HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի ակտիվիստները բողոքի արտահայտման այլ ձեւեր են փնտրում

Էլեկտրաներգիայի սակագնի բարձրացման դեմ Գյումրիում ընթացող բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին իրազեկման երթերով՝ մայրաքաղաքում ծավալվող դեպքերին զուգընթաց, երեկոյան սովորաբար վերածվում էին նստացույցի: Գիշերը Թատերական հրապարակում անցկացնող գյումրեցիների քանակը մեծ չէր, սակայն նման ձեւով նրանք իրենց զորակցություն էին հայտնում Բաղրամյան պողոտայում գտնվողներին: Կշարունակվե՞ն, արդյոք, ակցիաները նման ձեւաչափով, թե՞ կկրեն այլ բնույթ՝ կորոշվի այսօր, հանրային քննարկման ժամանակ:

Եթե հունիսի 27-ին հայտարարվել էր հանրային քննարկում եւ հրավաքվածները հիմնականում իրենց մտահոգությունն էին հայտնում կատարվող իրադարձությունների շուրջ, ինչպես նաեւ առաջարկում ստեղծված իրադրությունից դուրս գալու լուծման ճանապարհներ, ապա հունիսի 28-ն անցավ հիմնականում սպասման մեջ: Գյումրեցիները հավաքվել էին Թատերական հրապարակում, երաժշտություն էին լսում, պարում, իսկ նախաձեռնող խմբի անդամները սպասում էին մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների հետագա զարգացմանը:

Կարեն Պետրոսյանը փոխանցեց, որ եթե Բաղրամյան պողոտայում ուժ կիրառվեր ցուցարարների նկատմամբ, իրենք Գյումրիում դիմելու էին քաղաքացիական անհնազանդության:

«Թե ինչ քայլերի կգնայինք, ես հիմա փակագծերը չեմ բացի, մանավանդ, որ երեկ ամեն ինչ խաղաղ անցավ, սակայն ասեմ, որ պատրաստ էինք գնալու քաղաքացիական անհնազանդության, դրա համար էլ պարբերաբար հորդորում էինք երեխաների հետ հրապարակ եկածներին տուն տանել փոքրիկներին: Մենք ներկայացուցիչ ունեինք Երեւանում, մեզանից մեկը երեկ մեկնել էր մայրաքաղաք, գտնվում էր Բաղրամայան պողոտայում եւ անընդհատ կապի մեջ էինք իր հետ, որ կարողանայինք մեր հետագա անելիքները տեղում որոշել»,-նշեց Կարեն Պետրոսյանը:

Ակտիվիստի համոզմամբ, տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներն արդյունավետ էին նաեւ այնքանով, որ տեղում էին պահում ոստիկանական ուժերը եւ նրանց Երեւան տեղափոխելու հավանականությունը հավասարվում էր զրոյի:

Այսօր՝ մեկ ժամից, տեղի կունենա հանրային քննարկում, եւ նստացույցի մասնակիցները կորոշեն՝ շարունակե՞լ գիշերել Թատերական հրապարակում, թե՞, այնուամենայնիվ, պետք է բողոքի արտահայտման այլ ձեւեր փնտրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter