HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը ժողովրդին այլ ճանապարհ չի թողել, քան Բաղրամյանում մնալը

Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի ղեկավար

Հունիսի 27-ին Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը «ծայրահեղ վտանգավոր է համարել» Բաղրամյան պողոտայում բողոք արտահայտող «Ո՛չ թալանին» քաղքացիական շարժման գլխավոր պահանջի կատարումը. այն է` կասեցնել էլեկտրաէներգիայի սակագինը շուրջ յոթ դրամով թանկացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը:

Թե ինչու է որոշման կասեցումը ծայրահեղ վտանգավոր, Սերժ Սարգսյանը որոշ ակնարկներ է արել. «Ցավոք, շատ հարցերի պատասխանները հնարավոր չէ տալ այնքան արագ եւ այնպես, ինչպես կցանկանայինք բոլորս»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։ 

Ո՞ւմից է զգուշանում Սերժ Սարգսյանը

Ո՞ւմից է զգուշանում Սերժ Սարգսյանը, խոսելով խնդրի լուծման համար տեւական ժամանակ պահանջվելու մասին: Թերեւս այս հարցի պատասխանը կարող ենք գտնել նրա արտաբերած հետեւյալ մտքում. «Բարեբախտաբար պիտի նշեմ, որ այս օրերին մեր լրատվամիջոցների հերոսներն ավելի ու ավելի հաճախակի եղել են հենց խաղաղ ցուցարարները եւ հենց հայկական լրատվամիջոցների ջանքերով աշխարհը ստանում է հավասարակշռված տեղեկատվություն իրադարձությունների վերաբերյալ, իսկ մեր պետությունը կարողանում է հակազդել հակահայկական ապատեղեկատվությանը»:

Սերժ Սարգսյանի ակնարկի տակ անհնար է չտեսնել ռուսական քարոզչամեքենաներին ու նրանց  միտումնավոր ապատեղակտվությունը. իրենց լրատվական թողարկումներում նրան Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ից սկիզբ առած զարգացումներն անմիջականորեն շրջանակեցին իբրեւ հերթական Մայդանը: Այդպիսի որակումը մի քանի նպատակ էր հետապնդում. նախ, որ հայկական կողմն ինքը հերքի, թե այն մայդան չէ:

Պաշտոնական Երեւանն այդպիսի հերքում չկատարեց: Մինչդեռ Բաղրամյան պողոտան ինքնաբերաբար ինքը դեմ դուրս եկավ ռուսական քարոզչամեքենայի կեղծիքին` ուղիղ եթերով  նրանց լրատվական թողարկումների ժամանակ պարզելով կեղծիքը մերկացնող, ռուսական լրատվամիջոցներին մեղադրող պաստառներ: Քիչ չէին նաեւ հենց տեղում մասնակիցների մեկնաբանությունները կատարվողի իրական բովանդակության մասին: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնում նաեւ դրա համար:

Սակայն Սերժ Սարգսյանի զգուշավորության պատճառներն այսքանով չեն ավարտվում. Խոսելով էներգետիկ համակարգի վիճակի մասին, նա անուղղակի մեղադրում է ռուսական ընկերություններին` տնօրինվող հայկական ռազմավարական ակտիվները կոլապսի հասցնելու մեջ. «Ակնկալում եմ, որ երիտասարդները նույնպիսի խոհեմություն եւ իմաստություն կցուցաբերեն նաեւ մեր վաղվա օրվա հանդեպ, իսկ մեր վաղվա օրվա ապահովությունը պահանջում է պահպանել այն կենսական համակարգերը, որոնք սնում են մեր երկրի տնտեսությունն ու յուրաքանչյուրիս ընտանիքը: Մենք չենք կարող կտրել մեր երկրի կենսական օրգանները սնող զարկերակներն ու երակները միայն այն բանի համար, որ դրանք ախտահարված են հիվանդությամբ: Մենք չենք կարող մեր երկիրը զրկել արյունից ու թթվածնից՝ կենտրոնանալով միայն նրա էներգետիկ զարկերակներն ախտահարած խնդիրների պատճառների վրա: Առաջնահերթ կերպով մենք պիտի լուծումներ փնտրենք այդ կենսական համակարգը փրկելու համար՝ զուգահեռաբար բուժելով այն, վերակառուցելով այն, դարձնելով այն անխոցելի ապագայում, եւ այս նախաձեռնության մեջ մեզ համար դժվար օրերում ու սոցիալական բարդ իրավիճակում մենք միայնակ չենք» :

Թե ո՞վ եւ ի՞նչն է է ախտահարել երկրի էներգետիկ համակարգի կենսական օրգանները` երակներն ու զարկերակները, զրկել նրանց արյունից ու թթվածնից, թերեւս Սերժ Սարգսյանը այդքան համարձակություն չունի ասելու: Եթե անգամ «ինչ»  հարցադրման մասով նա կարող է ակնարկել կոռւպցիան ու այլ արատներ, ապա «ով» հարցադրման մասով չի կարող բաց տեքստով մեղադրել ռուսական կողմին: Թեպետ, դա պարզից էլ պարզ է, որովհետեւ երկրի էներգետիկ համակարգը նրանց տնօրինության ներքո է:

Մեկ այլ ակնարկ կարող ենք տեսնել նաեւ նրա այս մտքի ներքո. «Նաեւ համոզված եմ, որ եթե սակագինը չբարձրացնենք, ապա էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի: Ի վերջո, մեր բնակչության ավելի տարիքով հատվածը երբեք չի մոռանա 1988 թվականին ատոմակայանի փակման հետեւանքները. այն ժամանակ էլ գրեթե բոլորը ոգեւորված էին այդ չակերտավոր չարիքից ազատվելու հարցում, բայց հետո պարզվեց, որ իրական չարիքը հենց ատոմակայանը փակելն էր, ինչը մինչեւ այսօր իր բացասական ազդեցությունն է թողնում: Նույնը Նաիրիտի հետ կապված. փակելով այն, դուրս դնելով բնականոն զարգացման ցիկլից` հասանք մի իրականության, երբ պետությունը մինչեւ այսօր ստիպված ու պարտադրված է հավելյալ գումարներ ծախսել այս ուղղությամբ: Կարող եմ բերել տասնյակ այսպիսի օրինակներ» :

Գիտակցելով, որ բեւված օրինակներն ակնհայտ մեղադրանք են պարունակում ոչ թե կամ ոչ միայն դրանք փակած ժողովրդի, այլեւ Ռուսաստանի դեմ, նա շտապում է նշել, որ «Վարչապետի գլխավորությամբ մեր պատասխանատուները ակտիվ աշխատում են Եվրասիական տնտեսական միության մասնագիտացված կառույցների հետ, որպեսզի նոր-նոր թափ հավաքող այս ինստիտուտները իրենց ակտիվ դերակատարմամբ նոր լուծումներ բերեն Հայաստանի էներգետիկ համակարգի եւ սակագնի օբյեկտիվ բարձրացման սոցիալական բեռը չեզոքացնելու եւ ժողովրդի ուսերից վերցնելու համար»: Թերեւս, Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ ԵՏՄ-ը կփոխհատուցի բարձրացման սոցիալական բեռը: Սակայն դժվար չէ կանխատեսել, որ նրա այս անհույս ակնկալիքները նույքան դատապարտված են ձախողման, որքան որ ԵՏՄ անդամակցությունից առաջ իր հաշվարկներն էին ռուսական սպասվող ներդումների, այդ միությունից Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցիալական ու այլ օգուտների մասով:

Կրեմլի երկու դիպաշարերը

Հայաստանում մայդան տեսնելու հարցում ռուսական քարոզչության «համառությունը» անգամ Երեւանից բազում ու հստակ պարզաբանումներից հետո հասկանալի է դարձնում նաեւ մի քանի այլ նպատակներ, որոնք Սերժ Սարգսյանը չտեսնել չի կարող: Կրեմլը դրդում էր/է Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք էլ կատարվողը Մայդան որակեն` դրանից սպասելի բոլոր հետեւանքներով, այն է` ուժի կիրառում ժողովրդի հանդեպ, ինչն էլ ավելի կխորացնի հասարակության եւ իշխանությունների միջեւ անջրպետը, իսկ երկիրն ու Բաղրամյան 26-ին կդարձնեն ավելի խոցելի` նրանց նետելով Կրեմլի խոր գիրկը:

Հայաստանի համար նման հետեւանքներ ունեցել են 1996թ. սեպտեմբերյան իրադարձությունները`Տեր Պետրոսյանի  կողմից ցուցարարների դեմ ուժի կիրառումը, 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հայոց խորհրդարանում, 2004թ. ապրիլի 13-ին Բաղրամյան պողոտայում ցուցարաների հանդեպ կիրառված բռնությունը, եւ 2008թ. մարտի 1-ի ջարդը: Այս բոլոր ցնցումների շահառուն եղել է Կրեմլը, որոնց հաջորդել է Հայաստանի իշխանությունների` նրա գրպանում հայտնվելն ու ցանկալի որոշումների կորզումը: Հայ-ռուսական մեծ պայմանագրի կնքումը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, Հայաստանի ռազմավարական ակտիվների, դրանց թվում խորհրդարանի ահաբեկչությունից հետո բաշխիչ ցանցերի նախ միջնորդավորված, ապա ուղղակի ձեռքբերումը,«գույք պարտքի դիմաց»  կապիտուլյացիոն գործարքը, ապա հեռակապի ու էներգետիկ այլ ակտիվերի հանձնումը Քոչարյանի նախագահության օրոք, կամ էլ մնացած ակտիվների հանձնումը Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, այս ամենը հրաշալի կորելացվում է Հայաստանի ներքաղաքական դրամատիկ իրադարձությունների հետ:

Թվում է, թե Սերժ Սարգսյանը գիտակցում է նաեւ, թե ինչ կլինի, եթե նա ուժ կիրառի Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի դեմ, երբ ինքը պատրաստվում է Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի որոշումների հետքերով առաջիկայում Բրյուսելի հետ ստորագրել ԵՄ-Հայաստան պայմանագրային նոր հենքը, ինչը Ռուսաստանին գրգռում է: Ավելին, Ռուսաստանին տեսանելիորեն նյարդայնացնում է Հայաստանի «ե’ւ,..ե’ւ»-ի քաղաքականությունը, որի մասին արդեն քանի տարի է խոսում է Սերժ Սարգսյանը, փորձելով ուղիներ գտնել նաեւ այն իրականացնելու համար: Պետք է որ պաշտոնական Երեւանն ավելի ու ավելի գիտակցի Կրեմլից միակողմանի կախվածության վտանգավորությունն ու տեսնի տարբեր ոլորտներում ներիքն ու արտաքին քաղաքականությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը:

Թերեւս դրա ապացույցն էր նույն այս շրջանում Որոտանի կասկադի սեփականաշնորհումը ամերիկյան ընկերությանը, դրանից առաջ էլ Վաշինգտոնում առեւտրի ոլորտում համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչից ռուսական կողմը նույնպես չի կարող գոհ լինել: Եւ պատահականությունների շարքից չէ, որ ՀԷՑ-ը տնօրինող «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկությունը Սերժ Սարգսյանի ԱՄՆ այցելության ու հիշյալ պայմանագրի ստորագրման, ԱլԳ Ռիգայի գագաթաժողովին մասնակցության, ու Որոտան հիդրոկասկադն ամերիկյան ձեռնարկությանը հանձնելու նախաշեմին սադրիչ հայտ է ներկայացնում  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` փորձելով խեղճացնել Հայաստանին:

Եթե դրան չհաջորդեր երիտասարդների նախաձեռնած հանրային մեծ բողոքը, Հայաստանի իշխանությունները հերթական անգամ կկանգնեին փաստի առաջ` փորձելով բանակցել Կրեմլի հետ, միգուցեեւ համաձայնեին ավարտին չհասցնել Որոտան կասկադի գործարքը կամ հրաժարվեին Բրյուսելի հետ նոր պայմանագիր ստորագրելու մտքից, միայն թե ռուսական ընկերությունը հերթական ողորմածությունը ցուցաբերեր: Միգուցե՞ ռուսական կողմը հաշվարկում էր դրա արդյունքում նաեւ Որոտանի ձեռքբերումը որպես չթանկացման գին: Սա առաջին դիպաշարն էր, որ կարող էր ակնկալել Կրեմլը, ինչը սակայն չիրականացավ:

Իսկ եթե ժողովուրդն ընդվզեր, ինչպես եւ տեղի ունեցավ, ապա ոչ պակաս շահավետ էր դառնու նաեւ երկրորդ դիպաշարը. Սերժ Սարգսյանը, Յանուկովիչի ճակատագիրը չկիսելու համար տեղի ունեցողը կորակի Մայդանի փորձ` ուղղված ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլ նաեւ Ռուսաստանի շահերին դեմ, սպասելիորեն ուժ կկիրառի, ռուսական կողմին կհրավիրի իրավիճակին միջամտելու: Իսկ նման միջամտության դիմաց հայկական վճարի մասին չկրկնվենք` ավելի խոր հպատակություն ու հնազանդություն Կրեմլինի:

Սերժ Սարգսյանի «երրորդ ուղին»

Զարգացումներն առայժմ ընթանում են երրրոդ` Կրեմլի համար անցանկալի հունով. Սերժ Սարգսյանը պարզապես «թեթեւ ուժ» կիրառեց հունիսի 23-ին, սակայն տեղի ունեցողը չորակեց Մայդան: Ավելին` ոստիկանապետից, ՀՀԿ–ի ներկայացուցիչներից մինչեւ ինքը` Սերժ Սարգսյանը հպարտություն հայտնեցին իրավատեր, գիտակից երիտասարդության համար. «Ուզում եմ արձանագրել մի փաստ եւս.  ցուցարարները եւ իրավապահներն այս մի քանի օրերի ընթացքում կարողացան ավելի մեծ փոխադարձ վստահություն ձեւավորել, քան հնարավոր էր մի քանի տասնամյակի ընթացքում: Ես, անշուշտ, հետեւել եմ վերջին զարգացումներին եւ ուզում եմ արձանագրել, որ հունիսի վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանը դարձավ մի մեծ ու արդյունավետ ուսումնական կենտրոն՝ համալսարան, որտեղ մեր քաղաքացիներն ու իրավապահները, լրագրողներն ու պատգամավորները, մտավորականներն ու օտարերկրացիները սովորեցնում էին իրար ու սովորում էին իրարից, լսում էին իրար, անգամ խնդրի հանդեպ անհանդուրժողականությամբ ափեափ լցված հանդուրժում էին միմյանց, լսում էին այնպես, ինչպես աշխարհի քիչ անկյուններում իրար լսել գիտեն: Այս օրերին մենք հիացնում ենք բոլորին մեր պատասխանատվությամբ եւ ակտիվությամբ»

Սա նաեւ Սերժ Սարգսյանի պատասխան ժեստ էր «Ո՛չ թալանին» շարժմանը, որը հունիսի 23-ի իրադարձություններից հետո, երբ միանգամայն օբյեկտիվ հիմքեր էին առկա շարժումը քաղաքականացնելու ու քաղաքական օրակարգ ձեւակերպելու համար, չարեց դա: Մինչդեռ այդ օրվա բռնություններից հետո նրա օրակարգում կարող էին հայտնվել թե՛ ոստիկանապետի, թե՛ կառավարության ու ընդհուպ նախագահի հրաժարականի պահանջները:

Շարժումը հայտարարեց, որ իր օրակարգը չի փոխվում, եւ դրա գլխավոր պահանջը էլեկտրաէներգիայի թանկացման որոշման կասեցումն է: Անշուշտ, առաջադրվեցին նաեւ բռնություն կիրառած ոստիկաններին պատասխանատվության կանչելու կամ ՀԷՑ-ի աուդիտի պահանջները, սակայն դրանք ամենեւին քաղաքական չդարձրեցին նրա օրակարգը: Այսպիսի մոտեցման արդյունքում իշխանության վախերը նվազեցին, որ իշխանափոխության պահանջ չի առաջադրվի, հետեւաբար հանդուրժվեց «անօրինական զանգվածային միջոցառման» կողմից Բաղրամյան պողոտայի փակումը, եթե իհարկե այն մնա «խաղաղ եւ առանց բռնության», ինչպես փոխանցեց ոստիկանությունը:

Կարծես, առայժմ հետեւանք չթողեցին նաեւ այս օրերին Նախիջեւանի սահմանին հերթական  աննախադեպ սադրանքը Բաքվի կողմից, ով ուշիուշով մշտադիտարկում է Երեւան-Մոսկվա հարաբերություններն ու զգում է, որ դրանք փոքր-ինչ թունավորված են, հետեւաբար իր արկածախնդրությունը հաստատ կարժանանա Մոսկվայի լռելայն ողջույնին:

Սերժ Սարգսյանի հունիսի 27-ի ելույթում ակնարկներ կան երրորդ ուղով գնալու վերաբերյալ. «Այո՛, ժողովրդավարության ուղին, քաղաքացիական հասարակության կայացման ուղին բարդ եւ խորդուբորդ է, սակայն դեպի ժողովրդավարություն տանող ուղուն մեր երկիրն այլընտրանք չունի: Այս մասին վերջին տարիների ընթացքում մենք մեկ անգամ չենք խոսել: Այս խորդուբորդ ու ոլոր ճանապարհով պիտի ընթանանք բոլորս: Այդ ճանապարհին սայթաքելով ու գլորվելով, աշխատելով ու անքուն գիշերներ անցկացնելով, իրար ցավեցնելով ու իրար սատարելով, իրար սովորեցնելով ու իրարից սովորելով, իրար չհասկանալով ու իրար լսելով, իրար չվստահելով եւ իրար հավատալով, երբեմն գոռալով ու վրդովվելով... իրարից նեղանալով ու իրար հարգելով... որովհետեւ այդ ճանապարհը պիտի անցնենք բոլորով, յուրաքանչյուրս առանձին վերցրած... որովհետեւ ճանապարհի հանգրվանին պիտի հասնենք բոլորով, առանց կորցնելու իրար, հեռանալով իրարից ու իրար մոտենալով, բայց միշտ իրար հետ... սակայն Աստված չանի, որ շեղվենք այդ ճանապարհից ու իրար կորցնենք այս բարդ աշխարհում... Այդ դեպքում կկորցնենք մեր ապագան, հերթական անգամ կկորցնենք «մենք»-ը ու էլի երկար հարյուրամյակներ չենք գտնի, կդառնանք ուրիշ «մենք»-ի մի «դրանք» մասնիկը, մինչեւ օրերից մի օր նորից  բոլորով կանգնենք մեկ ուղու վրա՝ ինչպես 1988-ին»:

Եւ ահա, այդ ճանապարհի համար Սերժ Սարգսյանն ուզում է, որ «Ո՛չ թալանին» շարժումը ընդունի նաեւ իր առաջարկած ճանապարհային քարտեզը. «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ մենք խոսել ենք այն մասին, որ ճիշտ կլիներ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ»:

Սերժ Սարգսյանը դրանով վախվորած ակնարկ է անում ռուսական ընկերության ներքին մենեջմենտի կապակցությամբ, նաեւ հասկացնում, որ ոչ միայն հայ սպառողներն են տուժում ընկերության գործունեությունից, այլեւ պետական բյուջեն է կորցնում շահութահարկ ստանալու հնարավորությունը. «Այո, խնդիրները, որ կարող են լինել դուստր ձեռնարկությունում, մեր պետական մարմինների աշխատանքով առավելագույնս դուրս են սակագնի հաշվարկից, այնուամենայնիվ, այդ ընկերության հնարավոր խնդիրները մեզ հետաքրքրում են, քանի որ մենք, որպես պետություն, շահութահարկի մասով հետաքրքրված ենք ընկերության շահույթի մեծությամբ: Այս առումով աշխատանքը կարեւոր է ոչ միայն ռուսական կողմի համար, այլեւ Հայաստանի համար»:

Իսկ սակագնի մասով էլ Սերժ Սարգսյանը առաջարկում է. «ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող որեւէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաեւ բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, եւ այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետեւյալ հարցերին` ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, եւ սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին»:

Վերջապես, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ «մինչեւ եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»:  

Ժողովրդին թողնմված միակ ընտրությունը

Այն, ինչ առաջարկում է Սերժ Սարգսյանը օբյեկտիվորեն չի կարող ընդունելի լինել ժողովրդի համար: Շարժման բազում ներկայացուցիչներ նկատում են, որ առանձնապես մեծ տարբերություն չկա, թե ժողովրդի ո՞ր գրպանից է սուբսիդավորվելու սակագնի չհիմնավորված բարձրացումը` ընտանեան բյուջեի՞ց, թե՞ պետական բյուջեից, որոնք երկուսն էլ գոյանում են ժողովրդի միջոցներից ու վճարած հարկերից: Նախագահականը արդեն նկատում է, որ Բաղրամյան պողոտայում հավաքվածներին առաջարկվող լուծումը չի բավարարում եւ պատճառն ամենեւին վստահության պակասը չէ, ինչին ծավալուն անդրադարձ է կատարում Սերժ Սարգսյանն իր ելույթում: Պատճառը առաջարկվող լուծման ու շարժման պահանջի անհամաչափությունն է, որը սվաղելու նպատակով էլ իշխանական քարոզիչները, անգամ ոստիկանությունը փորձում են տպավորություն ստեղծել, թե շարժումը հաղթել է, իսկ պահանջն էլ բավավարարված է:

Հունիսի 28-ի առավոտյան Երեւան քաղաքի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը հերթական նախազգուշացումը կատարեց  «Ոչ թալանին» շարժմանը, հիշեցնելով, որ իրենք շարունակում են հավաքը «անօրինական» համարել, շարժման մասնակիցներից մեկի մոտ զենք են հայտնաբերել, ինչպես` որ ի դեմս որոշ քաղքացիների մոտ հայտնաբերված մահակների ու այլ պարագաների, «բռնություն կիրառելու հակվածություններ» են նկատում շարժման մոտ: Ոստիկանությունը ակնարկել է, որ ժամը 23:00-ին կսկսի Բաղրամյան պողոտայում «հասարակական կարգի վերականգման գործողությունները»: Իսկ «Ոչ թալանին» շարժումն էլ հայտարարել է մոբիլիզացիա ժամը 18:00-ից:

Մի բան պարզ է. Սերժ Սարգսյանը շարժմանն այլընտրանքի տեղ չի թողել, որքան էլ նրա ելույթի բազում ուղերձներ, ակնարկներ ու գնահատականներ օբյեկտիվ լինեն ու կիսվեն շարժման ներկայացուցիչների կամ հասարակության կողմից: Սերժ Սարգսյանը, ով ծայրահեղ վտանգավոր է համարում իր կողմից սակագնի բարձրացման կասեցումը, անգամ չի կարող ժողովրդից պահանջել, որ նա դատական կարգով բողոքարկի որոշումը: Իշխանության ընդունած օրենքները այդպիսի հեռանկար չեն նախատեսում եւ միակ ուղի են թողել փողոցում ընդվզելը:

Մասնավորապես, թեպետ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  «Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով», իսկ 2-րդ մասով էլ ամրագրվում է, որ «Հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում», այդուհանդերձ, «դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտի գործողությունը», ավելին` 4-րդ կետի համաձայն` «Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն»:

Ստացվում է, որ շարժումը ոչ միայն բաց է թողել հանձնաժողովի որոշումը դատական կարգով բողոքարկելու ժամկետները, այլեւ եթե անգամ դա բաց չթողներ, ապա, միեւնույնն է, այդ բողոքարկումը չէր կասեցելու սակագնի բարձրացման որոշման գործողությունը: Ինչպես նույն օրենքի 3-րդ մասն է վկայում` «Սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանը ստուգում է դրա համապատասխանությունն օրենքներին: Օրենքների խախտման փաստի առկայության դեպքում դատարանն ընդունում է հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ` մատնանշելով հանձնաժողովի իրավական ակտի օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը` իրավակարգավորման այնպիսի միջոցների միաժամանակյա գործադրմամբ, որոնք հանձնաժողովին հնարավորություն կտան ողջամիտ ժամկետում ընդունելու սակագնի սահմանման մասին նոր որոշում: Հանձնաժողովը քննարկում է դատարանի վճիռը եւ ընդունում համապատասխան որոշում»:

Այնպես որ, ոչ հունիսի 27-ի իր առաջարկներով, ոչ էլ օրենսդրության մակարդակում Սերժ Սարգսյանը ժողովրդին այլ տարբերակ չի թողել, քան Բաղրամյան պողոտայում մնալը: Անկախ նրանից, թե որ օրենքն ինչպիսի մեխանիզմներ է նախատեսում մարդու եւ քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար կամ չի նախատեսում, սահմանադրորեն քաղաքացիներին վերապահված է խաղաղ հավաքներն ու ցույցեր կազմակերպելու ուղղակի գործող նորմը: Իսկ դա կասեցնելուն ուղղված ոստիկանության ցանկացած գործողություն ոչ միայն ժողովրդին է զրկում իր հիմնարար իրավունք պաշտպանությունից, այլեւ Սերժ Սարգսյանին`երրրոդ ուղով գնալուց: Մնում է, որ ոստիկանությունը չդառնա սադրանքի ու ստատուս քվոյի փոփոխության գործիք, որից առաջին հերթին տուժելու են ժողովուրդը եւ Սերժ Սարգսյանը: 

Մեկնաբանություններ (1)

Հ.Շ.
Հայաստանի մէջ ընտրութիւններու արդիւնքները մասամբ խեղաթիւրուած են: --- Սակայն եթէ այդպէս չլինի, երկիրը արդէն անհետացած կ'ըլլար: Այսինք, թէկուզ շատ փայլուն չէ վիճակը, սակայն այսքանն ել կործանած կը լինէր: --- Այս նորագոյն դէպքերը պարզապէս մի յաւելեալ փաստ են այս - ցաւագին - հաստատումին: --- Այս երեխաները իրենք զիրենք կարծում են Փարիզում, Լոնտոնում կամ Ուաշինկթընում: Պիտի որ գիտնան թէ... ուր են: --- «Երկիրը» պարզապէս պատրաստ չէ, ատակ չի՝ ժողովրդավարութեան այն մակարդակին որու մասին ոմանք երազում են: --- Այս է պարզ իրականութիւնը: --- Շատ անհաճոյ, սակայն բացայայտ կացութիւնը: --- Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա --- http://www.shoushisummercamp.org/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter