HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աշխարհքը ամեն հայերը փրկել են արհեստին մեջ, Հայաստան ինչի՞ չեն աշխատիր»

Գայանե Սարգսյան

«Ազգական ունեինք Վանաձոր, մեզի հեռաձայն  ասում էր՝ եկուր, եկուր: Վերջապես 8 ամիս առաջ եկանք: Քիչ մը փող ունեինք. 2.000 դոլար էինք բերել: Անոթի էին ամենը, 7 հոգի էին, չէին աշխատում: Ամեն օր ուտում էին, նստում էին:

Երկու ամիս հետո վերջացավ փողը: Ըսավ՝ փող տուր, ըսի՝ վերջացավ, ըսավ՝ փող չպիտի տաս՝ գնա…»,- իր Հայաստան գալու ոդիսականն է սկսում 74-ամյա Բենիամին Դանիելյանը:

Բարեկամի տնից դուրս հրավիրվելուց հետո վանաձորցի մի կնոջ միջնորդությամբ Բենիամինը Վանաձորի համար անհավատալի բարձր գնով մի բնակարան է վարձակալում քաղաքի ոչ կենտրոնական հատվածում:   

«Ատ տունին վարձը 300 դոլար էր: Գող մը գտել էր»,- ասում է նա: 

Որոշ ժամանակ անց, պատահականորեն իմանալով, որ տան վարձը չի համապատասխանում վանաձորյան գներին, Բենիամինը որոշում է փոխել բնակարանը: Կրկին միջնորդությամբ նա այս անգամ հաջողեցնում է բնակարան վարձել 40.000 դրամով, ինչը քաղաքի տվյալ թաղամասի համար կրկին թանկ կարող է համարվել: Բենիամինը, սակայն, առայժմ գոհ է. նախկինի համեմատ կարող է ամսական 200 դոլար խնայել: 

Բենիամինին ու կնոջը՝ Շարիֆոյին, ժամանակ առ ժամանակ ֆինանսապես օգնել է ԱՄՆ-ում բնակվող որդին: Գումարների վատնման հաջորդ փորձը Բենիամինը ձեռք է բերում ԱՄՆ-ի դեսպանատուն դիմելու ժամանակ: 

«Ամերիկայի վիզայի համար 400 դոլար տվինք:  Քանի ամիս վերջը գացինք վիզային համար, ըսին՝ ուր կերթաք, ըսինք՝ բա  ո՞ւր երթանք, մեր տղուն մոտ կուզենք գնալ, ասին՝ վիզա չկա: է, չկա՝ ինչո՞ւ առիք 400 դոլարը»,- զարմանում է նա: 

ԱՄՆ մեկնելու հույսը կորցրած՝  վերադառնում է Վանաձոր, որտեղ նրան նորանոր ծախսեր են սպասում ինչպես քաղաքի, այնպես էլ Երևանի անձնագրային բաժիններում: 

«Սիրիային պասպորտ ունենք: Հոս ինձմեն առին 30.000 պասպորտին տեղը ու Երևան ղրկեցին: Հոն ալ առին»,- պատմում է զրուցակիցս: 

Այս ու նմանատիպ այլ դրվագները պատճառ են դարձել, որ Դանիելյան ամուսինները հիասթափվեն ամեն ինչից ու ամենքից: 

«Ըսիգ հայրենի՞ք է: Մեզի արաբները տուն տվին 100 տարի առաջ, հաց տվին, ջուր տվին, 8 ամիս է, մի հատ հաց տվող չեղավ, հարցնող չեղավ: Ըսիգ հայրենի՞ք է:

Մեկն ինկավ մը, վերջ, հարցնող չկա: Ասանկ հայրենի՞ք կլլա»,- զարմանում է սիրիահայը: 

Բենիամինն ասում է, որ Վանաձորում բնակվելու 8 ամիսների ընթացքում իրեն հանդիպող մարդիկ միայն գումար են խնդրել, ինքն էլ, չնայած կնոջ դեմ լինելուն, օգնել է դիմողներին: 

«Տուր, տուր, տուր, մեկը կըսե՝ հիվանդ է, մեկը՝ չոճուխները հաց չունեն, անոթի են, ամենուն կուտամ: Ասիկ կռվում էր հետս,  (հեղ.՝ ի նկատի ունի կնոջը) կըսեր՝ մի տար, մի տար, դուն վաղը ինկնաս, մեկը ջուր չի տա: Կըսեի՝ թող չիտան: Հիմա ընկանք, դեռ կգողնան մեզնից: Ութ ամսվա մեջ մեկ հատ Մարդու չհանդիպանք,- ասում է նա ու հավելում,- ասիկա աստծումեն հիվանդություն է: Խղճմտանքս չի ներե, մեկ հատ աղքատ տեսնամ հաց չունի, դրամ կուտամ»: 

Այս ամենը պատճառ են դարձել, որ Բենիամինը դառնա զգուշավոր ու հնարավորինս քիչ շփվի մարդկանց հետ: Հիմա նա նախընտրում է մենակ շրջել Վանաձորի զբոսայգիներում ու տարբեր բույսեր ու ծաղիկներ հավաքել: Հետո դրանք հայտնվում են հյուրասենյակում՝ շշերի մեջ: «Կերթամ, մարդ չեմ ուզեր տեսնամ, կառնեմ գլուխս կերթամ: Ասոնց հետ ընկեր եմ»,-  ցույց է տալիս սեղանին դրված բույսերը: 

Վերն ասվածից վանաձորցու խոցված ինքնասիրությունս ինչ-որ կերպ սփոփելու համար փորձում եմ համոզել կյանքն ապրած այս մարդուն, որ մեր բնությունն, իրո՛ք, հրաշալի է ու շատ ուրախ եմ, որ սիրում է Վանաձորի բնաշխարհը:   

«Ի՞նչը սիրենք, անոթի մարդ բնությունը կհասկանա՞: Մեկենը հաց պիտի տեսնա, որ սիրե: Անոթին ինչպե՞ս պիտ սիրե», -խոսքս կտրում է Բենիամինը: 

Ասում է, որ Վանաձորում տարբեր տեղեր է դիմել աջակցության խնդրանքով: Քանի որ հայերենին լավ չի տիրապետում, դժվարանում է հստակ նշել, թե հատկապես որ մարմիններին է դիմել:  Մի բան վստահեցնում է. մինչ օրս ոչ ոք չի օգնել: 

«Քանի մը հոգի ինձի ըսին՝ դիմե, դիմե, դիմեցինք: Ում կդիմենք, կըսեն՝ դուն գնա, մենք հեռաձայն կընենք քեզի: Ոչ ձայնող կա, ոչ հարցնող կա»: 

Վանաձորի բոլոր անկյուններում շրջելուց հետո Բենիամինը եկել է հետևյալ եզրակացության. «20-30 մարդ կա, որ հոս աղվոր կապրին: Ես տուները տեսնում եմ իրենց, մաշինները տեսնում եմ, մյուս աղքատները ուտելիք ալ չունին: Ադոնք բենզինը կքոքեն, կերթան, կադիլակ քշում են, աղքատը հաց չունի: Ամեն տեղ կան աղքատներ, բայց այսքան չէ»:  

Նա բարձրաձայն մտորում է ու չի կարողանում հասկանալ, թե հայաստանցիներն ինչո՞ւ չեն աշխատում, ինչո՞ւ աշխատանք չկա: 

«Հայերն արհեստավոր են, ամեն մեկը ուժով է, ինչո՞ւ գործ չկա: Աշխարհքը ամեն հայերը փրկել են արհեստին մեջ, Հայաստան ինչի՞ չեն աշխատիր»: 

Բենիամինի հարցին պատասխան չունեմ:

Մեկնաբանություններ (1)

գօհար
Հրանուշ Հակօբյանին պետք ե դիմել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter