HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Էներգիայի թանկացումը խթանելու է արտագաղթը . հանրային քննարկում Գյումրիում

Չորրորդ օրն է` Գյումրիում ընթացող բողոքի ակցիաներն ուղեկցվում են հորդառատ անձրեւով: Այսօր եւս բացառություն չէր եւ վաղօրոք հայտարարված հանրային քննարկման սկիզբը դեռ չազդարարած՝ հավաքվածները ստիպված եղան ապաստան փնտրել թատրոնի կամարների ներքո: Սակայն դա չխանգարեց երիտասարդների մի մասին կրկին շուրջպար բռնելու Թատերական հրապարակում:

Հանրային քննարկումը սկսվեց` մեկ ու կես ժամ ուշացումով: Սպասվածից քիչ թվով մարդիկ էին մասնակցում՝ եղանակային անակնկալներն անտեսել էին միայն դրամատիկական թատրոնի դերասանները: Քաղաքացիական նախաձեռնության անդամներից Ղարիբ Հարությունյանն ասաց, որ նախ ցանկանում է անդրադառնալ «Հրապարակ» օրաթերթում տպագրված հրապարակմանը, ըստ որի Գյումրիում բողոքի ակցիաների «թաքնված կազմակերպիչը» ԱԺ պատգամավոր Մատուն Գրիգորյանն է:

«Ասեմ, որ գյումրեցի ակտիվիստների մոտ սա մեծ դժգոհություն է առաջացրել,- նկատեց Ղարիբ Հարությունյանը,- այստեղ ներկա է քաղաքի ակտիվ, գիտակ, բավական կազմակերպված, բարձր իրավագիտակցություն ունեցող հատվածը երիտասարդության: Սա միանշանակ քաղաքացիական ակտիվություն է եւ այստեղ հավաքվածները պայքարում են արդարության համար ու պետք չէ այս ամենին տալ քաղաքական աստառ»:

Այնուհետեւ խոսեց էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանը: Նրա համոզմամբ պետբյուջեից ՀԷՑ –ի պարտքը փակելու կառավարության որոշումն առնվազն ծիծաղելի է: Դա նշանակում է, որ կրկին անգամ մտնելու է բնակիչների գրպանը, քանի որ բյուջե ասվածը ձեւավորվում է հարկատուների վճարած հարկերից:  

«Ստացվում է, որ անուղղակիորեն էլի բնակիչն է մուծում,- նշեց Արտաշես Բոյաջյանը,-այսինքն դա խնդրի արմատական լուծում չէ, քայլ է, բայց կիսաքայլ: Անկախ աուդիտի եզրակացությունից հետո միայն կարելի է հստակ պատասխանել, թե այդ գումարներն իրականում ով պետք է փակի: Բնակչության նվազումը, հարկային բեռի ավելացումը, արտադրական ձեռնարկությունների փակվելը, քիչ էնեգիա արտադրելն է նման կոլապսի հանգեցրել: Որովհետեւ դու որքան շատ էներգիա ես արտադրում, այնքան շատ եկամուտ պիտի ստանաս: Նրանք, որ ասում են, թե ծախսերը շատացել են, դա իրականությանը չի համապատասխանում: Էն ժամանակ, երբ էլեկտրաէներգիայի գինը էժան էր, ավելի քիչ էին արտադրում, իսկ հիմա երբ ավելի շատ են արտադրում, չգիտես ինչու որոշում են թանկացնել: Հակառակ պատկերը պիտի լիներ: Գուցե անկախ աուդիտը պարզի, որ ոչ թե պիտի գինը թանկացնել, այլ՝ էժանացնել»:

Ըստ Արտաշես Բոյաջյանի, պետք է գնալ կազմակերպության սնանկացման ճանապարհով, որին պետք է հետեւի առողջացման ծրագրերի կազմումը: Դա կլինի իրատեսական լուծումներից մեկը: Էներգիայի թանկացումն իր հետ բերելու է շղթայական թանկացումների բոլոր ոլորտներում, կյանքի որակի վատացման, արտագաղթի տեմպերի մեծացման:

«Հիմա այս ստեղծված վիճակը ես համեմատում եմ նրա հետ, որ ասենք մարդը գնացել կազինո տարվել է մի քանի միլիոն դոլլար, պիտի փակվի էդ պարտքը, բայց փողն ուզում է հարեւանից՝ հայտարարելով, որ պիտի ծախի վերջինիս տունը՝ սեփական պարտքը փակելու համար»,- եզրափակեց բանախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter