ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ռազմական բուժքույրն` իր անցած ուղու մասին. «Ատամները կրճտացնելով` անում էինք մեր գործը»



«Ամենածանր պահերից մեկն էր, երբ մոտ մարդկանց հետ խոսում էինք, մեկ էլ անցնում էր մի քանի ժամ, բերում էին, ու մենք պիտի փակեինք նրանց աչքերը...»,- սա պատմելիս ղարաբաղցի բուժքույր Գայանե Հայրապետյանի ձայնը խզվում է, աչքերը լցվում են արցունքներով: Նա հայացքը կախում է սեղանին, սակայն շարունակում է խոսքը: «Ու հետո պիտի դին տեսքի բերեինք, որ ուղարկեին ընտանիքին: Կա՞ մեկը, որ կարող էր դիմանալ դրան»,- նշում է բուժքույրը, հետո ձեռքով արագ մաքրում խոնավացած կոպերը:

Առաջին հայացքից երբ հոսպիտալի միջանցքում հանդիպել էի Գայանեին, նա խոսում էր չոր տոնով: Միայն զրույցի ընթացքում հասկացա, որ նրա արտաքուստ չորությունը փխրուն լինելու կաղապարն է: Գայանեն 19 տարեկան էր, երբ կամավորագրվեց բուժքույրերի «բանակին»: Այդ ժամանակ ուսումնարանը նոր էր ավարտել և կես հաստիքով աշխատում էր Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում: Այդտեղ էլ բուժական անձնակազմին հայտնել էին, որ պատերազմի դաշտում բուժօգնություն պիտի ցուցաբերեն և առաջարկել էին կամավորագրվել: «Ստիպողաբար չի եղել, ես ինքս եմ ցանկացել գնալ»,- նկատում է Գայանեն: Ասում է` պատերազմի դաշտի բուժքույրը պետք է լինի արագաշարժ, օպերատիվ աշխատող: Ինքն առաջինը գնաց Ջանհասանի ուղղությամբ, որը Շուշիի ազատագրման գործողության թեժ կետերից էր:

«Հոգեբանորեն սկզբից վատ էինք, էնքան լաց էինք լինում, հետո բժիշկ Մարությանն ասաց` կռիվը տենց ա, բալա ջան: Հետո պնդվեցինք, ատամները կրճտացնելով, անում էինք մեր գործը: Գիտակցում էինք, որ տղերքի դիերը պիտի չլինեին դաշտում, գոնե մասունքները պիտի բերեինք»,- ասում է Գայանեն: Ես ավելի շատ հետևում եմ նրա հայացքին, ու երբ ինչ-որ հարցադրմամբ նայում է ինձ, լռում եմ: Պատերազմից 20 տարի անց իր անցած ճանապարհի մասին Գայանեն շատ քիչ բան է պատմում, թեև ամեն բան հիշում է: Ասում է` ո՞նց կարող եմ մոռանալ: Պատերազմում հեշտ պահեր չկան, ամեն պահն էլ դժվար է: Ներկայում փորձում է չհիշել այդ օրերը:

Դժվար պահերից մեկը Նարեշտար-Չարեքտարի ուղղությամբ էր, երբ բաց դաշտում հայտնվել էին շրջափակման մեջ: Սանիտարական «ՈւԱԶ» մեքենան վիրավորներ էր տեղափոխել, ու իրենք պատգարականերով, բժշկական գործիքներով մնացել էին բաց դաշտում: Ասում է` շշկռված նստած էինք: Բուժքույրերից ամեն մեկին մի նռնակ էին տվել մինչ այդ, որը անելանելի դրության դեպքում օգտագործեին: «Ասել էին` նռնակի կոլցոն կքաշեք, մի քանի թուրքի կվերացնեք, մենք էլ հետներն էինք գնալու: Բայց մենք ուրախ էինք, որ էդ քայլը պիտի անեինք: Մեկ էլ մի «ԳԱԶ»-իկ եկավ, չգիտեմ ոնց եղավ, բրթեցին մեզ ավտո, դուրս եկանք էդտեղից: Ամենամեծ սթրես ապրած պահն էր ինձ համար»,- ասում է նա…

Գայանեն պատմում է, որ ձմռանը ձյունը հավաքում էին, հալեցնում, որպեսզի տաքացնեն ու բժշկական գործիքները ստերիլացնեն: Մի անգամ էլ Ֆիզուլիում ինքը, բուժքույրերից Մարինե Մուսայելյանն ու Արևիկ Անդրյանը ձյուն հավաքելիս միրգ էին գտել ձյան մեջ: «Շատ էինք ուրախացել, գոհ էինք Աստծուց»,- սա պատմելիս բուժքրոջ դեմքին հայտնվում է ժպիտը: Բոլորս ենք ժպտում: Իսկ երբ վերադառնում ենք ներկայում ապրող ազատամարտիկներին, նրա դեմքից ժպիտը կորում է:

Գայանեն ասում է, որ պատերազմի ժամանակ մտածում էին, թե երբ հաղթեն, կյանքն ավելի է բարելավվելու, ազգն ազատ շնչելու է: Պատերազմի մասնակից տղերքի մասին է խոսում, ովքեր հաշմանդամություն ունեն: Ասում է` նրանց 80 տոկոսը օգնության կարիք ունի: «Ոտքը կամ ձեռքը կտրած մտնում են մի տեղ, բայց արհամարհված դուրս են գալիս: Մենք շատ ենք շփվում էդպիսի մարդկանց հետ,- ասում է բուժքույրն ու ավելացնում,- պատերազմի մասնակիցներից առաջին հերթին տղամարդիկ, ովքեր վատ հոգեվիճակ ունեն, չեն էլ կարողանում վերահսկել իրենց, կոտրվում են: Նրանք չեն կարողանում հոգալ իրենց երեխաների սնունդը կամ հաշմանդամություն ունեն, վատառողջ են, իրականում հաշմանդամության կարգավիճակ ունեն, ձևակերպված չեն: Կան նաև այնպիսինները, որոնք ձևակերպված են այդ կարգվավիճակի համար, բոլորս գիտենք այդ մասին»:

Ասում է` կանայք լացով հաղթահարում են հոգեբանական դժվար պահերը, իսկ տղամարդիկ հոգեկան խանգարումներ են ստանում: «Նրանցից ոմանք այնքան ընկճված են, որ արդեն հարբեցողության են գնում, բարոյահոգեբանակոն վատ վիճակում են»,- նշում է նա:

Գայանեն ասում է` որևէ բան չեն ուզում իրենց համար, միայն խնդրում են այդ ազատամարտիկներին օգնել: Նրանցից ոմանք սոցիալական այնպիսի վատ վիճակում են հայտնվել, որ անգամ ինքնասպանության փորձեր են կատարել: Պատմում է, որ ինքն էլ նևրոտիկ խանգարումներ է ունեցել, բուժվել է: «Էնքան բան ես տեսնում, որ հնարավոր չի դրանք իրենց հետևանքները չունենան»,- նշում է 42-ամյա բուժքույրը: Մեր զրույցի կեսից Գայանեն դուրս է գալիս սենյակից: Նրա խոսքը շարունակում է բուժքույր ընկերուհիներից Արևիկը. «Էսօր ոչ մի նյութական բան չենք ուզում: Ուղղակի ասեն` հա, գործ եք արել, գնահատեն և չասեն` ի՞նչ եք արել որ»: Հոսպիտալի ակումբում լռում ենք բոլորս:

Պայմանական խաղաղության օրերին գուցե շատերս չհասկանանք այն, ինչ այս կանայք արել են: Երբ մեր զրույցի հաջորդ օրը նրանց հետ դիտում էինք պատերազմի ժամանակ արված լուսանկարները` հիմնականում վիրավորների կադրերը, մի քանի լուսանկար նայելուց հետո այլևս հնարավոր չէր դիտել: Իսկ նրանք նայում էին, ծանոթ-անծանոթներին հիշում, պատմում դրվագներ: Սենյակի անկյունում նստած հետևում եմ նրնց ու մտածում, թե այսօր հայրենասիրության մասին խոսողներից քանիսը կարող են փշրված գլխով, արնաքամ ձեռքով վիրավորին արագ օգնություն ցուցաբերել: Հարցնում եմ նրանց. «Հա, բայց ո՞նց էիք դիմանում»: Շարունակելով դիտել լուսանկարները` ժպտում են:

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • «Այսօր մենք ապրում ենք նրանց կյանքերով»
    Ազատամարտիկ Արամ Ներսիսյանի հիշողությունների միջով ձգվող թելը տեղ-տեղ պրկվում է, տեղ-տեղ թուլանում: «Ծանր հիշողություն». այսպես է անվանում 90-ականների պատերազմի դրվագներից մեկը: Սա պատմում է մեր զրույցի ավարտին: Ասում է՝ այդպիսի օր չկա, որ չհիշի այդ մասին:
  • «Մարդ սպանելը դժվար է»
    «Խփելուց պիտի չնայես նրան, անցնես-գնաս: Եթե նայես, հետո կամ պիտի գժվես, կամ էլ պիտի սադիստ լինես»,- ասում է ուջանցի ազատամարտիկ Նաիրի Կիրակոսյանը (ընկերների շրջանում հայտնի է իբրև Մոսո):
  • «Մեր պատկերացրած երկիրն էսօր չկա». ազատամարտիկ Գրիգոր Ազատյան
    «Էն վախտ ուրիշ էր, ավելի շատ էր մաքրությունը, պարզությունը… Իրականում կարոտում եմ էդ տարիները: Մեր կռված տղերքի մեջ մնացել ա էդ մաքրությունը: Չգիտեմ՝ ինչի՞ց ա, որ փոխվել ա»,- ուջանցի ազատամարտիկ Գրիգոր Ազատյանն այս խոսքերից հետո հոգոց է հանում:
  • «Կարող ա մեռնեմ, ռազվադնոյ կլյուչս չմոռանաս, կբերես». հումորային իրավիճակներ պատերազմի դաշտից
    Երբ մարտական գործողությունը գնում էր, պիտի սարը վերցնեինք, տղաներից մեկին՝ Մուրադյան Գալուստին (հարևաններ էին, կողքի շենքերում էին ապրում) ասաց. «Գալուստ, հիմա կռիվ ա գնում, կարող ա ես մահանամ, իմ ռազվադնոյ կլյուչը որ տարել ես, չմոռանաս, կբերես»: Գալուստն էլ ասաց. «Հա, Անդո ջան, դու մենակ մեռի, կբերենք, կտանք»:
  • «Մեր փրկիչն էսօր մեր զինվորն է». ազատամարտիկ
    «Մենք մի գաղափարի շուրջ ելանք ճանապարհ ու կորցրեցինք ընկերներ: Մենք անելիք ունենք արդարացնելու մեր գոյությունը, մեր ընկերների առաջ մենք մեղավոր ենք: Մեր երազանքն ազատ, արդար, բարոյական երկիր ունենալն է»,- շարունակում է նա:
... կարդացեք ավելին «Ազատամարտիկները՝ 20 տարի անց» թեմայով
Մեկնաբանություններ (2)
1. Armen03:09 - 1 հուլիսի, 2015
Բարև ձեզ։ Կասեք խնդրեմ, հիմա Գայանեն որտե՞ղ է։ Եթե չեմ սխալվում իմ բուժքույրն է եղել, այն ժամանակ Ստեփանակերտի զին.հոսպիտալում էր։
2. Հետք10:49 - 1 հուլիսի, 2015
Բարեւ Ձեզ: Նույն տեղում է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ