HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարգանքի տուրք՝ անհայտ կորած ազատամարտիկներ հիշատակին

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին  ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին: Այցելուները ծաղիկներ են դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և  Անդրանիկ Զորավարի շիրիմներին:

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառմանը ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանն ընդգծել է. «Արցախյան գոյամարտն այն պայքարն էր, որով հայ ժողովուրդը կարողացավ պահպանել իր արժանապատվությունն ու հայրենի հողի վրա ապրելու և արարելու իր իրավունքը»: Նշելով, որ ցավոք, պատերազմում մարդկային կորուստներն անխուսափելի են, նախարարը հավելել է, որ մարտական գործողությունների ժամանակ եղել են նաև անհայտ կորածներ, որոնց ճակատագրերը մինչ օրս պատված են անհայտության մշուշով: Սեյրան Օհանյանը ներկաներին վստահեցրել է, որ իբրև ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ՝ ինքն անձամբ ու հանձնաժողովի անդամներն արել և անելու են առավելագույնը՝ լրացնելու համար անհայտ կորած ազատամարտիկների ճակատագրի բաց էջերը, սփոփելու և հնարավորության սահմաններում աջակցելու նրանց հարազատներին։

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Սեյրան Օհանյանն այցելել է նաև 23 տարի առաջ անհայտ կորած ազատամարտիկներից մեկի՝ Արթուր Ղարիբյանի հարազատներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է ազատամարտիկի ընտանիքի հոգսերով ու խնդիրներով, խոստացել հնարավորինս աջակցել դրանց լուծմանը:

Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ պաշտպանական գերատեսչության ուշադրությունը լինելու է շարունակական, իսկ անհայտ կորած անձանց որոնման աշխատանքները, նրանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ տարվող որոնողական աշխատանքները չեն դադարելու, մինչև չպարզաբանվեն նրանց ճակատագրերին առնչվող բոլոր մանրամասները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter