս, չընկճվես երբեք, այս կոկորդիլոսները հավերժ չեն...............................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter