HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մասիսի քաղաքապետի հայտարարած աճուրդում հաղթել են նրա որդին ու եղբայրը

Արարատի մարզում 2014թ.-ին 311 լոտ (232.33 հա) հող է վաճառվել, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, արարատյան դաշտավայրում մշտապես մեծ պահանջարկ ունեցող հողի վաճառքից ստացված եկամուտը 73%-ով նվազել է: Արդյունքում, համայնքները 66, 448 մլն դրամ պակաս են մուտքագրել բյուջե: Այդ ցուցանիշը հիմնականում գրանցվել է Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի իրականացրած աճուդների արդյունքում, քանի որ լոտերի կեսից ավելին նա է վաճառել եւ հողերի մեծ մասը վաճառքի է դրել կադաստրային արժեքի 50%-ով:

Մասիսի քաղաքապետարանը 2014թ. միայն մայիսի 15-ին իրականացրած աճուրդում 100 լոտ հողատարածքից 92 լոտը աճուրդի էր դրել կադաստրային արժեքի 50%-ով: Աճուրդի կազմակերպիչն ու աճուրդավարը Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանն էր եւ նրա իրականացրած աճուրդում հաղթող են համարվել` որդին, եղբայրը,  ընտանիքի այլ անդամներ:

Մասիսի քաղաքապետի որդին՝ Հովհաննես Հակոբյանն, այդ օրը 4 հողակտոր է գնել: Նույն տարվա մեջ հայտարարված մեկ այլ աճուրդով նա եւս 2 լոտ հող է ձեռք բերել:

Քաղաքապետի հետ նույն հասցեում բնակվող Կարապետ Հակոբյանը նույնպես գնել է 4 հողակտոր: Եվս 2 լոտ հողատարածք գնել է քաղաքապետի եղբայրը՝ Միշա Հակոբյանը:

Բոլոր լոտերը վաճառվել են մեկնարկային արժեքներին ավելացնելով 15,000 դրամ, այն դեպքում, երբ լոտերից յուրաքանչյուրի մեկնարկային գնի 5%-ով հաշվարկելու դեպքում, միայն մեկ քայլի հավելումը դրա կրկնակիից ավելին է կազմում: Այսինքն, իրականում համայնքային բյուջեին ավելի շատ վնաս է պատճառվել, քան կադաստրային արժեքի 50%-ով վաճառքի համար արված հաշվարկն է:

Քաղաքապետի ընտանիքի անդամների «մրցակիցները» մեզ հայտնի չեն, քանի որ քաղաքապետն այդ օրը թույլ չտվեց ներկա գտնվելու աճուրդին` հիշեցնելով Հողային օրենսգրքով ամրագրված աճուրդները փակ անցկացնելու մասին: Ի սկզբանե հայտնի էր, որ այդ աճուրդով քաղաքապետի շահագրգռվածությունը համայնքային բյուջեն հարստացնելը չէր: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակված գրեթե անընթեռնելի հայտարարությունը, բնականաբար, գնորդներ գտնելու նպատակ չուներ: Դա պարզ էր ոչ այնքան վաճառքի դրված գույքի մասին ոչինչ չբովանդակող հայտարարությունից, որում նշված էր միայն լոտերի ծածկագիրը, այլեւ  համայնքային սեփականության մեծ թվով հողերի համար սահմանված երբեմն աներեւակայելի ցածր արժեքներից:

Ճիշտ է, Հողային օրենսգրքի 67 հոդվածը սահմանում է, որ «... աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից...», սակայն դա չի նշանակում, որ մեկնարկային արժեքը կարելի է 50% սահմանել: Հատկապես, երբ հողի կադաստրային արժեքը չի փոփոխվել վերջին 20 տարում, համայնքները 100%-ից պակաս չեն սահմանում աճուրդի դրվող հողի մեկնարկային գինը: Էլ չասենք, որ կադաստրային արժեքը հողի հարկը հաշվարկելու բանաձեւն է ընդամենը (այդ մասին ավելի մանրամասնորեն ներկայացրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ), իսկ աճուրդի դրվող գույքի մեկնարկային գինը որոշելու համար այն պետք է ներկայացվի անշարժ գույքը գնահատող մասնագետներին` գնահատելու համար:

Բավական չէ, որ Հողային օրենսգրքով հողի աճուրդը փակ է հայտարարված եւ բնակչությունից թաքցվում է այս ամենը, 2012 թ. մարտի 2-ին կատարված  փոփոխությունը համայնքների ղեկավարներին արտոնեց առավել անկաշկանդ տնօրինել համայնքային ունեցվածքը:

Հողային օրենսգրքի 67 հոդվածից հանվել է աճուրդի կազմակերպչի ու նրա աշխատակազմի աշխատակիցների համար աճուրդներին մասնակցելու սահմանափակումը: «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում պահպանված սահմանափակումը`  «Սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը, ինչպես նաեւ աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը», նույնպես չի վերաբերում համայնքային աճուրդներին:

Բայցեւայնպես, կա պատասխանատվության ենթարկելու նախադեպը. Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին դատապարտեցին նույն արարքի` կեղծ աճուրդների միջոցով իր եւ իր ընտանիքի անդամների անուններով ապօրինի հողահատկացումներ կատարելու համար: Նա իրեն՝ նվիրատվությամբ, իսկ կնոջն ու որդուն՝ կեղծ աճուրդների միջոցով, շուկայական արժեքից զգալի ցածր գներով հատկացրել էր հողեր, որով, նախաքննական մարմնի գնահատումով, զգալի վնաս է պատճառել համայնքին:

Մեկնաբանություններ (8)

Մարիա
ինչ ինձ հիշում եմ, ճանապարհները ողբերգական վիճակում են, սեփական տների փողոցներին հարող ճահիճներից «բարեկարգումից» էլ խոսացեք, Կարեններ... իսկ Ադիբեկյանը ծնունդով մասիսեցի է, ոչ թե «Հակոբյանի ընկերը»: Մասիսը կարծես Երևանին կպած խորթ լակոտ լինի, որ տարիներով միևնույն քաղաքապետի ներքո ցնցոտիների մեջ ապրում է, հեքիաթներ մի պատմեք, Մասիսում դեռ մարդիկ են ապրում, ամեն ինչ էլ տեսնում ենք, դրսից մտնողն էլ է ասում` էս ինչ տերը թողած փախած վիճակ ա էս քաղաքԻԿում...
Նոյեմ
Նոր հիշեց, որ քաղաքը գեղեցկության կարիք ունի՞՞՞ 2 հատ նստարանով ու երաժշտությամբ քաղաքը գեղեցիկ է համարվում՞՞՞
Արսեն
Շատ կներեք, ոչինչ չունեմ քաղաքապետի դեմ, բայց քաղաքը գեղեցկանում է բարերար Գագիկ Ադիբեկյանի շնորհիվ: Եթե տեղյակ չեք - ասեմ որ նստարաններն ու երաժշտությունը դա միայն սկիզբն է
մասիսցի
Ժողովուրդ, հոդվածը ոնց որ պաշտոնական դիրքը չարաշահելու եւ հողատարածքներ զավթելու մասին էր, ոչ թե մուզիկայի ու աթոռների
Կարեն
Դուք ճիշտ եք Մեր բարերար Ադիբեկյանն է կառուցում մեր քաղաքը և դա նրա շնորհիվ, որ Հակոբյանի հետ վաղեմի ընկերներ են և համոզված եղեք,որ դեռ շատ կգեղեցկանա իրենց շնորհիվ եթե տեղյակ չեք ասեմ,որ գերեզմանոցների դիմաց կառուցվելու է 9 հեկտար զբոսայգի մեր Մասիսցիների համար (չուզողներին էլ համբերություն)
Կարեն
Նորմալ և հասկացող մարդը գնահատում է յուրաքանչյուր արված գործ ,իսկ չհասկացող և ........... մարդկանց ինչքան ուզում ես արա մեկա չեն գնահատում ոչինչ,բայց փառք Աստծո,որ գնահատող մարդիկ կան մեր Մասիսում արդեն 16 երկար ու ձիգ տարիներ։
Գեւորգ
Ապրի Սաշա Հ-ն, քաղաքը (իր) այդպես գեղեցկացնելու համար: Շատ ապրի նաեւ կոմենտի հեղինակ Կարենը, որ անհասկացող լրագրողներին բացատրում է ճիշտ գրելը: Ապրի մեր աստվածատուր վարչապետ ...կը, որ ճիշտ քաղքապետեր է դնում: Դե, մեր նախագահն էլ ապրի ու ապրի եռակի, որպես երկրի հիմնական սիրունացնող ու մյուսներին սովորեցնող! Ափսոս միայն, որ չար լրագրողները շատ են ու բոլոր լավ բաները սեւացնում են:
Կարեն
Ինչու եք անհեթեթ բաներից կառչում, դե գրեք որ քաղաքը գեղեցկանում է Սաշա Հակոբյանի շնորհիվ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter