HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան գանձ կա Հայաստանի պետական գանձարանում

Հայաստանի Հանրապետության պետական գանձարանում գտնվող  թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի արժեքը, վերջին տվյալների դրությամբ (2015-ի հունվարի 1), կազմել է 1 մլրդ 502,5 մլն դրամ։ Այս մասին «Հետքը» տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Ըստ նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության՝ գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների արժեքները կազմել են`

  • մետաղական ոսկի` 261,6 մլն  դրամ (14,288 կգ)
  • մետաղական արծաթ` 4,8 մլն  դրամ (26, 895 կգ)
  • պլատին` 56,1 մլն դրամ   (3,024 կգ)
  • պալադիում` 13,2 մլն դրամ (1,275  կգ)

Մնացածը՝ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր են (ադամանդ, ալմաստ, զմրուխտ, աճեցված մարգարիտ), ոսկյա և արծաթյա իրեր:

Ընդ որում՝ ոսկյա իրերի և մետաղական ոսկու ընդհանուր քաշը կազմում է մոտ 89,392 կգ, արծաթյա իրերինն ու մետաղական արծաթինը միասին՝ 92,21 կգ, ադամանդինը՝ 872,9 կարատ, աճեցված մարգարիտինը՝ 102,793 կգ։

Պետական գանձարանի կողմից հաշվառվել են Հայաստանի թանգարաններում առկա ազգային պահուստի արժեքները` ոսկի 64,3 կգ, արծաթ 1470,4 կգ, պլատին 0,5 կգ և պալադիում 0.03 գրամ, իրեր` այլ թանկարժեք մետաղների համաձուլվածքից 178,7կգ:

Իսկ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100%  պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում առկա  են պետական պահուստի հետևյալ արժեքները` ոսկի 1,2 կգ, արծաթ 17,3 կգ, պլատին 64,9 կգ, պալադիում 0,3 կգ, իրիդիում 10,9 կգ, ռոդիում 0,2 կգ, օսմիում 2,2 գրամ:

Հաշվառվել են նաև սարքավորումների մեջ` ոսկի 4,4 կգ, արծաթ 479,3 կգ, պլատին 3,5 կգ, պալադիում 9,3 կգ, ռոդիում 0,1 կգ, թանկարժեք մետաղների համաձուլվածք 1,2 կգ, իրիդիում 0,03 գրամ:

Պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվել են մեդալներ` ոսկի 1,5 կգ, արծաթ 47,8 կգ:

Ֆինանսների նախարարությունից  նաև տեղեկանում ենք, որ պետական գանձարանի կողմից 2014-ի ընթացքում Հայաստանի պետական պահուստները համալրվել են` 1354 հատ` 4445,65 գրամ ընդհանուր քաշով արծաթյա իրերով, 253,3 գրամ պլատինով, 1177,4 գրամ արհեստական քարերով: Երևանի Ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ին վերամշակման համար հանձնվել է 6155,35 գրամ թանկարժեք մետաղներ պարունակող համաձուլվածք, որի վերամշակման արդյունքում Պետական գանձարան է վերադարձվել 1251,8 գրամ պալադիում, իսկ 4598,3 գրամ արծաթը վաճառվել է Երևանի Ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ին: Արդյունքում Պետբյուջեի «Մուտքեր թանկարժեք մետաղների իրացումից» հաշվին մուտքագրվել է ավելի քան 1,3 մլն  դրամ:

Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ՝ 2014-ի հունվարի  1-ի դրությամբ, գանձարանում գտնվող  թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի արժեքը կազմում էր 1 մլրդ 450,5   մլն դրամ, իսկ 2013-ի դրությամբ՝ 1 մլրդ 739,2 մլն դրամ։  Վերջին տարիներին պետական գանձարանում մետաղական ոսկու համալրում չի եղել։ Այնտեղ կա ոսկու ընդամենը մեկ բանկային ձուլակտոր՝ 14,288 կգ քաշով:

Հիշեցնենք, որ 2003 թվականին Հայաստանի կենտրոնական բանկի  որոշմամբ վաճառվեց ՀՀ պահուստային ողջ ոսկին` 1,7 տոննա, որի մեկ ունցիան այն ժամանակ գնահատվեց ընդամենը 400 դոլար։  Բայց դրանից մի քանի տարի անց ոսկի 3-4 անգամ թանկացավ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter