HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին

«Սախարովի» կենտրոնը բաց նամակ է հղել Հովիկ Աբրահամյանին, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Վարչապետ

Անցել է ավելի քան հարյուր օր Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակումից հետո, և այդ պաշտոնում Ձեր գործունեությունը իրատեսորեն գնահատելու համար ստիպված եք «կարկատել» այլոց սխալները: Որոշակիորեն այդ նույն գործունեությամբ զբաղվել են նաև Ձեր բոլոր նախորդները, որոնք այդ պաշտոնը զբաղեցրել են ՀՀՇ-ի կողմից Հանրապետության ղեկավարումից հետո:

Հայրենական ժողովրդավարության «հայրերը», տնտեսագիտական մտքի կիսագրագետ «առաջնորդների» և կիսաքրեական տարրերի օգնությամբ, սրընթաց իրականացնելով ժողովրդական տնտեսության կառավարման համակարգի ապամոնտաժումը, «ջրերի հետ միասին նետեցին նաև մանկանը», այսինքն՝ կառավարման տեխնոլոգիան և արհեստավարժ տնտեսագետ-կառավարիչներին՝ հուսալով, որ «շուկան» ինքնաբերաբար կկարգավորի սոցիալ-տնտեսական, արտադրատնտեսական և ֆինանսական կառավարման բոլոր հարաբերությունները: Դրան նպաստեց նաև արտասահմանյան փորձագետների տոտալ «ներխուժումը» Հանրապետություն, որոնք, մեր թույտվությամբ և իրենց հայեցողությամբ, վերաձևեցին երկրի կառավարման հայրենական համակարգը:

Ծանոթագրություն. Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ի՞նչ գին վճարեց Հայաստանն այս «մեթոդոլոգիական և մեթոդական օգնության» համար, որի հետևանքով մենք այժմ չունենք իրական տնտեսություն (չհաշված մենաշնորհված առևտրի ոլորտը և  վաշխառուական բանկային համակարգը):

Փաստորեն, չունենք արդյունաբերություն. ագրոարդյունաբերական արտադրությունը «հոգեվարքի մեջ է». շինարարական ոլորտը հետընթաց է ապրում. առողջապահությունը և դեղորայքային սպասարկումն ահնասանելի է բնակչության լայն խավերին. նախնական և միջնակարգ կրթությունը անօրակ է. չկա գիտություն և բարձրագույն դպրոց. գյուղերը դատարկվում են. քրեական իրավիճակը սպառնացող է. կոռուպցիան սահմաններ չի ճանաչում և դրանում ներգրավված է երկրի կառավարման  գրեթե ողջ համակարգը. միգրացիոն հոսքերի պատճառով երկրի բնակչությունը ծերանում է, և գանձարանը դատարկ է:

Ցավոք, այս գործընթացը վերելք է ապրում, և հապճեպ միջոցառումներից որևէ մեկը չի կարող օգնել, քանի որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դիմաց բնակչության առավել կարիքավոր շերտերին նույնիսկ «սոցիալական օգնության-փոխհատուցման» էքստեռն հատկացումը չի կանգնեցնի նախկինում ոչ այնքան կարիքավոր ընտանիքների համընդհանուր աղքատացումը:

Դուք քաջատեղյակ եք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ երկրում կսկսվի ապրանքների և ծառայությունների ամբողջ տեսականու գների «սողացող» բարձրացում: Բացի այդ, վստահաբար կարելի է ասել (նախորդ փորձից ելնելով), որ մի քանի անգամ կաճեն կոռուպցիոն ռիսկերը, կապված սոցիալական հասցեական օգնության կարիք ունեցողների «օբյեկտիվ» ցուցակները կազմելու հետ:

Հանրապետությունում այնպիսի իրավիճակ է ձևավորվել, երբ «ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ»:

Ծանոթագրություն.  ՀՀ Ազգային ժողովում և հանրության շրջանում «հայհոյում են» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման համար, սակայն թույլ տվեք հարցնել այդ նույն ՀՀ Ազգային ժողովին և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությանը. «Պարոնայք, չէ՞ որ դուք ամեն տարի հաստատել եք սույն մարմնի և այդ ծառայությունը իրականացնող արտադրատնտեսական կառույցի գործունեության հաշվետվությունը: Որտե՞ղ էին մեր ֆինանսական, հարկային, տեխնիկատեխնոլոգիական և վերահսկող կառույցները»:

Մի՞թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավարությունը, գլխավոր տնօրեն Ե. Բիբինի ղեկավարությամբ, ընկերությունը մի ակնթարթում հասցրեց «ճգնաժամի»:

Մի բան պարզ է, եթե որակապես չփոխվի մեր երկրի տնտեսության կառավարման կառուցվածքը պետական և տեղական ինքնակառավարման մակարդակներում, եթե կառավարման յուրաքանչյուր հիերարխիկ մակարդակում հստակ չսահմանվեն համապատասխան գործառույթներն ու խնդիրները, եթե կառավարությունը գործնականում «հարթակ» չդառնա նեղ գերատեսչական շահերի լուծման համար, եթե չմտցվի անձնական պատասխանատվության ինստիտուտը երկրի կառավարման բոլոր մակարդակներում, և ամենակարևորը, եթե չփոխվի պաշտոնատար անձանց նշանակման համակարգը, որը գործում է «անձնական հավատարմության» սկզբունքով, ապա Հանրապետությունը երբեք չի կարող դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Մենք ունենք պատային իրավիճակ, երբ բնակչության շրջանում ինտենսիվորեն աճում է սոցիալական լարվածությունը: Եթե չհաստատվի «ուղիղ» երկխոսություն ժողովրդի հետ՝ մենք կարող ենք ուկրաինական «Մայդան» ստանալ Երևանում:

Այդ կապակցությամբ նպատակահարմար է.

  •  Ձեզ, որպես Կառավարության ղեկավարի, հանդես գալ հանրային հեռուստատեսությամբ ժողովրդին ուղղված ելույթով՝ պետական ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումների մասին, որոնք նախատեսվում են իրականացնել պետական ապարատի տարբեր մակարդակներում
  •  Սեղմ ժամկետներում կազմակերպել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆինանսական, տեխնիկատնտեսական անկախ աուդիտ, որը գործող օրենսդրության շրջանակներում հնարավորություն կտա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին մտնել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության պահանջներին ՀԾԿՀ-ի որոշման անհամապատասխանության պահանջով:
  •  Հրավիրել  ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ ՀԾԿՀ-ի և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության վերջին երեք տարիների գործունեության քննարկման նպատակով.
  •  Հայաստանի կառավարությանը՝ մշակել նորմատիվային փաստաթղթեր՝ նախարարությունների, գերատեսչությունների և ֆունկցիոնալ-վերահսկիչ կառույցների վրա դրված գործառույթների իրականացման համար պատասխանատվության բարձրացման ուղղությամբ:
  •  Հանձնարարել ՀՀ գլխավոր դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը, սեղմ ժամկետներում հետաքննություն անցկացնել՝ 2015 թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը խաղաղ ցույցի մասնակիցների և լրագրողների իրավունքների խախտման  աղաղակող դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Լևոն Ներսիսյան

Սախարովի կենտրոնի տնօրեն

26 հունիսի 2015 թ.»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter