HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Do They Know It’s Christmas? ». երգ, որը հուշեց աշխարհին պատուհանից դուրս նայել

Նաիրա Հայրապետյան

1984թ-ին  իռլանդացի երաժիշտ Բոբ Գելդոֆը և բրիտանական «Ultravox» խմբի վոկալիստ և կիթառահար Միջ Յուրը ձեռնամուխ եղան մի գեղեցիկ և շատ ազդեցիկ  աշխատանքի: Առիթը  հեռուստատեսային բազմաթիվ ռեպորտաժներն էին (հիմնականում BBC-ի), որոնք անդրադառնում էին Եթովպիայում ապրող մարդկանց դժվար կենսապայմաններին: Սով, աղքատություն, հիվանդություններ և դրանց հետևող մարդկային կորուստներ. այս ամենը ներկայացնող հեռուստապատմությունները խորապես տպավորել էին երաժիշտներին: Եթովպիայում սովից մեռնող հազարավոր մարդկանց օգնելու համար նրանք  որոշեցին ստեղծել մի երգ և հատուկ բարեգործական  ծրագրերում այն ներկայացնել հանրությանը: 

«Do They Know It’s Christmas?» աշխարհին հայտնի և մինչ օրս մեծահոգաբար ծառայող երգը գրվեց 1984թ.: Ձայնագրման ստուդիայում նրա բարեգործական առաքելությունն իր շուրջն էր համախմբել բազմաթիվ ռոք երաժիշտների՝ Սթինգ, Ջորջ Մայքլ, «Duran Duran», «Status Quo»,  Ֆիլ Քոլինզ («Genesis»), Բոնո («U2»), Փոլ Յանգ և ուրիշներ: Այսպես ստեղծվեց նաև «Band Aid» անվանումով աստղային խումբը, ում կատարմամբ ձայնագրված սինգլը շատ արագ դարձավ Անգլիայի երաժշտական պատմության մեջ ամենաարագ սպառվածը: Նա նաև համարվում է մինչ այդ ամենաշատ վաճառված երգը․ ընդամենը մեկ շաբաթում` մեկ միլլիոն օրինակ: «Do They Know It’s Christmas?»-ը հինգ շաբաթ շարունակ բրիտանական հիթերի 1-ին հորիզոնականում էր: Այնուհետև երգն իր առաքելությամբ շրջեց աշխարհի տարբեր մեծ ու փոքր երկրներում՝ դառնալով թիվ մեկ հիթը բազմաթիվ երաժշտական հիթ-շքերթներում: Այն Գելդոֆի ակնկալած 70 000 ֆունտ ստեռլինգը մեկ տարվա ընթացքում հասցրեց 8 միլիոնի և օգտագործվեց արդեն աֆրիկյան այլ երկրների աջակցության համար ևս:  

Ոգևորվելով  երգի հաջողությունից` Գելդոֆը ձեռնամուխ եղավ նոր, ավելի հզոր մի նախագծի. 1985թ. դեկտեմբերին կազմակերպեց հայտնի «Live Aid» բարեգործական համերգը` աշխարհռչակ երգիչների և երաժիշտների մասնակցությամբ: Երգը մինչ օրս համարվում է նմանօրինակ բարեգործական ծրագրերի «նախահայրը» և տարբեր տարիների ընթացքում վերաձայնագրվել է նոր մեկնաբանությամբ: 1989թ., 2004թ. և 2014թ.՝ այդ բոլոր տարբերակներն էլ ծառայել են նույն առաքելությանը՝ աջակցել մարդկանց, ովքեր տուժել են ոչ միայն բնությունից այլև իրենց նմաններից

Այսքանով, սակայն, չի ավարտվում երգի պատմությունը. այն լավ իմաստով վարակեց այլ արտիստների: Երգի միջոցով մարդկանց նյութապես աջակցելու գաղափարը դուրս եկավ մեկ երգի միջից և տարածվեց անգլիական սահմաններից այն կողմ: Բացի այդ,  ծնեց մեկ այլ պատմություն՝ համանման գաղափարով և նպատակով, և առավել մեծ մասշտաբով: «Do They Know It’s Christmas?»-ի շնորհիվ  է լույս աշխարհ եկել հանրահայտ «We Are The World»-ը: 

Երբ 1984թ. այն համաշխարհային իր «շրջագայությունն» էր իրականացնում, վաճառքի հսկայական հաջողության մեջ մեծ ներդրում ունեցավ նաև ամերիկյան ունկնդիրն ու երաժշտասերը: «Billboard Hot 100» –ում «Do They Know It’s Christmas?»-ը գրավել էր 13-րդ հորիզոնականը:  Եվ ահա տպավորված մարդասիրական այդ քայլից՝ ամերիկացի հասարակական գործիչ, երգիչ և դերասան Հարի Բելաֆոնտեն որոշեց իրականացնել ամերիկյան տարբերակը:  Սկզբում նա մտադիր էր բարեգործական համերգ կազմակերպել աֆրոամերիկյան մի խումբ երաժիշտների մասնակցությամբ, որով էլ գումար կհանգանակվեր Աֆրիկայի կարիքավոր երկրների համար, սակայն Քեն Քրեգենը, ում հետ համագործակցում էր Բելաֆոնտեն, խորհուրդ տվեց երգ ձայնագրել: Վերջինս փորձառու մենեջեր էր այս ասպարեզում և վստահ էր, որ ավելի դյուրին կլիներ այդ երգիչներին մեկ ստուդիայում հավաքելը, քան հսկա որևէ համերգային ծրագրում:

Այդպես էլ որոշվեց:  Մնում էր գտնել նրան, ով կստեղծեր երգ-տեսլականը: Մի երեկոյան Քրեգենը վերցրեց լսափողն ու հավաքեց Լայնըլ Ռիչիի հեռախոսահամարը…

 Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter