HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Նստացույցի մասնակցին հետապնդել է քաղաքացիական հագուստով անձը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նստացույցի մասնակիցներից Անի Եղիկյանը երեկ երեկոյան նկատել է, որ իրեն հետապնդում են: Այդ մասին «Հետքին» պատմեց Անին՝ նշելով, որ ճանաչել է իր հետևից անթաքույց քայլող տղամարդուն:

«Երեկ՝ ժամը 22:30, ես գնում էի, որ հագուստս փոխեի, մի բան ուտեի ու վերադառնայի ցուցարարների մոտ: Երբ բարեկամության մետրոյից դուրս էի գալիս, նկատեցի, որ ինչ-որ մեկը համաչափ քայլում է իմ հետևից, բայց կասկածների տեղիք չտվեց, որովհետև մետրո է, շատ մարդիկ կան, ցանկացած մարդ կարող է այդտեղով քայլել: Քիչ էր մնացել, որ հասնեի այն տեղին, ուր գնում էի, պատահական գլուխս պտտեցի ու տեսա, որ նույն մարդն իմ կողքին է: Ճանաչեցի այդ մարդուն»,- պատմում է Անին:

Ըստ Անիի՝ նրան հետևող անձին նա հանդիպել է հունիսի 22-ի երեկոյան՝ Բաղրամյան պողոտայում: Քաղաքացիական հագուստով այդ անձը այնտեղ էր եկել՝ համոզելու նստացույցի մասնակիցներին, որ իրենց գործողություններն անիմաստ են, ոչինչ չի փոխվելու:

«Սահմանադրական դատարանի մոտ ես այդ մարդու հետ մի փոքր վիճաբանություն եմ ունեցել, ասել եմ՝ ձեզ ո՞վ է ուղարկել, որ փորձում եք մարդկանց տուն ուղարկել: Ասել եմ՝ էստեղից գնացեք, որովհետև մարդիկ կատաղած են, չարժի նրանց ավելի կատաղեցնեք: Ինքն ինձ հետ վիճաբանության մեջ մտավ, ինձ այդտեղից տարան»,- ասում է Անին:

Տեսնելով իրեն հետևող տղամարդուն՝ Անին միանգամից կանգնել է: «Ինքը նույնպես քայլերը դանդաղեցրեց ու ժամանակ առ ժամանակ հետ էր նայում: Մոտ հինգ մետր գնալուց հետո նա բացահայտորեն կանգնեց, սպասում էր իմ գործողություններին: Ես հետ գնացի ու մտա շենքերի բակ, մոտ տասը րոպե սպասել ու դուրս եմ եկել, ինքն արդեն չկար: Հավանաբար, ինձ կորցրել էր կամ ինչ-որ տեղում էր, որ ես իրեն չէի կարող նկատել»,- պատմում է Անին:

Անին նշում է, որ նստացույցի ընթացքում ակտիվ գործունեությամբ աչքի չի ընկնում, ուղղակի կարծում է, որ բերման ենթարկված բոլոր անձանց ինչ-որ կերպ հետապնդում են՝ հասկանալու նրանց հետագա գործողությունները:

Անի Եղիկյանը կասկածում է, որ եթե նույնիսկ այդ անձը ոստիկանական կոչում չունի, այնուամենայնիվ, նա աշխատում է ոստիկանների համար:

Հունիսի 23-ին բերման ենթարկվելուց հետո Անի Եղիկյանի սիրողական տեսախցիկը ոստիկանության բաժնում վերցրել են՝ խուզարկելիս: Նա պատրաստվում է երկուշաբթի օրը ֆոտոխցիկը հետ ստանալ ոստիկանությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter