HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Այս տարի հայկական ֆիլմերը շատ լավը չէին». Րաֆֆի Մովսիսյան

Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներկայացված է 18 ֆիլմ: Դրանք ընտրվել են ներկայացված շուրջ 90 ֆիլմերից:

«Ցավոք սրտի, այս տարի հայկական ֆիլմերը շատ լավը չէին: Բավականին ծանր կացության մեջ էինք, որովհետև շատ երկար նայում, քննարկում էինք, թե ինչ ֆիլմեր պետք է ընդգրկենք», - ասում է կինոքննադատ, «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:

Մրցույթում ներկայացված են թե վավերագարական ու գեղարվեստական, թե լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր: Փառատոնի արդյունքում այս մրցույթի շրջանակներում կհանձնվի 3 մրցանակ` լավագույն հայկական լիամետրաժ, լավագույն հայկական կարճամետրաժ և լավագույն հայկական վավերագրական ֆիլմերի համար:

Մրցույթի ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Հակոբյանը նշում է, որ անցած տարվա նշաձողը բավականին բարձր էր, այդ պատճառով էլ այս տարի դժվար էր ընտրություն կատարել:

«Մեր երիտասարդ ռեժիսորներն իրենց առաջին ֆիլմը նկարհանում են այնպես, ոնց որ թե դա իրենց վերջին ֆիլմը լինի: Պետք են մի քիչ ավելի պարզ, հասարակ ֆիլմեր», - ասում է Վ. Հակոբյանը:

Ր. Մովսիսյանը հավելում է, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ հայկական կինոդաշտում կան մի քանի անուններ, որոնք պարբերաբար ֆիլմեր են նկարահանում, և սովորաբար հենց նրանց նկարահանած ֆիլմերն են կազմում այս մրցույթի հիմնական մասը: Այս տարի այդ ռեժիսորների մեծ մասը ֆիլմ չի նկարահանել, և ծրագիրը դրանից փոքր-ինչ տուժել է: Մյուս կողմից` սա հնարավորություն է տալիս երիտասարդ ռեժիսորներին ընդգրկվել մրցութային ծրագրում: Եթե անցած տարի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում կար 7 լիամետրաժ խաղարկային ֆիլմ, ապա այս տարի դրանք 4-ն են. Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915» (ԱՄՆ), Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» (Հայաստան, Ֆրանսիա, Ռուսաստան), Հայկ Կարապետյանի «Նարնջագույն բաճկոնով մարդը» (Լատվիա, Էստոնիա) և Ալբերտ Կոդագոլյանի «Չքնաղ մի տեղ» (Բրազիլիա) ֆիլմերը: Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև 7 վավերագրական և 7 կարճամետրաժ ֆիլմեր:

Այս տարի «Հայկական համայնապատկեր» մրցութային ամբողջ ծրագրի ֆիլմերը ցուցադրվելու են «Հայաստան» կինոթատրոնում: Իսկ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ցուցադրվելու է «Հայեր. հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրի ֆիլմեր: Այս ծրագրում ընդգրկված են հայկական արտադրության այն ֆիլմերը, որոնք չեն ընդգրկվել մրցութային ծրագրում: 

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անց է կացվելու հուլիսի 12-19: Փառատոնի թե բացման, թե փակման ֆիլմերը հայ ռեժիսոների գործեր են: Բացման ֆիլմ է ընտրվել Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն» (Ֆրանսիա, 2015) ֆիլմը: Այն ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների ծրագրում: Իսկ փառատոնի փակման ֆիլմն է Համո Բեկնազարյանի «Նամուսը» (1925). այս տարի լրանում է ֆիլմի 90-ամյակը:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter