HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. զանգը, որի ղողանջը բերեց Բակունցը

Աննա Բաբաջանյան

Ակսել Բակունցի «Խոնարհ աղջիկը» պատմվածքում հանդիպում ենք այսպիսի մի տողի.  «Օրապահի զանգին ես իջնում ​​էի տան սանդուղքով, բլրակի գլխին չհասած տեսնում էի դպրոցի առջեւ խմբված երեխաներին. խմբով էլ ներս էինք մտնում»: Զանգի մասին հիշատակումը եւ այս պատկերի նկարագրությունը, թերեւս, ոչ այնքան գրողական հնարք է, որքան` վավերագրություն:

Հայտնի է, որ Բակունցն ինքը մի քանի տարի զբաղվել  է ուսուցչությամբ, եւ  մի  իր, որ պահվում է Սիսիանի Ն.Ադոնցի անվան պատմության թանգարանում, այդ ժամանակահատվածում եղել է նրա «ընկերն» ու «օգնականը»: Մինչ դրան անդրադառնալը, սակայն, հարկավոր է թերթել Բակունցի կենսագրության որոշ էջեր:

1915-ին Շուշիի «Փայլակ» թերթում Գորիսի քաղաքագլխի եւ կառավարիչների դեմ տպագրած ֆելիետոնի պատճառով գրողը ձերբակալվում է: 34-րդ օրը նրան ազատում են կալանավայրից` այն պայմանով, որ ուսուցչության մեկնի հեռավոր Լոր գյուղը: Այդպիսով`  Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի սան Բակունցը, ով ընդամենը 16 տարեկան էր, Գորիս քաղաքից  գնում է Լոր` ուսուցչություն անելու:  Ի դեպ, այդ առիթով Համո Սահյանը, ով Լոր գյուղի ծնունդ է, գրել է. «Բակունցի` գյուղ գալով Լորի սարերում մի նոր արեւ բարձրացավ»: Թե ինչ արեւ իր հետ  բերեց Բակունցը` երեւում է նաեւ  փոքրիկ մի դրվագից:

Դպրոցը զանգ չուներ: Բակունցը, սակայն, չէր պատրաստվում ձեռքերը ծալած նստել: Նրա պատվերով  Բաքվի լորահայ համայնքը ձուլել է տալիս  եւ գյուղ ուղարկում զանգը, որը  գյուղ է հասցնում քահանա Տեր-Հովհաննեսը: Զանգին, սակայն վիճակված էր  ղողանջել մինչեւ 1931 թվականի երկրաշարժը: Աղետը խլացնում է դրա ձայնը. երկրաշարժի ժամանակ այն ընկնում է սալահատակված պատշգամբում եւ խոշոր ճաք տալիս, ուստի դուրս է գալիս գործածությունից: Լորի դպրոցի շենքը, սակայն,  մնում է կանգուն Ձիթհանի բարձունքում` գյուղի գերեզմանի աջ մասում: Իսկ նախասրահում այժմ էլ պահպանվում է մետաղյա այն օղը, որից ժամանակին կախվել է դպրոցի զանգը:

Մեկնաբանություններ (1)

Գորիսեցի
1915-ին Շուշիի «Փայլակ» թերթում Գորիսի քաղաքագլխի եւ կառավարիչների դեմ տպագրած ֆելիետոնի պատճառով գրողը ձերբակալվում է...փաստորեն Լիսկան այսօր շարունակո՞ւմ է ավանդույթները...սակայն Գորիսում միշտ ապրել ու արարել են տաղանդավոր ու աշխատասեր, ազնիվ հայեր...այսօր անգրագետ ճարպիկների ժամանակն է...1988-ի զարթոնքն ու հաղթանակը վայելում են մարդիկ, որ կողքից դիտել կամ լսել են...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter