Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ալավերդին միացավ «Ոչ թալանին» ակցիային



Այսօր երեկոյան՝ ժամը 17:30-ին ալավերդցի մի խումբ ակտիվիստներ «Ոչ թալանին» ակցիային աջակցելու նպատակով իրազեկման երթ էին կազմակերպել Ալավերդու թաղամասերում: Մինչ ակտիվիստները նշված ժամին կհավաքվեին, Սայաթ-Նովա  հրապարակը շրջափակել էին   ճանապարհային ոստիկանության երկու ավտոմեքենաներ և ոստիկանության  Թումանյանի բաժնի թվով 10  ոստիկաններ:

Երիտասարդները  «Ոչ թալանին», «Կասեցում», «Միացեք»,  «Հայաստան» վանկարկումներով  Սայաթ-Նովա հրապարակից Թումանյան փողոցով շրջեցին Կախոյան և  Սպանդարյան  թաղամասերով, ապա ճոպանուղով բարձրացան  Ս./Սարահարթ թաղամաս:

Երթի ընթացքում ակտիվիստիներին ուղեկցում էին 10 ոստիկաններ: Թումանյան փողոցում երիտասարդներին միացան մի քանի տաքսիստներ, մի խումբ կանայք  և տարեց տղամարդիկ: Ս. Սարահարթ  թաղամասի  Պղնձագործների փողոցում  երթի մասնակիցներին դիմավորեցին նոր ոստիկաններ, իսկ  թաղամասի  մշակույթի տան առջև երթին միացան նոր ակտիվիստներ:

«Մեր իրազեկման նպատակն այն է, որ ալավերդցիները միանան «Ոչ թալանին» շարժմանը»,- ասաց ակտիվիստ Օլեգ Դուլգարյանը: 

«Հայաստանի ղեկավարությունը շատ սխալ է գործում: Մեր ժողովուրդը ապրելակերպ չունի, էդ ինչո՞վ պետք է թանկ գներով էլեկտրանէներգիայի վարձը մուծի: Հնարավոր չի դա:  Փոխանակ երկրում  էժանացումներ անի, որ մարդիկ  կարողանան  մարդավարի  ապրեն և չփախչեն հայրենիքից»,- ասաց երթին միացած  թոշակառու Սերյոժա Աբգարյանը:

«Ես  շարժմանը բավականին դրական եմ վերաբերում, մեծ  հույսեր ունեմ և  կարծում եմ արդյունքի կհասնենք: Այս շարժումն ավելի երիտասարդական և ինքնաբուխ շարժում է և եթե երկրի պատանիները ու  երիտասարդ մայրերը նույնպես պայքարում են իրենց իրավունքերի  համար, ես կարծում եմ՝ արժանապատվություն  ունեցող յուրաքանչյուր իշխանություն պետք  է կատարի ժողովրդի պահանջը»,- ասաց ակտիվիստ  Մարիանա Պեպանյանը:

Վերջինիս անդրադարձավ նաև  հանրային շարժումներին Ալավերդու  երիտասարդության պասիվությանը. «Մենք շատ սիրում ենք դժգոհել, բայց  ոչ մի դեպքում տեր չկանգնել մեր իրավունքներին: Ոչ մի իշխանություն լավը չի լինելու, եթե մենք չպաշտպանենք մեր իրավունքերն ու շահերը: Սա պետք է բոլորս հիշենք»,-բացատրեց Մարիանան: Ակտիվիստերի իրազեկման երթը Ալավերդու թաղամասերում  այս պահին շարունակվում է:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ